Հա

Ազգային

04/11/2019 - 14:30

101 տարի առաջ այս օրը ՀՀ-ում սկսեց գործել խնամատարութեան նախարարութիւնը՝ ներկայ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը

101 տարի առաջ, այս օրը՝ 1918 թ.-ի նոյեմբերի 4-ից, Հայաստանում սկսեց գործել խնամատարութեան նախարարութիւնը՝ ներկայ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը։

Ստորեւ, մի քանի մասով, կը ներկայացնեմ նախարարութեան պատմութիւնն ու գործունէութիւնը՝ 1918-1920 թթ.-ին։ Հետաքրքիր փաստերի կը հանդիպէք։

ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

101 տարի առաջ, այս օրը՝ 1918 թ.-ի նոյեմբերի 4-ից, Հայաստանում սկսեց գործել խնամատարութեան նախարարութիւնը՝ ներկայ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը։

Ստորեւ, մի քանի մասով, կը ներկայացնեմ նախարարութեան պատմութիւնն ու գործունէութիւնը՝ 1918-1920 թթ.-ին։ Հետաքրքիր փաստերի կը հանդիպէք։ Գնացինք։

«Սոցիալական ոլորտը Հայաստանի առաջին հանրապետութեան օրօք` 1918- 1920 թթ.»:

Հայաստանը իր անկախութիւնը ձեռք բերեց բաւականին ծանր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններում: Հրի եւ սրի միջով անցնելով` Հայաստանը անկախ կեանքի կոչւեց 1918 թւականի մայիսի 28-ից: Ցնծութեան աղաղակներով ու ծափերով չընդունւեց հանրապետութեան ծնունդը: Ընդհակառակը, շատերի համար նա նկատւում էր անժամանակ ծնունդ: Հիւանդ երեխայ աշխարհ բերած մօր պէս, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգաւոր` շշնջալով. «Դու իմ եւ ուրախութիւնն ես, դու` դժբախտութիւնը իմ...»:

Այո, արցունքի ու տառապանքի ծուից ծնւեց Հայաստանի անկախութիւնը: Ոմանք չէին հաւատում այդ փաստին` «անկախութիւն» ու «հանրապետութիւն» բառերը դնելով չակերտների մէջ: Եւ այդպէս վարւելու հիմքերը բաւականին զօրաւոր էին. իրօք որ, զարհուրելի էին պայմանները եւ անկախութիւնը այդ պայմաններում թւում էր հեգնանք:

Երբեմնի Հայաստանից մնացել էր մի փոքրիկ հողակտոր` հազիւ 12.000 քառ. կիլոմետր, աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկւած ցամաք լեռների մէջ, աշխարհի խուլ անկիւնում, ծանրաբեռնւած գաղթականներով ու որբերով, շրջապատւած ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու հիւանդութիւն, աւեր ու աւար, լաց ու թշւառութիւն, կոտորած ու սարսափ: Իսկ միւս կողմից` Էնւերի թուրքական յաղթական բանակը` համաթրքական երազներով տոգորւած, որ Հայաստանի մարմնի վրայով ձգտում էր դէպի Բաքու եւ Միջին Ասիա:

1918 թ. յունիսին, Բաթումի հաշտութեան պայմանագիրը ստորագրող պատւիրակութեան վերադարձից յետոյ, Թիֆլսում (Թբիլիսի) Հայոց Ազգային խորհուրդը Յովհաննէս Քաջազնունուն հրաւիրեց ստանձնելու Հայաստանի Հանրապետութեան առաջին կառավարութեան վարչապետի պաշտօնը: Պաշտօնը ստանձնելուց յետոյ նա ձեւաւորեց առաջին կառավարութիւնը հետեւեալ կազմով` վարչապետ` Յ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ա. Խատիսեան, ներքին գործերի նախարար` Ա. Մանուկեան, ելեւմտական նախարար` Խ. Կարճիկեան եւ զինւորական նախարար` Յ. Հախվերդեան:

Ինչպէս տեսնում ենք, նորաստեղծ նախարարութիւնների կազմում դեռեւս չկար խնամատարութեան նախարարութիւնը: Այս հանգամանքը բացատրւում է միայն մէկ բանով` ելնելով երկրում առկայ սոցիալական աղէտալի վիճակից, առաջին իսկ պահից ողջ կառավարութիւնը լծւում էր հէնց այս իրավիճակը միասնաբար յաղթահարելուն: Խնամատարութեան նախարարի փաստացի պարտականութիւնները կատարում էին յատկապէս վարչապետը եւ ելեւմտական (ֆինանսների) նախարար Խ. Կարճիկեանը: Դա են ցոյց տալիս արխիւային նիւթերը, քանի որ սոցիալական խնդիրների լուծմանն ուղւած բոլոր փաստաթղթերը հիմնականում ստորագրւած էին նրանց կողմից:

Պատկերացնելու համար, թէ ինչպիսի պայմաններում է սկսել աշխատել եւ առաջնային ինչ խնդիրներ է իր առջեւ դրել Հայաստանի առաջին կառավարութիւնը, կարդանք Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, 1918 թ. օգոսոստոսի 3-ին, վարչապետ Քաջազնունու կողմից ընթերցւած կառավարական յայտարարութիւնը.

