Հա

Ազգային

23/05/2019 - 08:20

«Նպատակն արդարացնում է միջոցները» մօտեցումը մեզ համար ընդունելի չէ». Արթուր Խաչատրեան

Ազատութեան հրապարակում Դաշնակցութեան հանրահաւաքը կը կայանայ «Լրջացէ՛ք» կարգախօսի ներքոյ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ Դաշնակցութիւնն աջակցեց մէկ տարի առաջ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը՝ անսալով քաղաքական իշխանութիւնների կոչին, մաս կազմեց կառավարութեանը, աշխատեցին մօտ 4.5 ամիս՝ իրենց գիտելիքներն ու կարողութիւնը ներդնելով, որ կառավարութիւնը յաջողի, սակայն յետոյ տեղի ունեցան այլ փոփոխութիւններ՝ իշխանութիւնը մնաց նոյնը, սակայն փոխւեց կառավարութեան կազմը:

«alikonline.ir» - Ազատութեան հրապարակում Դաշնակցութեան հանրահաւաքը կը կայանայ «Լրջացէ՛ք» կարգախօսի ներքոյ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ Դաշնակցութիւնն աջակցեց մէկ տարի առաջ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը՝ անսալով քաղաքական իշխանութիւնների կոչին, մաս կազմեց կառավարութեանը, աշխատեցին մօտ 4.5 ամիս՝ իրենց գիտելիքներն ու կարողութիւնը ներդնելով, որ կառավարութիւնը յաջողի, սակայն յետոյ տեղի ունեցան այլ փոփոխութիւններ՝ իշխանութիւնը մնաց նոյնը, սակայն փոխւեց կառավարութեան կազմը:

«Այս մէկ տարւայ ընթացքում մենք որոշակի ակնկալիքներ ունէինք կառավարութիւնից, այսօր այդ ակնկալիքները, ցաւօք, չեն իրականացել: Աւելին` մենք տեսնում ենք, որ որոշակի քայլեր են կատարւում, որոշակի կոչեր են հնչում, որոնք ոչ միայն  չեն արդարացնում մեր սպասումները, այլեւ կարող են երկիրը տանել բաւականին ծանր փակուղային իրավիճակի: Եւ սա չի վերաբերում միայն վերջերս տեղի ունեցած դէպքերին, դրանք գուցէ ինչ-որ չափով արագացրեցին, բայց այն, որ այս դժգոհութիւնը մեր մէջ կուտակւել է երկար ժամանակ, դա փաստ է: Խօսքը վերաբերում է թէ՛ տնտեսական քաղաքականութեանը, որովհետեւ իրականացւող տնտեսական քաղաքականութիւնը շարունակութիւնն է նէոլիբերալիզմի, երբ ասւում է, որ պետութեան դերը պէտք է մինիմալացւի, բարենպաստ պայմաններ պէտք է ստեղծւեն, իսկ քանի որ «աղքատութիւնը մարդկանց գլխներում է», թող ինքնուրոյն կերտեն իրենց բարեկեցութիւնը»,- նշեց Խաչատրեանը:

Ըստ նրա՝ շատ մտահոգիչ են Արցախի հարցում վերջին յայտարարութիւնները, թէ Արցախում կան ուժեր, որոնք «դաւադիր» են, «դաւաճան» եւ իրենց «դաւադիր», «ազգակործան» խնդիրները լուծելու համար պատրաստ են պատերազմ սադրել:

«Դա շատ մտահոգիչ է, առհասարակ` այս Հայաստան-Արցախ ջրբաժանը, որը վերջերս սկսեց խորանալ: Անկախ նրանից, թէ որտեղից է գալիս հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, կառավարութիւնը, իշխանութիւններն են պատասխանատու տեղի ունեցած ցանկացած իրադարձութեան համար եւ պարտաւոր են կանխել այդ բաժանումը: Ցաւօք, մենք դա կանխելու քայլեր չենք տեսնում, ընդհակառակը՝ սկսում են պետական դաւաճանութեան մէջ մեղադրանքներ` կոնկրետ ուժերի ուղղւած: Դա մեզ համար անընդունելի է, յատկապէս` երբ հասարակութեան մէջ կան մանիպուլեատորներ, որոնք դա փորձում են օգտագործել հայաստանցի-ղարաբաղցի դաւաճանական տարբերութիւնը ներդնելու համար»,- շեշտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Արթուր Խաչատրեանը նշեց, որ անընդունելի է նաեւ առկայ հասարակական անհանդուրժողականութեան մթնոլորտը, որը սկիզբ առաւ սեւեր-սպիտակներ բաժանումից:

«Մի այսպիսի գիծ ենք տեսնում` իշխանութիւնը ձեւաւորել է ժողովուրդը, հետեւաբար` ով իշխանութեան հետ համակարծիք չէ, նա համակարծիք չէ ժողովրդի հետ, ուստիեւ՝ ժողովրդին թշնամի է, նրա դէմ պէտք է պայքարել: Եթէ սրան գումարենք նաեւ այս անհասկանալի` անցումային արդարադատութեան դրոյթը, մենք ռիսկեր ենք տեսնում ՀՀ-ում ժողովրդավարութեան խաթարման ուղղութեամբ: Մենք ընդունում ենք, որ այսօրւայ իշխանութիւնն ունի բարձր լեգիտիմութիւն, վստահութիւն, եւ կարիք չկայ քայլերի դիմելու, որոնք կասկածների տեղիք են տալիս, մասնաւորապէս` դատարանները շրջափակելու` վերջին քայլը: Մեր երկրի խնդիրներից մէկն այն է եղել, որ դատական, օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները մի կենտրոնից են կառաւարւել: Հիմա փոխանակ քայլեր ձեռնարկւեն այս երեք իշխանութիւնների միջեւ հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ ամրապնդելու համար, օրէնսդիրն ու գործադիրը փորձում են դատական իշխանութեանը պարտադրել իրենց կամքը: Քաւ լիցի, մենք երբեք չենք մերժել, որ դատաիրաւական համակարգը վստահութեան պակաս ունի, հակառակը՝ մենք ենք կոչ անում իշխանութիւններին, որ քայլեր ձեռնարկեն դատաիրաւական ամբողջ համակարգի նկատմամբ վստահութիւնը բարձրացնելու համար: Խօսքը վերաբերում է թէ՛ դատարաններին, թէ՛ դատախազութեանը, թէ՛  քննչական մարմիններին, թէ՛ ոստիկանութեանը: Թիւր կարծիք կայ, թէ քննչական մարմինները շատ աւելի կոմպետենտ եւ ազնիւ են, քան դատական մարմիննները: Ոչ, դա մի ամբողջ շղթայ է, եւ բոլոր մարմիններում բարելաւման կարիք կայ: Բայց եթէ մենք իրապէս խօսում ենք դատաիրաւական բարեփոխումների մասին, չի նշանակում, որ գործող օրէնքները պէտք է բռնաբարել, խախտել՝ օրինականութիւն հաստատելու համար: «Նպատակն արդարացնում է միջոցները» մօտեցումը մեզ համար ընդունելի չէ, եւ մենք մեր մտահոգութիւնը պատրաստւում ենք ներկայացնել ե՛ւ հասարակութեանը, ե՛ւ իշխանութեանը, ե՛ւ ընդդիմութեանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։