Հա

Ազգային

03/12/2019 - 10:50

Այսօր պէտք է գործել յանուն ներկայի եւ ապագայի

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը՝ Մոնրէալի «Աւետիս Ահարոնեան» սրահում ՀՅ Դաշնակցութեան 129-րդ տարեդարձի տօնակատարութեանը.

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը՝ Մոնրէալի «Աւետիս Ահարոնեան» սրահում ՀՅ Դաշնակցութեան 129-րդ տարեդարձի տօնակատարութեանը.

 

«Ինձ համար մեծ պատիւ է այսօր Սփիւռքի ամենակազմակերպւած, ամենահայեցի, ամենաուժեղ համայնքներից մէկում խօսք ասել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրւայ տօնակատարութեան առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ

Աւանդոյթի համաձայն՝ իւրաքանչիւր տարւայ աւարտին ՀՅԴ տօնին նւիրւած միջոցառումներ են տեղի ունենում ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհի բազմաթիւ երկրներում:

Դաշնակցութեան օրւան նւիրւած տօնախմբութիւնները միմեանց շնորհաւորելու, հպարտանալու, ձեռքբերումներն արժեւորելու հրաշալի առիթ է, բայց, միեւնոյն ժամանակ, մեր ժողովրդին հաշւետւութիւն տալու, բացթողումներն ու ձախողումներն անաչառ վերլուծելու, դրանք շտկելու եւ լուծումներ գտնելու հերթական փուլ: Ուստի ես կուզենայի այս հանդիպմանը երկար կանգ առնել աւելի շատ ոչ թէ Դաշնակցութեան պատմութեան փառաւոր էջերի, անցած ուղու արժեւորման վրայ, այլ խօսել Դաշնակցութեան տեղի, դերի եւ անելիքների մասին հայոց նոր եւ նորագոյն պատմափուլերում:

Սիրելի՛ հայրենակիցներ, Արեւմտեան Հայաստանում հայ ժողովրդի հայրենազրկումից, իսկ Խորհրդային Հայաստանում բոլշեւիկեան մենիշխանական վարչակարգի հաստատումից յետոյ Դաշնակցութիւնը շուրջ 70 տարի գործեց Սփիւռքում, եւ նրա կուռ կազմակերպական միաւորները, նրա նւիեալները, ստեղծելով կրթամշակութային, մարմնակրթական եւ բազմաթիւ այլ կազմակերպութիւններ, միութիւններ ու ակումբներ, ամէն մի հայից կերտեցին մի Հայաստան, իւրաքանչիւր նոր սերնդին փոխանցեցին ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի տեսլականը եւ այն ոգեղեն ուժը, որը պիտի մի օր դառնար անկախութիւն, արցախեան գոյապայքար:

Արդէն 28 տարի է, ինչ մեր պատմական հայրենիքի մի հատւածում վեր յառնած հայոց պետականութիւնը վաւերական իրականութիւն է:

1920-ին ընդհատւած մեր անկախութեան երթը նորոգւեց 1991-ին՝ անսպառ հպարտութեան եւ միաժամանակ պատասխանատւութիւնների, յանձնառութիւնների, պայքարի եւ արարումի նոր հանգրւան դառնալով իւրաքանչիւր հայի համար՝ լինի Հայաստանում, թէ՝ Սփիւռքում։

Աշխարհաքաղաքական ու ներքին բազմաթիւ մարտահրաւէրներով խիտ՝ անցնող 28 տարիներին, բնականաբար, ունեցել ենք խոշոր, ես կասէի՝ պատմական ձեռքբերումներ: Անշուշտ, ազատագրւած Արցախն այդ շարքում առաջիններից է։ Արցախի Հանրապետութեան գոյութեան փաստը՝ պետականութեան իր բոլոր ինստիտուտներով, մի իրողութիւն է, համահայկական նւաճում, որի հետ ամբողջ աշխարհն, ուզի թէ չուզի, վաղ թէ ուշ պէտք է հաշւի նստի:

Այդ յաղթանակը գին ունի. Արցախը նւաճել ենք համազգային աննահանջ նւիրումի եւ մեր ժողովրդի հերոսների արեան ու սխրանքների գնով։ Այդ յաղթանակի հետագայ ամրագրումն ու միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր համազգային օրակարգի առաջնահերթութիւնը, որն ամէն բանից առաւել համազգային միասնականութիւն է պահանջում։

