Հա

Ազգային

13/11/2019 - 10:30

«Մազոխիզմի տարրեր կան Արայիկ Յարութիւնեանի մօտ՝ իր հրաժարականն են պահանջում, ինքն էլ հրճւում է». Յակոբ Աւետիքեան

Կոնսերւատորիայում որոշ դասախօսներ Կոմիտասի անունը դրել են «հակավիրուս»՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց «Ազգ» թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանը՝ պարզաբանելով. «Այն մարդը, որը կոմիտասեան երաժշտութեանը ծանօթ է, չի կարող ընդունել, ընկալել, մարմինը թոյլ չի տայ, որ նա ռաբիսի յետեւից ընկնի. այդպէս էլ մեր եկեղեցին է»։

«alikonline.ir» - Կոնսերւատորիայում որոշ դասախօսներ Կոմիտասի անունը դրել են «հակավիրուս»՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց «Ազգ» թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանը՝ պարզաբանելով. «Այն մարդը, որը կոմիտասեան երաժշտութեանը ծանօթ է, չի կարող ընդունել, ընկալել, մարմինը թոյլ չի տայ, որ նա ռաբիսի յետեւից ընկնի. այդպէս էլ մեր եկեղեցին է»։

«Հայ եկեղեցու պատմութիւն» առարկայի դասաւանդումը դադարեցնելու մտադրութիւնը, «Հայոց պատմութիւնն» ու «Հայոց լեզուն» բուհերում ոչ պարտադիր դարձնելը, Մետրոյի տարածքում ազգային արժէքներին հակասող բեմադրութիւնը առաջացրեց ազգային մտածողութիւն ունեցողների հակազդեցութիւնը։ Յակոբ Աւետիքեանը սա բնական է համարում. «Դա մեր իմունային զգացողութիւնը մերժում է, ուղեղից առաջ մեր ներքին զգացողութիւնն է դրան հակադրւում, պաշտպանողական պատւար ենք ստեղծում դրանց դէմ՝ սորոսականները կը լինեն, թէ այլ տարրեր, ամբողջը մենք մերժում ենք»։

Նա իշխանութեան, կառավարութեան, ԱԺ-ի կազմում տեսնում է ուժեր, որոնք յստակօրէն աշխատում են ազգային արժէքները ցրելու, եթէ ոչ՝ չէզոքացնելու ուղղութեամբ։

«Անկախ այն բանից՝ քրիստոնեայ ես, թէ աթէիստ, հայ եկեղեցու պատմութեանը պէտք է տեղեակ լինես։ Սա կրոնից դուրս՝ մեր ամենակայուն ազգային կառոյցն է, որը երբեք չի ընդհատւել։ Գիտակցումը տանում է նրան, որ եթէ որեւէ բան մեր ազգային գլխաւոր կառոյցի շահերին վնասելու նպատակ է հետապնդում, ինքնըստինքեան հայ մարդու մէջ առաջանում է ընդվզում։ Անկախ այն բանից՝ քրիստոնէական կեանքով ենք ապրում, թէ ոչ, հաւատում ենք, թէ ասում՝ Աստւած չկայ, ոչ մի բան էլ չկայ, բայց եկեղեցին կայ, որովհետեւ դա մէկ այլ՝ մեզ ներշնչող, դաստիարակող, պահող, պահպանող օղակ է»,- ասաց Յակոբ Աւետիքեանը։

Այս հարցում հայերը եզակի չեն՝ նկատեց նա եւ բերեց Յունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, նաեւ հարեւան Վրաստանի օրինակը. Վրաստանը մեզանից շատ աւելի առաջ գնաց դէպի եւրաինտեգրում, բայց եկեղեցուց չտարանջատւեց. «Մեր պարագայում նոյնն է՝ դա պաշտպանիչ բան է՝ ազգի իմունիտետը, արթուն պահողը»։

Այս ամէնը նկատի ունենալով՝ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջելուն Յակոբ Աւետիքեանը համաձայն չէ՝ մէկ պարզ պատճառաբանութեամբ. «Որովհետեւ ես չգիտեմ, թէ նրան ով կը յաջորդի, գուցէ աւելի «բեթարը»՝ ինչպէս ասում են»։

Արայիկ Յարութիւնեանը ձախաւեր շատ-շատ գործեր է արել՝ արձանագրեց Յակոբ Աւետիքեանը՝ իբրեւ օրինակ բերելով հանրակրթական դպրոցները, որտեղ անելիքները շատ են. «Շատ հոսանքներ են մուտք գործել եւ շիւար է մնացել մեր կրթական համակարգը, ուսուցիչներն ու ծնողները»։

Երկիրը զարգացնելու համար, նրա համոզմամբ, տուրիզմը պէտք է զարգացնել. այս նպատակով ցանկացած այլ երկիր նախ՝ մշակոյթն է զարգացնում, այսինքն՝ Մշակոյթի նախարարութիւնն էլ առանձին մի ամբողջութիւն է։

