Հա

Ազգային

09/04/2019 - 09:50

Հայրենադարձութեան օրակարգին պէտք է պատրաստւել համալիր մասնագիտական ծրագրերով

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

 

- Պարոն Գանտահարեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Սփիւռքն այսօր լսելի չէ կառավարութեան համար, եւ պէտք է ստեղծւի մի կազմակերպութիւն, որը կը ներկայացնի Սփիւռքը: Ինչպէ՞ս էք գնահատում այս գաղափարը:

- Սփիւռքի հետ յարաբերութիւնները վերաիմաստաւորելու եւ վերակառուցակարգելու խնդիր կայ։ Կարծում եմ՝ այդ կազմակերպութիւնը, որը նշում էք, կարելի է ձեւաւորել կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ դրւածքներով։ Առաջին հերթին պէտք է վերսկսել քննարկումներ անցկացնել համահայկական խորհուրդ ձեւաւորելու ուղղութեամբ, որին կը ներառւեն սփիւռքեան դասական կառոյցների ներկայացուցիչներն ու Սփիւռքի մասնագիտական մարդուժի ներկայացուցիչները։ Համահայկական խորհուրդը կունենայ նաեւ մասնագիտական ոլորտի յանձնաժողովներ։ Հիմնական գործառոյթը այս հանգրւանին կը լինի խորհրդատւական։ Ինչպէս որ զուտ հայաստանեան օրակարգով աշխատում է հանրային խորհուրդը, այնպէս էլ համասփիւռքեան եւ համահայկական օրակարգով էլ կը զբաղւի համահայկական խորհուրդը։ Կազմում կը լինեն ՀՀ-ի, Արցախի պետութեան եւ Սփիւռքի հասարակական, հոգեւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է երկարաժամկէտին, մենք ի վերջոյ պէտք է ունենանք երկպալատ խորհրդարան, որտեղ ներկայացւած կը լինեն Սփիւռքում ապրող ՀՀ քաղաքացիութիւն ունեցող զանգւածների ընտրովի ներկայացուցիչները եւ ովքեր արդէն իրավական առումով կը մասնակցեն համահայկական հնչեղութիւն ունեցող օրակարգերի քննարկմանն ու որոշման գործընթացներին։ Խորհրդատվականից իրաւական հարթութիւն անցումը պիտի լինի հեռանկարային առաջադրանք։

 

- Ընդհանրապէս, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ներկայ փուլն ինչպէ՞ս էք գնահատում: Հայաստանն ինչպէ՞ս կարող է օգտւել Սփիւռքի հնարաւորութիւններից:

- Ներկայ փուլի մասին խօսելիս անպայման պէտք է նկատի ունենալ անցեալի փորձը։ Կարծում եմ՝ կարեւոր ճանապարհ ենք անցել համահայկական օրակարգերի առումով կազմակերպւած համախմբւածութիւն իրականացնելով. նկատի ունեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի բրգաձեւ կառոյցներն ու Սփիւռքի նախարարութեան առընթեր գործած տարբեր ոլորտների համահայկական ընկերակցութիւնները։ Ներկայ փուլը դեռեւս նախապատրաստական հանգրւանում է։ Ռազմավարութեան մշակման ուղղութիւններից ամենաարդիական հնչեղութիւնը կարող է ունենալ հայրենադարձութիւնը՝ նկատի ունենալով, թէ որոշ աշխարհագրական միջավայրերում ստեղծւած իրավիճակի իբրեւ հետեւանք շարունակելի հայրենադարձութեան միտումները, պաշտօնական Երեւանի առաջադրանքը՝ տնտեսական թռիչքաձեւ զարգացում ապահովելու եւ թէ արտագաղթի տեմպերի նւազեցման համար յատուկ քաղաքականութեան կիրառման նախագծերը։ Բայց հայրենադարձութեան օրակարգին պէտք է պատրաստւել համալիր մասնագիտական ծրագրերով՝ իրաւական, տնտեսական, բնակեցման, հակաճգնաժամային ծրագրերի իրացման, կրթական եւ այլն։ Հայրենադարձութեան տարբերակների վրայ աշխատելը, կարծում եմ, գործնական կը լինի հայեցակարգային որոշակի փոփոխութիւններ ընդունելով։ Հայրենադարձութեան ներառյալ՝ Հայաստանում սովորելը, Հայաստանում բժշկւելը, բնակարան վերցնելը, ներդրում անելը, դրամատնում հաշիւ բացելը։ Ուզում եմ ասել, բացի հիմնական տեղափոխութիւնից, մանաւանդ այսօրւայ գլոբալացւած աշխարհում մարդ անհատը մի քանի հասցէ կարող է ունենալ՝ բնակարանային եւ թէ աշխատանքային առումներով, իսկ սփիւռքահայի հասցէներից մէկը անպայման պիտի լինի Հայաստանի Հանրապետութիւնը։

 

- Ձեզ համար պա՞րզ է, թէ նոր կառուցւածքով ինչպէս է կառավարութիւնը աշխատելու Սփիւռքի հետ։

- Դեռեւս վերջնական պարզ չէ։ Առաւելապէս պատկերացնում եմ, որ համակարգողի դեր պիտի վերցնի գրասենեակը՝ տարբեր նախարարութիւնների աշխատանքները Սփիւռքի հետ նկատի ունենալով. անպայման կունենայ նաեւ նախաձեռնողական գործառոյթներ՝ հայաստանակենտրոն Սփիւռքի ձեւաւորման ուղղութեամբ, յատկապէս երիտասարդական, մարզամշակութային եւ կրթութեան ոլորտները նկատի ունենալով, ինչպէս նաեւ ներդրումային դաշտում սփիւռքահայ գործարարներին ներգրաւելու անհրաժեշտութիւնը։

 

- Կառուցւածքային փոփոխութիւնները ինչպէ՞ս էք գնահատում, յատկապէս մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւնների միաւորումը ԿԳ-ին:

- Ես կողմ եմ, որ կրթութիւնն ու մշակոյթը գործեն իբրեւ առանձին գերատեսչութիւններ։ Մեր երկիրը գուցէ մրցունակ չլինի աշխարհում տնտեսութեան, աշխարհաքաղաքական մեծ օրակարգերում ազդեցութիւն ունենալու առումով, բայց մեր մշակոյթը գերմրցունակ է համաշխարհային առումով, եւ մենք թէ՛ հայկական աշխարհին եւ թէ՛ համաշխարհային մակարդակի վրայ մշակոյթ արտահանող երկիր ենք։ Այս գերմրցունակութեան նշաձողերը պահպանելու եւ նոր աստիճանաչափեր նւաճելու համար անհրաժեշտ է առանձին գերատեսչութիւն։ Կարծում եմ՝ անհրաժեշտութիւն կայ, եւ դրա նախադրյալները կան տարածաշրջանում լաւագոյն ուսումնական միջավայրի ձեւաւորման։ Սփիւռքահայութեան հայրենիքի շուրջ համախմբման կարեւորագոյն ուղիներից մէկը Հայաստանում սովորելու եւ մասնագիտանալու հնարաւորութիւնների ստեղծումն է, որը նաեւ ուսումնական բարձր մակարդակի ապահովում է ենթադրում։ Կրթութեան ոլորտը եւս, առանձին գերատեսչութեամբ կենտրոնացած զուտ կրթական խնդիրներով, կարծում եմ, աւելի շատ արդիւնք կը տայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։