Հա

Ազգային

15/08/2019 - 10:40

«Համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը նոր չէ. նախկինում էլ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային». Յակոբ Բագրատունին՝ Փաշինեանի յայտարարութեան մասին

ՀՅԴ Լիբանաին Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին տեսակապի միջոցով Tert.am-ի հետ զրոյցում ասաց՝ Սփիւռքում ողջունում են համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը, սակայն սա նոր բան չէ. նախկինում էլ՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային:

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանաին Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին տեսակապի միջոցով Tert.am-ի հետ զրոյցում ասաց՝ Սփիւռքում ողջունում են համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը, սակայն սա նոր բան չէ. նախկինում էլ՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային:

Պատգամաւորի հետ Tert.am-ի հարցազրոյցը՝ ստորեւ:

 

- Պարո՛ն Բագրատունի, լիբանանահայ համայնքը հայկական սփիւռքի ողնաշարն է: Մօտաւոր հաշւարկներով՝ այսօր Լիբանանում բնակւում է շուրջ 140 հազար հայ, իհարկէ` թիւը զգալի կրճատւել է։ Ի՞նչ վիճակում է այսօր գտնւում Լիբանանի հայկական համայնքը՝ հաշւի առնելով աշխարհաքաղաքական դրութիւնը Մերձաւոր Արեւելքում:

- Բնականաբար, լիբանանահայութիւնը կղզիացած վիճակում չէ, երբեմն դրական, երբեմն բացասական ազդեցութիւններ են լինում լիբանանահայութեան վրայ: Լիբանանահայութիւնն այսօր ապրում է իր սովորական առօրռայով. գործում են ազգային, եկեղեցական, բարեսիրական, մարզական, մշակութային կառոյցները: Այսօր ունենք տնտեսական խնդիր, որի հետեւանքով էլ շատ լիբանանահայեր բռնում են հայրենադարձման ուղին. սրա համար մենք միայն ուրախ ենք:

Լիբանանում հայութիւնն ունի քաղաքական ներկայութիւն պետական համակարգում: Երկրի սահմանադրությեամբ սա ամրագրւած է, եւ մենք օգտւում ենք մեր իրաւունքներից: Լիբանանահայութիւնն ազատ է քաղաքական դիրքորոշում ունենալու առումով, սակայն որպէս Լիբանանի քաղաքացիներ՝ մենք ունենք պարտականութիւններ, որոնք պէտք է կատարենք այն խորը հաւատով, որ Լիբանանը պէտք է մնայ միասնական՝ հեռու լինի արտաքին միջամտութիւնից, պէտք է պահպանի տարածքային ամբողջականութիւնը, միջհամայնքային յարաբերութիւնները պէտք է խաղաղ լինեն: 

 

- Ասացիք, որ տնտեսական դրութեամբ պայմանաւորւած՝ լիբանանահայ համայնքը նոսրանում է: Առհասարակ ի՞նչ ռիսկեր էք տեսնում այսօր սրա հետ կապւած: Ինչի՞ կը յանգեցնի այն փաստը, որ Հայաստանը Մերձաւոր Արեւելքում քիչ-քիչ կորցնում է հարիւրամեայ իր համայնքը:

- Տասնամեակներ շարունակ ասել ենք, որ Սփիւռքը կառուցում ենք հայրենիքի համար եւ մի օր պէտք է Սփիւռքի ներուժն օգտագործել ի շահ Հայաստանի եւ Արցախի: Այսօր մենք այն իրավիճակում չենք, որ արհեստականօրէն հայրենադարձութիւն սկսենք: Անհրաժեշտ է, որ Սփիւռքի ներկայի վիճակը պահպանւի, աւելին՝ պէտք է այնպէս անել, որ Սփիւռքը հզօրանայ: Մենք այս պահին տեսնում ենք մէկ այլ առաջնային հարց. եթէ տնտեսական, սոցիալական եւ այլ պատճառներով արտագաղթ է տեղի ունենում Սփիւռքում, ապա դա պէտք է ուղղւի դէպի Հայաստան: Հակառակ պարագան ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի եւ ո՛չ էլ Սփիւռքի համար օգտակար չէ: Չի կարելի քանդել արդէն իսկ եղած համայնքները եւ ստեղծելը նոր համայնքներ, որոնք կունենան հայապահպանութեան, ինքնութեան պահպանման խնդիր: 

 

- Նշեցիք՝ Սփիւռքի ներուժը պէտք է օգտագործել ի շահ Հայաստանի: Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ստեփանակերտեան իր ելոյթում խօսեց համահայկական օրակարգ ձեւաւորելու մասին: Իշխանութիւնների գործողութիւնների յաջորդականութիւնն արդեօ՞ք կը բերի նրան, որ իսկապէս ձեւաւորւի համահայկական օրակարգ: Դուք դրա միտումը տեսնու՞մ էք:

- Վարչապետ Փաշինեանի՝ համահայկական օրակարգ ստեղծելու առաջարկը, ձգտումը ողջունելի է, սակայն համահայկական օրակարգ ստեղծելու այս ձգտումը նոր բան չէ. նախկինում էլ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային: Մենք անվերապահօրէն աջակցում ենք այս գաղափարին: Սակայն երբ ասում ենք համահայկական օրակարգ, այդ բառն, ինքնստինքեան, պարտաւորեցնում է, այսինքն՝ այն իսկապէս պէտք է լինի համահայկական՝ Հայաստանի, Արցախի, Սփիւռքի բոլոր քաղաքական, հասարակական ու այլ ուժերի մասնակցութեամբ: Այս համատեքստում անպայմանօրէն պէտք է նկատի առնւի Ցեղասպանութեան, Արցախի հարցը, Հայաստանի հզօրացման, անվտանգութեան պահպանման, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման հարցը: 

 

- Վարչապետ Փաշինեանը նշեց նաեւ հայկական կապիտալը Հայաստան բերելու մասին: Առհասարակ ի՞նչ տրամադրութիւններ կան Սփիւռքում նոր իշխանութիւնների նկատմամբ: Սփիւռքը պատրա՞ստ է կապիտալը Հայաստան բերելու:

- Ներդրումային առումով Սփիւռքում ապրող հայը մշտապէս պէտք է ազգային իր պարտականութիւնը կատարի, սակայն Լիբանանում ասացւածք կայ՝ «դրամագլուխը վախկոտ է»: Ներդրողի տեսանկիւնից՝ ներդրումները հայրենասիրութեան հետ կապելը ճիշտ չէ: Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանութիւններն առաւելագոյնն անեն՝ Հայաստանը վերածելու ներդրումային միջավայրի, որտեղ թէ՛ հայը, թէ՛ օտարերկրացին ներդրումներ կանեն ու կիմանան, որ կան անվտանգութեան երաշխիքներ, միջավայրն ապահով է, գործում են բոլոր օրէնքները: Մենք էլ պէտք է Սփիւռքում աշխատենք հայ ու ոչ հայ ներդրողներին ուղղորդել դէպի Հայաստան: Դրանից, մեծ հաշւով, օգտւում են բոլորը՝ թէ՛ հայաստանցիները, թէ՛ Սփիւռքում ապրող հայերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։