Հա

Ազգային

07/11/2019 - 18:50

ՀՅԴ աշխարհի Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները միանում են Հայաստանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները հանդէս են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու յայտարարութիւններով։

«alikonline.ir» - Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները հանդէս են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու յայտարարություններով` յայտնում է Yerkir.am-ը։

Նրանք միացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին եւ իրենց զօրակցութիւնն ու անվերապահ աջակցութիւնն են յայտնել ուսանողական շարժմանը:

Այսպէս.

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի երիտասարդական միութիւնն ու «Շանթ» ուսանողական միութիւնն իրենց աջակցութիւնն են յայտնում Հայաստանի ուսանողներին, ովքեր պահանջում են ՀՀ կրթութեան, գիտության, մշակոյթի եւ սպորտի նախարար Արային Յարութիւնեանի հրաժարականը յայտարարութեան մէջ ասւում է.

«Նախարարի առաջարկած քաղաքականութիւնը խստօրէն վտանգում է այն արժէքներն ու պահանջները, որոնք բխել են 2018-ին ժողովրդական շարժումից մեր հայրենիքում: Արայիկ Յարութիւնեանն առաջարկել է` հանել հայոց լեզուն, գրականութիւնը եւ պատմութիւնը, բարձրագոյն կրթութեան ոլորտում պարտադիր առարկաների շարքից: Կրթութիւնն այս ոլորտներում, որպէս ազգայինա արժէք, հայրենիքում քաղաքացիների անբաժանելի ազգային ինքնութեան մասն է, եւ այդ տարրերը հեռացնելը ստեղծում է գիտելիքների անդունդ հասակակիցների եւ սերունդների շրջանում: Նախարարի վերաբերմունքն այն արժէքների նկատմամբ, որոնք սփիւռքը շարունակում է բարձրացնել եւ խթանել համալսարանական մակարդակի ուսանողների շրջանում, ամբողջովին անընդունելի է

Աւելին, նախարարը հարցազրոյցներից մէկում անդրադարձաւ իր հրաժարականի պահանջներին՝ ասելով, որ Հայաստանում եւ Սփիւռքում մեր ընկերների միջեւ որակական տարբերութիւններ կան: Մենք հրաժաւում ենք ընդունել նախարարի յայտարարութիւնների բաժանարար բնոյթը: Որպէս այսօր Հայաստանում կրթութեան դէմք՝ մենք յուսով ենք, որ յամենայն դէպս, պարոն Յարութիւնեանը գիտի, որ մեր կազմակերպութիւնները ապակենտրոնացւած են աշխատանքում, բայց ոչ գաղափարախօսութեան մէջ, եւ որ մենք միշտ կը համախմբւենք կանգնելու ի պաշտպանութիւն մեր լեզւի, ժառանգութեան եւ ինքնութեան»:

Միութեան ֆէյսբուքեան պաշտօնական էջում տեղադրւել է նաեւ Արայիկ Յարութիւնեանի լուսանկարը՝ «# պատւով _ հեռացիր» մակագրութեամբ: 

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի Երիտասարդական միութիւնը տեսաուղերձով իր աջակցութիւնն է յայտնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

Հրաժարականի մէջ ասւած է.

Յարգելի հայրենակիցներ, սիրելի ՀԵՄ-ականներ, Բէյրութից ՀՅԴ ՀԵՄ ընկերների անունից ցանկանում եմ զօրակցութիւն յայտնել ձեզ այս օրերին Հայաստանում ձեր կազմակերպած նախաձեռնութիւնների համար: Մենք հպարտութիւն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր ընկերները առաջնագծում ազգային արժէքների պաշտպանութեան եւ ազգային պետութեանը սպառնացող սադրանքների դէմ հանդիման են: Ցաւօք այսօր մենք այդտեղ չենք եւ հակառակ մեր ցանկութեան չենք կարող ուղղակի մասնակցութիւն բերել հայրենանպաստ գործունէութեան: Բայց կը գանք հաստատելու, որ ձեր բարձրացրած խնդիրները մեզ նոյնպէս մտահոգում են: Ձեր հնչեցրած զգօնութեան կոչը մեր բոլորիս խղճի ձայնն է: Կուզենք նաեւ մեր միութեան ափսոսանքը յայտնել դրսի եւ ներսի դաշնակցականի կեղծ օրակարգի տեսական շահարկումների համար: Կը յորդորենք կեղծ օրակարգով չկոծկել իրական խնդիրները, որովհետեւ այդ վարքագիծը կը տանի լճացումի եւ հիասթափութեան մեծ ալիքի: Եւս մէկ անգամ կը ցանկանանք ասել մեր ընկերնեին, որ ձեր կողքին ենք՝ ազգային արժէքների պահպանման եւ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման ճանապարհին»,- ասւած է տեսաուղերձում:

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միութիւնը արձագանքել է Արայիկ Յարութիւնեանի որակումներին եւ իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում՝ տեղադրել է կոչ հետեւեալ բովանդակութեամբ. «ՉԿԱ՛Յ ՆԵՐՍԻ ԵՒ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ԿԱՅ ՄԷ՛Կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»:

ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միութիւնը տարածել է հետեւեալ բովանդակութեամբ յայտարարութիւն. «Բոլորս մէկ ենք: Չկայ ներսի եւ դուրսի Դաշնակցութիւն, կայ մէ՛կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»։ Երիտասարդական միութեան ֆէյսբուքեան պաշտոնական էջում տեղադրել է նաեւ Արայիկ Յարութիւնեանի լուսանկարը՝ «# պատւով _ հեռացիր» մակագրութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։