Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հիւրընկալել է ՀՅԴ պատւիրակութեանը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ:
alikonline.ir - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հիւրընկալել է ՀՅԴ պատւիրակութեանը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ: Ըստ«Yerkir.am»-ի՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատւական ծառայութիւնից:
Հանդիպմանը հիւրերի խնդրանքով անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի նախաձեռնութեամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանեան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի յայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկայ պետական եւ քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերութիւնների ներկայացուցիչների:
Յակոբ Տէր-Խաչատուրեանը ողջունել է նման հեղինակաւոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնութիւնը: ՀՀ նախագահ Սարգսեանը մանրամասներ է ներկայացրել գագաթնաժողովի աշխատանքների եւ կազմակերպիչների հետ համագործակցութեան հեռանկարների մասին:
Նա նաեւ անդրադարձել է նախագահական միւս նախաձեռնութիւններին, որոնք կոչւած են նպաստել մասնաւորապէս բարձր տեխնոլոգիաների, գիտութեան, կրթութեան եւ այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերութիւնների հետ համագործակցութեան հաստատմանը:
Զրուցակիցները խօսել են նաեւ համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշւել է, որ բոլոր քայլերը պէտք է ուղղւած լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանւած եւ օրէնքներով առաջնորդւող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարեւորւել է խորը յարգանքը պետական ինստիտուտների հանդէպ:
Նշելով, որ երկրում դեռեւս բազմաթիւ խնդիրներ եւ անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոփոխութիւնների եւ բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Միաժամանակ, նրանք համակարծիք են եղել, որ դրանք պէտք է իրականացւեն հանդուրժողականութեան ու համերաշխութեան մթնոլորտում:
Զրուցակիցները պատրաստակամութիւն են յայտնել համագործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ: