Հա

Ազգային

07/05/2019 - 15:00

«Նւազագոյն զիջումն անգամ մեզ կը տանի կործանման». Հրանտ Մարգարեան

Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թէ ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը. Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելոյթի սկզբում նշեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարեանը:

«alikonline.ir» - Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թէ ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը. Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելոյթի սկզբում նշեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ըստ նրա` վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կայ, քանի դեռ մեծաթիւ բանակ պահելու անհրաժեշտութիւն կայ, ուրեմն Արցախը բեռ է, եւ, որքան հնարաւոր է շուտ, պէտք է ազատւել այդ հարցից: Հրանտ Մարգարեանի կարծիքով` կայ նաեւ մէկ այլ մօտեցում, որ Արցախը հնարաւորութիւն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գօտին պինդ ձգի:

«Արցախի շնորհիւ է, որ մենք կը կարողանանք լաւ կազմակերպւել, տնտեսութիւնը զարգացնել: Արցախի շնորհիւ է, որ մենք կը կարողանանք Գանձակն ու Նախիջեւանը ազատագրել: Արցախը Հայաստանի գոյութեան համար կենսական անհրաժեշտութիւն է: Վերջին 10-11 տարիների ընթացքում մենք միայն ճիգեր ենք թափել գոյութիւն պահելու համար, այժմ կարող ենք զարգացման ուղի դուրս գալ: Սակայն այդ զարգացման ուղի դուրս գալը չենք կարող անել զիջելով: Ամբողջ խնդիրը սա է: Եթէ մտածում ենք` կը զիջենք, յետոյ կը զարգանանք, կը զիջենք, յետոյ կամրապնդւենք, կը զիջենք, հարցը կը վերջանայ, դա մեծ սխալմունք է: Նվազագոյն զիջումն անգամ մեզ կը տանի կործանման: Սա չի նշանակում, թէ մենք չպէտք է բանակցենք: Մենք պէտք է բանակցենք, բայց նաեւ հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթէ անգամ Ադրբեջանը զիջի, մենք պէտք է գիտակցենք, որ այս հակամարտութիւնը յաւէրժական է: Ուստի մենք դրան պէտք է պատրաստւենք»,- ասաց Հրանտ Մարգարեանը:

ՀՅԴ գործիչը վստահ է, որ եթէ չգիտակցենք այս կարեւոր խնդիրները, ապա կը կորցնենք Արցախը, յետոյ` Զանգեզուրը, յետոյ նաեւ` Երեւանը: Ըստ նրա` պէտք է ազգովի այնպէս կազմակերպւենք, որ դիմակայենք ու յաղթենք այս գոյամարտում, եւ դա մեր խաչն է, անգամ` եթէ այն դարեր տեւի:

«Վերջերս երկրի թիւ մէկ եւ թիւ երկու դէմքերի կողմից ասւել է, որ եթէ շատ էք ուզում պատերազմ, ապա ամէն ընտանիք պէտք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տւել: Իսկ եթէ չտայինք, կեանքից աւելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրաւունքն էինք կորցնելու: Ուրեմն չպէտք է այդպէս վախեցնել մեր ժողովրդին, թէ զոհ էք տալու: Դա ապազգային ու ապապետական երեւոյթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհւելու են, բայց առաւել թանկ բան են պաշտպանելու: Ուստի պետութիւն ղեկավարողները պէտք է հասկանան, որ հայրենիքն ամէն ինչից կարեւոր է` ժողովրդավարութիւնից էլ, սեփական կեանքից ու հարստութիւնից էլ է կարեւոր»,- ասաց Հրանտ Մարգարեանը:

Նա վստահ է, որ հայ ժողովուրդը պէտք է կազմակերպւի ու անընդհատ վերապատրաստւի` ստեղծելով պահեստային զօրամիաւորումներ, որպէսզի պատերազմի ժամանակ չխեղճանանք:

Ելոյթի աւարտին Հրանտ Մարգարեանը յաւելեց, որ այսպիսի ֆորումները պէտք է շարունակական լինեն, եւ որ քաղաքական ուժերը պէտք է համոզեն ժողովրդին, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը շատ կարեւոր է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։