Հա

Ազգային

09/11/2019 - 08:20

Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառոյցները շարունակում են զօրակցել Հայաստանի ուսանողական շարժմանը

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները, նոյեմբերի 7-ից սկսած, Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգւածային ակցիաներին զուգահեռ, իրենց կոչերով, յայտարարութիւններով եւ տեսաուղերձներով միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զօրակցութիւնը յայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը: 

«alikonline.ir» - Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները, նոյեմբերի 7-ից սկսած, Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգւածային ակցիաներին զուգահեռ, իրենց կոչերով, յայտարարութիւններով եւ տեսաուղերձներով միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զօրակցութիւնը յայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը: 

Yerkir.am-ը շարունակում է առանձին շարքով ներկայացնել աշխարհի տարբեր երկրներից ստացված՝ ՀՅԴ մի շարք ուսանողական-երիտասարդական կառոյցների կոչերը, յայտարարութիւններն ու տեսաուղերձները:

Այսպէս՝

ԱՄՆ Համահայկական ուսանողական միութիւնն եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութիւնն իրենց յատուկ յայտարարութեամբ դատապարտում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի առաջարկութիւնը, այն է՝ վերացնել բարձրագոյն կրթութեան ոլորտում «Հայոց լեզու եւ գրականութեան» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների պարտադիր դասաւանդումը:

«Մենք սատարում ենք Հայաստանի ուսանողներին, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը: Լինելով քոլեջների եւ համալսարանների ուսանողներ՝ մենք հասկանում ենք համակողմանի կրթութիւն ձեռք բերելու կարեւորութիւնը, որը օգտակար է անհատի եւ հասարակութեան համար: Անչափ կարեւոր է, որ ուսանողներին հնարաւորութիւն տրւի դառնալու տեղեկացւած եւ պատասխանատու քաղաքացիներ: Լեզուն, գրականութիւնը եւ պատմութիւնը բուհում չպէտք է լինեն աւագ դպրոցի մակարդակում ուսուցանւած բովանդակութեան կրկնութիւնը: Դա պէտք է ենթադրի վերլուծական եւ հետազոտական հմտութիւնների զարգացում եւ նպաստի դարաշրջանի պատմութեան խոր գիտակցմանը:

Արայիկ Յարութիւնեանն առաջարկել է հայոց լեզուն, գրականութիւնը եւ պատմութիւնը հանել բարձրագույն կրթութեան ոլորտում պարտադիր առարկաների ցուցակից: Այս առարկաները ուսանողների մէջ սերմանում են ազգային ինքնութեան զգացում եւ հնարաւորութիւն են տալիս զարգանալու եւ հաղորդակցւելու որպէս ՀՀ քաղաքացիներ: Այդ պատճառով է, որ Միացեալ Նահանգներում Հայ ուսանողական միութիւնը հետեւողականօրէն աջակցում է մեր քոլեջների եւ համալսարանների հայագիտական բաժինների զարգացմանը: Հայոց լեզւի, պատմութեան եւ գրականութեան ուսումնասիրութիւնը շարունակաբար ոգեշնչել եւ հզօրացրել է մեր կազմակերպութիւնների ուսանողներին:

Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կը ձգտի գտնել առկայ հիմնախնդիրների արդիւնաւէտ լուծումներ, այլ ոչ թէ անել հեռուն գնացող հետեւանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Յարութիւնեանը ցոյց է տւել, որ ի վիճակի չէ արդիւնաւէտօրէն իրականացնել իր լիազօրութիւնները եւ ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միութիւնը եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութիւնը պահանջում են նրա անյապաղ հրաժարականը:

Համահայկական ուսանողական միութիւնն աշխատանքներ է իրականացնում հայ-ամերիկեան տարբեր համալսարանների ուսանողական կազմակերպութիւնները միաւորելու ուղղութեամբ՝ այդպիսով ծառայելով աւելի մեծ հայ-ամերիկեան համայնքին մշակութային, սոցիալական, կրթական եւ ակտիւիստական ծրագրերի միջոցով: Որպէս ԱՄՆ-ում ուսանողական ամենամեծ միութիւն՝ Համահայկական ուսանողական միութիւնը գործունէութիւն է ծաւալում իր կազմի կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան, դրանց անդամների ղեկավարութեան զարգացմանը եւ համայնքային ծառայութեան համար»,- նշւած է յայտարարութեան մէջ:

ՀՅԴ Արեւելեան ԱՄՆ-ի Երիտասարդական միութիւնը (Հայ Երիտասարդաց դաշնակցութեան Արեւելեան Ամերիկայի երիտասարդական կազմակերպութիւն) յատուկ կոչով եւ «Զօրավիգ կը կանգնինգ ՀԵՄ-ին եւ իր պահանջներուն» մակագրութեամբ լուսանկար է հրապարակել ֆէյսբուքեան պաշտօնական էջում: Լուսանկարում մէկտեղւած են նշեալ միութեան եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան (ՀԵՄ) տարբերանշանները, իսկ կոչում ասւած է հետեւեալը. «Հայ Երիտասարդաց դաշնակցութեան Արեւելեան Ամերիկայի երիտասարդական կազմակերպութիւնն իր իրենց աջակցութիւնն է յայտնում Հայաստանի ուսանողներին եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեանը /ՀԵՄ/`պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: #պատւով_հեռացիր»:

ՀՅԴ Արեւելեան ԱՄՆ-ի Երիտասարդական միութիւնը դրանից ժամեր առաջ եւս հրապարակել է յատուկ տեքստ՝ «Չկա՛յ ներսի եւ դուրսի դաշնակցութիւն, կայ մէ՛կ դաշնակցութիւն» կոչ՝ կազմակերպութեան ու ՀԵՄ-ի տարբերանշաններ պարունակող կից լուսանկարով:

Կազմակերպութեան տարածած յայտարարութեան մէջ ասւում է. «Յարութիւնեանն առաջարկել է հանել հայոց լեզուն, գրականութիւնը եւ պատմութիւնը, Հայաստանում բարձրագոյն կրթութեան պարտադիր առարկաների ցուցակից: Այս թեմաներով կրթւած ու իրազեկւած լինելը մեծապէս նպաստում է հայրենիքում քաղաքացիների ինքնութեանը եւ նման դասընթացների վերացումը պառակտում է ստեղծում Հայաստանում սերունդների միջեւ:

Հարցազրոյցում նախարարը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց, որ Հայաստանում եւ Սփիւռքում մեր ընկերների միջեւ որակական տարբերութիւններ կան: Յուսով ենք, որ պարոն Յարութիւնեանը՝ որպէս Հայաստանի կրթութիւնը ներկայացնող դէմք, առնւազն գիտի, որ մեր կազմակերպութիւնները կարող են ապակենտրոնացւած լինել աշխատանքում, բայց ոչ երբեք՝ գաղափարախօսութեան մէջ, եւ որ մենք միշտ միաւորւելու ենք՝ մեր լեզուն, ժառանգութիւնը եւ ինքնութիւնը պաշտպանելու համար:

Մենք միշտ աջակցելու ենք Հայաստանի մեր եղբայրներին եւ քոյրերին: #պատւով_հեռացիր»:

ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութիւնն իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում տեղադրել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ-ի հրաժարականը պահանջող նստացոյցի մեկնարկի մասին յայտարարութիւնը՝ կից լուսանկարներով եւ յատուկ կոչով, որում ասւում է. «Չկայ դրսի եւ ներսի դաշնակցութիւն: Կայ մէկ միասնական դաշնակցութիւն: Հայ ազգի պատմութիւնն ու մշակոյթը պահպանող, ու հայ ժողովուրդի իրաւունքները պաշտպանող, մեր գաղափարական՝ դաշնակցութիւնը։ Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն։

#մենքենքՀեմը #Պատւով_հեռացիր #Ազգայինկրթութիւն #Ազգայինմշակոյթ.

#Արայիկ_Գնայ_տուն»:

ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միութիւնը հանդէս է եկել յատուկ տեսաուղերձով, որում միութեան անդամներն ասում են. «Դրսի եւ ներսի Դաշնակցութիւն գոյութիւն չունի՛: Բոլորս մէ՛կ ենք»: Տեսաուղերձն աւարտւում է խմբային յատուկ կոչով եւ ազգային-յեղափոխական երգեր կատարող Գառնիկ Սարգսեանի՝ «Հպարտ, անպարտ Դաշնակցութիւն» երգի կատարման հնչիւնների տակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի՝ «#պատւով հեռացիր» մակագրմամբ լուսանկարի ցուցադրմամբ: 

ՀՅԴ Իրանի երիտասարդական միութիւնը ֆէյսբուքեան պաշտօնական էջում կատարել է հետեւեալ գրառումը. «Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական միութիւն Arayik Harutyunyan #պատւով_հեռացիր»:

Էջում տեղադրւել է նաեւ միութեան տարբերանշանով լուսանկար՝ «Չկայ դրսի եւ ներսի Դաշնակցութիւն: Կայ մէկ միասնական Դաշնակցութիւն: Ռ.Ե.Մ-ը միանում է Հ.Ե.Մ-ի ընկերներին՝ պահանջելով նախարարի հրաժարականը: #Արայիկ_Գնայ_Տուն»:

ՀՅԴ Ռուսաստանի ուսանողական-երիտասարդական միութիւնն իր պաշտօնական էջում տեղադրել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ նստացոյցի մեկնարկի մասին յայտարարութիւնն ու լուսանկարները՝ դրանից մէկ ժամ առաջ տարածելով նաեւ հետեւեալ յայտարարութիւնը. «ՀՅԴ ՌՈւԵ միութիւնն իր զօրակցութիւնն ու աջակցութիւնն է յայտնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեանն ու պահանջում է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

