Հա

Ազգային

15/08/2019 - 10:20

«Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին

Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

«alikonline.ir» - Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

 

- Պարո՛ն Եղիազարեան, յուլիսի 27-28-ին Հայաստանի սահմանին հայկական բանակն ունեցաւ 2 վիրաւոր, 1 զոհ, իսկ նախօրէին յայտնի դարձաւ հակառակորդի կրակոցից եւս հայ զինծառայողի վիրաւորման մասին: Հէնց Հայաստանի հետ սահմանին լարւածութեան աճն ինչո՞վ էք պայմանաւորում:

- Միանշանակ չի կարելի ասել՝ ինչով է այս լարւածութիւնը պայմանաւորւած, բայց սա այն քաղաքական կուրսի շրջանակում է, որը Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հանդէպ: Կարծում եմ՝ սա ցոյց է տալիս, որ բանակցային գործընթացը, հանդիպումներն արդիւնաւէտ չեն, եւ Ադրբեջանը չի փոխում իր քաղաքական կուրսը, իր մօտեցումները՝ անընդհատ լարւածութեան մէջ պահելով սահմանը: Ժամանակին առաջարկներ եղան՝ վերահսկման մեխանիզմներ սահմանել սահմանին, բայց ինչպէս տեսնում ենք, Ադրբեջանը դրան չգնաց, եւ ինքն իր ձեռագիրը շարունակում է:

 

- Արցախի հետ սահմանին լարւածութիւնը գրեթէ մշտապէս կայ, բայց Հայաստանի հետ սահմանին ժամանակ առ ժամանակ են սրացումներ լինում: Հետաքրքիր է, որ վերջին 20 օրերի ընթացքում հէնց Հայաստանի հետ սահմանին են իրադարձութիւնները կատարւում:

- Ադրբեջանը եւ Թուրքիան լուրջ պատրաստութիւն են տեսնում: Եթէ յիշում էք, Ադրբեջանի տարածքում մի քանի մեծաքանակ զօրավարժութիւններ եղան, Թուրքիայի հետ համատեղ նախիջեւանեան զօրավարժութիւններ անցկացւեցին: Եւ դրանց մէջ, օրինակ, այսպիսի զօրավարժութիւններ կային՝ ինչպէս ցածր կէտից լեռնային պայմաններում հրետանային կրակ վարել, իսկ Ադրբեջանի սահմանակից լեռնային երկիրը, կարծում եմ, հասկանալի է՝ ով է: Այսինքն՝ իրենք յստակ պատերազմի պատրաստւող գործընթացների մէջ են: Իհարկէ, ես չեմ ենթադրում, որ շատ շուտ պատերազմ է լինելու, բայց ամէն դէպքում, կարծում եմ, որ հակառակորդը պատրաստւում է, եւ իր համար բարենպաստ քաղաքական պայմանների դէպքում, երբ որ մէկ այլ տեղ կարող է որոշակի լարւածութիւններ առաջանան, եւ համաշխարհային ուշադրութիւնն այդ կողմ շեղւի, չի բացառւում, որ օգտագործեն այդ հանգամանքը: Մենք պէտք է շատ զգօն լինենք ու անընդհատ, մշտապէս պատրաստւածութեան մէջ:

 

- Քանի որ լարւածութիւնը ՀՀ-ի հետ սահմանին է, Հայաստանի՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ պետութիւն լինելու հանգամանքը ի՞նչ-որ դեր չունի այստեղ:

- Ժամանակին, երբ Արցախում նման լարւածութեան պահերին առաջարկ արւեց, որ ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինի, այն ժամանակ պատասխանեցին, որ այդ շրջանակից դուրս է Արցախը: Բայց այստեղ արդէն անհասկանալի է, եթէ Հայաստանի սահմանին են նման իրադարձութիւններ կատարւում, ինչու են այս դէպքերն անտարբերութեան մատնւած, եւ արձագանք չկայ: Իհարկէ, սա արդէն ողջունելի չէ, եւ կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքների խախտում է:

 

- ՀԱՊԿ-ն ի՞նքը պէտք է զսպող յայտարարութիւններով հանդէս գայ, թէ՞ Հայաստանը պէտք է դիմի կառոյցին, որին արդէն կը հետեւի յայտարարութիւնը:

- Մեխանիզմներն այնպէս են, որ կարծում եմ, նմանատիպ դէպքերի ժամանակ պէտք է ՀԱՊԿ-ի անդամ երկրները, եթէ իրենց մօտ սահմանային խնդիր է լինում, շատ արագ տեղեկացնեն ՀԱՊԿ-ի ղեկավարութեանը, եւ արձագանք լինի ՀԱՊԿ-ից: Եթէ հանդիսանում ես այդ կառոյցի անդամ, հետեւաբար, նաեւ այդ կառոյցը պէտք է արձագանքի: Այլապէս անիմաստ է լինում նման կառոյցների գոյութիւնը. եթէ այսօր չեն արձագանքում, իսկ եթէ վաղը ռազմական գործողութիւն լինի, այդ ժամանակ ի՞նչ վստահութիւն ունենանք, որ կարող է աջակից լինել խնդիրների կարգաւորմանը եւ անվտանգութիւնն ապահովել:

 

- Ձեր խօսքի սկզբում նաեւ նշեցիք, որ Ադրբեջանը, Հայաստանի հետ սահմանին լարւածութիւնը մեծացնելով, ցոյց է տալիս, որ դժգոհ է բանակցութիւնների ընթացքից: Այս դէպքում ի՞նչ պէտք է անեն Հայաստանի իշխանութիւնները:

- Ներկայիս իշխանութիւնները պէտք է ռազմական առումով աւելի ուժեղացնեն, հզօրացնեն Հայաստանը եւ որոշակի քայլեր ձեռնարկեն՝ զսպելու հակառակորդի «ախորժակը»: Մենք հիմա գտնւում ենք պատերազմական վիճակում, սա զինադադար է, խաղաղութիւն չէ, 1994 թ.-ից չընդհատվող պատերազմի ժամանակահատւած է: Եւ Ադրբեջանի պէս հակառակորդին, որը միայն, կարծես, ուժի լեզուն է հասկանում, որոշակի սանձող գործողութիւններ պէտք է լինեն, որպէսզի ինքն իր դիրքից դուրս չգայ: Որքան մենք «մարդասիրական» մօտեցում ցուցաբերենք, այնքան հակառակորդն աւելի է լկտիանալու: Հետեւաբար, կարծում եմ, որոշակի կանխարգելիչ միջոցներ պէտք է ձեռնարկւեն այդ ուղղութեամբ:

 

- Բայց դրան զուգահեռ նաեւ բանակցութիւննե՞ր պէտք է ընթանան կողմերի միջեւ:

- Իհարկէ, սա հայկական կողմի մօտեցումն է, որ մենք կողմնակից ենք բանակցային ճանապարհով խնդրի լուծմանը, բայց դա չի նշանակում, որ մինչեւ այդ խնդրի լուծմանը հասնելուն, այդ ընթացքում պէտք է հանդուրժենք հակառակորդի ոտնձգութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։