Հա

Ազգային

18/07/2019 - 12:40

Դաւիթ Գարեջիի խնդրի լուծման բանալին Արցախում է

Յուլիսի 14-ին հերթական միջադէպն է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի չսահմանազատւած մասում` Դաւիթ Գարեջի 6-րդ դարի քարանձավային վանական համալիրի մօտ, տեղի բնակիչների եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ: Վրացական բնակչութեան դժգոհութիւնն էր առաջացրել այն տեղեկութիւնը, որ ադրբեջանցի սահմանապահները վրացական Ուդաբնօ տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Յուլիսի 14-ին հերթական միջադէպն է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի չսահմանազատւած մասում` Դաւիթ Գարեջի 6-րդ դարի քարանձավային վանական համալիրի մօտ, տեղի բնակիչների եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ: Վրացական բնակչութեան դժգոհութիւնն էր առաջացրել այն տեղեկութիւնը, որ ադրբեջանցի սահմանապահները վրացական Ուդաբնօ տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին։

Տեղեկութիւն տարածւեց, որ բացատրութիւնների համար Ադրբեջանի ԱԳՆ է կանչւել Վրաստանի դեսպանը։ Իր պաշտօնական յայտարարութիւնում Ադրբեջանի ԱԳՆ-ն կատարւածը «սադրանք» է անւանել, «որն ուղղւած է երկու երկրների միջեւ հակամարտութիւն հրահրելուն»։ Բաքուն նաեւ վրացական կողմից պահանջում է հետաքննել միջադէպը:

Մամուլին արդէն հասանելի է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը, որում ասւում է. «Համարում ենք, որ ժամանակին պէտք է շարունակւեն փորձագիտական խմբերի եւ սահմանագծման յանձնաժողովների հանդիպումները, որի համար վրացական կողմը յայտնում է պատրաստակամութիւն: Նման միջադէպերը չեն համապատասխանում մեր երկրների միջեւ առկայ ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւններին»:

Դաւիթ Գարեջիի ժայռափոր վանական համալիրը վրաց-ադրբեջանական յարաբերութիւնների ամենացաւոտ հարցերից է: Վրաց-ադրբեջանական սահմանն անցնում է յուշարձանային համալիրի մէջտեղով, իսկ չճշգրտւած սահմանների եւ փոխադարձ անընդունելի պահանջների պայմաններում լարւածութիւնը պարբերաբար աճում է` յաճախ վերածւելով բախումների: Խնդրի շուրջ կրքերը վերջին անգամ բորբոքւել էին 2019 թ. գարնանը: Այդ ժամանակ եւս, ինչպէս բոլոր դէպքերում, վրացական կողմը բարձրաստիճան պաշտօնեաների միջոցով արւած յայտարարութիւններով ձգտեց ամէն կերպ չսրել հարցը եւ բերել այն խաղաղ բանակցութիւնների հարթութիւն: Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար եւ ԱԽ քարտուղար Գիորգի Գախարիան մայիսի 1-ին տեղի ունեցած ԱԽ նիստի աւարտին այդ կապակցութեամբ յայտարարել էր. «Վստահ ենք, որ սահմանագծման շրջանակներում ռազմավարական գործընկերների եւ եղբայրական պետութիւնների հետ կը հասնենք այնպիսի համաձայնութեան, որ հաշւի առնւած լինի ինչպէս մշակութային ժառանգութիւնը, այնպէս էլ մեր եկեղեցիների շահը: Ինչ վերաբերում է Դաւիթ Գարեջիին, իհարկէ, բոլորս գիտենք, որ սա շատ զգայուն թեմա է: Իհարկէ, սա մեր ժառանգութիւնն է` յետխորհրդային ժառանգութիւնը, եւ սահմանագծումը պէտք է աւարտենք առաւելագոյնս սեղմ ժամկէտներում»:

Փաստենք, որ, որքան էլ Վրաստանի ղեկավարութիւնը փորձի հարցը դասել բանակցութիւնների արդիւնքում լուծւող խնդիրների շարքը, այդուհանդերձ, խնդիրն իրականում առաւել քան խորն է, եւ վրացական կողմի այն յոյսերը, թէ Ադրբեջանը սահմանագծման աշխատանքների ընթացքում տեղի կը տայ, հազիւ թէ արդարանան:

Դաւիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ընթացող թէժ պայքարի, վրացիներին նեարդայնացնող ադրբեջանական կարծր եւ անզիջում կեցւածքի հիմքերում, որքան էլ առաջին հայեացքից տարօրինակ կամ զարմանալի թւայ, ընկած է Արցախեան հակամարտութիւնը: Աւելին` հարցի խորքային ուսումնասիրման արդիւնքում պարզւում է, որ վրացական կողմը Դաւիթ Գարեջիի հարցում դարձել է իր իսկ քայլերի եւ դիրքորոշումների գերին:  

Մինչ փակագծերը բացելը` մատնանշենք, թէ ինչու է ադրբեջանական կողմն այդքան անզիջում, եւ մի՞թէ այդքան դժւար է սահմանագծման յանձնաժողովին իրաւունք տալ սահմանագիծն այնպէս անցկացնելու, որի արդիւնքում վրացական հինաւուրց յուշարձանն անցնի  իրական տէրերին: Վրացական կողմի համար այս ամէնը ե´ւ նեարդայնացնող է, ե´ւ զարմանալի, ե´ւ վրաց լայն հանրութեան համար՝ անհասկանալի: Իսկ իրականում ամէն ինչ օրինաչափ է, եւ, ինչպէս նշեցինք, հիմնահարցն ուղիղ առնչութիւն ունի Արցախեան հակամարտութեան հետ:

Յայտնի է, որ Ադրբեջանը Դաւիթ Գարեջին եւս պաշտօնապէս համարում է աղւանական մշակոյթի արգասիք (Ադրբեջանում այն անւանում են Քեշիշդաղ) եւ յուշարձանի նկատմամբ իր հաւակնութիւններում յենւում է այն նոյն կեղծ հիպոթեզների վրայ, որոնց համաձայն` ներկայիս ադրբեջանական մշակոյթը հնագոյն աղւանականն է, հետեւաբար` Ադրբեջանը բոլոր այն յուշարձանների «իրաւատէրն» է, որոնք աղւանական են: Արդիւնքում՝ Դաւիթ Գարեջիի հարցում զիջումը սոսկ սահմանագծային աշխատանքներում տեղի ունեցող զիջում չի կարող համարւել, ինչն ակնկալում է վրացական կողմը, Դաւիթ Գարեջիի զիջումը նշանակում է «աղւանական ժառանգութիւնից» հրաժարում, ինչի հետեւանքով կը փլուզւի տասնամեակների կեղծիքի վրայ ստեղծւած մի ամբողջ հայեցակարգ, հիմքից կը սասանւի ադրբեջանական քարոզչամեքենայի շէնքը, որի վրայ ծախսւել են միլիարդաւոր դոլարներ: Այսպիսով՝ Դաւիթ Գարեջիի հարցում փոխզիջումներն այդքան կործանարար չէին լինի Ադրբեջանի համար, եթէ չլինէր Արցախեան հակամարտութիւնը կամ, աւելի պարզ, Արցախի հանդէպ ադրբեջանական «պահանջատիրութեան» հիմքում դրւած այն նոյն կեղծիքը, որը շրջանառւում է վրացական հնագոյն համալիրի պարագայում։

Պարզորոշ է, որ Դաւիթ Գարեջիից հրաժարումն ազդարարելու է «աղւանական ժառանգութիւնից» հրաժարւելու մեկնարկը, ինչը դոմինոյի օրէնքով շղթայական եւ ծանր ազդեցութիւն է ունենալու Արցախի հանդէպ ադրբեջանական նկրտումների վրայ, բացայայտւելու են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից սեփական հասարակութեանը տասնամեակներով մոլորեցնելու, իսկ միջազգային հանրութեանը կեղծիք մատուցելու փաստերը, որոնք էլ իրենց հերթին ճակատագրական կարող են դառնալ հնարածին հայեցակարգերի միջոցով իշխանութիւնը գերդաստանական  բոստանի վերածած` Ադրբեջանի ղեկավարի համար:          

Ի՞նչ նկատի ունէինք վերեւում, երբ նշեցինք այն միտքը, որ Դաւիթ Գարեջիի խնդրում վրացական կողմը դարձել է սեփական քայլերի եւ դիրքորոշումների գերին։ Վերջերս 1999-2009 թթ. վրացալեզու տպագիր մամուլի ուսումնասիրման շրջանակներում հետազօտեցինք նաեւ Արցախեան խնդրի հանդէպ վրաց հասարակական-քաղաքական մտքի դիրքորոշումները եւ փաստական նիւթի վրայ պարզեցինք հետեւեալը`

  1. վրաց հասարակական-քաղաքական մտքի դիրքորոշումներն Արցախեան հիմնահարցի նկատմամբ առանձնակի չեն տարբերւում Վրաստանի պաշտօնական դիրքորոշումներից, որոնք շատ դէպքերում ադրբեջանամէտ են, լաւագոյն պարագաներում` չէզոք,
  2. վրաց հասարակական-քաղաքական միտքն Արցախեան հիմնահարցի եւ, ընդհանրապէս, տարածաշրջանում հայկական գործօնի մասին խօսելիս գրեթէ չի մատնանշում երկու երկրների` Հայաստանի եւ Վրաստանի, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների` հայերի ու վրացիների, բազմահազարամեայ արմատներ ունեցող ընդհանուր քաղաքակրթական արժէքները, քրիստոնեական ընտանիքի մաս կազմելու հանգամանքը,
  3. վրաց հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչների շատ փոքր, կարելի է ասել՝ աննշան հատւածն է մատնանշում այն տնտեսական, ժողովրդագրական եւ քաղաքակրթական վտանգները, որոնք տարածաշրջանում առաջանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցութեամբ ձեւաւորւող հորիզոնական առանցքով,
  4. վրաց հասարակական-քաղաքական միտքն Արցախեան հիմնահարցը շատ դէպքերում քննարկել է ջաւախքեան իրադարձութիւնների համապատկերին, ինչից ելնելով էլ արցախեան ազգային-ազատագրական պայքարը, նոյնացւելով Ջաւախքի հիմնահարցի վրացական ընկալումների հետ, դիտւել է որպէս «հայկական անջատողականութեան» կամ «մեծ Հայաստանի ստեղծմանն ուղղւած» դրսեւորում, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան դէմ իրականացւած գործողութիւն եւ այլն,
  5. վրաց հասարակական-քաղաքական միտքը, ինչպէս պետական շատ շրջանակներ այս կամ այն կերպ կախւածութիւն ունեն տարիներով Վրաստան հոսող ադրբեջանական տնտեսական եւ դրամական կապիտալից, եւ Արցախեան խնդրում նրանց արտայայտած դիրքորոշումները նման դէպքերում պայմանաւորւած են նաեւ այս հանգամանքով:

Ելնելով վերոնշեալ եզրահանգումներից՝ պէտք է փաստել, որ, Արցախեան հակամարտութեան խնդրում պաշտպանելով Ադրբեջանին եւ նրա դիրքորոշումները, աւելին՝ հայութեանը մեղադրելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան դէմ դուրս գալու եւ այլնի մէջ, վրացական պետական եւ հասարակական շրջանակները կամայ, թէ ակամա, ուղղակի կամ անուղղակի համաձայնում են նաեւ Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, ըստ որի՝ Արցախի տարածքում առկայ հայ մշակութային ժառանգութիւնը, այդ թւում՝ պատմաճարտարապետական յուշարձաններն «աղւանական» են։

Մենք լաւագոյնս հասկանում ենք, որ Վրաստանի պաշտօնական եւ հասարակական  դիրքորոշումն Արցախեան հիմնահարցի նկատմամբ պայմանաւորւած է նաեւ աբխազական ու հարաւօսական հիմնահարցերի, Ադրբեջանի հետ բարիդրացիական յարաբերութիւնների առկայութեամբ, Ադրբեջանի հետ ունեցած տարանցիկ, էներգետիկ, ֆինանսատնտեսական եւ այլ կապերով, ինչպէս նաեւ նշեալ ոլորտներում Ադրբեջանից ունեցած մեծ կախւածութեամբ, երկրի հարաւային երկու խոշոր նահանգներում հոծ կերպով կողք կողքի ապրող հայկական եւ ադրբեջանական բնակչութեան առկայութեամբ, Ռուսաստանին հակընդդէմ հորիզոնական առանցքի ձեւաւորման եւ ամրացման նկատմամբ իր մեծ հետաքրքրութիւններով եւ այլն։ Այստեղ պէտք է հակադարձել վերոնշեալ մի քանի կէտերին՝ փաստելով, որ Վրաստանը եւ Ադրբեջանը ունեն խորքային փոխադարձ կախւածութիւն, աւելին՝ բոլոր նախադրեալները կան, որպէսզի Վրաստանի կողմից տարածաշրջանային ճիշտ քաղաքականութիւն որդեգրելու պայմաններում այդ կախւածութիւնը դառնայ միակողմանի՝ ի վնաս Ադրբեջանի։

Վերոնշեալով հանդերձ՝ Դաւիթ Գարեջիի խնդիրը ցոյց է տալիս, թէ քրիստոնեական քաղաքակրթութեան համար ինչպիսի աղէտ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, եւ քաղաքական շահերը քաղաքակրթականից վեր դասելու դաժան իրողութիւնից ինչպիսի հարւածներ են ստանում Այսրկովկասի պատմամշակութային հնագոյն արժէքները։

