Հա

Ազգային

05/11/2019 - 12:20

Ադրբեջանի ժողովրդի համար ձեռնտու տարբերակը չի կարող ձեռնտու լինել հայերի համար

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խնդրայարոյց է համարում Փաշինեանի յայտարարութիւնը, թէ Արցախի հարցը պէտք է լուծել հանրաքւէի միջոցով։

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խնդրայարոյց է համարում Փաշինեանի յայտարարութիւնը, թէ Արցախի հարցը պէտք է լուծել հանրաքւէի միջոցով։

«Սրա մասին մենք բազմիցս յայտարարել ենք։ Ժողովուրդն այդ մանդատը տւել է իշխանութիւններին եւ նրանք պէտք է պատւով կարողանան այդ հարցն առաջ տանել։ Կարո՞ղ է հանրաքւէի ինչ-որ տարբերակ կամ նախագիծ կայ, որից տեղեակ չենք»,-այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 3-ին ֆէյսբուքեան ուղիղ եթերում անդրադարձել էր Արցախի հիմնախնդրի կարգաւորմանը։ Նա նշել էր, որ իր հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։

«Երբ բանակցային գործընթացում կը ձեւակերպւի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որը կարող եմ համարել, որ ընդունելի կը լինի հայ ժողովրդի համար, այդ առաջարկը կը ներկայացնեմ ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կունենանք եւ որոշումները կը կայացւեն համազգային ֆորմատով…»,- շեշտել էր վարչապետը։

Ամփոփելով խօսքը, նա ընդգծել էր, որ Արցախի իշխանութեան եւ Հայաստանի իշխանութեան պատկերացումները Արցախի հարցի կարգաւորման վերաբերեալ նոյնական են։

Հարցին, չէ՞ք կարծում, որ ժողովուրդն իր տեսակէտն արդէն յայտնել է Անկախութեան հռչակագրով, Սաղաթելեանը պատասխանեց. «Այո, ժողովուրդն իր տեսակէտն արտայայտել է Անկախութեան հռչակագրով, որն ամրագրւած է Արցախի Սահմանադրութեամբ, իր տեսակէտը յայտնել է որդիների արեան գնով, հայրենիքն ազատագրելով։ Չի կարող Հայաստանում այլ տեսակէտ գոյութիւն ունենալ, քննարկւել, հանրաքւէի դրւել»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խօսքով, Արցախի հարցով հանրաքւէ իրականացնելն անհեռատեսութիւն ու անլրջութիւն է. «Այսինքն նո՞ր պէտք է հասկանանք մեր ժողովուրդն ինչ տեսակէտ ունի Արցախեան հարցի վերաբերեալ։ ՀՀ իշխանութիւնները ամբողջական պատասխանատւութիւն են կրում հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի ու արցախեան բանակցութիւնների հարցում։ Ժողովուրդը տւել է մանդատը, նրանք պատասխանատւութիւն են կրում»։

Սաղաթելեանն ասաց, որ մտահոգիչ է այն հարցը թէ ի՞նչն են ուզում հանրաքւէի դնել. «Այսինքն կա՞յ նման տարբերակ, որ հանրաքւէի դրւի՞»։

Պատասխանելով հարցին, կարո՞ղ է լինել տարբերակ, որը ձեռնտու կը լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Չի կարող Ադրբեջանի ժողովրդի համար ձեռնտու տարբերակը ձեռնտու լինել նաեւ հայերի համար։ Դա աբսուրդ է»։

 

Հեղինակ՝ Սոնա Գէորգեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։