Հա

Ազգային

21/08/2019 - 09:20

Անհրաժեշտ են յաւելեալ ուժեր, որպէսզի կարողանանք մեր հարցերն առաջ տանել եւ լուրջ ձեռքբերուներ ունենալ

Հարցազրոյց Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի գործադիր տնօրէն Արմէն Սահակեանի հետ:

Հարցազրոյց Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի գործադիր տնօրէն Արմէն Սահակեանի հետ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանութիւն Արցախի վերաբերեալ «Ռոյս-Էնգել»-ի առաջարկը: Այն միտուած է Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի միջեւ շփման գծում լարուածութեան թուլացմանը. օրինագիծը մասնաւորապէս նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի եւ նոր զինատեսակների հետքաշում, հրաձգութիւնների տեղորոշման համակարգերի ներդրում: Ի՞նչ նշանակութիւն եւ ուժ ունի այս օրինագիծը:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- 2015 թուականի սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը երեք կէտից բաղկացած ծրագիր էին ներկայացրել, որը կոչուած էր կանխելու հայ-ադրբեջանական պատերազմի հնարաւոր վերսկսումը: Առաջարկուող քայլերն էին՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջեւ համաձայնութիւն, հրաձգութեան տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկուող համակարգի տեղակայում հրադադարի խախտումներն աւելի լաւ դիտարկելու համար, նոյն նպատակով ԵԱՀԿ-ի յաւելեալ դիտորդների տեղակայում: Նպատակն այն էր, որ լինի հանդարտ իրավիճակ շփման գծում, որի հիման վրայ կողմերը կարող են բանակցել հակամարտութեան կարգաւորման շուրջ, այսինքն, բանակցութիւնների ժամանակ չքննարկէին հարցեր, թէ ով ում վրայ է կրակել: Այս առաջարկին դրական են արձագանքել թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի, եւ թէ ԵԱՀԿ նախագահող խմբի երկրները, եւ միակ երկիրը որ դէմ է արտայայտուել՝ Ադրբեջանն է, ինչը մեր համար զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանն այժմ էլ յայտարարում է, որ պատերազմը շարունակւում է, միայն առաջին փուլն է աւարտուել, եւ երկրորդ փուլը դեռ սպասւում է: Ադրբեջանը շահագրգռուած չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման հարցում:

Կոնգրեսական Ջուդի Չուի օրինագիծը պատմական կարելի է համարել, որովհետեւ Ներկայացուցիչների պալատը որպէս միաւոր կողմ է հանդէս գալիս 2015 թ.-ի նախաձեռնութեանը, եւ միաժամանակ կոչ է անում Ադրբեջանին, որ Միացեալ Նահանգները կողմ է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Յոյս ունենք, որ այս օրինագիծը կեանքի կը կոչուի:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Արցախին առնչուող եւս մէկ օրինագիծ: Կալիֆորնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շըրմընի առաջարկած օրէնսդրական փոփոխութիւնն արգելում է ամերիկեան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակութեան արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործուել՝ հարուածելու Ստեփանակերտի օդանաւակայանից օգտուող քաղաքացիական օդանաւերին: Այս օրինագիծը կարելի՞ է համարել եւս մէկ զգուշացում Ադրբեջանին:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Կարելի է այդպէս բնորոշել, որովհետեւ ամերիկեան այս նախաձեռնութիւնից մէկ օր անց Ադրբեջանը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որ իրենք ամէն պահի պատրաստ են խոցել ցանկացած օդանաւ, կամ քաղաւիացիաի ցանկացած սուբյէկտ, որը կը թռչի Արցախի օդանաւակայանից: Առաջին անգամ, Ադրբեջանը նման սպառնալիքներ հնչեցրեց 2011 թուականին, եւ ութ տարուայ ընթացքում չի փոխել դիրքորոշումը: Բրեդ Շըրմընի օրինագծով, Ներկայացուցիչների պալատը վերաբերմունքն է յայտնում այս հարցի շուրջ՝ անթոյլատրելի համարելով, որ Ադրբեջանին վաճառուող ամերիկեան ռազմատեխնիկան, որեւէ կերպով առնչուի ադրբեջանական յայտարարութիւնների իրականացմանը:

Շատ կարեւոր այս օրինագիծը եւս մէկ ուղերձ է Ադրբեջանին, որ միջազգային հանրութիւնը չի պատրաստւում անտարբեր լինել նման յայտարարութիւնների նկատմամբ: Եւ երկրորդ, հարցը վերաբերում է Արցախի բնակիչների ազատ տեղաշարժի իրաւունքին, որը միջազգային իրաւունքի կողմից պաշտպանուած չափանիշ է:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց նաեւ Հայաստանին 40 միլիոն դոլարի յաւելեալ աջակցութիւն տրամադրելու օրինագիծը, ինչը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրը: Ի՞նչ է խորհրդանշում այս նախաձեռնութիւնը:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- ԱՄՆ կառավարութիւնը, անկախացումից յետոյ Հայաստանին 30 տարիների ընթացքում տրամադրել է երեք միլիարդի հասնող ֆինանսական աջակցութիւն: Տարիների ընթացքում, յատկացուող ամէնամեայ օժանդակութիւնը նուազել էր, ինչը բացասական երեւոյթ չէ, եւ խօսում էր այն մասին, որ Հայաստանը կարողացել է տնտեսական եւ քաղաքական նուաճումներ ունենալ, ինչի արդիւնքում տարբեր միջազգային կազմակերպութիւնների, երկրների, այդ թւում ԱՄՆ-ի կողմից աջակցութիւնը նուազել էր, եւ ուղղուել այլ երկրների, ինչպէս օրինակ՝ Սիրիային, Ուկրայինային: 40 միլիոն դոլար յաւելեալ աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութեան հեղինակ, Կալիֆորնիայից հայկական ծագմամբ Ջեքի Սփիրը յայտնեց, որ Կոնգրեսի կողմից օրինագծի հաստատումը Հայաստանին ուղղուած ուղերձ է առ այն, որ ԱՄՆ-ն ճանաչում է ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է Հայաստանում պետական կառավարման համակարգի բարելաւմանը, թաւշեայ յեղափոխութեան նպատակների իրականացմանը:

Միաժամանակ, կը ցանկանայի նշել, որ 2019-ը Կոնգրեսում շատ բեղուն տարի է մեզ համար, եւ առաջարկուել են այլ հայամէտ նախաձեռնութիւններ. ունենք եւս երկու բանաձեւ՝ մէկը կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից վերաներկայացուածն է՝ ԱՄՆ-ի եւ Արցախի միջեւ շփումների ազատականացման մասին: Մինչ օրս, ցաւօք, ԱՄՆ կառավարութեան միայն երկու երեք ներկայացուցիչներ են արտօնուած ճամբորդելու եւ ուղղակի հաղորդակցութիւն ունենալու Արցախի կառավարութեան հետ, եւ Փալոնը փորձում է այս հարցը շտկել: Կոնգրեսում հարցը լուծուելու դէպքում, ԱՄՆ պաշտօնեաները հնարաւորութիւն կ՛ունենան ազատօրէն ճամբորդել, եւ ուղղակի կապեր հաստատել Արցախի դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ Վաշինգտոնում, Երեւանում եւ ուղղակիօրէն Արցախի կառավարութեան հետ:

Երկրորդ բանաձեւը նոյնպէս Փալոնն է ներկայացրել, որտեղ շնորհաւորական ուղերձ է փոխանցւում թաւշեայ յեղափոխութեան եւ ԱԺ ընտրութիւնների ազատ եւ թափանցիկ անցկացման առիթով: Միաժամանակ, բանաձեւում առկայ է «ռազմավարական գործընկերութիւն» ձեւակերպումը ԱՄՆ եւ Հայաստանի յարաբերութիւնների մասին: Հաշուի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դիրքը, մեզ համար շատ կարեւոր է այլընտրանքներ ստեղծել եւ ուղիներ բացել դէպի ԱՄՆ եւ Եւրոպա, ինչը նաեւ Հայ Դատի յանձնախմբին հնարաւորութիւն կը տայ Հայաստանին առնչուող հարցերում մանեւրելու (շարժումներ կատարելու-Խմբ.) միջազգային ասպարէզում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ ուշադրութեան կենտրոնում մշտապէս նաեւ Արցախն է: Մի շարք նահանգներ ճանաչել են Արցախի անկախութիւնն ու ինքնորոշման իրաւունքը: Արդեօք այս հանգամանքը նպաստո՞ւմ է տուեալ նահանգների եւ Արցախի միջեւ յարաբերութիւնների զարգամանը:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- ԱՄՆ ինը նահանգ ճանաչել է Արցախի անկախութեան իրողութիւնը: Ճանաչումը թէեւ առաւել խորհրդանշական բնոյթ է կրում, սակայն ականատես լինելով Ադրբեջանի բուռն արձագանգին, կարելի է հասկանալ որ այդ բանաձեւերը շատ կարեւոր են: Ոչ բոլոր նահանգների հետ են յարաբերութիւնները ակտիւ, բայց Կալիֆորնիայի մասով օրինակ, լաւ զարգացումներ ենք ունեցել: Յարաբերութիւններ են հաստատուել քոյր քաղաքների ձեւաչափով, այսինքն, մենք փորձում ենք յարաբերութիւնները տեղափոխել աւելի տեղային մակարդակ, որովհետեւ այս պարագայում հնարաւորութիւնները մեծ են, քանի որ ԱՄՆ-ում արտաքին յարաբերութիւնները կարգաւորւում են դաշնային մակարդակով միայն:

Մի քանի նահանգների կողմից Արցախի ճանաչումը նաեւ քաջալերում է Արցախի մեր հայրենակիցներին, ովքեր որ տեսնում են, որ ԱՄՆ նահանգները հերթով կագնում են իերնց կողքին:

Նշեմ, որ ԱՄՆ-ն նաեւ միակ պետութիւնն է Հայաստանից բացի, որ ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում Արցախին, ինչը շատ կարեւոր է, քանի որ լինելով չճանաչուած պետութիւն, Արցախը չի կարող օգտուել Մակի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների կողմից տրամադրուող տարատեսակ օգնութիւններից: Քաղաքական ուղերձի տեսակէտից էլ շատ կարեւոր է, որ ԱՄՆ անուղղակիօրէն ճանաչում է Արցախի անկախութիւնը: Յատկացուող աջակցութիւնը 1.5-5 միլիոնի շուրջ է տատանւում, բայց կարեւոր է, որ այն շարունակական լինի, քանի որ այդ գումարները հիմնականում ծախսւում են խմելու ջրի մատակարարման կամ նման այլ մարդասիրական ծրագրերի համար: Արցախում մինչ կան բազմաթիւ խնդիրներ, որոնց լուծման ուղղութեամբ Հայ Դատի գրասենեակը լայնածաւալ աշխատանքներ է կատարում: Յանձնախումբը ոչ միայն տեղեկատուական քարոզչական աշխատանք է կատարում կոնգրեսականների հետ, նաեւ պարբերաբար կազմակերպում է նրանց այցն Արցախ, որպէսզի նրանք տեսնեն եւ հասկանան, թէ ինչի մասին է խօսքը: Այս գործունէութիւնը մեծ ազդեցութիւն է ունեցել վերջին 25 տարիների ընթացքում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արդեօք Կոնգրեսում հայանպաստ մի շարք բանաձեւերի ընդունումն այս տարի հայ-ամերիկեան յարաբերութիւնների ջերմացման միտումնե՞ր է ենթադրում:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Կարելի է ասել՝ այո: Երկու երկրների միջեւ ներկայի կիսասառը յարաբերութիւնները պայմանաւորում եմ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքով, որովհետեւ նախագահ Օբամայի ժամանակ, միջազգային ասպարէզում, ժողովրդավարութեան տարածումն ու զարգացումը շատ աւելի բարձր կէտում էր, քան Թրամփի: ԱՄՆ ներկայի նախագահն աւելի գործնական մարդ է՝ իրեն աւելի հետաքրքիր են թուերը, եւ այդ տեսանկիւնից նրա վարչակազմի համար այնքան էլ կարեւոր չէ ժողովրդավարութիւնը՝ դիտարկելով, թէ Թրամփն ինչ յարաբերութիւններ է հաստատել Սաուդեան Արաբիայի կամ նման այլ պետութիւնների հետ, որոնք ժողովրդվարութեան հետ որեւէ աղերս չունեն: Կարծում եմ, որ եթէ Հայաստանում թաւշեայ յեղափոխութիւնը տեղի ունենար Օբամայի նախագահութեան ժամանակ՝ աւելի բուռն եւ ակտիւ ներգրաւուածութիւն կը լինէր ԱՄՆ-ի կողմից: Սակայն պէտք է նկատել, որ զուգահեռաբար, Կոնգրեսը, որպէս պետական կառավարման առանձին եւ լիիրաւ սուբիեկտ, իր մասով բաւական գործունէութիւն է ծաւալում՝ ընդունելով հայամէտ տարբեր օրինագծեր եւ հանդէս գալով օրէնսդիր նախաձեռնութիւններով այս տարի, ինչը բացառիկ է վերջին քսանամեակի կտրուածքով:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Կոնգրեսում հայամէտ օրինագծերի ներկայացումն ու ընդունումը նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կողմից տարիներ շարունակ իրականացուող աշխատանքի արդիւնքն է:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- ԱՄՆ-ի Կոնգրեսը կազմուած է Ներկայացուցիչների պալատի 435, եւ Ծերակոյտի 100 անդամներից, ովքեր ներկայացնում են ԱՄՆ բնակիչներին տարբեր շրջաններից: Յանձնախմբի աշխատանքը ներառում է յարաբերութիւնների հաստատումն ու զարգացումը նրանց հետ: Հարաւային Կալիֆորնիան նաեւ առանձնայատուկ է մեզ համար՝ պայմանաւորուած հայ բնակչութեան մեծ թուով, եւ մեր համայնքի համար կարեւոր է, որ կարողանանք յարաբերութիւններ ունենալ հնարաւորինս շատ ներկայացուցիչների հետ: Տարիների ընթացքում Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի գրասենեակը յարաբերութիւններ է ձեւաւորել բազում կոնգրեսականների հետ, նրանց է ներկայացրել Հայաստանին, Արցախին եւ հայ համայնքին առնչուող հարցեր: Այս պարագայում, Ջուդի Չուի, Բրեդ Շըրմընի, Ֆրենք Փալոնի հետ յանձնախումբն ունի համագործակցութեան երկար պատմութիւն:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան Շրջանն ունի գործունէութեան բաւական լայն օրակարգ: Այս շաբաթ ստորագրեցիք համագործակցութեան յուշագիր Ասորիների ամերիկեան միութեան հետ: Ի՞նչ նպատակ եւ նշանակութիւն ունի այդ նախաձեռնութիւնը:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի համար մեծ կարեւորութիւն ունի նաեւ, այսպէս կոչուած, քոյր համայնքների հետ յարաբերութիւնների զարգացումը, այդ թւում՝ ասորիների, յոյների, կիպրացիների, հրէաների եւ այլոց, այսինքն այն համայնքների, ովքեր կապ ունեն հայերի հետ դարերից եկող աւանդոյթներով եւ յարաբերութիւններով: Մեր կողմից միտք առաջացաւ համագործակցութեան յուշագրեր ստորագրել ԱՄՆ-ում նշուած ազգերին ներկայացնող կազմակերպութիւնների հետ՝ առաւել կառուցային մակարդակի հասցնելու մեր յարաբերութիւններն ու յստակեցնելու համատեղ առաջնահերթութիւններն ու ծրագրերը, որոնց ուղղութեամբ աշխատում ենք: Յուշագրում յստակ կէտով նշուած է Արցախի ժողովրդի ինքնիշխանութեան եւ անկախութեան սկզբունքը, այսինքն՝ ստորագրելով փաստաթուղթը, ասորական համայնքը զօրակցութիւն է յայտնում արցախահայութեանը՝ անկախութեան իրենց պայքարում: Մենք էլ մեր զօրակցութիւնն ենք յայտնում ասորիներին, ովքեր այսօր հիմնականում բնակւում են Իրաքի հիւսիս-արեւմտեան շրջանում, եւ նրանց ինքնորոշման իրաւունքին նոյնպէս: Նաեւ, նախատեսում ենք աջակցել Հայաստանի ասորական համայնքին, ինչը կը խթանի նաեւ Հայաստանի տնտեսական զարգացումը:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ներքոյ գործում են տարբեր բաժիններ, այդ թւում է նաեւ կրթականը, որի հիմնական ծրագրերից է Հայոց Ցեղասպանութեան մասին կրթութիւնը: Այս առումով, յատկանշական էր օրեր առաջ մասնակցութիւնը երկրի կրթական ոլորտի ամենակարեւոր ձեռնարկներից մէկին՝ Ազգային կրթական միութեան ներկայացուցիչների համաժողովին:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Որպէս նախաբան ասեմ, որ վերջերս մի յօդուածում հանդիպեցի վիճակագրութեան, ըստ որի ԱՄՆ երիտասարդ սերնդի կէսից աւելին որեւէ տեղեկութիւն չունի Հոլոքոստի մասին, այն դէպքում, երբ դպրոցներում դասաւանդւում է: Սա նախանշում է խնդիր, որ կրթական համակարգում տեղեկատուութիւնը թարմացման կարիք ունի՝ տեղեկացնելու եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնները կանխարգելելու նպատակով: Նոյն տեսանկիւնից պէտք է դիտարկենք նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցում սերունդներին կրթելը:

