Հա

Ազգային

13/11/2019 - 11:50

Կենցաղային ցոյցեր եւ աշխարհաքաղաքական արձագանքներ

Լիբանանեան իրադարձութիւնները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնոյթից հատելով սահմանը անցել էին արդէն քաղաքական հարթութիւն եւ վերածւել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխութեան համընդհանուր պահանջով յատկանշւող շարժման։

Լիբանանեան իրադարձութիւնները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնոյթից հատելով սահմանը անցել էին արդէն քաղաքական հարթութիւն եւ վերածւել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխութեան համընդհանուր պահանջով յատկանշւող շարժման։

Հիմնախնդիրը հետզհետէ ապահովում է տարածաշրջանային-աշխարհաքաղաքական հնչեղութիւն: Բնականաբար կային վերլուծումներ եւ մեկնաբանութիւններ` այս ամբողջ շարժման մի կողմից լիբանանեան ակունքներին, միւս կողմից քաղաքական շահարկումների կամ արտաքին ներշնչումներ ունենալու տեսութիւնների մասին:

Մինչ, լիբանանեան փողոցը հետեւողականօրէն շարունակում էր յայտարարել, որ շարժումը համալիբանանեան բնոյթ եւ տարողութիւն ունի եւ բխում է զուտ լիբանանեան ակունքներից պարզ այն տրամաբանութեամբ, որ տասնամեակներ շարունակւող ապաշնորհ վարչակառավարումը եւ դրա հիմք հանդիսացած համայնքայնութիւնը պատճառ են դարձել աւատապետական կարգերի արմատաւորման, եւ զարգացման, համատարած թալանի, կոռուպցիայի եւ պետական գումարների մսխման, երկրում անջրպետային հեռաւորութիւններ ստեղծելով աստղաբաշխական գումարներով յատկանշւող մեծահարուստների եւ համաշխարհային մրցանիշերի մօտեցող աղքատ հասարակութեան միջեւ:

Լիբանանը դէպի աշխարհաքաղաքական օրակարգ առաջնորդող յայտարարութիւններ հնչեցին յատկապէս Վաշինգտոնի, Թեհրանի եւ Մոսկւայի կողմից:

Այսպէս. ԱՄՆ պաշտպանութեան քարտուղարը ուղղակի, բացորոշ յայտարարեց, որ պէտք է աջակցել Իրաքի եւ Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատելու համար իրանեան ազդեցութիւնից: Երբ երկու ժողովուրդների օրինակները համատեղ են նշւում, պարզ է, որ Իրաքի հակաիրանեան բնոյթ ունեցող ցոյցերի եւ առ այս պահը նման պահանջներ չարծարծած լիբանանեան ցոյցերի միջեւ քաղաքական զուգահեռ է գծւում: Վաշինգտոնը պաշտօնական այս յայտարարութեամբ նոյն ուղեգծի վրայ է ուզում ընկալել տարածաշրջանում ուշագրաւ շարժումների գաղափարաքաղաքական շարժառիթները:

Միւս կողմից, ՌԴ արտգործփոխնախարար, ՌԴ նախագահի Միջինարեւելքի եւ Աֆրիկայի հարցերով յատուկ պատւիրակ Միխայիլ Բոգդանովը հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Լիբանանի դեսպան Շաուքի Պունասարի հետ եւ այդ առիթով յայտնել, որ զօրակցում է Լիբանանի միութեանը, գերիշխանութեանն ու անկախութեանը եւ «ազգային օրակարգի վրայ գտնւող բոլոր հարցերը լիբանանեան սահմանադրութեան շրջածիրում նոյնինքն լիբանանցիների կողմից լուծւելու կարեւորութեանը` շեշտելով որեւէ ձեւով չարտօնել լիբանանեան հարցերում արտաքին միջամտութիւնները:

Սա ուղղակի պատասխան կարելի է համարել ԱՄՆ պաշտպանութեան նախարարին: Ռուս դիւանագէտի յայտարարութիւնը կը մեկանբանւի այնպէս, որ ոչ միայն ՌԴ-ն ի՛նքը միջամուխ պիտի չլինի լիբանանեան իրադարձութիւններին, այլ դէմ է նաեւ, որ Վաշինգտոնը դա անի եւ այս դէպքում հակաիրանեան քայլեր ձեռնարկի Լիբանանում։

Թեհրանից հնչած երկու յայտարարութիւն անուղղակի արձագանք կարելի է համարել Պոմպէոյի արած սուր քաղաքականացման քայլին: Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերի խորհրդականը յայտնել էր, թէ Լիբանանում եւ Իրաքում ընթացող ցոյցերի բարձրաձայնած պահանջների մի մասը ժողովրդային է եւ կասկած չկայ, թէ Իրաքում եւ Լիբանանում գոյութիւն ունեն կոռուպցիա, գործազրկութիւն եւ բացթողումներ, սակայն եթէ օտար դերակատարների կողմից այդ պահանջները օգտագործւեն, ապա արդիւնքը ի շահ երկու երկրների ժողովուրդներին չի լինի։

Նա նաեւ նշեց, որ Իրաքում պահանջները այլեւս կառավարութեան բարեկարգումով չեն բաւարարւում, այլեւ վարչակարգի տապալումով, իսկ Լիբանանում ոմանք վարչակարգի տապալում պահանջեցին, երբ մարդիկ կենցաղային պահանջներ ունէին:

Այս վերջին ընդգծումով իրանցի պաշտօնատարը պարզապէս ասում է, որ կենցաղային խնդիրներով առաջացած շարժումը արագօրէն քաղաքականացւած է Լիբանանում, զգուշացնելով Լիբանանը արտաքին միջամտութիւններից:

Երկրորդը վերաբերում է Իրանի արտգործնախարարութեան բանբերին, որն արձագանքում է Էրդողանի յայտարարութեանը: Էրդողանը խօսում էր Իրաքի ցոյցերը Իրան տեղափոխման հաւանականութեան մասին: Բանբերը չէր բացառում, որ գոյութիւն ունի ցոյցերի Իրան տեղափոխման միտում:

Վաշինգտոն-Թեհրան-Մոսկւա եռանկիւնային գծերի վրայ արձանագրւող յայտարարութիւնները, պատասխանները կամ արձագանքումները` ընդգծում են տարածաշրջանում տեղի ունեցող ժողովրդային դրսեւորումների մի կողմից անկախ բնոյթը, միւս կողմից արտաքին ուժերի կողմից շահարկելի թեմա լինելը, բայց մանաւանդ երրորդ եւ չորրորդ կողմերի միջեւ քաղաքական հակամարտութեան շրջագծման փորձերը։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

«Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։