Հա

Ազգային

16/11/2019 - 10:10

«Չափազանց կարեւոր է ապազգայինը մարմնաւորող անձի՝ Արայիկ Յարութիւնեանի հեռացումը համակարգից». Արծւիկ Մինասեան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտօնանկութիւնը պահանջում են նախեւառաջ երիտասարդները, նրանց են միացել մի շարք մտաւորականներ. սա վերկուսակցական, ազգային պայքար է եւ չի կարող քաղաքական չլինել, քանի որ նախարարի պաշտօնը քաղաքական պաշտօն է:

«alikonline.ir» - ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտօնանկութիւնը պահանջում են նախեւառաջ երիտասարդները, նրանց են միացել մի շարք մտաւորականներ. սա վերկուսակցական, ազգային պայքար է եւ չի կարող քաղաքական չլինել, քանի որ նախարարի պաշտօնը քաղաքական պաշտօն է: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է յայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը. «Չափազանց կարեւոր է ապազգայինը մարմնաւորող անձի հեռացումը համակարգից, իսկ Արայիկ Յարութիւնեանն այդպիսին է: Սա մէկանգամեայ գործողութիւն չէ, այլ հետեւողական մօտեցում: Նա ազգայինի եւ եկեղեցու հանդէպ արհամարհական մօտեցում ունի»:

Ըստ Մինասեանի՝ կարեւորագոյն պաշտօնատար անձանցից մէկի հրաժարականի պահանջն ազդակ է, որ այդկերպ մտածող որեւէ այլ անձ չփորձի նոյն քաղաքականութիւնը վարել. «Հասկանալու համար՝ կը գնա՞նք Արայիկ Յարութիւնեանի հետ որեւէ քննարկման, իրենք պիտի ասեն՝ պատրա՞ստ են հրաժարւելու իրենց այս նախագծերից: Փոխնախարարն ասում է՝ պատրաստ չենք հրաժարւելու, բայց պատրաստ ենք քննարկման: Էլ ի՞նչն ենք քննարկելու»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ իշխանութիւնն ազգայինն արհեստականօրէն հակադրում է առաջադիմականին՝ միաժամանակ սահմանափակելով ժողովրդավարութիւնը. «Կառավարութիւնն ինքնավարութիւն չի տալիս բուհերին: Աւելին, նախագծով՝ ռեկտորը նշանակելու է դեկաններին: Ժողովրդավարութիւն քարոզող ուժը վերացնում է ընտրութիւնները»:

Մինասեանի կարծիքով՝ եթէ հայեցակարգ չկայ, նախարարի հետ քննարկելու բան էլ չկայ, ի՞նչ պիտի խոսի պրոֆեսորադասախօսական կազմը նրա հետ. «Իշխանութիւնը փորձում է իրավիճակային լուծումների գնալ, որ հասնեն վերջնանպատակին՝ ազգային հիմքից կտրելուն»:

Արծւիկ Մինասեանի տեղեկացմամբ՝ ՀՅԴ երիտասարդները դիմել են իրաւապահ մարմիններին՝ պահանջելով բոլոր այն քրէական գործերը, որոնց մասին խօսել էր Արայիկ Յարութիւնեանը: «Եթէ սա քաղաքական շանտաժ չէ Լեւոն Մկրտչեանի հասցէին, Արայիկ Յարութիւնեանը ենթակայ է քրէական պատասխանատւութեան կա՛մ սուտ մատնութեան, կա՛մ հանցագործութիւնը պարտակելու համար: Կարող են ցանկացած մէկի մասին նման բան ասել՝ ենթադրելով, որ եթէ նա եղել է պաշտօնատար անձ, ուրեմն կոռումպացւած է»,- ասել է Մինասեանը:

Արծւիկ Մինասեանի կարծիքով՝ մէկ տարի առաջ աւելի քան 70 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ընտրողներն այսօր հոգեբանօրէն ընկճւած վիճակում են: «Իշխանութեան նպատակն ի սկզբանէ ոչնչացնելն է, դիմացինին չլսելը: Նրանք ունակ չեն լսելու, քննարկում իրականացնելու: Իշխանութիւնն ընդհանրապէս չի հանդուրժում որեւէ այլակարծութիւն, չի ընդունում, որ կարող են լինել իրենցից խելոք մարդիկ»,- ամփոփել է Մինասեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։