Հա

Ազգային

24/05/2019 - 10:20

«Մերը երկիրն է, մերը պետութիւնն է». Լիլիթ Գալստեան

Երէկ Ազատութեան հրապարակում #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ:

«alikonline.ir» - Երէկ Ազատութեան հրապարակում #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ: Գրում է «Yerkir.am»-ը:

Սիրելի' հայրենակիցներ

Ուղիղ մէկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկաւ՝ պայքարելու իր իրաւունքների, արժանապատւութեան, արդար, ապահով  ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք։ Նրա հետ էինք, որովհետեւ համոզւած էինք, որ արդար է փոփոխութեան պահանջը: Մենք ինքներս էինք քննադատում երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխութիւնների խնդիր դնում։

Իշխանութիւններն ունէին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի եւ մեզանից իւրաքանչիւրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապէս յեղափոխական փոփոխութիւններ։ 

Ի՞նչ ունենք այսօր․․․

Ընկերներս խօսեցին մեր հանրային կեանքում առկայ մի շարք տագնապեցնող երեւոյթների մասին, որոնք դրդել են մեզ հրաւիրել այս հանրահաւաքը։ Ես կանդրադառնամ երկրում առկայ եւ օրէցօր անտանելի դարձող` ատելութեան եւ թշնամանքի մթնոլորտին։

Սոցիալական պետութիւնը, սէրն ու համերաշխութիւնն իբրեւ իշխանափոխութեան հիմնական կարգախօս դարձրած իշխանութիւնները բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել։ Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետւեց սեւերի եւ սպիտակների կարճամիտ պիտակաւորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսութեանը։ Սակայն ժամանակը ցոյց տւեց, որ սա ուղղորդւող վարքագիծ է, որը շարունակեց ունենալ իր մերժելի եւ դատապարտելի դրսեւորումները՝ փողոցային արդարադատութիւն, ներքին թշնամիների փնտրտուք, իբրեւ սողուններ ու բորենիներ անւանարկւող հակայեղափոխականներ։ Եւ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դաւադիրներ փնտրելու ագրեսիւ մոլուցքն ընդհուպ հասաւ Արցախ։

Սիրելի' երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թէ դժւար է հասկանալ, գիտակցել, որ իւրաքանչիւր պետութեան ռազմավարական ռեսուրսներից մէկն էլ տւեալ հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտն է, մի՞թէ դժւար է հասկանալ, որ բաժանարարներով  ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխութիւնը, դուք թուլացնում ու խոցելի էք դարձնում նրա ոգին, մարտունակութիւնը։ Ժողովուրդը ձեզանից այլ սպասում եւ ակնկալիք ունէր՝ մենք ունէինք ռէալ եւ անթիւ խնդիրներ եւ ձեզանից տեսանելի, շօշոփելի լուծումներ էինք ակնկալում։

Աւաղ, կոնցեպտուալ, հայեցակարգային լուծումներ չկան որեւէ ոլորտում, նաեւ չկայ այն թիմը, որն ունակ է խնդիրներ ձեւակերպել ու լուծել դրանք։ Ձեր թիմը պատրաստ չէ անգամ լսել որեւէ քննադատութիւն, առաջարկ, երկրին անհրաժեշտ ծրագրեր։ Ձեր հակազդեցութիւնն այնքան բիրտ է ու փողոցային, արդեօ՞ք այսպիսին էր ժողովրդավարութեան ձեր աղճատւած պատկերացումը։

Անհերքելի է՝ ԲՌՆՈՒԹԵԱՆ եւ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ ԲՌՆՈՒԹԵԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԾՆՈՒՄ: Եւ սա պատահական չէ. երբ մեթոդաբար հնչեցնում ես պատերին ծեփելու, թեւեր կտրելու, ծնոտ ջարդելու, ասֆալտին փռելու եւ այլ` նման յայտարարութիւններ, դրանք դառնում են վարքագիծ ու նորմ։ Սա ցածր իրաւագիտակցութիւն ունեցող ժողովրդից ամբոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճամապարհն է, իսկ դուք պարտաւոր էիք ՔԱՂԱՔԱՑԻ ձեւաւորել։

Մի՞թէ ձեզ թւում է, որ հակայեղափոխականների եւ սեւերի թիրախմամբ ու արհեստական հակադրութեամբ կարող էք հանրութեանը շեղել իրական խնդիրները տեսնելուց։ Ոչ, իհարկէ:

Ակնյայտ է կազմակերպւած արշաւը ազգային, աւանդական, հոգեւոր արժէքների վրայ։ Ի՞նչ կատարւեց մշակոյթի ոլորտում՝ ոչինչ, եւ աւելի վատ՝ արկածախնդիր ու չկշռադատւած քաղաքականութեամբ ահա մէկ տարի է` կաթւածահար է ողջ մշակութային դաշտը, մեր ազգային ինքնութեանը սպասարկող հիմնական կառոյցներից մէկը։

Մի՞թէ չէք տեսնում, որ չսպասարկւող ակնկալիքները հիասթափութեան դռներն են բացում։

Դաշնակցութեան քաղաքական ինքնութիւնը յստակ է` ՄԵՐԸ ԵՐԿԻՐՆ Է ու ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, մենք բարդոյթներ չունենք, մենք պարտաւոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է ցնցումների, արկածախնդրութեան, կորուստների ճանապարհով։

Ձեզ ոչ ոք չի տւել այդ իրաւունքը: Լրջացէ'ք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։