Հա

Ազգային

13/10/2019 - 09:50

Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

 

«Այդ վէրքէրը փակելը, մոռանալը շատ դժւար է լինելու»

 

- Տիկին Գալստեան, այս շրջանում, երբ մի կողմից մեզ պարտադրւում է Ստամբուլեան կոնւենցիան, միւս կողմից յետին պլան են մղւում ազգային արժէքները, որքանո՞վ են կարեւոր նման համաժողովները:

- Նախ ողջունում եմ Մայր Աթոռի այս նախաձեռնութիւնը, մանաւանդ եւրոպական երկրներից բանախօսների մասնակցութիւնը: Հետաքրքիր էր արդի մարտահրաւէրների մասին միջազգային փորձը լսել, բայց կարծում եմ` այս համաժողովը խորապէս պայմանաւորւած էր նաեւ մեր ներհասարակական կեանքում ազգային արժէքների նկատմամբ բազմաթիւ ոտնձգութիւններով, ազգային արժէքների նսեմացմամբ, նաեւ ինստիտուտների խաթարմամբ: Մեր ինքնութեան ոսկէ կոդը` ընտանիքը, լեզուն, հաւատը, մշակոյթը խաթարել նշանակում է խաթարել մեր հասարակութիւնը, պետականութիւնը, երկրի ընթացքը: Մեր հասարակութեանը նետւած մարտահրաւէրները կարծում եմ բոլորին են տեսանելի. շատ կարեւոր է հանրային գիտակցութեան մէջ արթնացնել, դարձեալ խօսել այն արժէքների մասին, որոնք պահելու եւ պահպանելու են նոյն հասարակութիւնը` աւելի ֆունդամենտալ հող ստեղծելով պետականութեան համար: Անհնար է պատկերացնել ամուր, զարգացող, առաջանցիկ պետականութիւն, առանց այս արժէքների: Չմոռանանք եւ գնահատենք հայ եկեղեցու բացառիկ դերակատարութիւնը. հաւատի, բարոյականութեան եւ հոգեւոր ինստիտուտը լինելով` պատմական ճակատագրի բերումով օբիեկտիւօրէն մեր եկեղեցին դուրս է եկել իր բուն առաքելութեան սահմաններից, դարձել ազգակերտ, ազգապահպան ինստիտուտ, ինչ-որ առումով իր վրայ վերցնելով բացակայ պետութեան քաղաքական գործառոյթները: Եւ զուր չենք Սահմանադրութեամբ ամրագրել մեր Հայաստանեայց Եկեղեցու բացառիկ դերակատարութիւնը:

 

- Եւ այսօր երկրի ղեկավարն ասում է` եթէ որոշ եկեղեցականներ կառավարութեան ոտքի տակը քանդեն, ծնկի կը բերւեն

- Խորը ցաւով եմ արձանագրում առհասարակ այսպիսի խօսքի հնարաւորութեան գոյութիւնը, այն էլ ովիկանոսից այն կողմ… Չեմ հասկանում` ի՞նչն է դրդում վարչապետին երբեմն ասել բաներ, որոնք սեպւում են մեր քաղաքական խօսոյթի, մեր մտածողութեան մէջ: Ցաւալի է… Սրանք ճաքեր են, վէրքեր, որոնց ամոքելը, մոռանալը շատ դժւար է լինելու: Վստահ եմ` մեր հասարակութիւնը չի կիսում այս վարքագիծը: Մենք ձգտում ենք ժամանակակից լինել, բայց ժամանակակից լինել բոլորովին չի նշանակում ուրանալ ինքնութիւն, ազգային արժէքներ, ազգային ինստիտուտներ: Պէտք է կարողանանք որդեգրել այնպիսի ռազմավարութիւններ, որոնք իբրեւ հասարակութիւն` մեզ դարձնելու են անխոցելի եւ իբրեւ պետութիւն` մրցունակ:

 

«Կարծես թէ նշաձողեր, արժէքներ, սրբութիւններ չեն մնացել»

 