Հայ Դատի ներքոյ գործող Կրթական յանձնախմբում ներգրաւուած են ուսուցիչներ, մանկավարժներ, ովքեր շատ կարեւոր գործառոյթ են իրականացնում Հայոց Ցեղասպանութեան մասին կրթական ծրագրեր մշակելու, եւ ուսուցիչներին վերապատրաստելու հարցում: Տեխասում, յունիսի վերջին կայացած համաժողովը կրթական համակարգի Ամերիկեան ամենամեծ հաւաքն է, եւ այնքան կարեւոր է, որ օրինակ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուներից շատերն այս տարի այնտեղ հանդէս եկան ելոյթով: Հայ Դատի յանձնախումբն այդ ձեռնարկին ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան մասին գրականութիւն, տեսանիւթեր՝ բաժանելով երկրի տարբեր շրջաններից այցելած հազարաւոր ուսուցիչների, ովքեր իրենց դպրոցներում կը դասաւանդեն Հայոց Ցեղասպանութեան մասին՝ օգտուելով յատուկ պատրաստուած ծրագրի նիւթերից:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԱՆ.- Հայ Դատի յանձնախումբը Միացեալ Նահանգներում գործող ամենաազդեցիկ հայկական քաղաքական կազմակերպութիւնն է: Յաջորդ տարի ԱՄՆ-ում նախատեսուած են համերկրային ընտրութիւններ տարբեր պաշտօնների համար: Ինչպէ՞ս էք պատրաստւում:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ընտրութիւնները Հայ Դատի գործունէութեան մէջ մեծ դեր ունեն: Վաշինգտոնի մեր գրասենեակն արդէն ուղարկել է հարցաշարեր նախագահի դեմոկրատ թեկնածուներին: Հարցաշարը նպատակ ունի պարզելու թեկնածուների դիրքորոշումը հայկական տարբեր հարցերի շուրջ՝ ներառեալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման, հայ-ամերիկեան յարաբերութիւնների, Արցախի անկախութեան, եւ այլն:

Միաժամանակ, Վաշինգտոնի Հայ Դատի յանձնախումբը, կայքում տեղադրել է թեկնածու կոնգրեսականների գործունէութեան մասին տեղեկութիւններ, նրանց քուէարկութիւնների պատմութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան, տարբեր հայամէտ օրինագծերի շուրջ: Հիմնուած այդ տուեալների վրայ, մենք գնահատում ենք թեկնածուներին եւ որոշում կայացնում աջակցութեան հարցում: Այս տեղեկութիւնները մենք տրամադրում ենք նաեւ հայ համայնքին՝ օգնելու, որ նրանք կողմնորոշուեն ընտրութիւններում:

Մեր հարցաշարն ուղարկում ենք նաեւ նահանգների, քաղաքների տարբեր պաշտօնների համար պայքարող թեկնածուներին: Վերջերս աջակցութիւն ենք յայտնել Լոս Անջելեսի մարզի կառավարիչներից Քեթրին Բէյգերին, ով արդէն երկար տարիներ մեր համայնքի մեծ բարեկամն է:

