Հա

Ազգային

19/05/2019 - 11:10

Հասարակութեան ներկայ պառակտւածութիւնը սպառնալիք է մեր ազգային անվտանգութեանը

Ցանկացած հասարակութեան պարագայում ատելութիւնն ու պառակտումը չեն կարող դրական արդիւնքի յանգեցնել, առաւել եւս` հայկական հասարակութեան պարագայում. «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ գործիչ, քաղաքագէտ Վաչէ Բրուտեանը` անդրադառնալով մեր հասարակութիւնում ստեղծւած մթնոլորտին:

«alikonline.ir» - Ցանկացած հասարակութեան պարագայում ատելութիւնն ու պառակտումը չեն կարող դրական արդիւնքի յանգեցնել, առաւել եւս` հայկական հասարակութեան պարագայում. «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ գործիչ, քաղաքագէտ Վաչէ Բրուտեանը` անդրադառնալով մեր հասարակութիւնում ստեղծւած մթնոլորտին:

«Ատելութիւնն ու պառակտումը յանգեցնում են ուժերի վատնման, տանում են դէպի ներքին մասնատում եւ անխուսափելի պարտութիւնը»,- յաւելեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` մարդիկ հրապարակայնօրէն սոցցանցերում, թէ անմիջական շփումներում «մահ ու արիւն» են ցանկանում միւս կողմին: «Պետական ներկայիս եւ նախկին պաշտօնայների հասցէին հայհոյանքները, նախատինքները հասել են ծայրայեղ չափերի (չենք ուզում ասել, որ «չափաւոր» հայհոյանքն ընդունելի է…)։ Իսկ հաւաքականութիւնը, որն այսպիսի անյարգալից վերաբերմունք ունի իր պետութեան ղեկավար օղակներում աշխատած կամ աշխատող անձնաւորութիւնների հանդէպ, կարող է կորցնել սեփական պետականութիւնը»,- շեշտեց Վաչէ Բրուտեանը։

Նա համոզւած է, որ, այս ամէնը տեսնելով, միջին հայ մարդը տարակուսանքով հարցնում է` ի՞նչ եղան սիրոյ եւ համերաշխութեան կարգախօները, որոնք անդադար կրկնում էր ՀՀ վարչապետը։ «Բայց մի կողմ դնենք սէրն ու համերաշխութիւնը. բացակայում է ուրիշի տեսակէտը լսելու եւ յարգելու տարրական քաղաքավարութիւնն իսկ։ Այլատեացների այս խմբին պատկանողներն այլեւս ամբոխ են` անքաղաքակիրթ ու վայրի, եւ ոչ թէ ժողովուրդ։ Իսկ ժողովուրդը հաւաքական իմաստութիւն է ունենում եւ դրանով է տարբերւում ամբոխից»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն բանին, թէ այս ամէնն ինչ վտանգներ է ենթադրում Հայաստանի եւ հայութեան համար, Բրուտեանը նշեց. «Հայաստանը Շւէյցարիա կամ Շւեդիա չէ։ Մեր հայրենիքը փաստացի պատերազմական վիճակի մէջ, հետեւաբար` ներքին ատելավառ, անհանդուրժող եւ պառակտւած մթնոլորտը լրջօրէն սպառնում է մեր ազգային անվտանգութեանը։ Վստահաբար, մեր թշնամիները` Թուրքիան եւ Ադրբեջանը, հետեւում են մեր ներքին անցուդարձերին, արձանագրում եղելութիւնները, վերլուծում եւ համապատասխան եզրակացութիւնների յանգում։ Այդպէս են գործում պետութիւնները»:

Ըստ նրա` Հայաստանը գոյութեան պայքարի մէջ է. մեր երկիրն իր ներքին սոցիալ-տնտեսական արդար հաւասարակշռութիւնը գտնելուց շատ հեռու է, քաղաքական համակարգը թույլ է ու թերի, Արցախի հարցն իր արդար լուծմանը չի յանգել, Թուրքիան դեռեւս բռնագրաււած է պահում հայապատկան հողերը, մեր հայրենիքի մեծ մասը եւ ոչ միայն հրաժարւում է հատուցել հայ ժողովրդին, այլեւ ուրանում է իրագործած Հայոց Ցեղասպանութիւնը։

«Սա՛ է Հայկական օրակարգն այսօր։ Ուրիշ օրակարգ չունենք այսօր։ Հետեւաբար, աւելի է շեշտւում այն վտանգը, որը գալիս է ներքին պառակտւածութիւնից, որը սպառնում է մեր երկրի ազգային անվտանգութեանը։ Ամէնից առաջ իշխանութիւնների՛ պարտականութիւնն է ազգը համախմբել այս օրակարգի շուրջը, այլ ոչ թէ անդադար ներքին բաժանարար նոր «խրամատներ» ստեղծել։ Այս իմաստով, իշխանութիւնների վրայ մեծ, ճակատագրակա՛ն պատասխանատւութիւն կայ»,- ընդգծեց Վաչէ Բրուտեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։