Հա

Ազգային

16/10/2019 - 11:40

Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրողները ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը

Ս. թ. հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացաւ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողութիւնը:

«alikonline.ir» - Ս. թ. հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացաւ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողութիւնը:

Համաժողովին ներկայ են գտնւել ՀՅԴ Բիւրոյի եւ Գերագոյն մարմնի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը: Հայաստան ՀՅԴ թեւից ներկայ են եղել Արմէն Ռուստամեանը, Կիրօ Մանոյեանը, Յակոբ Տէր-Խաչատուրեանը, Արթուր Խաչատրեանը, Լիլիթ Գալստեանը, Արմինէ Կիւրեղեանը եւ այլք:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Սարգսեանի հետ` պարզելու համար, թէ ինչ նպատակ էր հետապնդում համաժողովը:

 

- Պարո՛ն Սարգսեան, Արցախում կայացաւ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը: Ի՞նչ շահեց Արցախն այդ համաժողովի արդիւնքում:

- Այսպէս կարող եմ ասել, որ ամէն մէկն իր հերթին, իր երկրում աշխատի Արցախի անկախութեան ճանաչման համար, որից յետոյ արդէն խնդիր է դրւելու ՀՀ-ի միաւորման: Սա մեր առաջին քայլն է եղել, որ 150 տարբեր երկրներից պատգամաւորներ, տարբեր պաշտօնեաններ, որոնցից 1/3 այլ ազգի ներկայացուցիչներ էին, հաւաքւել էին մէկ յարկի տակ` Արցախում: Ու գնալով այդ թիւը դառնալու է աւելի մեծ, ու աշխատելու ենք յանուն Արցախի, յանուն արդարութեան եւ խաղաղութեան: Այդ աշխատանքները սիստեմատիկ բնոյթ են կրելու: Մեր նպատակն է այդ 150-ը բարձրացնել, պէտք է աւելի շատ մարդիկ միանան այդ համաժողովին, աւելի շատ երկրներ ընդգրկւեն, որպէսզի մենք միաւորւելով այդ ուղղութեամբ աշխատենք:

 

- Իսկ ովքե՞ր էին Հայաստանից ներկայ, կարծես թէ հիմնականում ներկայ էին ՀՅԴ ներկայացուցիչները:

- Հիմնական աշխատանքը տարւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ու Արցախի կառավարութեան հետ միասին` նախագահի եւ ԱԳ նախարարութեան հետ աշխատելով, բայց ընդգրկւած էին շատ շատերը տարբեր կուսակցութիւններից: Հիմնականում շեշտը դրւած էր այլ ազգի պաշտօնեաների վրայ, որպէսզի մենք կարողանանք լայնածաւալ աշխատանք իրականացնել: Սա է մեր գլխաւոր նպատակը: Ներկայ է եղել նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը, ով էլ ելոյթ է ունեցել համաժողովի ժամանակ:

 

- Ըստ շրջանառւող տեղեկութիւնների` Դաշնակցութիւնը քաղաքական նոր փուլի մեկնարկ է տւել այդ համաժողովով` իր հիմնական գործունէութիւնը սկսելով Արցախից: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկութիւնները:

- Դաշնակցութիւնը միշտ էլ աշխատել է, Արցախը չճանաչւած երկիր է, ՀՅԴ-ն միշտ էլ աշխատել է արտաքին քաղաքականութեան վրայ, Դուք կարող էք տեսնել, թէ այս ժամանակահատւածում ինչ չափով են աշխատել Հայ Դատի մարմինները Արցախի արտաքին քաղաքականութեան համար: Սա մի աստիճան նորութիւն է, այսինքն` այս ուղղութեամբ եւս աշխատանք է տարւում համախմբելու իմաստով: Ես անկեղծ եմ ասում` թոյլ մարդիկ եւ թոյլ քաղաքական գործիչները, որոնք միայն խառնակութեամբ են զբաղւած, կարող են միշտ էլ նման յայտարարութիւններով հանդէս գալ: Ես չգիտեմ, թէ ովքեր են նման բան յայտարարողները, պէտք է իրենց հարցնել, թէ իրենք տարիներ շարունակ ինչ են արել:

Տարիներ շարունակ Դաշնակցութիւնը միշտ այնտեղ է, որտեղ հայրենիքի փրկութիւնն է: Պատերազմի ժամանակ, երբ սկսւեց շարժումը, ո՞ր կուսակցութիւնն է եկել այստեղ. որպէս կուսակցութիւն, ոչ թէ անհատներ եմ ասում: 2016 թւականին ապրիլեան պատերազմի ժամանակ ո՞ր կուսակցութիւնն էր առանձին գումարտակով եկել այստեղ: Իսկապէս հերիք է նման տեղեկութիւններ տարածել: Լաւ բան ենք անում, սենց է, վատ ես անում, նենց է: Դաշնակցութիւնը միշտ էլ աշխատել է Արցախի ազատագրման, Արցախի անկախութեան ճանաչման եւ Արցախի վերամիաւորմանը Հայաստանի հետ:

 

- Ըստ Ձեզ` լարւածութիւն կա՞յ ՀՀ- Արցախ փոխյարաբերութիւններում, քանի որ Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը շարունակում է շատ լուրջ քննադատութիւններ հնչեցնել Հայաստանի իշխանութիւնների հասցէին: Աւելին, ըստ Բալասանեանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ «Սասնայ ծռերը» ահաբեկչական մէկ ամբողջութիւն են. մէկը` զէնքով, միւսը գրչով են իշխանութիւնը բռնազաւթել:

- Երբ առանձին քաղաքական գործիչներ հանդէս են գալիս յայտարարութեամբ, ես ասում եմ, որ մենք մէկ ժողովուրդ ենք եւ աշխատում ենք վերամիաւորման համար: Բոլոր այն քաղաքական գործիչները` իշխանութեան մէջ, թէ իշխանութիւնից դուրս, ովքեր փորձեն Արցախի Հանրապետութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւն, այսինքն` նոյն ժողովրդի, նոյն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրեն, այդ քաղաքական գործիչները ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը: Սա աքսիոմ է: Այս շարժումը սկսել է ժողովուրդը, ոչ թէ առանձին քաղաքական գործիչներ` Հայաստանում լինի, թէ Արցախում: Թող փորձեն սեպ խրել երկու հանրապետութիւնների միջեւ եւ մէկ ժողովրդի տարբեր թեւերի միջեւ, Դուք կը տեսնէք` ինչ կը լինի: Սա անթոյլատրելի բան է:

 

Զրուցեց՝ Սոնա Գրիգորեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։