Հա

Ազգային

13/07/2019 - 09:20

«Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին

Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

«ԱՀ Ընտրական օրէնսգիրք» եւ «Կուսակցութիւնների մասին» ԱՀ օրէնքների նախագծերը՝ քննարկման նիւթ

Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

 

«Դաշնակցութիւն» խմբակցութեան առաջարկութիւնները «ԱՀ ընտրական օրէնսգրքի» նախագծի վերաբերեալ

1. Համապետական ընտրութիւնների ժամանակ, քւէարկութիւնը աւարտւելուց յետոյ, Տարածքային ընտրական յանձնաժողովը, տեղամասերից ստացւող արձանագրութիւնների էլեկտրոնային տարբերակը անմիջապէս ուղարկում է ԿԸՀ, որը դրանք անմիջապէս հրապարակում է իր պաշտօնական կայքում:

2. Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների, կուսակցութիւնների դաշինքների վարկանիշների վերաբերեալ սոցիոլոգիական հարցման արդիւնքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպութիւնը պարտաւոր է նշել հարցման ժամկէտները, հարցւողների թիւը եւ ընտրանքի ձեւը, հաւաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարաւոր սխալի վիճակագրական գնահատականը, պատւիրատուին:

Քւէարկութեան օրւան նախորդող 5 օրւայ ընթացքում՝ ներառեալ քւէարկութեան օրը, մինչեւ ժամը 20.00-ն արգելւում է թեկնածուների եւ կուսակցութիւնների (կուսակցութիւնների դաշինքների) վարկանիշերի վերաբերեալ սոցիոլոգիական հարցման արդիւնքներ հրապարակելը:

3. Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ յանձնաժողովի քարտուղարն ընտրւում են կենտրոնական ընտրական յանձնաժողովի առաջին նիստում` փակ գաղտնի քւէարկութեամբ:

4. Տարածքային ընտրական յանձնաժողովում ստուգւում է ընտրական տեղամասերում քւէարկութեան արդիւնքների վերաբերեալ արձանագրութիւնների կազմման վաւերականութիւնը, իսկ թւաբանական սխալների առկայութեան դէպքում տեղամասային ընտրական յանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վաւերացնելով իրենց ստորագրութիւններով: Ելակէտային տւեալների փոփոխութիւն չի կատարւում։ Ելակէտային են տեղամասային ընտրական յանձնաժողովի կողմից հատ-հատ հաշւելու միջոցով ստացւած տւեալները: Ստուգումն աւարտելուց անմիջապէս յետոյ արձանագրութեան էլեկտրոնային տարբերակը ուղարկւում է ԿԸՀ:

5. Համամասնական ընտրակարգերի բաց ցանկերով անցկացում:

Բաց ցանկերով համամասնական ընտրակարգի ներդրումը ենթադրում է հետեւեալը. Հանրապետութեան ամբողջ տարածքը դիտարկւում է որպէս մէկ ընտրատարածք: Ընտրողն իր քւէն տալով որեւէ կուսակցութեան, միաժամանակ հնարաւորութիւն է ստանում իր նախապատւութիւնը տալ տւեալ կուսակցութեան ցանկում ներառւած այս կամ այն թեկնածուին: Արդիւնքում ստացւում է, որ ոչ թէ կուսակցութիւնն է որոշում մանդատների բաշխման հերթականութիւնը, այլ՝ ընտրողը, ինչը ժողովրդական առումով մէկ քայլ առաջ է: Սա ռէյտինգի կիրառումն է դասական համամասնական ընտրակարգի տրամաբանութեան մէջ:

6. Ընտրութիւններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում:

7. Կրկնակի քւէարկութիւնը բացառող միասնական ցանցի ստեղծում:

8. Ընտրութիւններին հնարաւոր կեղծիքների ծաւալ արձանագրող գործիքակազմի ստեղծում:

Մասնաւորապէս պատահական ընտրանքով առանձնացւած որոշակի թւով տեղամասերի ընտրութիւնների արդիւնքների ստուգման արդիւնքում ստացւած եզրակացութիւնը եւ ընտրութիւնների արդիւնքների՝ տեղամասերի վիճակագրական տւեալների վերլուծութիւնը կարող է իրաւական հիմք հանդիսանալ դատական մարմինների համար՝ ընտրութիւնների վերանայման հարցը քննելու:

Տարիներ շարունակ ընտրութիւնների արդիւնքների բողոքարկման կամ վերահաշւարկի իրականացման ժամանակ մի կողմից արձանագրւել է, որ կատարւել են խախտումներ եւ առկայ են կեղծիքներ, որոնք, սակայն, միւս կողմից արձանագրւել է, որ չեն կարող էական ազդեցութիւն ունենալ ընտրութիւնների արդիւնքների վրայ: Հետեւաբար, այս մեխանիզմի ներդրումը հնարաւորութիւն կը տայ որոշելու նաեւ այդ կեղծիքների ծաւալը:

 

«Դաշնակցութիւն» խմբակցութեան առաջարկութիւնը «Կուսակցութիւնների մասին» օրէնքի նախագծի վերաբերեալ

Կուսակցութիւնների կողմից ներկայացւած եւ ԱՀ արդարադատութեան նախարարութեան կողմից հաստատւած կանոնադրութեան, ինչպէս նաեւ ԱՀ օրէնքներին համապատասխան՝ կուսակցութիւնների գործունէութեան համապատասխանեցման համակարգի սահմանում:

 

Մտքերի փոխանակութիւն այլ հարցերի շուրջ

«Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները Արարատ Դանիէլեանի հետ մտքեր են փոխանակել նաեւ Ազգային ժողովի կազմը հաստատող եւ նախագահի պաշտօնում առաջադրւելու օրէնսդրական սահմանումների շուրջ:

 

​* * *

ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանը ներկայացւած առաջարկութիւններին ի պատասխան՝ ասել է, որ կիսում է «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորների մտահոգութիւնները՝ նշելով, որ խմբակցութեան առաջարկների մի մասն ընդունւելու է, իսկ միւս մասի ընդունման համար կանցկացւի միջազգային փորձի ուսումնասիրութիւն:

«Շատ ցաւալի է, որ խորհրդարանի միւս քաղաքական ուժերը մատների արանքով են նայում օրէնքի նախագծերին՝ հանդիպումներ չեն նախաձեռնում, առաջարկութիւններով հանդէս չեն գալիս»,- ասել է Դանիէլեանը՝ մտահոգութիւն յայտնելով խորհրդարանում ներկայացւած այլ քաղաքական ուժերի պասիւութիւնից:

 

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։