Հա

Ազգային

22/09/2019 - 09:50

«Սա այն երազանքի Հայաստանը չէ, որ Արամն էր ուզում». ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Անկախութեան օրւայ առթիւ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին նւիրւած հանրահաւաքում:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին նւիրւած հանրահաւաքում:

 

Սիրելի՛ հայրենակիցներ

Արդէն 28 տարի է, ինչ մեր պատմական հայրենիքի մի հատւածում վեր յառնած հայոց պետականութիւնը վաւերական իրականութիւն է:

1920-ին ընդհատւած մեր անկախութեան երթը նորոգւեց 1991-ին՝ անսպառ հպարտութեան եւ միաժամանակ պատասխանատւութիւնների, յանձնառութիւնների, պայքարի ու արարումի նոր հանգրւան դառնալով իւրաքանչիւր հայի համար՝ լինի Հայաստանում, թէ` Սփիւռքում։

Վերանորոգւած անկախութեան տարեդարձը միմեանց շնորհաւորելու, հպարտանալու, ձեռքբերումներն արժեւորելու հրաշալի առիթ է եւ միեւնոյն ժամանակ` բացթողումներն ու ձախողումներն անաչառ վերլուծելու, դրանք շտկելու եւ լուծումներ գտնելու հերթական փուլ։

Աշխարհաքաղաքական ու ներքին բազմաթիւ մարտահրաւէրներով խիտ`անցնող 28 տարիներին, բնականաբար, ունեցել ենք խոշոր, ես կասէի՝ պատմական ձեռքբերումներ: Անշուշտ, ազատագրւած Արցախն այդ շարքում առաջիններից է։ Արցախի Հանրապետութեան գոյութեան փաստը՝ պետականութեան իր բոլոր ինստիտուտներով, մի իրողութիւն է, համահայկական նւաճում, որի հետ, անգամ միջազգայնօրէն հաշւի չնստել անհնար է: Այդ յաղթանակը գին ունի, այդ յաղթանակը նւաճել ենք համազգային աննահանջ նւիրումի եւ մեր ժողովրդի հերոսների արեան ու սխրանքների գնով։ Այդ յաղթանակի հետագայ ամրագրումն ու միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր համազգային օրակարգի առաջնահերթութիւնը, որն ամէն բանից առաւել համազգային միասնականութիւն է պարտադրում։

Քիչ չեն մեր հպարտութիւնը սնող նաեւ այլ ձեռքբերումները։ Անցնող 28 տարիների ընթացքում ստեղծւել եւ ամրապնդւել են մեր անկախ պետականութեան ինստիտուտները։ Կամաւորական ջոկատների հենքի վրայ ձեւաւորւել եւ կայացել է հայոց յաղթանակած բանակը, որն այսօր մեր գոյութեան թիւ մէկ երաշխաւորներից է։ Անցնող շրջանում բարեփոխել ենք Սահմանադրութիւնը, անցում կատարեցինք կառավարման խորհրդարանական համակարգի եւ այլն: Որոշակի ձեռքբերումներ ունենք տնտեսութեան մի քանի ճիւղերում։ Քիչ չեն նաեւ մեր ստեղծագործ ժողովրդի անհատական յաղթանակները գիտութեան, մշակոյթի ոլորտներում։

Սիրելի' հայրենակիցներ, ինչպէս խօսքիս սկզբում ասացի, անկախութեան օրը միայն միմեանց շնորհաւորելու եւ ձեռքբերումների մասին խօսելու համար չէ, պէտք է խօսենք նաեւ մեր չարածների եւ սխալների, նաեւ` շարունակւող սխալների մասին:

Անցնող 28 տարիներին, անշուշտ, մեր պետութիւնն անցել է բարդ ու դժւարին ուղի։ Դիմագրաւել ենք մարտահրաւէրներ, որոնց մի մասը եղել են օբիեկտիւ, սակայն ունեցել ենք նաեւ բացթողումներ ու սխալներ, որոնք կարող էին չլինել, եթէ դրսեւորւէր բաւարար քաղաքական կամք, եթէ կարողանայինք համազգային շահը վեր դասել խմբային կամ անձնական շահից:

Անցած 28 տարիների ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակութիւն, զարգացած տնտեսութիւն, արդար պետական եւ արդիւնաւէտ կառավարման համակարգեր, եւ ամենակարեւորը` չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելութիւնն ու չարութիւնը վերացնել եւ համախմբել հայ ժողովրդին, ստեղծել ազգային պետութիւն:

Հէնց այս էր պատճառը, որ հազարաւոր մեր հայրենակիցներ 2018-ին ապրիլին դուրս եկան փողոցներ։ Հանրային պահանջը յստակ էր եւ այլընտրանք չունեցող: 2018 թ. իշխանափոխութեան արդիւնքում մեր հասարակութիւնը արդարացիօրէն նոր եւ կտրուկ փոփոխութիւնների պահանջներ ներկայացրեց նոր իշխանութիւններին, եւ շուրջ մէկ տարի առաջ հէնց այստեղ` մեր պետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի յուշակոթողի առջեւ, նոր վարչապետը խոստացաւ կառուցել Արամի երազած Հայաստանը, նա խոստացաւ շարունակել Արամ Մանուկեանի առաքելութիւնը, խոստացաւ լինել արժանի Արամ Մանուկեանին եւ գործել այնպէս, որ ամէն անգամ, անցնելով այստեղից, կարողանայ ուղիղ նայել Արամի աչքերի մէջ:

