Հա

Ազգային

13/07/2019 - 12:30

ԱՄՆ Կոնգրեսը վերարծարծում է Վիեննայի պայմանաւորւածութիւնները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապւած հիմնական երկու իրադարձութիւններն ուղենիշային իմաստ են ստանում՝ Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մէկի հետագայ դիրքորոշումների ուրւագծման տեսանկիւնից։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապւած հիմնական երկու իրադարձութիւններն ուղենիշային իմաստ են ստանում՝ Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մէկի հետագայ դիրքորոշումների ուրւագծման տեսանկիւնից։

Առաջինը «Ազգային պաշտպանութեան բիւջետային յատկացումների մասին» օրէնքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխութեան ընդունումն է, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնութեան» կարեւորութիւնը՝ միտւած Արցախի եւ Ադրբեջանի զինւած ուժերի միջեւ շփման գծում լարւածութեան թուլացմանը։ Մասնաւորապէս` փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի եւ նոր զինատեսակների յետքաշում, ինչպէս նաեւ հրաձգութիւնների տեղորոշման համակարգերի ներդրում եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի անձնակազմի ընդլայնում։

Երկրորդ՝ հաւանութեան է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելւում է ամերիկեան պաշտպանական որոշակի տեխնիկայի տրամադրումը Բաքւին, որը կարող է ադրբեջանական կառավարութեան կողմից կիրառւել Ստեփանակերտի օդանաւակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:

Երկու բանաձեւերն էլ եղել են ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագծերը, որոնք հաստատել է ԱՄՆ Ներկայացուցչիների պալատը։

Առաջին օրինագիծը, ըստ էութեան, այն առաջադրանքներն են, որ հայկական կողմն ապրիլեան պատերազմից յետոյ ամէն առիթով արծարծում էր, որոնք նաեւ պայմանաւորւածութեան տեսք էին ստացել Վիեննայում, ապա` Սանկտ Պետերբուրգում։ Այն առաջադրանքները, որոնց շուրջ կայացած պայմանաւորւածութիւնների իրականացումն արգելակում էր Բաքուն։ Իհարկէ, այստեղ ուղղակի չի նշւում մշտադիտարկման եւ հետաքննութեան գործիքակազմերի տեղադրման պահանջը, այդուհանդերձ, շփման գծից դիպուկահարների եւ ծանր զինտեխնիկայի ու նոր զինատեսակների յետքաշումը,  հրաձգութիւնների տեղորոշման համակարգերի ներդրումն այդ մասին են յուշում. այդ բոլոր գործողութիւնների իրականացումն ու դրա համապատասխան գործիքակազմերի տեղադրումը օրինաչափօրէն ներառւում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի անձնակազմի ընդլայնւած լիազօրութիւնների շրջանակում։

Իսկ երկրորդ փաստաթղթում պարզ տեսքով ասւում է` Ստեփանակերտի օդանաւակայանը պէտք է գործարկւի, միաժամանակ զգուշացւում է Բաքւին` հեռու մնալու ինքնաթիռ խոցելու` արկածախնդրային որեւէ փորձից։

Մեծ է այս բոլորում ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի ներդրումը` առաջադրանքները ճիշտ պահին ներկայացնելու եւ, մանաւանդ, հայկական ու ամերիկեան կողմերի առաջադրանքային համընկումներ ձեռք բերելու առումով։

Միաժամանակ նկատենք, որ, ի տարբերութիւն միւս երկու համանախագահող երկրների, ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան կարեւորագոյն հատւածը բանակցային գործընթացի ներկայ հանգրւանին ուղենիշային բանաձեւեր է դնում քւէարկութեան։ Ամերիկացի համանախագահը պետական հետեւողականութեամբ միջնորդական քննարկումների ընթացքում նկատի կունենայ իր երկրի Ներկայացուցիչների պալատի բանաձեւերը։

Երկու բանաձեւերին ոչ միայն քարոզչական-քաղաքական հնչեղութիւն ապահովելն է անհրաժեշտ, այլեւ բանակցային գործընթացում դրանք առանցքային թեմա վերածելը։ Թիրախը, ուրեմն, Կոնգրեսի ներկայացրած օրինագիծն ու քւէարկւած որոշումը միւս երկու համանախագահող երկրների օրենսդրական դաշտ տեղափոխելն է։

 

«Ազդակ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։