Այս առումով՝ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի, սպորտի եւ Սփիւռքի ոլորտները մէկ գերատեսչութիւնում միաւորելը Յակոբ Աւետիքեանը սարսափելի վատ բան է համարում․ «Խայտառակ որոշում էր մէկ մարդու ձեռքին կենտրոնացնել այդ ամէնը․ ֆիզիկապէս էլ հնարաւոր չէ։ Բացի այդ, մէկ մարդու իշխանութիւնը միշտ էլ վատ է՝ եթէ ձախողեց, ամբողջ երկիրն է ձախողում․ սա պետական կառավարման գիտութեան մէջ հիմնական կէտերից է»։

Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը, այդ թւում՝ Կրթութիւն եւ այլնի նախարարութիւնը, Աւետիքեանի դիտարկմամբ, ամէն ինչ անում է վերջից սկսելով․ «Փոխանակ միջնակարգ դպրոցների համակարգը զարգացնելու, գրագէտ շրջանաւարտներ ունենալու, սկսում են վերջից՝ համալսարաններից։ Թող համալսարաններն իրենք որոշեն։ Եթէ ուզում էք մի բան առաջարկել, ի սէր Աստծոյ, ունէք Ակադեմիա, իրենց տւէք առաջարկները, որ քննարկեն եւ մեզ տան լաւագոյն լուծումները, որ բազմակարծութիւնը զարգացնենք»։

Բազմակարծութիւն ապահովելու եւ կրթական հաստատութիւնները ապաքաղաքականացնելու՝ Փաշինեանի հռչակած սկզբունքները Աւետիքեանը իրականացած չի տեսնում. «Քաղաքական է նաեւ սորոսականութիւնը, որ մուտք է գործել այնտեղ. Սորոս ձեաձեան ի՞նչ է անում այնտեղ, մեզ համար ուշքը գնո՞ւմ է։ Իզուր չէ Թրամփը նրան կոչում «ահաբեկիչ»։ Նրա սանիկները ոնց որ աղանդաւորներ լինեն, մուտք են գործել՝ ի՞նչ են անում... կրծում են էստեղ-էնտեղից։ Յետոյ ինչպիսի՜ ինքնագոհ ձեւով՝ մենք յաջողեցինք. ի՞նչը յաջողեցիք»։

Իբրեւ պետական մտածողութեան եւ պետական կառավարման հմտութեան օրինակ Յակոբ Աւետիքեանը մէջբերեց իր բնակութեան թաղամասի՝ Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակցի կեցւածքը. աղբահանութեան տագնապի օրերին իրենց մօտ ոչ մի անգամ ոչ մի աղբարկղ առանց դատարկւելու չի մնացել, քանի որ այդ աշխատակիցը «Սանիթեկի» պատասխանատուին կանչել է եւ ասել՝ թաղապետարանը քեզ կանոնաւոր վճարում է, պարտականութիւնդ կատարիր։

«Պետութիւնը այսպէս է կառավարւում՝ խօսում է, բանակցում է... պէտք չէ անպայման պայթուցիկ գցել, որից յետոյ հրճւես»,- նկատեց Յակոբ Աւետիքեանն ու յաւելեց. «Հիմա հրճւանքի մէջ է երեւի Արայիկ Յարութիւնեանը, որովհետեւ մազոխիզմի ինչ-որ տարրեր կան նրա մօտ՝ գալիս են, իր հրաժարականն են պահանջում, ինքն էլ հրճւում է»։

Երբ Արայիկ Յարութիւնեանն ասում էր, որ «դրսի» դաշնակցականներն իրեն լաւ են ընդունում, իսկ «ներսինները» «անդաստիարակ» են, Յակոբ Աւետիքեանի խօսքով, նախ պէտք է իմանար, որ արտասահմանում աւանդական կուսակցութիւնները գրանցւած չեն իբրեւ կուսակցութիւն. «Եթէ դու դա չես հասկանում, նշանակում է Սփիւռքի մասին գաղափար չունես»։

Սփիւռքի հետ միայն յանձնակատարի մակարդակով յարաբերութիւններ կառուցելը եւս, նրա համոզմամբ լուրջ չէ, մանաւանդ որ Սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատարը Զարեհ Սինանեանն է. «Դժւար է ինչ-որ յանձնակատարով, որը ոչ մի փորձառութիւն չունի, բացի Գլենդէլի մէջ «ճարպիկ տղայ» լինելուց, ես չեմ այդ որակումը տալիս՝ Գլենդէլի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ ասում են՝ «ճարպիկ տղայ» է։ Է, ճարպիկութեամբ բան չես կարող անել, այստեղ ուրիշ յատկանիշներ են պէտք եւ պետական մօտեցում»։

Աւետիքեանի համար անհասկանալի է նաեւ պետութեան գումարները գերատեսչութիւնների մամուլի քարտուղարների հաստիքների վրայ փոշիացնելը, եթէ վարչապետն ինքը ամէն գիշեր քնելուց առաջ սելֆի է անում եւ խօսում երկրի համար կարեւոր հարցերից. «Լաւ է պիժամայով դուրս չի գալիս»։

Parole, Parole, Parole... միայն խօսքեր են գործերի փոխարէն՝ ընդգծեց նա ու տարակուսեց. «Մանաւանդ այս մթնոլորտում, երբ մէկ ու կէս տարի է՝ Հայաստանում գլխաւորը փողոցն է դարձել։ Եթէ փողոցն է կարեւորւում, մարդիկ էլ փողոց են իջնում՝ «Եթէ քամի ցանես, կը հնձես փոթորիկ»»։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։