Հա

Ազգային

09/11/2019 - 09:00

«Հիմա Արայիկ Յարութիւնեանը կը ճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթութեան նախարարին». Դաշնակցական երիտասարդները նստացոյցը կը շարունակեն երկուշաբթի օրւանից

ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի դէմ ակցիայի մէկ շաբաթը եւ երկուշաբթի օրւանից կը շարունակեն նստացոյցը:

«alikonline.ir» - ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի դէմ ակցիայի մէկ շաբաթը եւ երկուշաբթի օրւանից կը շարունակեն նստացոյցը. փոխանցում է Tert.am-ը:

Նրանք նշեցին, որ բազմաթիւ խնդիրներ կան ոլորտում, բայց Արայիկ Յարութիւնեանը պաշտօնավարման սկզբից գնաց ոչ թէ խնդիրները լուծելու, այլ բոլորովին այլ ճանապարհով: «Այս ամէնի պատճառը դարձաւ այն, որ ովքեր քննադատում են իրեն, պարոն Արայիկ Յարութիւնեանը խաւարամիտներ է անւանում: Մեր կողմից նրա հրաժարականի տեքստը հրապարակելուց յետոյ, զգացւեց նրա ջղագրգիռութիւնը, նա սկսեց խօսել նախարարին ոչ պատշաճ ձեւով ու բառամթերքով»,- ասացին երիտասարդները:

Ըստ նրանց՝ Արայիկ Յարութիւնեանի ամէն մի հարցազրոյցից յետոյ նրա հրաժարականի պահանջներն աւելանում են, եւ խորհուրդ տւեցին վերջինիս այլեւս այդ թեմայով հարցազրոյց չտալ:

«Արայիկ Յարութիւնեանի յայտարարութիւնից յետոյ, թէ դրսի դաշնակցականների հետ հնարաւոր է աշխատել, եւ նրանք պէտք է գան, տէր կանգնեն այստեղի կառոյցին, յաջորդեցին դրսի դաշնակցականների, երիտասարդական կառոյցների տեսաուղերձները, կոչերը, որ միանում են մեզ եւ պահանջում Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը, ինչն աւելի ջղաձգեց նրան»,- ասաց երիտասարդներից մէկը:

Նրանք յաւելեցին, որ իրենց պետականամէտութիւնը ոչ ոք չպէտք է շփոթի թուլութեան հետ: «17 երկրներից դաշնակցական երիտասարդական կառոյցները միացել են Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին: Հիմա կը ճանաչի ՀՅԴ-ին, կրթում ենք կրթութեան նախարարին»,- ասացին նրանք:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, նստացոյց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց, որից յետոյ նրանք երթով շարժւեցին դէպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ յայտարարեցին անժամկէտ նստացոյց անելու մասին:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՅուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսաւորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 մլն. 700 հազար դրամ, ինչպէս նաեւ ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսւում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։