Քիչ չեն մեր հպարտութիւնը սնող նաեւ այլ ձեռքբերումները։ Անցնող 28 տարիների ընթացքում ստեղծւել եւ ամրապնդւել են մեր անկախ պետականութեան ինստիտուտները։ Կամաւորական ջոկատների հենքի վրայ ձեւաւորւել եւ կայացել է հայոց յաղթանակած բանակը, որն այսօր մեր գոյութեան ու անվտանգութեան թիւ մէկ երաշխաւորներից է։ Անցնող շրջանում ձեռքբերումներ ենք ունեցել տնտեսութեան մի քանի ճիւղերում։ Քիչ չեն նաեւ մեր ստեղծագործ ժողովրդի անհատական յաղթանակները գիտութեան, սպորտի եւ մշակոյթի ոլորտներում։

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին 20 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը ժամանակ առ ժամանակ մաս է կազմել իշխանութեանը, որի ընթացքում կազմակերպութեան ներկայացուցիչների կողմից՝ կրթական, քաղաքաշինական, սոցիալական, գիւղատնտեսութեան եւ բազմաթիւ այլ ոլորտներում իրականացւել են բազում ծրագրեր, ընդ որում՝ համակարգային եւ հիմնարար նշանակութեան ծրագրեր: Այս տասնամեակներին նաեւ Դաշնակցութեան համակարգային աշխատանքների շնորհիւ էր, որ բարեփոխւեց Սահմանադրութիւնը եւ անցում կատարւեց կառավարման խորհրդարանական համակարգին, ձեւաւորւեց երկքաղաքացիութեան ինստիտուտը, որը վերջապէս սկիզբ դրեց սփիւռքահայութեան՝ Հայրենիքում իրաւահաւասար պայմաններ, հաւասար իրաւունքներ եւ արտութիւններ ունենալու անչափ կարեւոր գործընթացին: Կազմաւորւեց Սփիւռքի նախարարութիւնը, որի գործունէութիւնը դրւեց ինստիտուցիոնալ հիմքերի վրայ. այն, ցաւօք, այլեւս չկայ:

Անշուշտ, անցնող տարիները զերծ չէին նաեւ վայրիվերումներից: Ունեցել ենք նաեւ վտանգաւոր զարգացումներ, որոնց պարագայում, օրինաչափօրէն, Դաշնակցութիւնն իր սկզբունքային կեցւածքով փորձել է կանխել այդպիսիք: Շատերը մոռացել են միգուցէ, բայց մենք լաւ ենք յիշում ինչպէս հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ յանձնաժողովի գործունէութիւնը, այնպէս էլ նոյնքան տխրահռչակ հայ-թուրքական արձանագրութիւնները, որոնց յետկանչման համար Դաշնակցութիւնը գործի դրեց իր համահայկական ներուժը, դուրս եկաւ Սփիւռքը, եւ Դաշնակցութեան 6-ամեայ հետեւողական պայքարի արդիւնքում նշեալ արձանագրութիւնները նետւեցին պատմութեան աղբանոցը:

129-ամեայ հեռաւորութիւնից Դաշնակցութիւնն այսօր էլ՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններում ու աշխարհի մի քանի տասնեակ երկրներում ունեցած իր կազմակերպական միաւորներով եւ ուղեկից միութիւններով, Հայ Դատի, Հայոց պահանջատիրութեան, Արցախի հիմնահարցի, ջաւախահայութեան իրաւունքների խնդիրը համաշխարհային բեմի վրայ պահող եւ առաջ տանող կազմակերպութիւն է:

Ինչպէս խօսքիս սկզբում ասացի՝ տօնական այս օրը միայն միմեանց շնորհաւորելու եւ ձեռքբերումների մասին խօսելու համար չէ, պէտք է խօսենք նաեւ մեր չարածների եւ սխալների, նաեւ շարունակւող սխալների մասին:

Անցնող 28 տարիներին, անշուշտ, մեր պետութիւնն անցել է բարդ ու դժւարին ուղի։ Դիմագրաւել ենք մարտահրաւէրներ, որոնց մի մասը եղել են օբիեկտիւ, սակայն ունեցել ենք նաեւ բացթողումներ ու սխալներ, որոնք կարող էին չլինել, եթէ դրսեւորւէր բաւարար քաղաքական կամք, եթէ կարողանայինք համազգային շահը վեր դասել խմբային կամ անձնական շահից:

Անցնող տարիների ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակութիւն, զարգացած տնտեսութիւն, արդար պետական եւ արդիւնաւէտ կառավարման համակարգեր, եւ ամենակարեւորը՝ չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելութիւնն ու չարութիւնը վերացնել եւ համախմբել հայ ժողովրդին՝ ստեղծելով ազգային պետութիւն:

Հէնց այս էր նաեւ պատճառը, որ հազարաւոր մեր հայրենակիցներ 2018-ի ապրիլին դուրս եկան փողոց։ Հանրային պահանջը յստակ էր եւ այլընտրանք չունեցող: ՀՀ քաղաքացին դժգոհեց եւ մերժեց մեր երկրում գոյութիւն ունեցող աղքատութիւնը, գործազրկութիւնը, ցածր աշխատավարձը, անարդարութիւնը, բարեփոխումների դանդաղ ընթացքը, հասարակութեան բեւեռացումը։

Եւ այս բոլոր հարցերը լուծելու սպասումով ձեւաւորեց նոր իշխանութիւն՝ աւելի բարեկեցիկ, աւելի արդար, աւելի պաշտպանւած, աւելի համերաշխ, աւելի անվտանգ, հզօր եւ համախմբւած պետութիւն ունենալու ակնկալիքով։

ՀՅԴ-ն, չնայած իր բազմաթիւ մտահոգութիւններին, ընդունեց վարչապետի հրաւէրը եւ մաս կազմեց նոր կառավարութեանը: Այդ որոշումը պայմանաւորւած էր համաժողովրդական շարժումն արդիւնաւորելու, երկիրն առանց ցնցումների զարգացման նոր փուլ տեղափոխելու անկեղծ մղումով։

ՀՅԴ-ն` իբրեւ համահայկական կառոյց, պատրաստակամութիւն յայտնեց իր ամբողջ ներուժը եւ հնարաւորութիւնները ներդնելու` երկրի առջեւ կանգնած մարտահրաւէրները լուծելու համար: Այդպիսով՝ մենք ամէն ինչ արեցինք, որպէսզի յաջողենք եւ մեր բոլոր հնարաւորութիւնները դրեցինք, որպէսզի երկիրը գնայ զարգացման ճիշտ ընթացքով եւ հունով:

Բայց Հայաստանի իշխանութիւններն ընտրեցին այլ ճանապարհ. հասարակութեանը բաժանեցին սեւերի-սպիտակների, յեղափոխականների-հակայեղափոխականների: Արդիւնքում՝ որոշեցին երկրի ղեկը ստանձնել եւ առաջ տանել միայնակ:

Մէկուկէս տարի անց պէտք է յստակ փաստենք, որ մեր հասարակութեան ակնկալիքները եւ սպասումները չեն արդարացել, իսկ իշխանութեան խոստումները մնացել են օդում կախւած։ ՀՀ նոր իշխանութիւնները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք սա ուրախութեամբ չենք արձանագրում: Արձանագրում ենք ցաւով, արձանագրում ենք Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ակնկալիքով եւ սպասումով:

Ազգային միասնական օրակարգ ձեւաւորելու, հասարակութեանը համախմբելու, հասարակական համերաշխութիւն հաստատելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը եւ կարողութիւնները կազմակերպելու եւ առաջ տանելու փոխարէն ՀՀ իշխանութիւններն ապրում, աշխատում, շնչում եւ արտաշնչում են անցեալով։ Այո', պարզից էլ պարզ է՝ անցեալի մասին խօսելը հեշտ է եւ յաճախ անպատասխանատու: Դժւար, յանձնառու եւ պատասխանատու է խօսել ներկայից եւ ապագայից։

Այս ամէնի արդիւնքում այսօր անյոյս է դառնում խօսելը այդքան բաղձալի առաջընթացի եւ վերելքների, այդքան երազած տնտեսական յեղափոխութեան մասին:

Մենք ասում ենք՝ անցեալը ջնջելով, նորը չես կառուցի, անցեալը՝ լաւ կամ վատ, բոլորինս է, անցեալի սխալներից պէտք է դասեր քաղել՝ այն չկրկնելու համար, պէտք է նայել առաջ: Այսօր պէտք է գործել ոչ թէ յանուն անցեալի իբր մաքրագործման, այլ յանուն ներկայի եւ ապագայի: Մենք պէտք է նաեւ արժեւորենք մեր անցեալի փառաւոր էջերը, մեր նորագոյն պատմութեան ձեռքբերումները, որոնք շարժիչ ուժն են մեր հետագայ վերելքների համար:

Չկան հին ու նոր Հայաստաններ, կայ Հայաստանի Առաջին Հանրապետութիւն եւ նրա իրաւայաջորդ ներկայ Հանրապետութիւնը, եւ ամենակարեւորը կայ ապագայի Միացեալ Հայաստանը:

Ես այս խօսքերն ասում եմ մեր հազարաւոր հայրենակիցների անունից, ասում եմ իբրեւ հայոց պետականութեան ծնունդն իրականացրած քաղաքական ուժի՝ Դաշնակցութեան ներկայացուցիչ, իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատասխանատւութիւն է կրում մեր պետականութեան թէ' անցեալի, թէ' ներկայի, թէ' ապագայի համար։

Մենք տեսնում ենք մեր երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքները, մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղւած մարտահրաւէրները: Մենք անհանդուրժելի ենք համարում մեր ազգային արժէքների, ազգային ինստիտուտների, Հայ Առաքելական Եկեղեցու դէմ սկսւած արշաւանքը:

Մենք գիտակցում ենք, որ պետութեան զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայութիւնը երկիրը կարող է տանել ցնցումների եւ անյայտ ուղղութեամբ:

Հետեւաբար, սիրելի' հայրենակիցներ, վերոնշեալ իրողութիւններից ելնելով, Հայրենիքում այսօր սկզբնաւորւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պայքարի նորօրեայ փուլը:

Սիրելի' հայրենակիցներ, ժամանակն է, որ հայ ժողովուրդը համախմբւի Դաշնակցութեան շուրջը:

Մեր երկրի ներքին կայունութիւնը, սահմանների անառիկ պաշպանութիւնը, հայ ժողովրդի միասնականութեան ամրապնդումը, հասարակական համերաշխութեան ապահովումը, իրաւական եւ սոցիալական արդարութեան հաստատումը Դաշնակցութեան առաջնային օրակարգն է, եւ սա է անկախութեան ու պետականութեան պահպանման, զարգացմած, հզօր եւ ազգային պետութիւն ունենալու գրաւականը:

Մենք այլ ճանապարհ չունենք: Այս օրակարգը ձեւաւորել ենք միասնաբար եւ իրականութիւն ենք դարձնելու միասնաբար՝ համայն հայութեան ջանքերով:

Բաւական է կեղծ յեղափոխական լոզունգներով օրակարգ լցնել, մեզ անհրաժեշտ է իրական յեղափոխութիւն, իսկ Դաշնակցութիւնն իր էութեամբ, իր կոչումով, իր ծրագրով, իր պատմութեամբ, իր դաւանած նւիրական ու վեհ արժէքներով հէնց ինքը՝ յեղափոխութիւնն է, որ կայ:

Սիրելի՛ հայրենակիցներ, վերադառնալով օրւայ խորհրդին, անշուշտ, կանադահայոց՝ հայրենիքի շենացման գործում ունեցած մեծագոյն աւանդն արժեւորելու պարտք ունեմ: Երկրագնդի այս հեռաւոր վայրում դուք, տասնեակ հազարներով բնակւելով Կանադայի Տորոնտօ, Օտտաւա, Մոնրէալ եւ այլ մեծ ու փոքր քաղաքներում, ոչ միայն պաշտպանել ու զարգացրել եք մեր լեզուն, մեր մշակոյթն ու աւանդոյթները, այլեւ շատ դէպքերում վառ օրինակ էք ծառայել անգամ Հայաստանում ապրողներիս համար, թէ ինչպէս է պէտք արժեւորել սեփական տեսակի գոյութեան առանցքային գրաւականները՝ լեզուն, ազգային մշակոյթն ու աւանդոյթները:

Յանձին կանադահայութեան՝ ես խոնարհւում եմ մի համայնքի առջեւ, որն անցնող 30 տարիներին մշտապէս կանգնած է եղել իր հայրենիքի կողքին՝ թէ' Հայաստանի հեռաւոր գիւղերում փոքր ու մեծ սոցիալական ծրագրեր ու ներդրումներ իրականացնելով, թէ' միջազգային բեմերում Հայ Դատի աշխատանքները պատւով եւ հետեւողականօրէն շարունակելու համար:

Ես վստահ եմ, որ կանադահայութիւնն առաջիկայում եւս աւելի կազմակերպւած, աւելի մեծ թափով կանգնելու է հայրենիքի կողքին, հայրենիքի շենացման կողքին, որովհետեւ մնայունը հայրենիքն է, իսկ բոլոր իշխանութիւնները՝ անցողիկ:

Դուք կրողն էք մեր պատմութեան, մեր լեզւի, մեր աւանդույթների, մեր արժէքների, հետեւաբար՝ դուք մի մասնիկն էք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր այն մեծ երազի, որը կոչւում է Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստան:

Կեցցէ՝ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցե՝ Արցախը, կեցցե՝ Սփիւռքը, փա'ռք Դաշնակցութեանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։