«Բացառիկ ծանր պայմանների մէջ է գործի անցել իմ կազմած կառավարութիւնը: Նա կոչւած է իրականացնելու գործադիր իշխանութիւն մի պետութեան մէջ, որ դեռ նոր է ծնունդ առել եւ տակաւին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարութիւնը չունի ոչ մի յենարան անցեալում. նա չի յաջորդում նախկին կառավարութեանը` շարունակելու արդէն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նոյնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանութեան կարիքներին յարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրւած է սկսելու ամէն բան սկզբից. անձեւ քաոսի եւ աւերակների կոյտից նա պէտք է ստեղծի կենսունակ եւ աշխատունակ մի մարմին:

Միւս կողմից, կառավարութիւնը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մէջ, որի բնորոշման համար մի բառ կայ միայն` կատաստրոֆիկ:

Չորս տարի տեւող պատերազմը, մեծ յեղափոխութիւնը, ռուսական զօրքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրութեան տարրալուծումը, պատերազմական ճակատի վրայ կրած մեր պարտութիւնները, տերիտորիաների կորուստը, Անդրկովկասի բաժանումը անջատ պետութիւնների` այս խորին ցնցումները չէին կարող չթողնել իրենց յետեւից ահռելի հետքեր: Տնտեսական կեանքի ու ֆինանսական դրութեան կատարեալ քայքայում, դադարում ապրանքների արդիւնաբերութեան եւ փոխանակութեան, զինամթերքի ծայր աստիճանի պակասութիւն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայութեան կամ սոսկալի թանկութիւն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցութեան դադարում, երթեւեկութեան ուրիշ միջոցների պակասութիւն, ապա հարիւր հազարներով հաշււող անտուն եւ անսնունդ գաղթականութիւն, անապահով կացութիւն սահմանների վրայ եւ որպէս անխուսափելի հետեւանք այս բոլորի` անիշխանութիւն:

Ահա թէ ինչպիսի ծանր պայմանների մէջ կանչւել է աշխատանքի իմ կառավարութիւնը: Այս բացառիկ դրութիւնը նախորոշում է արդեն կառավարութեան բնոյթը:

Նա չի կարող ձգտել բազմակողմանի ու լրիւ գործունէութեան, չի կարող ունենալ լայն ծրագիր եւ սահմանափակւելու է ամենաանհրաժեշտ ու միանգամայն անյետաձգելի խնդիրներով:

Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանութեան վիճակից եւ ստեղծել պետական շինարարութեան համար պայմաններ` ահա թէ ինչպէս է ըմբռնում իր կոչումը ներկայ կառավարութիւնը:

Համաձայն սրան, կառավարութիւնը դնելու է լուծման հետեւեալ խնդիրները.

Ա. Ներքին գործերի սահմաններում

1. Հաստատել երկրում տարրական իրաւակարգ, կեանքի ու գոյքի ապահովութիւն:

2. Բանալ հաղորդակցութեան ճանապարհները անարգել երթեւեկութեան համար:

3. Վերականգնել փոստ-հեռագրական նորմալ հաղորդակցութիւն թէ երկրի մէջ եւ թէ հարեւան պետութիւնների հետ:

4. Եռանդուն միջոցների դիմել կարելոյն չափ մեղմացնել պարենաւորման տագնապը:

5. Տնօրինել գաղթականների եւ փախստականների վիճակը, մասամբ վերադարձնել իրենց տեղերը, մասամբ տեղաւորել նոր վայրերում:

6. Նախապատրաստել Հայաստանի Սահմանադիր ժողովի հաւաքումը կարելոյն չափ շուտ:

Բ. Ֆինանսների սահմաններում

1. Հող պատրաստել սեփական դրամական սիստեմի հիմքը դնելու համար: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպէսզի երկիրը ապահովւի դրամական նշաններով:

2. Վերականգնի արդիւնաբերական կեանքը եւ ապրանքների փոխանակութիւնը:

3. Մշակւի հարկերի առողջ սիստեմ:

Գ. Արդարադատութեան սահմաններում

Յարմարեցնել դատարանը երկրի քաղաքացիական իրաւահասկացման եւ իրաւական սովորոյթների պայմաններին` միաժամանակ մասնակից անելով քրէական դատավարութեանը ժողովրդի ներկայացուցիչներին:

Դ. Զինւորական գործերի սահմաններում

Վերակազմել երկրի զինւորական ուժերը` նպատակ ունենալով ստեղծել թւով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահութեամբ ուժեղ բանակ:

Ե. Արտաքին գործերի սահմաններում

1. Ամրացնել օսմանեան կառավարութեան հետ հաշտութիւնը եւ բարի դրացիական յարաբերութիւններ հաստատել նրա հետ: Խստիւ կատարել այն բոլոր պարտականութիւնները, որ մենք յանձն ենք առել Օսմանեան կայսրութեան հանդէպ ու հետեւել, որ օսմանեան կառավարութիւնը իր կողմից անի նոյնը մեր վերաբերմամբ: Մասնաւորապէս լուծել օսմանեան զօրքերի մեր երկրից դուրս բերելու հարցը եւ գաղթականների վերադարձը:

2. Ազրբեջանի եւ Վրաստանի հետ փոխադարձ համաձայնութեան գալով` լուծել Հայաստանի եւ այլ պետութիւնների սահմանների հարցը` հիմք ունենալով ազգագրական սկզբունքը, իբրեւ միակը, որ համապատասխանում է ռամկավար պետութիւնների ոգուն ու նպատակներին:

3. Լիկւիդացիայի ենթարկել, համաձայնութեան գալով Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ընդհանուր հիմնարկութիւնները եւ գոյքը, որ մնացել են Անդրկովկասեան Հանրապետութիւնից:

Այս է կառավարութեան ծրագիրը: Սա կարելի է անւանել պետութեան գոյութիւնը ապահովող ամենաանհրաժեշտ գրաւականների ծրագիրը: Պարզ է որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջութեամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարեւոր եւ արդէն հասունացած խնդիրներ: Բայց կառավարութիւնը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետեւ նրանց լուծումը այսօրւայ պայմանների մէջ համարում է անկարելի: Կառավարութիւնը չի ուզում սխալների մէջ գցել երկիրը լայն հեռանկարներով եւ անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրայ պարտականութիւններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարութիւնը համոզւած է, որ իր առաջադրած ծրագիրը մաքսիմումն է այսօրւայ հնարաւորութեան: Կառավարութիւնը լարելու է իր ամբողջ ուժն ու կարողութիւնը այդ մաքսիմումին հասնելու եւ յոյս ունի յաջողութեամբ լուծելու դրւած խնդիրների գոնէ մի մասը, եթէ իր կողմն ունենայ Խորհրդի անվերապահ վստահութիւնն ու գործուն աջակցութիւնը»:

Արտակարգ դժւար եւ պատասխանատու պարտականութիւն էր դնել պատմութիւնը Հայաստանի այդ ժամանակաշրջանի գործիչների վրայ: Իսկապէս որ, «անձեւ քաոսի եւ աւերակների կոյտ էր» Հայաստանը այդ օրերին: Եւ սարսափելին այն էր, որ չէր երեւում ոչ մի հեռանկար: Դրսից պաշտպանութիւն, ապրուստի միջոց, դրամական օժանդակութիւն չէր գալիս եւ յոյս էլ չկար: Ինչ որ արւելու էր` պէտք էր անել սեփական ուժերով:

Հայաստանը, աւելի շուտ, գաղթականների կայան էր: Ամբողջ երկրում շուրջ 450.000 գաղթական էր լցւած, որից մօտ 40.000-ը` Երեւանում, շատերը` փողոցների եւ աւերակ շէնքերի մէջ: Հաց չէր ճարւում, ժողովուրդն ապրում էր ինչպէս կարող էր, լաւագոյն դէպքում` գետնախնձորով կամ լոբախառը հացով եւ այն էլ ճարւում էր դժւարութեամբ:

Սարսափելի էր որբերի վիճակը: Երեւանի «Զանգ» թերթը 1918 թ. օգոստոսի 3-ին գրում էր. «Տասնեակ հազարաւոր որբեր այսօր ցրւած Հայաստանի Հանրապետութեան սահմաններում, մոռացւած ամէնքից` ենթակայ են ցրտի, քաղցի եւ համաճարակ հիւանդութիւնների... Մահացողներին վերջ չկայ. մեռնում են ամէնքը եւ ամենուրէք, գիւղերում թէ քաղաքներում, բացօթեայ` ամէնքի աչքի առաջ»:

