Հա

Ազգային

28/09/2019 - 11:30

Ալէն Սիմոնեանին իր անցեալը յիշեցնելու ժամանակը

Անկեղծ ասած՝ ինձ համար այնքան էլ տարօրինակ չէր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի՝ լրատւամիջոցներից մէկի տաղավարում ՀՅԴ-ի՝ դատական համակարգի բռնազաւթման մասին արտայայտած տեսակէտի առիթով Դաշնակցութեան քայլերը  մեկնաբանելուց հրաժարւելը, վայրկեաններ անց՝ նաեւ ՀՅԴ-ի հասցէին որոշ որակումներ հնչեցնելը: Անկեղծ, զարմանալի կը լինէր, որ կեանքում ընդամենը 130 կմ ճանապարհ անցած անձինք մեկնաբանէին 130-ամեայ ուղի անցած եւ պատմութիւն կերտած կուսակցութեանը կամ բանավէճի մէջ մտնէին նրա ներկայացուցիչների հետ: Բայց դրա մասին չէ, որ կուզենայի գրել:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Անկեղծ ասած՝ ինձ համար այնքան էլ տարօրինակ չէր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի՝ լրատւամիջոցներից մէկի տաղավարում ՀՅԴ-ի՝ դատական համակարգի բռնազաւթման մասին արտայայտած տեսակէտի առիթով Դաշնակցութեան քայլերը  մեկնաբանելուց հրաժարւելը, վայրկեաններ անց՝ նաեւ ՀՅԴ-ի հասցէին որոշ որակումներ հնչեցնելը: Անկեղծ, զարմանալի կը լինէր, որ կեանքում ընդամենը 130 կմ ճանապարհ անցած անձինք մեկնաբանէին 130-ամեայ ուղի անցած եւ պատմութիւն կերտած կուսակցութեանը կամ բանավէճի մէջ մտնէին նրա ներկայացուցիչների հետ: Բայց դրա մասին չէ, որ կուզենայի գրել:

Յարգելի Ալէն Սիմոնեանն օրը ցերեկով, չուզենալով մեկնաբանել ՀՅԴ-ին, այդուհանդերձ, լաւ էլ տեղը տեղին մեկնաբանեց, աւելին՝ ՀՅԴ-ին չմեկնաբանելով մեկնաբանելն այնքան կարեւոր էր նրա համար, եւ ՀՅԴ-ի գործօնի խնդիրն այնքան տանջալից հարց է այսօր նրա թիմի համար, որ նշւած տաղաւարում ՀՅԴ-ի մասին հարցը բնաւ էլ պատահական չէր, եւ միայն խաշած հաւին պարզ չէր, որ պարոն Մնացականեանը կատարում է նրա խնդրանքը կամ առաջարկը: Եւ այստեղ ամէն ինչ միանգամայն օրինաչափ է. Ալէն Սիմոնեանն ապացուցեց, որ ՀՅԴ-ն չի՛ տեղաւորւում իրենց կազմաքանդիչ ծրագրերի մէջ, այն մեծ ոսկոր է իշխանութիւնների կոկորդին, ՀՅԴ գաղափարաբանութեան առկայութիւնը երկրում տանջում է նրան ու նրա գաղափարազուրկ թիմին, եւ, այո՛, նա ճիշտ է, նա կարող էր հաճոյքով մեկնաբանել ընդդիմադիր դաշտում գտնւող այլ ուժերի, օրինակ, խորհրդարանական ընդդիմութեանը, որոնց ելոյթներն ամէն օր իր աշխատասենեակում կամ դահլիճում լսում է, բայց նա դա չարեց, որովհետեւ նրա թիմին իրական ցաւ պատճառողն այն քաղաքական ուժն է, որն «անկառավարելի է» եւ ընթանում է ինքնուրոյն քաղաքական օրակարգով: 

Յարգելի Ալէն Սիմոնեանն իր խօսքում մեղադրում է Արծւիկ Մինասեանին Ամուլսարի հարցում դիրքորոշումը փոխելու մէջ: Պարո՛ն Սիմոնեան, գիտէք՝ հին ժողովրդական խօսք կայ՝ դու ասա, որ քեզ չասեն: Դուք ձեր դիմաց ձեր թիմակից հսկայ վարչապետին միթէ՞ չէք տեսնում, եւ կարիք կա՞յ յիշեցնելու, թէ ինչ էր նա ասում Ամուլսարի մասին երէկ, ինչ է ասում այսօր, ինչ էր նա ասում ԵԱՏՄ-ի, արագաչափերի, կարմիր գծերի, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի պարկում կանգնած եւ դիտաւորեալ չշահագործւող աւտոբուսների մասին երէկ, ինչ է կատարւում այսօր քաղաքում եւ երկրում… Կարծում եմ՝ այսքանն էլ բաւական է, եւ դուք հասկացաք, որ շատ խոցելի էր Ձեր՝ ՀՅԴ-ին չմեկնաբանելու մասին արւած հիմնաւորումը, եւ ես՝ որպէս դաշնակցական, ձեզանից միշտ կը սպասեմ ՀՅԴ-ի վարկանիշը բարձրացնող այդպիսի «հիմնաւորումներ»:

Ինչ վերաբերում է Արծւիկ Մինասեանի դիրքորոշումներին, ապա նա վերջին շրջանում իր բազմաթիւ ելոյթներում փաստարկւած կերպով հիմնաւորել է, որ իր մտահոգութիւնները եւ դիրքորոշումները միանգամայն անխախտ են եղել թէ՛ Ամուլսարի, թէ՛ իր ոլորտին վերաբերող այլ հարցերի վերաբերեալ:  

Կուզենայինք պարոն Սիմոնեանից կոնկրետ փաստերով լսել, թէ ՀՅԴ-ն ԱԺ-ում ի՞նչ է ասել, յետոյ քւէարկել դրան հակառակ: Այլապէս՝ մերկապարանոց կը հնչի նրա այս որակումը եւս:  

Անդրադառնալով նաեւ ՀՅԴ-ի՝ նախորդ իշխանութիւնների կոալիցիոն գործընկեր լինելու եւ հանրութեան շրջանում ՀՅԴ-ի վարկանիշի մասին պարոն Սիմոնեանի որակումներին՝ էլի յիշեցնենք նախորդ ժողովրդական խօսքը եւ հարց տանք նրան՝ այդ երբւանի՞ց է նախորդ իշխանութիւնների ամենամերժւած կերպարների հետ քաւոր-սանիկական, սերտ ընկերական և այլեւայլ տեսակի ջերմ յարաբերութիւնների մէջ գտնւող այս պարոնը դարձել նորայայտ սուրբ եւ աւելին՝ ամէն առիթով իր սուրբ պարտքն է համարում որակումներ հնչեցնել ՀՅԴ-ի անցեալի կամ ներկայի մասին:  

Հասկանում ենք՝ քարոզչական յատուկ մեխանիզմներով հասարակութեան՝ գիտակցութեամբ պլեբէյների դասի վերածւած մասի համար միգուցէ շատ ախորժելի են Ալէն Սիմոնեանի՝ նախորդ իշխանութիւնների հասցէին ուղղւած ծաղրաիրաւրական կամ ծայրայեղ քննադատական խօսքերը, բայց նրան յիշեցնենք, որ  գոնէ «պատրիկների դասի» մէջ նրան լաւ գիտեն, եւ ժամանակն է յիշեցնելու նրան, թէ ով է եղել նրա համար, օրինակ, Մհեր Սեդրակեանը (յայտնի որպէս Թոխմախի Մհեր), եւ ինչպէս էին 2018 թ. դեկտեմբերեան ընտրութիւններին նախկին քրէաօլիգարխիկ եւ Ալէն Սիմոնեանի կողմից այսօր անխնայ դատափետւող նշեալ անձի ամբողջ թիկնազօրն ու անձնակազմը Էրեբունու վարչական շրջանում աշխատում նրա շտաբներում: Կարիք կա՞յ յիշեցնելու, թէ ով է ոչ անյայտ Խաչատուր Սուքիասեանն իր համար եւ այլն, եւ այլն: Կարիք կա՞յ յիշեցնելու, որ Արթուր Վանեցեանն այն հերթական մերձաւորը կամ մտերիմն էր, որին, յանուն սեփական աթոռի,  պարզապէս դաւաճանեց պարոն Սիմոնեանը, եւ այստեղ եւս ամէն ինչ օրինաչափ է. Ալէնի կեանքում այդպիսի մանր ու մեծ «դէպքերն» այնքան էլ քիչ չեն պատահել եւ նրան ճանաչողները սպասում են, թէ նա երբ է դաւաճանելու նաեւ, օրինակ, Խաչատուր Սուքիասեանին:     

Իհարկէ, բաներ կան, որոնք անձնական հարթութեան մէջ են գտնւում, եւ հարկ չենք համարում շատ բացել փակագծերն ու Ալէն Սիմոնեանին խորհուրդ կտայինք յիշել իր անցեալը, իր քրէաօլիգարխիկ քաւոր-սանիկական նախկին ու ներկայ շրջապատը եւ միւս անգամ օխլոսի առջեւ իր «սրբակենցաղ մաքրութիւնն» ի ցոյց դնելու պահին զգոյշ արտայայտւել շատ հարցերում:

Հանրութեան՝ գիտակցութեամբ պլեբէյացւած հատւածը թէեւ դանդաղ, բայց արդէն հիմնաւոր կերպով մտնում է ժողովրդի կազմի մէջ, եւ դա տեղի է ունենում աւելի արագ, քան տեղի ունեցաւ Հին Հռոմում:

Եւ ամենավերջում. «Կարելի է ամբողջ ժամանակ խաբել ազգի որոշ հատւածի, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ազգին, բայց անհնար է խաբել ողջ ազգին ամբողջ ժամանակ», Աբրահամ Լինքոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ: 

«Yerkir.am»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։