Հա

Ազգային

04/12/2019 - 11:40

Ժողովրդագրութիւն` խոստումներ եւ իրական փաստեր

Իշխանափոխութեան ընթացքում եւ դրանից յետոյ ժողովրդագրութեան ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դէպի հայրենադարձութիւն, ծնելիութեան բում, բնակչութեան թւի շեշտակի աճ եւ այլն: Բնական է, եթէ նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցաւօք, այս միտումը շարունակւում է նաեւ ներկայումս, եւ մօտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:

Իշխանափոխութեան ընթացքում եւ դրանից յետոյ ժողովրդագրութեան ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դէպի հայրենադարձութիւն, ծնելիութեան բում, բնակչութեան թւի շեշտակի աճ եւ այլն: Բնական է, եթէ նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցաւօք, այս միտումը շարունակւում է նաեւ ներկայումս, եւ մօտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:

Օրւայ իշխանութիւնների տւած խոստումները ներկայացնենք առաւել մանրամասն:

2018 թ. մայիսին եւ դեկտեմբերին ձեւաւորւած կառավարութիւնների ծրագրերի համաձայն՝ կառավարութիւնը ծնելիութեան խրախուսման եւ բազմազաւակ ընտանիքների սոցիալական աջակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման համար պէտք է իրականացնէր արագ եւ արդիւնաւէտ միջոցառումներ:

Իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով նախատեսել էր ժողովրդագրական աննախադէպ յաւակնոտ նպատակադրում՝ 20 տարում կրկնապատկել բնակչութեան թիւը, այսինքն՝ մինչեւ 2040 թ. ունենալ 6 միլիոն մշտական բնակչութիւն:

2019 թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացաւ՝ մինչեւ 2050 թ. Հայաստանը ունենալու է 5 մլն. մշտական բնակչութիւն:

Ի դէպ, պոպուլիզմի տեսանկիւնից յատկանշական է՝ իշխանութեան գալուց յետոյ գործողներն իրենց նախկին խոստումը վերանայեցին եւ ամբողջապէս համապատասխանեցրին նախկինների խոստացածին՝ իրականացման ժամկէտը 10 տարով երկարացւեց, իսկ թիրախն էլ 1 միլիոնով նւազեցւեց: 2018 թ. սկզբին նախորդ իշխանութիւնը քննարկմանն էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարութեան նախագիծ, որի հիմնական թիրախն էր՝ 2040 թ. բնակչութեան թիւը հասցնել 4 միլիոնի:

Իշխանափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնները յայտատարեցին, որ այլեւս նման ռազմավարութեան անհրաժեշտութիւնը չկայ: Իսկ նոր իրավիճակում պէտք է լինի տնտեսական յեղափոխութիւն եւ կեանքի որակը պէտք է թռիչքային աճի: Պէտք է ունենանք հայրենադարձութեան եւ ծնելիութեան բում:

Շուտով կը լրանայ 2 տարին: Ի՞նչ է արւել եւ ի՞նչ ունենք:

2018 թ. կէսից 2-րդ երեխայի ծննդեան միանւագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից դարձաւ 150 հազար դրամ: Այս փոփոխութիւնը խնդրայարոյց էր դրւած նպատակի տեսանկիւնից: Եւ մեր մտահոգութիւններն իրականութիւն դարձան՝ ունեցանք պետական բիւջէից կատարւող աննպատակ հերթական ծախսը:

2020 թ. կէսից ուզում են բարձրացնել մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից՝ 25500 դրամ: 1-ին եւ 2-րդ երեխաների ծննդեան միանւագ նպաստի չափերը (50 հազար եւ 150 հազար դրամ) դառնալու են 300 հազար դրամ:

Ստիպւած նորից յորդորում ենք՝ բնակչութեան ընդլայնւած վերարտադրութիւն ապահովելու համար պետական աջակցութիւնը պէտք է առաջնային թիրախաւորի 3-րդ եւ յաջորդ երեխաների ծնունդը: Սակայն 3-րդ եւ յաջորդ երեխաների ծննդեան միանւագ նպաստի չափերի բարձրացում չի նախատեսւում: Յատկանշական է նաեւ՝ ծննդեան միանւագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման առաջնային ու արդիւնաւէտ գործիք: Այս պնդումը բխում է նաեւ միջազգային դրական փորձից:

Իսկ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներն այդպէս էլ «չեն ենթարկւում» իշխանական յորդորներին: Պաշտօնական վիճակագրութիւնը արձանագրում է հետեւեալը՝

- 2018 թ. մշտական բնակչութիւնը նւազել է 13400-ով,

- 2019 թ. 1-ին կիսամեակում ծնւածների թիւը նւազել է 150-ով, մահացածների թիւը աճել է 572-ով, իսկ մշտական բնակչութիւնը նւազել է 8200-ով,

- 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրութեամբ՝ մշտական բնակչութիւնը նւազել է 11700-ով, որից 9500-ը գիւղական բնակավայրերում,

- 2019 թ. յունւար-սեպտեմբերին՝ բնակչութեան բնական յաւելաճը նւազել է 500-ով, ծնւածների թիւը նւազել է 2017 թ. նոյն ժամանակահատւածի համեմատ 1121-ով (4.1 տոկոսով), իսկ 2018 թ. նոյն ժամանակահատւածի համեմատ 20-ով, միգրացիայի մնացորդը կազմել է -14700 (2017 թ.՝ -13500, 2018 թ.՝ -10900), ՀՀ փաստաթղթերով 35549 քաղաքացիներ անվերադարձ մեկնել են արտասահման, փոխարէնը՝ 25692 օտարերկրացիներ, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թւի 11 տոկոսը, եկել ու մնացել են Հայաստանում:

Փաստօրէն, ծնունդների բումի փոխարէն ունենք կրճատում: Խոստացւած հայրենադարձութիւնը եւս միֆ է: Փոխարէնը՝ հետեւողականօրէն աւելանում է տնտեսապէս յետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր՝ իրականում աւելացնելով առկայ ռիսկերն աշխատաշուկայում: Սա պայմանաւորւած է նաեւ այս ոլորտի կարգաւորման բացերով:

Յատկանշական է նաեւ, որ գործող կառավարութեան հնգամեայ ծրագրում ոչ մի խօսք չկայ բազմազաւակ ընտանիքներին պետական աջակցութեան մասին: Բազմազաւակ ընտանիքների աջակցութեանը վերաբերող օրէնքի նախագիծը իշխանափոխութիւնից յետոյ հանւեց շրջանառութիւնից: Իսկ 2019 թ. եւ 2020 թ. պետական բիւջէներով, 2020-2022 թթ. պետական միջնաժամկէտ ծախսային ծրագրով բազմազաւակ ընտանիքների աջակցութեան պետական ծրագիր եւ ֆինանսական միջոցներ նախատեսւած չեն:

Վերջին 30 տարիներին ծնունդների թւի նւազումը յանգեցրել է նաեւ բազմազաւակ (4 եւ աւելի երեխայ ունեցող) ընտանիքների թւի էական կրճատման: Բազմազաւակ ընտանիքների կէսն անապահով է: Այս բացասական միտումները պահպանւում են:

Այստեղ էլ նորից պէտք է բարձրաձայնենք՝ պետական աջակցութեան այս տեսակը ՀՀ Սահմանադրութեան 83 եւ 86-րդ յօդւածների պահանջն է եւ ժողովրդագրական զարգացման առումով ունի օբիեկտիւ անհրաժեշտութիւն:

Փոխարէնը՝ իշխանութիւնը օրակարգ է բերել Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացումն ու մեր ժողովրդի աւանդական ընտանեկան արժէքների այլասերման համար իրաւական այսօրինակ հիմքերի ապահովումը:

Նորից նոյն եւ իրական պատասխանների սպասող հարցերը. «Ե՞րբ են իրականացւելու խոստացւած բարեփոխումները ժողովրդագրութեան ոլորտում: Ե՞րբ ենք արձանագրելու ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ցուցանիշները»:

Այս հարցերին եւս առաջարկում ենք անդրադառնալ «100 փաստեր» իշխանական ձեւաչափով: Այս նպատակով օրերս հրապարակւած այլ հարցերի կարելի է ծանօթանալ հետեւեալ յղումներով:

Առաջիկայում էլ են լինելու նոր հարցեր՝ իշանութեան կողմից տրւած խոստումների իրականացմանը վերաբերող: 

 

ԹադԷոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի

ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։