Հացի, բնակարանների, հագուստի եւ դեղերի պակասն ու գաղթականութեան խռնւածութիւնը առաջ բերին ու զարգացրին համաճարակային հիւանդութիւններ` սկզբում խոլերան, ապա բծաւոր տիֆը, որն առատ հունձք էր անում ամենուր: Տուն չկար, որ հիւանդ չունենար: Հիւանդներով լցւած էին փողոցներն ու հրապարակները: Հապճեպ պատրաստւած հիւանդանոցներն անզօր էին իրական բուժումներ անելու` դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար: Եւ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարիւրներով, հազարներով: Ժողովուրդը սպառւում էր վառւող մոմի պէս:

Դրութիւնը գնալով ծանրանում էր: Մինչեւ հոկտեմբեր Հայաստանի սահմաններում գտնւած հացի պաշարը գրեթէ վերջացաւ: Դրսից ոչինչ չէր գալիս: Պետական եւ հասարակական ամբարները դատարկ էին: Ստեղծւել էր սարսափելի կացութիւն: Ոչ միայն գաղթականութիւնը, այլեւ տեղացիներից շատերը մատնւեցին սովամահութեան: Սովը առանձնապէս ահռելի չափեր ընդունեց յատկապէս Սուրմալուի եւ Ալեքսանդրապոլի շրջաններում: Վեց ամսւայ ընթացքում, սովից ու հիւանդութիւններից Հայաստանում մահացաւ մօտ 180.000 մարդ: Թուրքերը գտել էին կոտորածի նոր ձեւ` աւելի իրական եւ աւելի անաղմուկ:

Թուրքերն ասում էին. «Մի վեց ամիս եւս եւ Ռուսահայաստանն էլ կը հասնէր Թուրքահայաստանի օրին: Արժէ՞ր այդ պայմաններում կռիւ անել, զօրամասեր զբաղեցնել, իզուր տեղը արիւն թափել»: Հայաստանը յանձնելով սովին ու տիֆին` թուրքերն իրենց ուժերը ուղղել էին Բաքւի հայկական` «բոլշեւիկեան-դաշնակցական» ինքնապաշտպանութեան դէմ:

Եւ այս զարհուրելի վիճակը տեւեց մինչեւ 1919 թ. գարունը, մինչեւ որ հասաւ բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերւած` ԱՄՆ-ի կողմից տրամադրւող ալիւրը:

Ապշեցուցիչ է, բայց փաստ, որ չնայած Հայաստանի այդ օրերի աղէտալի վիճակին, ՀՀ կառավարութիւնը իր նախարարութիւնների միջոցով փորձում էր նաեւ տէր կանգնել արդէն աշխարհասփիւռ դարձած հայութեան գաղթական բեկորներին:

Խոշոր գումարներ յատկացւեցին գաղթականների խնամատարութեան եւ աշխատանքի գործի կազմակերպութեան, որբերի հաւաքման ու պահպանման, պարենաւորման մթերքների հայթայթման համար: Միառժամանակ, մինչեւ սեփական օրէնսդրութեան իրականացումը, Հայաստանի սահմաններում ընդունւեցին նախկին ռուսական օրէնքները` Ժամանակաւոր կառավարութեան, Անդրկովկասեան կոմիսարիատի ու Սէյմի եւ Հայաստանի Խորհրդի փոփոխութիւններով ու լրացումներով: Բացի այդ` ելնելով աղքատիկ բիւջէից կամ օրահաս իրավիճակներից, ընդունւում էին այսօրւայ չափանիշներով ոչ ստանդար օրէնքներ կամ որոշումներ` ցանկացած խնդիրներին արագ արձագանքելու համար:

Առաջ բերենք այստեղ մի քանի օրինակներ Հայաստանի Խորհրդի առաջին շրջանի օրէնքներից ու կարգադրութիւններից, որոնք որոշ գաղափար կը տան այն ժամանակւայ պայմանների մասին:

Օգոստոսի 8-ին յատկացւեց 6 միլիոն ռուբլի գաղթականական, պարենաւորման ու զօրքի վերակազմութեան համար: Օգոստոսի 21-ին ամբողջ Հայաստանը յայտարարւեց խոլերայի կողմից վտանգւած եւ Հայաստանի Խորհրդի բժշկասանիտարական մասնաժողովը վերածւեց վարակիչ հիւանդութիւնների դէմ մաքառող բոլոր հիմնարկութիւնների վրայ հսկող ամենաբարձր մարմնի:

