Հա

Ազգային

01/12/2019 - 14:10

Ստի ու խարխափի մէջ հիւծւող Հայաստան

Գուցէ միամտութիւն է, կամ՝ համաշխարհային պատմական փորձից հետեւութիւններ անելու անբաւարար շրջահայեացութեան արդիւնք: Բայց դժւար էր ենթադրել, որ յեղափոխութիւնն այսքան արագ կը մսխի ու կը խժռի իր իսկ յայտարարած արժէքները:

Գուցէ միամտութիւն է, կամ՝ համաշխարհային պատմական փորձից հետեւութիւններ անելու անբաւարար շրջահայեացութեան արդիւնք: Բայց դժւար էր ենթադրել, որ յեղափոխութիւնն այսքան արագ կը մսխի ու կը խժռի իր իսկ յայտարարած արժէքները:

Սէրը, համերաշխութիւնն ու, ամենակարեւորը՝ սոցիալական պետութիւնն իբրեւ իշխանափոխութեան հիմնական կարգախօս դարձրած իշխանութիւնն ի՜նչ արագ հոգեփոխւեց, ի՜նչ արագ դիմակազերծւեց, ի՜նչ ակնթարթային կարողացաւ հասարակութիւնը ջլատել, բաժանելով՝ իւրայինների եւ գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների:

Բովանդակային գործ անելու փոխարէն՝ ինչը ենթադրում էր Հայաստանի ապագայի մոդելի ընտրութիւն, հանրային համերաշխութիւն, ստեղծարար օրակարգեր, երկրի կենսական ոլորտների համար ռազմավարական, հայեցակարգային ծրագրերի մշակում, աշխարհաքաղաքական, ազգային ու գլոբալ ռիսկերի գնահատում ու վերլուծութիւն, հրապարակ են նետւում գաղափարներ, նպատակադրումներ եւ գաղափարներ, որոնք երկիրն ու հասարակութիւնը կանգնեցնում են ռիսկերի առաջ, ջլատում մեր հաւաքական տեսլականը:

Շւեդական Nordic Monitor պարբերականն օրերս գաղտնազերծում է Թուրքիայի՝ Հայաստանի վրայ յարձակւելու «Ալտայ» ծրագիրը, իսկ Հայաստանում՝ լռութիւն… Ադրբեջանն օրէցօր ահագնացնում է ռազմատենչութիւնը, խտացնում սահմանային կուտակումներն ու ակնյայտօրէն պատերազմի պատրաստւում, իսկ Հայաստանում այս սպառնալիքներն անբացատրելիօրէն չտեսնող ԻՔ-ի ականաւոր ներկայացուցիչն հանդէս է գալիս իր երազած Հայաստանի մասին հրապարակային-քաղաքական նախաձեռնութեամբ. 10 մլն. դրամով եւ մէկ ամիս ծառայելով, կարելի է զինւորական գրքոյկ ստանալ ու բանակից ու ազգային պարտքից ազատւած համարւել:

Այս անմեղսունակին ինչպէ՜ս բացատրես, որ քո երազը մեր անվտանգութեանը վնաս է... Իսկ գուցէ այսպիսին է մեզ խաղաղութեան պատրաստելու դրսի օրակարգը...

Մենք՝ միամիտներս, կարծում էինք, թէ իշխանութիւնների եւ պետութեան համար բոլոր քաղաքացիները հաւասար արժէք պէտք է ունենան, համոզւած էինք, որ իշխանութիւնները բարեկեցութեան քաղաքականութիւն պէտք է որդեգրեն ոչ միայն իւրայինների, այլ անվերապահօրէն բոլոր քաղաքացիների եւ ողջ հասարակութեան համար։

Բայց կարծում էինք... որովհետեւ շատ քիչ ժամանակ պահանջւեց արձանագրելու, որ իշխանութեան իւրայիններն ու մնացած բոլորը տարբեր բեւեռներում են, տարբեր աշխարհներում, տարբեր ակնկալիքներ ու տարբեր պահանջներ ունեն:

Թւում էր, թէ ՊԵԿ-ում գաղտնազերծւած պարգեւավճարների սկանդալից յետոյ իշխանութիւնն իր սոցիալական քաղաքականութեան ու սոցիալական արդարութեան ընկալումներում ճշգրտումներ կանի, բայց՝ ոչ:
Աւաղ, քաղաքական բարոյականութիւնը չափանիշ չէ, ոչ էլ՝ պահանջարկ վայելող արժէք:

Երբ պարզւեց, որ ամիսներ շարունակ կառավարութեան անդամներն ու բարձր էշելոնի պաշտօնեաները գաղտնաբար 1 միլիոն եւ աւելի աշխատավարձ են ստացել, անգամ ներողութիւն չհնչեց, անօրինականութիւնն ու սուտը մեկնաբանւեց մերկապարանոց պատճառաբանութեամբ՝ անցեալի իներցիայով:

Բայց նորերի փողասիրութիւնն ու շքեղասիրութիւնն այսքանով չի աւարտւում. մեր հարկերի եւ մեր հաւաքական հնարաւոր բարեկեցութեան հաշւին ԱԺ-ում վերջին տասը ամիսներին 14 անգամ պարգեւավճար է բաժանւել` 1 մլն. 900.000 դոլարի պարգեւավճար: 14 անգամ…

Նորերը նաեւ ճամփորդել են սիրում. 2019 թ. պետական բիւջէով կառավարութեան արտասահմանեան պաշտօնական գործուղումների համար նախատեսւած տարեկան 350 մլն. դրամն արդէն տարւայ ընթացքում տարբեր որոշումներով հասցւել է 550 մլն. դրամի, արտասահմանեան գործուղումների տարեկան բիւջէն աւելացւել 310 մլն. դրամով:

2019 թ. պետական բիւջէով նախատեսւած կառավարութեան պահուստային ֆոնդի հաշւին Ազգային ժողովին՝ գործուղումների համար յատկացւել է 892 միլիոն 628 հազար դրամ, որից՝ առաջին կիսամեակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, ինն ամսում՝ 695 միլիոն 809 հազար դրամ:

Երեւանի քաղաքապետարանում էլ են փող սիրում. եռամսեակը մէկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից աւելի չափով պարգեւավճար են ստանում. պարգեւավճարները 700 միլիոնից հասել են 1մլրդ. 900 հազար դրամ:

Իսկ անտէրութիւնից ու անխնամութիւնից օրէցօր խամրող քաղաքում կրճատւում են կանաչապատման ծախսերը…

Կոռուպցիան յաղթահարած, ժողովրդավարութեան բաստիոն նոր Հայաստանում /այո, ասպիսի յայտարարութիւն էլ է եղել/ սկանդալներն յաջորդում են միմեանց, իսկ քաղաքապետն իր կամազային, արդէն չկոծկւող գործարքն արդարացնում է քաղաքի գործերը «առաջ բրդելու» վճռականութեամբ:

Ես Հայկ Մարութեանին չեմ մեղադրում. Սիթքոմից քաղաքապետի աթոռին փոխադրւած Հայկն՝ իր շատ թիմակիցների պէս, հաւանաբար չի հասցրել սկզբունք ճշտել, որ «առաջ բրդելու» միակ չափանիշը ՀՀ օրէնքներն են, Սահմանադրութիւնն ու քաղաքական պատասխանատւութեան ու բարոյականութեան գուցէեւ չգրւած օրէնքները:

Ու այս ֆոնին թւում է, թէ մարզպետի վարորդի կամ եղբօր կողմից անհնազանդ վարսավիրին ահաբեկելը, մէկ այլ մարզպետի կամ իր թիմի կողմից գնդապետին ծեծելը, Մետրոյի Հանրապետութիւն կայարանում գալարւող ոռնոցն իբրեւ մշակոյթ ներկայացնելը, բիւջէով նախատեսւած տասնեակ սոցիալական ծրագրեր թղթին թողնելը, առանց մրցոյթի պետական տասնեակ գնումներ իրականացնելը, հայագիտական առարկաները բուհերից դուրս մղելը, կեղծ հերոսներին հովանաւորելը եւ էլի ու էլի բաներ,միլիոններ մանրուք են:

Մանրո՞ւք... աւաղ, սրանք միայն առաջին հայեացքից են մանրուք. Միացրէք այս խճանկարն ու կը տեսնէք, թէ ինչպէս է ստի, տեսլականազերծ խարխափի եւ անարդիւնաւէտ կառավարման մէջ հիւծւում Երկիրը, ապաոգեղենանում Հայաստանը...

Ի դէպ, կեղծ օրակարգերով հանրության ուշադրութիւնը շեղելու ռեսուրսներն էլ են մի օր սպառւում։

2019-ի աշնան վերջին օրը:

 

Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։