Արցախի նկատմամբ վրացական կողմի ադրբեջանամէտ դիրքորոշումները, այսպիսով, բումերանգի էֆեկտով հարւածում են վրացական հնագոյն քաղաքակրթական արժէքներին, աւելի «հիմնաւոր» դարձնում ադրբեջանական պահանջները,  վտանգում հոյակերտ յուշարձանների գոյութիւնն ու աղավաղում դրանց պատմութիւնը։  

Այսպիսով՝ քանի դեռ տարածաշրջանում չկայ հայ-վրացական համատեղ պայքար ընդդէմ ադրբեջանական կեղծիքի, ընդդէմ հայկական եւ վրացական քաղաքակրթական հնամենի արժէքների իւրացման, քանի դեռ արժէհամակարգային դաշտում հայ-վրացական խոր համագործակցութիւնը չի ստիպել Ադրբեջանին՝ հետ կանգնել իր հիւանդ երեւակայութիւններից, քանի դեռ  վրացական իշխանութիւնների մօտ շարունակւելու է գերակայել այն տեսակէտը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ տնտեսական «իւղալի» յարաբերութիւնները վեր են ամէն ինչից, եզրակացութիւնը մէկն է` Դաւիթ Գարեջիի ցաւօտ խնդիրը երբեք չի լուծւի յօգուտ Վրաստանի։ Աւելին` նման իրավիճակի առկայութիւնը շատ շուտով նորանոր աղէտներ է պատճառելու Վրաստանին։   

Դաւիթ Գարեջիի խնդիրը պէտք է դառնայ քաղաքակրթական դաշտում հայ-վրացական բարձր համագործակցութեան հիմնաքարերից մէկը։ Այն պէտք է արմատապէս փոխի վրացական պետական եւ հասարակական բոլոր շրջանակների կարծրացած ոչ հայանպաստ դիրքորոշումները՝ տեղի տալով այն գիտակցութեանը, որ հայ ժողովրդի տասնամեակների պայքարն ընդդէմ ադրբեջանական կեղծ հայեցակարգերի պայքար է նաեւ յանուն Դաւիթ Գարեջիի, Ադրբեջանի լծի տակ հեծեծող ժողովուրդների ազատասիրական պայքարին Հայաստանի աջակցութիւնը աջակցութիւն է նաեւ Ադրբեջանի կողմից բռնազաւթած վրացապատկան շրջաններում՝ Բելոկանում, Զաքաթալայում եւ Կախում ապրող կամ, աւելի բնորոշիչ բառով ասած, տառապող ինգիլոյներին, եւ այսպէս շարունակ։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • ՊՆ-ի «մարտկոցիկ» Շիրակը շարունակում է խայտառակել ջաւախահայերին
    ՊՆ-ի «մարտկոցիկ» Շիրակը շարունակում է խայտառակել ջաւախահայերին

    Պատերազմի մեկնարկից 24 օր անց՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, նիկոլական պատգամաւոր Շիրակ Թորոսեանը ֆէյսբուքեան էջում ջաւախքցիներին ուղղւած կոչ հրապարակեց, որով յորդորում էր բոլորին՝ համախմբւել, կազմել ջաւախքցիների կամաւորական ջոկատ եւ զինւորագրւել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: «Թշնամին պէտք է զգայ ջաւախքցու բազկի ջախջախիչ ուժը». գրել էր նա կոչի մէջ՝ հերոսաբար յաւելելով, թէ ինքն արդէն մի քանի օր է, ինչ Արցախում է, եւ ցուցակագրումը կատարելու են գրասենեակի աշխատակիցները:

  • ՊՆ-ն համեստօրէն չի բացայայտում ՔՊ ջոկատի «սխրանքները» պատերազմի ժամանակ
    ՊՆ-ն համեստօրէն չի բացայայտում ՔՊ ջոկատի «սխրանքները» պատերազմի ժամանակ

    2020 թ. հոկտեմբերի 22-ին լուր տարածւեց, որ նախորդ օրը, կէսգիշերն անց ձեւաւորւել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաջին ջոկատը, որն արդէն մեկնել է ՀՀ հարաւ-արեւելեան սահման: Ջոկատի կազմի մէջ են եղել փոխվարչապետ Տիգրան Աւինեանը, Աժ փոխնախագահ Ալէն Սիմոնեանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը, «Իմ քայլը» խմբակցութեան քարտուղար Յակոբ Սիմիդեանը, պատգամաւորներ Սիփան Փաշինեանը, Ռուէն Ռուբինեանը, Հայկ Գէորգեանը, Վահագն Յովակիմեանը եւ այլք:

  • Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք
    Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամէն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանեակ, «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն», «Ես եւ իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչեանը Սիւնիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիւօրէն աշխատում է տեղի երիտասարդութեան հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհաւորել է կապանցի երիտասարդներին: 

  • «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան
    «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

  • Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...
    Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

    Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։