Սեպտեմբերի 6-ին ընդունւեց կարիք ունեցող գաղթականներին հող եւ աշխատանք հայթայթելու օրէնքը. կառավարութիւնը պարտաւոր էր ապրուստի միջոց չունեցող գաղթականներին տալ աշխատանք կամ հող կամ, հակառակ պարագայում, բաց թողնել պետական նպաստ:

Հոկտեմբերի 8-ին որոշւեց. կարիքաւոր գաղթականների, առաւելապէս կանանց համար, բանալ պետական ջուլհականոցներ` աոաջին հերթին գործի դնելով 1500 դագգահ եւ 20.000 ճախարակ: Այդ նպատակի համար յատկացւեց 6.691.200 ռուբլի:

Հոկտեմբերի 11-ի օրէնքով, «բոլոր գաղթական որբերի խնամատարութեան ու դաստիարակութեան գործը պետութիւնը վերցրեց իր վրայ եւ անմիջական վարումը յանձնեց հանրային խնամատարութեան նախարարին»: Ինքնավարութիւններին, հասարակական կազմակերպութիւններին ու մասնաւոր անհատներին թողնւում էր իրաւունք բանալու եւ պահելու որբանոցներ, միայն պետութեան հսկողութեան տակ:

Դարձեալ հոկտեմբերի 11-ին յատկացւեց 12.736.250 ռուբլի որբերի, անճար եւ անպաշտպան գաղթականների օգնութեան եւ գաղթականներին տրամադրելիք բնակարանների վերաշինութեան համար:

Խորհուրդը արձակեց նաեւ մի շարք վճիռներ աշխատաւորութեան ու պաշտօնէութեան, հաշմանդամների եւ հասարակական պարտականութիւններ կատարելիս մեռածների ընտանիքների վիճակը բարելաւող, հարկային ու պարենաւորման դրութիւնը կարգաւորող:

Պէտք է նկատել որ Հայաստանի Խորհրդի աշխատանքն ամբողջապէս ուղղւած էր երկրի ընթացիկ սուր կարիքների մեղմացմանը: Հիմնական շինարարութեան մասին, իհարկէ, խօսք լինել չէր կարող: Նոյնը եւ կառավարութեան գործունէութեան մէջ. այն գերագոյն ճիգ էր թափում, գլխաւորապէս, օրւայ հրամայական պահանջներին բաւարարելու համար. հաց, դեղ եւ անդորրութիւն` այս երեք խնդիրներով կարելի էր սպառել այն ժամանակւայ «պետական շինարարութիւնը»:

Իր չնչին միջոցներից Հայաստանը ստիպւած էր բաժին հանել եւ երկրից դուրս գտնւող հայազգի կարօտեալներին: Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Խորհուրդը կէս միլիոն ռուբլի յատկացրեց Բաքւի հայ աղէտեալներին, նոյեմբերի 4-ին 5 միլիոն ռուբլի քւէարկեց` Վրաստանի Հայոց ազգային խորհրդին միանւագ նպաստ տալու համար, դեկտեմբերի 3-ին 300.000 ռ. վարկ բաց արաւ Պարսկաստանի հայ փախստականների օգնութեան եւ այլն: Փշրանքներ էին սրանք տիրող ծով կարիքի համեմատութեամբ, բայց Հայաստանի սեղանի վրայ էլ փշրանքից զատ բան չկար, հայ ժողովուրդը չունեցածից էր տալիս:

Հայաստանի Խորհրդի նոյեմբերի 4-ի նիստում` դաշնակցական ու ժողովրդական պատգամաւորների քւէներով ընդունւեց Յ. Քաջազնունու առաջին կառավարութեան հրաժարականը: Այնուհետեւ յանձնարարւեց Քաջազնունուն կազմել նոր կոալիցիոն կառավարութիւն: Նոյն նիստում նա յայտարարեց նոր կաոավարութեան կազմը. անպորտֆել վարչապետ` Յ. Քաջազնունի (դաշն.), արտաքին գործոց նախարար` Ս. Տիգրանեան (դաշն.), օգնական` Գ. Մելիք-Ղարագեոզեան (ժող.), ներքին գործոց նախարար` Արամ Մանուկեան (դաշն.), զինւորական նախարար` զօր. Յ. Հախվերդեան (անկ.), ելեւմտական նախարար` Ա. Էնֆիաջեան (ժող.), խնամատարութեան նախարար` Խ. Կարճիկեան (դաշն.), արդարադատութեան նախարար` Ս. Յարութիւնեան (ժող.), հանրային կրթութեան նախարար` Մ. Աթաբեգեան (ժող.), պարենաւորման նախարար` Լ. Ղուլեան (ժող.):