Մենք անընդունելի ենք համարում կրթութեան եւ մշակոյթի ոլորտի՝ Հայաստանի ներկայ քաղաքականութիւնն ու ՀՀ ԿԳՍՄ նախարարի աշխատանքը գնահատում ենք անբաւարար:

Հայագիտական առարկաների արժեզրկումն ու դերի նւազեցումը, քրիստոնէական դաստիարակութեան դէմ մեկնարկած պայքարը, ազգային արժեհամակարգին անհարիր մշակոյթի խրախուսումն ու արկածախնդիր նախաձեռնութիւնները ուղղակի հարւած են Հայ Ազգի միասնականութեանն ու երիտասարդ սերնդի հոգեւոր-բարոյական զարգացմանը:

Ակնյայտ է, որ նախարար Յարութիւնեանն ու իր թիմը պատերազմ են յայտարարել հայ մշակոյթին եւ ազգային արժեհամակարգին՝ ակտիւ պայքար մղելով նաեւ այն ուժերի դէմ, որոնք Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում խոչընդոտում են իրենց ազգադաւ քաղաքականութեան իրագործմանը: Այս գործընթացն օր առաջ անհրաժեշտ է կասեցնել, քանի որ շարունակութիւնը յղի է անկանխատեսելի հետեւանքներով:

ՀՅԴ Ռուսաստանի Ուսանողական-երիտասարդական միութիւնը կոչ է անում Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայ երիտասարդներին՝ տէր կանգնել իրենց արժէքներին, թոյլ չտալ, որ օտարածին ախտերը թուլացնեն մեր պետականութեան հիմքերը, եւ միանալ հայաստանեան մեր եղբայրների եւ քոյրերի արդար պայքարին:

ՀՅԴ Ռուսաստանի «Լեւոն Շանթ» ուսանողական-երիտասարդական միութիւն»:

ՀՅԴ Հոլանդիայի (Նիդերլանդների) երիտասարդական միութեան անդամները, նոյեմբերի 6-ից սկսած, պաշտօնական էջում պարբերաբար տեղադրում են ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ նախարարի դէմ իրականացւող բողոքի ակցիաների լուսանկարները, տեսագրութիւններն ու յայտարարութիւնները: Նոյեմբերի 7-ին միութեան պաշտօնական էջում տեղադրւել է նաեւ յատուկ տեսաուղերձ, որում միութեան անդամները հանդէս են եկել հետեւեալ կոչերով. «Չկայ դուրսի կամ ներսի դաշնակցականներ, կայ միայն մէկ եւ միասնական դաշնակցութիւն: Գաղափարը մէ՛կ է, մե՛նք ենք ՀԵՄ-ը: Մենք Հայաստանի երիտասարդական միութեան կողքին ենք: Մենք՝ Նիդերլանդների երիտասարդ դաշնակցականներս, զօրավիգ ենք ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեանը: Պարո՛ն Արայիկ Յարութիւնեան: Չկայ՛ ներսի եւ դրսի Դաշնակցութիւն, կայ մէ՛կ Դաշնակցութիւն»: Տեսաուղերձին կցւած են հետեւեալ խօսքերը.

«Մենք զօրավիգ ենք ՀԵՄ-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան /ՀԵՄ/ Չկայ դրսի եւ ներսի Դաշնակցութիւն, կայ մէկ եւ միասնական Դաշնակցութիւն»:

ՀՅԴ Լիբանանի ուսանողական միութիւնը պաշտօնական էջում հրապարակել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող յայտարարութիւնը եւ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան տեսաուղերձը՝ այդպիսով միանալով եւ զօրակցութիւն յայտնելով Հայաստանի ուսանողական շարժմանը:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնն իր պաշտօնական էջում հրապարակել է բողոքի ակցիայի լուսանկարները եւ տեղադրել հետեւեալ յայտարարութիւնը. «Դաշնակցական երիտասարդի համար առանցքային եւ անշրջելի է ազգային գաղափարական ուղին:

Բոլոր ապազգային եւ օտարածին երեւոյթներն ու դրանց հետեւորդները երբեք տեղ չունեն հայ իրականութեան մէջ:

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ պառակտւած տեսնելու ցանկութիւն ունեցող բոլոր անձանց յիշեցնում ենք, որ չկայ «ներսի» եւ «դրսի», կայ մէկ միասնական եւ միակամ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, որը ներկայացնում է համայն հայ ազգի շահերը թէ՛ արտասահմանում, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի Հանրապետութիւններում:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը Հայաստանի երիտասարդական միութեան կողքին է, քանզի ազգային արժէքներով սնւող հայ ժողովրդի միասնական կամքի եւ պայքարի յաղթանակը կանխորոշւած է:
#պատւովհեռացիր»:

ՀՅԴ աշխարհասփիւռ երիտասարդական-ուսանողական միութիւնների՝ Հայաստանի ուսանողական շարժմանը զօրակցելու երթը շարունակւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։