Հա

Ազգային

16/10/2019 - 10:50

«Եթէ Արցախը Հայաստան է, ու վերջ, ստորագրէք՝ վերջանայ». Կիրօ Մանոյեան

Եթէ մարտավարական նպատակներով արւած յայտարարութիւններն անընդհատ սկսում են կրկնել, դառնում է ռազմավարութիւն, նաեւ՝ ոչ արդիւնաւէտ. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Եթէ մարտավարական նպատակներով արւած յայտարարութիւններն անընդհատ սկսում են կրկնել, դառնում է ռազմավարութիւն, նաեւ՝ ոչ արդիւնաւէտ. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Գրում է Yerkir.am-ը:

«Երեսուն տարի է՝ ունենք այդ խնդիրը: Վարչապետ Փաշինեանն ասում է՝ խնդիրը պիտի կարգաւորւի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համաձայնութեամբ: Որպէս մարտավարութիւն՝ այդ յայտարարութիւնը լաւ է՝ բոլորը գոհ պիտի լինեն: Նրան էլ ոչ ոք չի հակադարձում: Հիմա պիտի ասի, թէ այդ բանաձեւն ի՞նչ է: Չկայ այդպիսի բանաձեւ: Չենք ասում, որ ադրբեջանցիները պէտք է կոտորւեն, Ադրբեջանը պիտի կոտորակւի (թէ Ադրբեջանն էլ ո՞րն է, դա էլ հարց է): Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմում մինչեւ այսօր հայկական կողմն է յաղթել, եւ ադրբեջանցիները դրա համար ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Բայց ադրբեջանցիներին, ընդհակառակը, պէտք է համոզել, որ Արցախը երբեք էլ ձերը չի եղել, դուք ընդամենը սովետական շրջանում վայելել էք, չարաշահել էք Արցախի ամէն ինչը, իսկ Սովետական միութեան փլուզումից յետոյ արդէն մոռացէ՛ք Արցախի մասին: Եւ Հայաստանի վարչապետը՝ ով էլ որ լինի, ճիշտ կանի՝ հէնց այդպես խօսի»,- ասաց նա:

Կիրօ Մանոյեանը յիշեցրեց, որ նախկին իշխանութիւնների օրօք էլ այդ խնդիրը եղել է: «Հարցը՝ հայ-թուրքական, արցախեան, չէր կարգաւորւելու, նպատակն այլ էր՝ որպէս լաւ, վստահելի գործընկեր ընկալւել: Հիմա էլ նոյն խնդիրն է: Եթէ բանաձեւ կայ, թող ասի: Մէկ անգամ այս միտքը յայտարարէր՝ լաւ, երկու անգամ՝ էլի լաւ, բայց ամէն օր եւ ամէն առիթով յայտարարել չի կարելի: Որովհետեւ, ի վերջոյ, այդ յայտարարւածը պիտի ակնկալեն դրսինները, ադրբեջանցիները, թէ՝ մենք էլ ուրախ կը լինէինք: Իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահի ուրախութիւնը Արցախով չի վերջանալու, Երեւանն էլ են ուզում»,- նշեց նա:

Կիրօ Մանոյեանը յիշեցրեց, որ ՀՅԴ-ն մշտապէս առաջարկել է Արցախեան հարցը կարգաւորել՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ երկկողմ ռազմավարական համագործակցութեան պայմանագիր ստորագրելով, նպաստելով Արցախի՝ միջազգային ճանաչմանը, եւ երբ Արցախը ճանաչւած լինի գոնէ 10 պետութեան կողմից, երկու անկախ, ճանաչւած հանրապետութիւնների որոշմամբ՝ կը միաւորւեն: «Մենք ունեցել ենք պահեր նախորդ իշխանութիւնների օրօք, երբ նախագահն ասել է՝ գիտէ՞ք ինչ, եթէ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետութիւնը, պատերազմ կը սկսւի: Ասել ենք՝ նման բաներ չի կարելի ասել: Պետության ղեկավարը պէտք չունի աշխարհին դաս տալու՝ ինչ կը լինի, եթէ այսպէս անենք կամ այնպէս անենք: Թող 5, 8, 10 պետութիւն ճանաչեն, թող Արցախն ունենայ ներկայացուցչութիւն՝ դիւանագիտական կարմիր պետհամարանիշով, թող լինի միջպետական փոխատւութեան-փոխառութեան պայմանագիր, թող նախագահներն իրար նախագահ ասեն, վարչապետերը՝ վարչապետ, ԱԺ նախագահները համագործակցութեան յանձնաժողովներ ստեղծեն, մէկ տարի չի տեւի Արցախի Հանրապետութեան ճանաչումը եւ միացումը»,- նշեց նա:

Մանոյեանն ընդգծեց, որ չի կարելի քաղաքական հաշւարկներով ասել բաներ, ստեղծել մթնոլորտ եւ այդ ուղղութեամբ իրական քայլեր չանել: «Երբ ասում է, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, թող գործնական առումով ցոյց տայ դա: Գործնականը նրա համար միայն այն է, որ ընտրութիւններին ուղարկի դիտորդներ, որ այդ միջոցով ճնշումներ գործադրի: Արդէն Արցախում Հայաստանի բիւջէի հաշւին պահում է հարիւրաւոր աշխատակիցներ, որոնք իբր պիտի մոնիթորինգ անեն: Ինչո՞ւ մրցակցային չընտրւեցին այդ կազմակերպութիւնները. շատ յստակ է, որ քաղաքական նպատակներ կան: «Եթէ Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ի նպատակն այն է, որ Երեւանը պիտի որոշի, թէ Արցախում ով ինչ քաղաքական ազդեցութիւն պիտի ունենայ, դա՝ ուրիշ: Իսկ եթէ, իրօք, Արցախը Հայաստան է, եւ վերջ, ստորագրենք՝ վերջանայ, ինչի՞ չենք ստորագրում»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Կիրօ Մանոյեանը յիշեցրեց Արցախի անկախացման պատմութիւնը: «Անկախութիւնն այս դէպքում ճանապարհ է, միջոց է. 1991-ին ինչ-ինչ պատճառներով պաշտօնական Ստեփանակերտի եւ պաշտօնական Երեւանի հաշւարկները համընկան, եւ որոշւեց հռչակել անկախութիւն: Բայց բոլորն էլ հասկանում են, որ, ի վերջոյ, նպատակը միացումն է, բոլորն էլ հասկանում են Արցախի դրոշի ճերմակ աստիճանների խորհուրդը՝ այն աստիճանական միացման մասին է խօսում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։