Հա

Ազգային

05/11/2019 - 14:10

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ողջունել է ԱՄՆ-ի՝ 60 մլն. ԱՄՆ դոլարի չափով օգնութիւնը Հայաստանին

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան յայտարարութիւնը, ըստ որի՝ 2019 թւականին ԱՄՆ կառավարութեան օգնութիւնը Հայաստանին կը կազմի 60 մլն. դոլար:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան յայտարարութիւնը, ըստ որի՝ 2019 թւականին ԱՄՆ կառավարութեան օգնութիւնը Հայաստանին կը կազմի 60 մլն. դոլար. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:

«Մենք ողջունում ենք դեսպան Թրէյսիի յայտարարութիւնն այն մասին, որ Հայաստանին օգնութիւնը կը գերազանցի 60 մլն. դոլարը 2019 ֆինանսական տարում, նրա խօսքով՝ 40 տոկոսով աւելի, քան նախորդ տարի»,- մանրամասնել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«Միացեալ Նահանգները վերջին 27 տարւայ ընթացքում ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ ինստիտուտների զարգացմանը, եւ մենք, իհարկէ, մտադիր չենք փոխել այն հիմա՝ այն ժամանակ, երբ Հայաստանում ժողովրդավարութիւնն աւելի ուժեղ է, քան երբեւէ»,- ասել է ԱՄՆ դեսպան Լին ու աւելացրել. «Այդ իսկ պատճառով մենք հպարտ ենք, որ այս տարի աւելի քան 60 միլիոն դոլարի օժանդակութիւն ենք տրամադրում Հայաստանին»:

Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ լրացուցիչ միջոցները կը ներառեն ծրագրային տարբեր ոլորտներ, այդ թւում`«հակակոռուպցիա, անվտանգութիւն, էներգետիկա, կրթութիւն, անգլերէն լեզու, անտառային ծառայութիւն, մարդու իրաւունքներ, քաղաքացիական հասարակութիւն եւ թափանցիկ ու հաշւետու կառավարութեան ուժեղացում՝ ներառեալ իրաւապահ, արդարադատութեան եւ դատական ոլորտները»:

Հայ-ամերիկեան օգնութեան աւելացմանը զուգահեռ`ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը սերտօրէն համագործակցում է Կոնգրեսի հայկական յանձնաժողովի հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնութեան կտրուկ աճի վերաբերեալ զեկոյցները պարզելու նպատակով: Համաձայն Կոնգրեսի Հայ Դատի յանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնէի, Ջեք Սփիէրի եւ Ադամ Շիֆի՝ սեպտեմբերի 27-ի նամակի՝ Ադրբեջանը 2019  ֆինանսական տարում պաշտպանութեան նախարարութիւնից ստացել է 42.9 միլիոն դոլար օգնութիւն: Համապատասխանաբար, Հայաստանին տրամադրւել է 2.8 միլիոն դոլար: Նամակում նշւում է, որ Կոնգրեսը մտավախութիւն ունի, որ Ադրբեջանին տրամադրւած ռազմական օգնութիւնը «կօգտագործւի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ ագրեսիան հետագայում աւելացնելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։