Սիրելի' հայրենակիցներ, ես այսօր ուզում եմ ուղիղ հարց տալ ձեզ` սա՞ էր Արամի երազած Հայաստանը. Հայաստան, որտեղ կազմաքանդւում են պետական ինստիտուտները (չկառուցելով աւելի լաւը կամ նորը), Հայաստան, որտեղ իշխանութիւնների կողմից անխնայ իւրացւում է դատական համակարգը, Հայաստան, որտեղ իշխանութիւնների քմահաճոյքով մարդը կարող է մի գիշերւայ մէջ դառնալ ազգային դաւաճան կամ, հակառակը, դաւաճանից վերածւել ազգային հերոսի, Հայաստան, որտեղ իշխանութիւնների հրահրած հասարակական անվստահութիւնն ու ներքին անկայունութիւնը երկիրը նետում են ծանր ճգնաժամի մէջ, իսկ հանրութեան շրջանում ձեւաւորւած ներքին ատելութիւնը, հասարակական բեւեռացումը գնալով դառնում են վտանգաւոր:

Այս ամէնի արդիւնքում օրէցօր անյոյս է դառնում խօսելը այդքան բաղձալի առաջընթացի եւ վերելքների, այդքան երազած տնտեսական յեղափոխութեան եւ լայնածաւալ ներդրումների, հարուստ եւ բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր կառուցելու մասին:

Սիրելի' հայրենակիցներ, մենք այսօր` այս տօնական օրը, այս կարեւոր վայրում յայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում, սա այն երազանքի Հայաստանը չէ, որ Արամն էր ուզում: Արամի երազած Հայաստանը իրաւական, սոցիալական, ազգային արժէքների վրայ յենւած հզօր Հայաստանն է, Արամի երազանքը հայութեան համախմբումն էր, Արամի երազանքը ոչ թէ անցեալի մղձաւանջում մնացող Հայաստանն է, այլ ներկայի եւ ապագայ հզօր Հայաստանն է:

Մենք ասում ենք` անցեալը ջնջելով, նորը չես կառուցի, անցեալը՝ լաւ կամ վատ, բոլորինս է, անցեալի սխալներից պէտք է դասեր քաղել` այն չկրկնելու համար, պէտք է նայել առաջ, այսօր պէտք է գործել ոչ թէ յանուն անցեալի իբր մաքրագործման, այլ յանուն ներկայի եւ ապագայի, մենք պէտք է նաեւ արժեւորենք մեր անցեալի փառաւոր էջերը, մեր նորագոյն պատմութեան ձեռքբերումները, որոնք շարժիչ ուժն են մեր հետագայ վերելքների համար:

Չկան հին ու նոր Հայաստաններ, կայ մէկ Հայաստան, կա Հայաստանի Առաջին հանրապետութիւն եւ նրա իրաւայաջորդ` ներկայիս հանրապետութիւնը, եւ ամենակարեւորը` կայ ապագայի Միացեալ Հայաստանը:

Ես այս խօսքերն ասում եմ մեր հազարաւոր հայրենակիցների անունից, ասում եմ` իբրեւ հայոց պետականութեան ծնունդն իրականացրած քաղաքական ուժի` Դաշնակցութեան ներկայացուցիչ, իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատասխանատւութիւն է կրում մեր պետականութեան այսօրւայ եւ վաղւայ համար։

Մենք տեսնում ենք երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքները, մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղւած մարտահրաւէրները, մենք անհանդուրժելի ենք համարում մեր ինքնութիւնը խարխլող արշաւանքը մեր ազգային ինստիտուտների եւ արժէքների դէմ, արձանագրում ենք, որ երկրում տիրող հանրային անհամերաշխութեան մակարդակը ուղիղ սպառնալիք է մեր ազգային անվտանգութեանը, մենք գիտակցում ենք, որ պետութեան զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայութիւնը երկիրը տանում է ցնցումների եւ անկանխատեսելիութեան ճանապարհով։ Մենք պարզապէս իրաւունք չունենք եւ չենք կարող սոսկ այս իրավիճակի արձանագրողը լինել։

Հետեւաբար՝ մեր երկրի ներքին կայունութիւնը, սահմանների անառիկ պաշպանութիւնը, հասարակական համերաշխութեան ապահովումը, երկրի Սահմանադրութիւնը ոտնձգութիւններից զերծ պահելը, իրաւական եւ սոցիալական արդարութեան պահանջը շարունակում է լինել Դաշնակցութեան առաջնային օրակարգը, եւ սա է անկախութեան ու պետականութեան պահպանման, զարգացման եւ հզօրացման գրաւականը:

Ես եմ անկախութեան պաշտպանը, դու ես անկախութեան պաշտպանը, նա է անկախութեան պաշտպանը, մենք ենք անկախութեան պաշտպանը, հայն է հայի եւ Հայոց պետականութեան պաշտպանը:

Կեցցէ՛ մեր անկախութիւնը, փա՛ռք անկախութեան նւիրեալներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։