Հա

Ազգային

13/07/2019 - 09:40

Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

«alikonline.ir» - Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատարի կողմից նախաձեռնած ստորագրահաւաքին:

«Ի սկզբանէ, պէտք է ասել, որ այդ գործողութիւնների շարքը, որն ուղեկցւում է ստորագրահաւաքով, ունի վերջնական նպատակ՝ օրէնսդրական նախաձեռնութեամբ սահմանադրական փոփոխութիւններ կատարելու: Բայց դա առաջին հայեացքից: Բնականաբար, սա նաեւ մեր քաղաքացիների, ինչպէս նաեւ այս կամ այն քաղաքական խմբի նախապատւութեան ու նախաձեռնութեան խնդիրն է: Միւս կողմից պէտք է համապատասխան տեսակէտ եւ գնահատական հնչեցւի ծաւալւած գործընթացին, որն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Դրանք յատկապէս միտւած են այն գաղափարներին ու նպատակներին, որոնք 1988 թ.-ին սկսւած ազգային-ազատագրական պայքարի մի քանի տարիներից յետոյ Արցախը Հայաստանին վերամիաւորման գաղափարը փոխակերպելու մարտաւարական ձեւաչափով էին ներկայացւած, այն է՝ Արցախի անկախ հանրապետութեան հռչակումով, միջազգայնօրէն ճանաչման գործընթացով նպատակին հասնելը: Այստեղ է խնդիրը, եւ այստեղ է այն վտանգը, որ Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ հանրութեան զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականօրէն կը միաւորւի մայր Հայաստանին»,- մասնաւորապէս նշել է Դ. Իշխանեանը:

Օրէնսդրական այդ նախաձեռնութեամբ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների քաղաքացիներին կարծես հնարաւորութիւն է տրւում երկուստեք մասնակցելու տւեալ հանրապետութեան ընտրական գործընթացներին: Սակայն, ըստ պատգամաւորի, Սամուէլ Բաբայեանի թիմակիցների կողմից առաւելապէս խօսւում է ՀՀ քաղաքացիներին ԱՀ ընտրական գործընթացներին մասնակցութեան հնարաւորութիւն տալու մասին: Միաժամանակ, Դ. Իշխանեանը գտնում է, որ պէտք է իրաւական կողմից այս գործընթացին նայել եւ եզրահանգումներ կատարել:

«Պէտք է լինի երկուստեք գործընթաց՝ ՀՀ եւ ԱՀ պաշտօնական շրջանակների կողմից: Ցաւօք սրտի, մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որն ունի վերոնշեալ վտանգները: Միւս կողմից մենք ականատեսն ենք լինում մեր հասարակութեան մէջ լուրջ բեւեռացումների, համախոհութեան եւ միասնականութեան մթնոլորտի առճակատման առաջացման եւ միմեանց նկատմամբ թշնամական մթնոլորտի ձեւաւորման:

Բնականաբար, մենք միշտ կարողացել ենք այսպիսի էքստրեմալ վիճակներում համապատասխան ելքեր գտնել: Ես չէի ասի, որ մենք գտնւում ենք այդ էքստրեմալ իրավիճակներում, այդուհանդերձ զարգացումները մեզ կարող են հասցնել այդպիսի մի իրավիճակի, յատկապէս՝ ներքաղաքական առումով»,- աւելացրել է Դ. Իշխանեանը:

Պատգամաւորի խօսքով՝ ականատես ենք լինում մեր արտաքին ճակատի վրայ գտնւող մարտահրաւէրների շարքին:

«Բնականաբար, մեր յորդորը պէտք է լինի զսպւածութիւնը, իմաստութեան դրսեւորումը, համախոհութեան մթնոլորտի ձեւաւորումը եւ միմեանց նկատմամբ հանդուրժողականութեան ցուցաբերումը: Մեր միասնականութիւնը մեզ պարգեւել է յաղթանակներ, եւ այդ միասնականութիւնը մեզ ոգու ուժ է տւել ու եղել է հիմնական ուղեկիցը վերջին 30 տարիների ընթացքում: Թերեւս այս 30 տարիների վերջին դասը, որը լի է փառապանծ էջերով, յաղթանակներով, պէտք է ունենայ նաեւ իր շարունակականութիւնը»,- ասել է Դ. Իշխանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։