Հա

Ազգային

16/06/2019 - 08:20

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 101-ամեակին նւիրւած ձեռնարկ՝ Լոնդոնում

Յունիսի 13-ին Լոնդոնում ՀՅԴ Դարբինեան Կոմիտէի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ կոկտէյլ-ձեռնարկ՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հռչակման 101-ամեակին, որին մասնակցեցին նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատրեանն ու ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը (Ֆրանսիա):

Յունիսի 13-ին Լոնդոնում ՀՅԴ Դարբինեան Կոմիտէի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ կոկտէյլ-ձեռնարկ՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հռչակման 101-ամեակին, որին մասնակցեցին նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատրեանն ու ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը (Ֆրանսիա):

Բացման խօսքում ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի պատասխանատու Րաֆֆի Քիլեանը, շնորհակալութիւն յայտնելով հրաւիրեալներին, անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան հռչակման պատմական քայլի կարեւորութեանը, ապա բէմ հրաւիրեց Անգլիայի աշխատաւորական կուսակցութեան անդամ Ստեֆան Փաունդին: Վերջինս դրւատանքով խօսեց հայ-անգլիական պառլամենտական սերտ յարաբերութիւնների, Լոնդոնի հայ գաղութի եւ յատկապէս Հայ Դատի յանձնախմբի հետ համագործակցութեան մասին, աշխատանքներ, որոնք իրեն մղել են լինել հայ ժողովրդի կողքին՝ ներդնելով բոլոր հնարաւորութիւնները:

Խօսելով գործընկեր Դաշնակցութեան մասին՝ Ստեֆան Փաունդը շնորհաւորեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ եւ հաստատեց, որ Հայաստանի Առաջին հանրապետութեան կերտումը չէր կարող իրականութիւն դառնալ առանց զոհողութիւնների, որոնց ակոնքներում կանգնած էր եւ ղեկավարում էր ՀՅ Դաշնակցութիւնը: Պրն. Փաունդը յիշեց նաեւ, թէ Դաշնակցութիւնն ինչպէս դիմաւորեց իրեն Արցախում, ապա հիացմունքով խօսեց հայկական երկրորդ հանրապետութիւնում ՀՅԴ կատարած աշխատանքների մասին:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր շնորհակալական խօսքից յետոյ անդրադարձաւ 1918-ի Մայիս 28-ի Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման բոլոր նւիրեալներին եւ յատկապէս հայ ժողովրդի կամքը ներկայացնող Արամ Մանուկեանի կերպարին, որ ճակատագրական պահին կարողացաւ յորդորել, համախմբել բոլորին եւ վերջնական յաղթանակ ապահովել հայ ժողովրդի համար:

Անդրադառնալով Հայ Դատի աշխատանքներին եւ Դաշնակցույթեան կողմից Հայսատանում եւ Սփիւռքում իրագործած եւ իրագործւող նախաձեռնութիւններին՝ Յակոբ Տեր-Խաչատուրեանը նշեց, որ դրանք, այսօրւայ անմիջական հրամայականներից անկախ, պէտք է դառնան յենասիւն, վերակազմակերպւած Սփիւռք, որն իր հայապահպանութեան աշխատանքներին որպէս լրացուցիչ ազդակ, ամբողջութեամբ պէտք է ծառայեցւի Հայաստանի հզօրացման եւ Ղարաբաղի անկախութեան ճանաչման վերջնանպատակին:

Իր ելոյթում Յակոբ Տէր-խաչատուրեանը նկատեց նաեւ, որ պատմութիւնը ժամանակի ընթացքում սկսել է իր արժանի գնահատականը տալ Մայիս 28-ը կերտող փաղանգին, որի ապացոյցը եղաւ այս տարի Սարդարապատի յուշահամալիրում Արամ Մանուկեանին նւիրւած յուշակոթողի բացումն ու յուշակոթողի պատի մէջ Արարատի գագաթից, Վանից, Շուշիից բերւած հողի եւ Արամ Մանուկեանի գերեզմանից առնւած մասունքների ամփոփումը:

Ձեռնարկի աւարտին Մեծ Բրիտանիայի Թագաւորութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչ Արամ Արարատեանը ներկաներին փոխանցեց դեսպանութեան խօսքը: Նա, շնորհաւորելով հայ ժողովրդի պատմական ճակատագիրը խարսխող Հայաստանի առաջին Հանրապետութեան 101 ամեակը, հաստատեց որ այսօր Հայաստանի Հանրապետութիւն ունենալու համար մենք ամբողջութեամբ պարտական ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մարտնչած սերնդին եւ այդ սերնդի կամքը ներկայացնող Արամ Մանուկեանին:

Արամ Արարատեանը անդրադարձաւ նաեւ իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնում արձանագրւած ձեռքբերումներին, ինչպէս նաեւ ընկերային եւ տնտեսական կեանքի հեռանկարներին:

Վերջում փակման խօսքով հանդէս եկաւ Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի հոգեւոր առաջնորդ Գերշ. Սրբազան Յովակիմ Մանուկեանը: Նա շնորհաւորեց եւ դրւատանքի խօսք արտասանեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 101-ամեակի կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին ու ձեռնարկի կազմակերպոիչ ՀՅԴ Լոնդոնի շրջանի կոմիտեութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։