Նոյեմբերի 14-ին կոալիցիոն կառավարութեան համար անուղղելի հարւած եղաւ խնամատարութեան նախարար Խ. Կարճիկեանի եղերական մահը: Նա սպանւեց իր կուսակցական ընկերոջ` սպա Եգոր Տէր-Մինասեանի ձեռքով, երբ նախարարական առանձնասենեակում զբաղւած էր գաղթականների տեղաւորման ու հոգատարութեան խնդիրներով:

Կարճիկեանի մահով ոչ միայն Հայաստանը զրկւեց իր ամենախոշոր պետական գործիչներից մէկից,այլեւ բովանդակ Կովկասը: Նա կովկասեան իրականութեան մէջ 20-րդ դարի առաջին քսանամեակի այն սակաւաթիւ դէմքերից մէկն էր, որոնք կեանքի ամենախռովայոյզ օրերին անգամ կարողացան պահել մտքի պայծառութիւնն ու հոգեկան հաւասարակշռութիւնը: Արամից յետոյ, առաջինն էր` կոչւած կերտելու Հայաստանի պետական շէնքը: Հասկանալի է, թէ ինչու նրա մահը ցնցել էր ամէնքին: Կարճիկեանի յուղարկավորութիւնը իսկական համաժողովրդական սուգ էր: Եգոր Տէր-Մինասեանը, իր կարծիքով, վրէժ էր լուծում Կարճիկեանից, իբրեւ մէկից, որ իր վարած քաղաքականութեամբ դէպի կործանում էր առաջնորդել հայ ժողովրդին, որ գործիք էր ծառայել վրացի ազգայնականների ձեռքին, որ պատճառ էր եղել Կարսի անկման, Բաթումի հաշտութեան պայմանագրի ու հետագայ աղէտների: Անարդար էին այդ մեղադրանքները: Կարճիկեանին վերագրւող յանցանքների համար աւելի պատասխանատու էին այն մարդիկ, որոնց ուղղակի կամ անուղղակի ներշնչումով ոճիր գործեց սպայ Եգորը:

Հանրային խնամատարութեան նախարարութիւնը ստեղծւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ կառավարութեան վերակազմաւորման ժամանակ` 1918 թ. նոյեմբերի 4-ին: 1919 թւականի ապրիլի 8-ին այն վերանւանւել է «խնամատարութեան եւ աշխատանքի նախարարութիւն»: Մինչեւ 1919 թ. յուլիսի 5-ը երկրում մթերքների հայթայթումը եւ բաշխումը կազմակերպելու աշխատանքով զբաղւում էր պարենամթերման նախարարութիւնը: 1919 թ. յուլիսի 5-ին, վերջինիս լուծարումից յետոյ, այդ գործառոյթներն անցան խնամատարութեան եւ աշխատանքի նախարարութեանը, որի պատճառով նախարարութիւն մտից շատ գրութիւններ մակագրւում էին որպէս «Խնամատարութեան, պարենաւորման եւ աշխատանքի նախարարութեան», չնայած պաշտօնապէս նախարարութեան անւան փոփոխութիւն տեղի չէր ունեցել: 1920 թ. յունւարի 8-ին նախարարութիւնը վերանւանւել է «Խնամատարութեան եւ վերաշինութեան նախարարութիւն»: Այն ունեցել է հետեւեալ վարչութիւններն ու բաժինները.

1. Որբանոցային բաժին,

2. Գաղթականական բաժին,

3. Աշխատանքի բաժին,

4. Շինարարական բաժին:

Նաեւ առանձնացւած ստորաբաժանումներ`

1. Գլխաւոր բժշկա-սանիտարական վարչութիւն,

2. Գլխաւոր ճարտարապետական վարչութիւն,

Մինչեւ 1920 թ. յունւարի 8-ին ինքնուրոյն գերատեսչութիւն դառնալը, նախարարութեանը կից էին գործում նաեւ Գիւղատնտեսական եւ Պետական գոյքի գլխաւոր վարչութիւնները:

Բացի այդ, նախարարութիւնը 1918-1920 թթ. ընթացքում, անկախ ՀՀ դիւանագիտական միսիաներից, ունէր իր ներկայացուցչութիւնները մի շարք երկրներում ու տարածաշրջաններում: Առաւել ակտիւ էին գործում յատկապէս Վրաստանի, Հիւսիսային Կովկասի, Ադրբեջանի, Միջագետքի ու Կիլիկիայի ներկայացուցչութիւնները: Այս ներկայացուցչութիւնների միջոցով ՀՀ կառավարութիւնը տէր էր կանգնում ադրբեջանահայութեանը, վրացահայութեանը, ջախախահայութեանը, պարսկահայերին, Հիւսիսային Կովկասի հայութեանը եւ վերոնշեալ տարածաշրջաններում եւ Մերձաւոր Արեւելքով մէկ սփռւած արեւմտահայ գաղթականներին:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Միջագետքի եւ Կիլիկիայի ներկայացուցչութեանը, բացի սոցիալական խնդիրները լուծելու համար յատկացւող գումարներից, Խնամատարութեան նախարարութիւնը գումարներ էր յատկացնում նաեւ մահմեդականների ձեռքում գտնւող հայազգի որբ երեխաներին, գերեւարւած հայ կանանց յետ գնելու եւ Հայաստան ուղարկելու համար:

Հայաստանի ժողովրդական տնտեսութեան մէջ ակնառու դեր էր խաղում Խնամատարութեան նախարարութեան աշխատանքի բաժինը, որ ամբողջ երկիրը պատել էր արհեստանոցների, գործարանների եւ աշխատանոցների ցանցով: 1920 թւականի օգոստոսի 1-ի դրութեամբ աշխատանքի բաժինը ունէր հետեւեալ ձեռնարկութիւնները.

1. Երեւանում` ջուլհականոց (կտաւ), վերանորոգումների բաժին, կարուձեւի եւ փականագործական արհեստանոցներ, ատաղձագործարան,

2. Սարիղամիշում` տախտակի սղոցարան, ջուլհականոց (կտաւ), ատաղձագործարան, փայտի չոր թորման արտադրամաս, որը պատրաստում էր սեւ ձութ, ածուխ, սոսինձ եւ այլն,

3. Ալեքսանդրապոլում (Գիւմրի)` ջուլհականոց (բրդեղէն), 2-րդ ջուլհականոց (կտաւ, գուլպայ),

4. Կարսում` ջուլհականոց (բրդեղէն), կաշւեգործարան,

5. էջմիածնում` կօշկակարանոց, ջուլհականոց (կտաւ),

6. Դիլիջանում` ջուլհականոց (բրդեղէն), շինանիւթերի արհեստանոց, կահկարասիքի` կենցաղային առարկաների արհեստանոց),

7. Նոր Բայազետում` կօշկակարանոց, ջուլհականոց (բրդեղէն),

8. Բաշ-Ապարանում` մանարան,

9. Ջալալօղլիում` ջուլհականոց (բրդեղէն),

10. Ղամարլուում` կօշկակարանոց,

11. Սարդարապատում` մանարան,

12. Իւվայում` բրուտանոց եւ այլն:

Կտաւի, մահուդի, կօշկեղէնի զգալի մասը հանրապետութիւնում ապահովում էին հէնց այս արհեստանոցները: Որբերի հագուստը, ինչպէս նաեւ զինւորականների համազգեստները եւ յատկապէս որբանոցների եւ բանակի ողջ սպիտակեղենը կարւում էին հայկական կտորեղէններից: Լուրջ յաջողութիւն ունէին յատկապէս կաշեգործարանները` աշխատանքի բաժինը գիտութեան վերջին նւաճումներով ձեռնարկել էր երկու մեծ գործարանների շինարարութիւնը:

Ելնելով ՀՀ-ում սկսւող տնտեսական կեանքի աշխուժացումից եւ առաջացած հնարաւորութիւնից, արդէն 1919թ. աշնանը սկսեց կարեւորւել ազգաբնակչութեանն աշխատանքով ապահովելու խնդիրը: 1920թ. յունւարի 8-ին ընդունւած օրէնքով, ՀՀ Խնամատարութեան եւ աշխատանքի նախարարութիւնից անջատւեց աշխատանքի բաժինը, որի հիման վրայ ստեղծւեց ՀՀ աշխատանքի նախարարութիւնը, եւ աշխատանքի նախարարութիւնն էլ վերաւանւեց «ՀՀ Խնամատարութեան եւ վերաշինութեան նախարարութեան»` կարեւորելով երկրի վերաշինութիւնը:

Պետական կարեւոր գործոն էր Խնամատարութեան եւ վերաշինութեան նախարարութեան ենթակայութեամբ գործող «Գլխաւոր ճարտարապետական վարչութիւնը»` ակադեմիկոս Ալեքսանդր Թամանեանի ղեկավարութեամբ: Այս վարչութիւնը դարձել էր Հայաստանի վերաշինութեան կենտրոնական կառոյց: Ալեքսանդր Թամանեանի հմուտ եւ անձնւէր ղեկավարութեան տակ մի շարք մասնագէտներ կատարում էին նախապատրաստական աշխատանքներ, ուսումնասիրւում էին Հայաստանում առկայ բնական եւ արհեստական շինանիւթերը, հավաքվում էին նախանիւթերի նմուշներ, կազմւում ու նախագծւում էին վերաշինական ծրագրեր, յատակագծեր:

Խնամատարութեան նախարարութեան ենթակայութեամբ գործելու ընթացքում էլ ակադեմիկոս Ա. Թամանեանը սկսեց նախագծել Երեւան քաղաքի բարեփոխւած նոր յատակագիծը: Նրա ենթակայութեամբ սկսեցին նախագծւել եւ պատրաստւել տիպային գիւղերի, դպրոցների, հիւանդանոցների, ժողովրդական տների, պետական եւ հասարակական շէնքերի յատակագծեր, որոնց բոլորի նախագծային հիմքում ընկած էր հայկական ազգային ոճը:

Վարչութիւնը կառուցել էր նաեւ Երեւանի մանրէաբանական հիմնարկութեան շէնքը, հիմնական վերանորոգել էր քաղաքային աոաջին հիւանդանոցը, կազմակերպել էր գաջի այրման (ստացման) գործարանը, Անի քաղաքի աւերակային շրջանում ձեռնարկել էր յուշարձանների հաւաքման, ցուցակագրման եւ պահպանման գործը:

Խնամատարութեան նախարարութեան կից գործում էր եւ «Գլխաւոր բժշկաառողջապահական վարչութիւնը»` խնամատարութեան նախարարի օգնական (1919 թ. յունիսի 24-ից մինչեւ 1919 թ. օգոստոսի 15-ը` նաեւ հանրային խնամատարութեան ու աշխատանքի նախարարի պաշտոնակատար) բժ. Յ. Տէր-Միքայէլեանի գլխաւորութեամբ:

1919 թ. սկզբին Հայաստանում կար ընդամենը 9 հիւանդանոց 300 մահճակալով: Նոյն տարւայ վերջին Գլխաւոր բժշկաառողջապահական վարչութիւնը ունէր 30 հիւանդանոց` 1600 մահճակալով, 5 բժշկակայան, 5 բուժակի կայան: 1920 թ, դրանց շարքին աւելացան մի շարք նոր հիւանդանոցներ ու կայաններ Երեւանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ջալալօղլիում եւ այլն:

Կային պետական դեղատներ, որտեղից չքաւորներին անվճար էր դեղ տրւում իսկ աշխատաւորներին` 50% զեղչով, Երեւանում կար կենտրոնական դեղապահեստ:

Մալարիայի դէմ պայքարելու նպատակով Երեւանի, Իգդիրի, Էջմիածնի, Հրազդանի, Ղամարլուի շրջաններում գործում էին բժշկական թռուցիկ խմբեր եւ այցելու (շարժական) հիւանդանոցներ: Գլխաւոր բժշկաառողջապահական վարչութիւնը ձեռնարկում էր ջրանցքային աշխատանքներ` Ղամարլուի ճահիճների չորացման նպատակով: Երեւանում կազմւել էր յատուկ մի մարմին` «Տրոպիկ հիւանդութիւնների յանձնաժողով», որն իր ենթակայութեամբ ունէր «տրոպիկական հիւանդանոց», կազմակերպում էր «տրոպիկական հարուցիչների եւ հիւանդութիւնների ցուցահանդէս», հրատարակում էր «Մալարիա» պարբերականը եւ հնարաւոր բոլոր միջոցներով պայքարում էր մալարիայի դէմ: Հետագայում այս «Տրոպիկ հիւանդութիւնների յանձնաժողով»-ը վերածւեց Տրոպիկական ինստիտուտի:

Գլխաւոր բժշկաառողջապահական վարչութեան բժիշկների եւ աշխատակիցների անձնուրաց եւ տքնաջան աշխատանքների շնորհիւ 1919 թ. կէսից յետոյ ՀՀ ողջ տարածքում հարիւր հազարաւոր մարդկային կեանք խլած խոլերայի եւ բծաւոր տիֆի համաճարակները մարեցին, իսկ արդէն 1920 թ. աշնանն արձանագրւեց յաղթանակ մալարիայի նկատմամբ:

Թեմային առնչւող փաստաթղթերին, ոլորտի երախտաւորների կեանքը եւ գործը ներկայացնող այլ տեղեկութիւններին առաջարկում ենք ծանօթանալ այստեղ:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։