- Դուք նշեցիք ժամանակակից լինելու ձգտման մասին, բայց այն 21-րդ դարում ենթադրում է նաեւ խօսքի, մամուլի ազատութիւն: Մինչդեռ տեսնում ենք յարձակում մամուլի ակումբի վրայ, իսկ ԱԺ-ում քննարկւում են խօսքի ազատութիւնն օրէնսդրօրէն սահմանափակելու տարբերակներ: Ի՞նչ կասէք այս մասին:

- Հրապարակային իմ մի քանի արտայայտութիւններում ասել եմ` մեր հասարակութիւնը, իրականութիւնն իր բոլոր երեսներով տուրբուլենտ ցնցումների մէջ է. սա ազդում է մեր ազգի բարոյահոգեբանական մթնոլորտի վրայ: Կարծես թէ, նշաձողեր, արժէքներ, սրբութիւններ չեն մնացել: Ինձ եւ շատերի համար անհասկանալի է Հայաստանի ուր գնալու տեսլականը, չկան յստակ ձեւակերպւած պետական ծրագրեր: Թերթում եմ կառավարութեան բիւջէի կատարողականը եւ տեսնում, որ շատ ծրագրեր, ոլորտներ 30 տոկոսով թերկատարւած են, երբ դրանք նախատեսւած էին իրականացնել` համապատասխան ֆինանսական միջոցներով: Սա խօսում է պետութեան անստոյգ ընթացքի, կադրային ձախողւած քաղաքականութեան, տեսլականների բացակայութեան, նաեւ քաղաքական պատասխանատւութեան բացակայութեան մասին: Արցախեան չփակւած պատերազմ ապրող երկիրը բարոյական եւ քաղաքական բոլորովին այլ նշաձողեր պիտի սահմաներ:

 

- Գուցէ աւելի կոշտ բնութագրումներով, բայց հէնց այս մասին էր զգուշացնում Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանն իր վերջին հարցազրոյցում: Համակարծի՞ք էք:

- Ցաւօք, չեմ լսել Բալասանեանի հարցազրոյցն ու չեմ կարող անդրադառնալ իր խօսքին: Բայց մենք բոլորս` քաղաքական գործիչ, թէ պարզ քաղաքացի, ուղղակի բարոյական իրաւունք չունենք Հայաստան-Արցախ բաժանարարների մասին խօսել-մտածել: Սա պարտութիւն է, մեր բոլորի պարտութիւնն է, անգամ դաւաճանութիւն է: «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող վարչապետը պատասխանատւութիւն ունի, նա պիտի կարողանայ լիցքաթափել այս ծայրայեղ վտանգաւոր մթնոլորտը: Պետութեան ռազմավարական ռեսուրսներից մէկն էլ ազգի բարոյահոգեբանական կլիման է եւ մթնոլորտը: Հանրային անհամերաշխութեան ներկայ մթնոլորտը, որի մէջ այսօր ապրում է Հայաստանն, անթոյլատրելի է. իւրաքանչիւրը դիմացինի մէջ հակառակորդ է տեսնում: Բռնութեան, ատելութեան խօսքի սարսափելի մթնոլորտում ենք ապրում. ո՞ւր ենք գլորւել, այս պաշարով ո՞ւր ենք գնալու:

 

«Քաղաքական մեծամասնութիւնը քաղաքական խլութիւն ունի»

 

- Որպէսզի չգլորւենք անդունդը, մի շարք հասարակական, մշակոյթի, սպորտի, նոյնիսկ խիստ տարբեր քաղաքական գործիչներ միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ազատ արձակումը համախմբւելու, հասարակական համերաշխութիւնը վերականգնելու ազդակ կը դառնայ, ինչի կարքին ունի մեր երկիրը աւելի քան երբեւէ: Ինչպէ՞ս էք վերաբերւում այս նախաձեռնութեանը:

- ՀՅԴ-ն` դեռ անցեալ տարի, երբ նոր սկսւեց Ռ. Քոչարեանի դէմ վարոյթը, յայտարարութեամբ հանդէս եկաւ` յորդորելով, որ ողջ գործընթացը զուտ իրաւական դաշտում մնայ եւ չվերածւի քաղաքական հաշւեյարդարի ու վրէժխնդրութեան: Ցաւօք, հետագայ ընթացքն այլ պատկեր արձանագրեց: Դատական իշխանութեան նկատմամբ ճնշումներն ակնյայտ են: Սահմանադրական եւ միւս դատարանների շրջափակումը, Ռ. Քոչարեանի գործով երկու դատաւորների դէմ վարոյթները թոյլ են տալիս պնդել, որ սա շատ յստակ քաղաքականացւած եւ ուղղորդւող գործընթաց է: Այո, ես պնդում եմ, որ երկրում պէտք է աշխատի քաղաքական պատասխանատւութեան ինստիտուտը, իւրաքանչիւր քաղաքական ուժ, անհատ պիտի գիտակցի, որ քաղաքական պատասխանատւութեան մուրճը միշտ իր թիկունքում է, կայ քարերը նետելու եւ հաւաքելու ժամանակը: Բայց այն վերաբերմունքը, որն այսօր դրսեւորւում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, Արցախի գործող եւ նախկին նախագահների գրաւն ու միջնորդութիւնը մերժելը, նւաստացման ճանապարհ է: Ի վերջոյ, իսկապէս, կարելի էր խափանման միջոցը փոխել ուրիշ ռեժիմով եւ արդար իրաւական գործընթաց սահմանել: Քոչարեանը փախչող չէր, հաստատ: Սա նաեւ կառողջացնէր մեր հասարակութիւնը եւ դատական իշխանութեան նկատմամբ վստահութիւն կը ներշնչէր: Իշխանութիւնը մի կողմից խօսում է դատական բարեփոխումների անհրաժեշտութեան մասին, միւս կողմից` կոշտ, բացայայտ ճնշումների ճանապարհով ցանկալի դատավճիռներ կորզելու ընթացքի մէջ է: Սա նահանջ է տանում պետականութիւնը: Վերջիվերջոյ, պէտք է կարողանանք պետականօրէն քաղաքական իմաստութիւն ունենալ առաջ նայելու: Ո՞ւր է գնում Հայաստանը, շարունակ մեզ դէպի ներքեւ են քաշում, ու չենք կարողանում այդ 30 տարւայ վրէժխնդրութեան ցանցից դուրս գալ, կարծես, պատանդ ենք դարձել: Կարծում էի` մեր այսօրւայ իշխանութիւնը կունենար կարմիր գծեր սահմանելու խոհեմութիւնը` աւելի ստեղծարար օրակարգերի շուրջ համախմբելով հասարակութիւնը: Բայց տպաւորութիւն ունեմ, որ երկրի կառավարման հիմնական մոտիւացիան վրէժխնդրութիւնն է:

 

- Իշխանութեանն ուղղւած ՀՅԴ-ի զգուշացնող դեղին քարտն, այսօր ակնյայտ է, որ, այսպէս ասած, չանցաւ: Կարմիր քարտը չի՞ ուշանում:

- Քաղաքական մեծամասնութիւնը կարծես քաղաքական խլութիւն ունի, հակառակ նրա, որ վարչապետն ԱՄՆ-ում ասաց, թէ երկխօսութեան պատրաստ է, սակայն գործնականում այլ է պատկերը: Անփորձ մեծամասնութիւնը ամբարտաւան մեծամտութեամբ է տառապում` կարծելով, թէ իրենք ամէն ինչ գիտեն: Սա չի նշանակում, թէ պիտի դադարենք բարձրաձայնել, մենք պայքարի այլ միջոցներ էլ ունենք: Գոնէ հանրային գիտակցութեան դաշտում պէտք է մտածողութիւն փոխել, որ այսպէս չի կարելի, մանաւանդ, որ իշխանափոխութիւնը կամ ժողովրդային զարթօնքը մէկ քաղաքական ուժի մենաշնորհը չէր: Մեր ժողովուրդը հաւատաց, նրանք գեներացրին դրական սպասումների մի մեծ ալիք, որը չի սպասարկւում այսօր: Հանրութեան մի մեծ զանգւածի մօտ յուսահատութեան եւ հիասթափութեան թանձրոցող ալիք կայ: Ուղղակի, չարենցեան բառերով ասեմ` այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել: Պէտք է ազգովի գտնենք այն եզրերը, այն բանաձեւերը, որոնք մեզ արժանապատիւ հանգրւանի են տանելու:

 

Հրանտ Սարաֆեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։