Նշեմ, որ Հայ Դատի յանձնախումբը զերծ է քաղաքական կողմնորոշումից. դիրքորոշում յայտնում ենք ոչ թէ ըստ կուսակցական պատկանելիութեան, այլ՝ պայմանաւորուած թեկնածուների կատարած աշխատանքով կամ, եթէ նոր են քաղաքական դաշտում՝ առաջնորդւում ենք մեր հարցաշարին նրանց պատասխաններով, եւ նրանց որոշակի խոստումներով:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2020 թ.-ին ԱՄՆում կ՛անցկացուի մարդահամար: Մարդիկ խուսափում են մասնակցել՝ չցանկանալով իրենց տուեալները տրամադրել պետութեանը: Որքանո՞վ է կարեւոր Մարդահամարին մասնակցութիւնը:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մարդահամարը Սահմանադրութեամբ նախատեսուած կառավարութեան գործառոյթներից է: Շատ հարցեր են լուծւում մարդահամարի միջոցով, օրինակ՝ թէ տուեալ նահանգը Կոնգրեսում քանի՞ ներկայացուցիչ է ունենալու, տուեալ քաղաքը որքա՞ն դաշնային օժանդակութիւն է ստանալու: Խօսքը շուրջ 800 միլիարդի հասնող գումարի մասին է, երբ դաշնային կառավարութիւնը որոշում է, թէ տասը տարիների ընթացքում ինչպէ՞ս է բաշխուելու գումարը նահանգներ, քաղաքների միջեւ՝ դպրոցների, ճանապարհների կառուցման եւ նման այլ նպատակների համար: Այդ տեսանկիւնից շատ կարեւոր է մասնակցութիւնը:

Լոս Անջելեսը ԱՄՆ-ում մասնակցութեան ամենացածր մակարդակ ունեցող շրջանն է, որովհետեւ բնակչութիւնը բազմազան է եւ ոչ բոլորն են տիրապետում լեզուին կամ գիտեն մարդահամարի մասին: Հայերի թիւն օրինակ, ըստ 2010 թուականի մադահամարի տուալների Լոս Անջելեսում կազմել է 210 հազար, այնինչ այդ թիւը շատ աւելին է: Մեր համայնքի համար Մարդահամարին մասնակցութիւնը կարեւոր է նաեւ քաղաքական իմաստով, որովհետեւ երբ համագործակցութեան համար դիմում ենք դաշնային, նահանգային կամ քաղաքական գործիչների, որքան մեր քանակը շատ լինի այնքան բարձր կը հնչի մեր ձայնը: Մի բան է, երբ ասենք, որ ունենք օրինակ 1000 ընտրող, մէկ այլ՝ երբ ասենք 20 հազար, եւ այդ առումով, կոչ եմ անում մեր համայնքին, որ մասնակցեն եւ ներկայացուած հարցաթերթիկում, ազգութեան մասին հարցի դիմաց նշեն՝ ՀԱՅ:

Մտահոգութիւնների մասով նշեմ, որ պահպանւում է գաղտնիութեան սկզբունքը: Կառավարութիւնը գաղտնի է պահում ստացած տեղեկատուութիւնը եւ շուրջ 76 տարի չի տրամադրում այլ գերատեսչութեան, աւելին՝ կարող է դատարանով կասեցնել, եթէ արտահոսք է եղել: Մարդահամարին կարող են մասնակցել բոլորը, քանի որ արձանագրւում են ոչ թէ ԱՄՆ քաղաքացիներին, այլ երկրում բնակուող մարդկանց:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբն իր գործունէութիւնն իրականացնում է հիմնականում կամաւորների միջոցով: Ովքե՞ր եւ ինչպէ՞ս կարող են մասնակցել կազմակերպութեան աշխատանքներին:

ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայ Դատը բոլոր հայերի դատն է, ինչպէս անունն է յուշում, եւ այդ առումով մենք բաց ենք բոլոր նրանց համար, ովքեր կը ցանկանան մաս կազմել մեր աշխատանքներին: Մեր հիմնական գրասենեակը գտնւում է Գլենդելում, նաեւ՝ մասնաճիւղեր ունենք տարբեր քաղաքներում: Մեզ միշտ անհրաժեշտ են յաւելեալ ուժեր, որպէսզի կարողանանք մեր հարցերն առաջ տանել եւ լուրջ ձեռքբերուներ ունենալ, ուստի՝ կոչ եմ անում աշխոյժօրէն ներգրաւուել Հայ Դատի յանձախմբերում:

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Ասպարէզ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։