Հա

Ազգային

07/12/2019 - 10:50

ՀՅԴ-ն երբեւէ չի ղեկավարւել միանձնեայ, ուր մնաց հանդուրժի որեւէ մէկի կողմից ստւերային ղեկավարում

Tert.am-ը հայաստանեան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամաւորական շարժում» ՀԿ-ն։ Հրանտ Մարգարեանն ասում է, որ ՀՅԴ-ն երբեւէ չի ղեկավարւել միանձնեայ։ Նա նոյնիսկ աւելորդ է համարում խօսակցութիւնները, որ ինքը ստւերից է կառավարում կուսակցութիւնը։

«alikonline.ir» - Tert.am-ը հայաստանեան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամաւորական շարժում» ՀԿ-ն։ Հրանտ Մարգարեանն ասում է, որ ՀՅԴ-ն երբեւէ չի ղեկավարւել միանձնեայ։ Նա նոյնիսկ աւելորդ է համարում խօսակցութիւնները, որ ինքը ստւերից է կառավարում կուսակցութիւնը։ Հարցազրոյցը կարդացէք ստորեւ.

 

- Պարո՛ն Մարգարեան, վերջին շրջանում շատ է խօսւում այն մասին, որ չնայած Դուք հեռացել էք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պաշտօնից, այնուամենայնիւ շարունակում էք կուսակցութեան ստւերային ղեկավարումը: Ի՞նչ կասէք այս մասին։

- Այս տարւայ սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածութիւնը չներկայացրի Բիւրոյի անդամ ընտրւելու համար: Այդպիսով, փաստօրէն հրաժարւեցի քաղաքական գործունէութեան ղեկավարման մէջ դերակատարութիւն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնաւորել եմ եւ յայտարարել, որ որեւէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկայ եւ չի կարող լինել, ինչպէս նաեւ վստահեցրել եմ, որ չեմ պատրաստւում վարագոյրների յետեւից շարունակել ղեկավար գործունէութիւն ծաւալել: Հիմա էլ ստիպւած եմ կրկնել նոյնը: Քանի որ, յատկապէս վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպւած եւ հետեւողական մի քարոզչութեան, աւելի ճիշտ՝ ասեկոսեների եւ բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրութեանը եւ ներկայացնել, թէ իբրեւ շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցութեան կողմից վարւող քաղաքականութիւնը:

Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետեւում, պարզապէս չեն ճանաչում մեր կուսակցութեանը եւ չգիտեն, որ այն որեւէ ժամանակ չի ղեկավարւել միանձնեայ կերպով, ուր մնաց հանդուրժի որեւէ մէկի կողմից ստւերային ղեկավարում:

Նրանք կա՛մ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցութեան ներկայ ղեկավարութեան գործունէութիւնը, կա՛մ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցւածքը Դաշնակցութեան դէմ ընդհանրապէս:

 

- Կուսակցութեան ղեկավար կազմից դուրս գալուց յետոյ, կարծես թէ, պասիւ էք, վերջին մէկ տարում քաղաքական գործընթացներում չէք, ինչո՞ւ:

- Այո, վերջին մէկ տարւայ ընթացքում հնարաւորինս խուսափել եմ հանրային ակտիւութիւնից եւ հրապարակային ելոյթներից՝ իմ բաժին գործն ու առաքելութիւնը համարելով միայն երկրի անվտանգութիւնը, պաշտպանութիւնը եւ Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:

Ընդամենը երկու անգամ եմ հանդէս եկել հրապարակային խօսքով՝ երկու անգամն էլ խօսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դէպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որեւէ պարագայում չպէտք է խախտի երկրի կայունութիւնը, որը հիմնական գրաւականն է Արցախի անվտանգութեան:

 

- Դրա՞ն է առնչւելու «Կամաւորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:

- Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագայ գործը եւ այս գործով եմ պատրաստւում նախկինի պէս շարունակել ծառայել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրութեան դատին:

 

- Պարո՛ն Մարգարեան, ՀՅԴ-ական ուսանողներն են վերջերս քաղաքական օրակարգում, խնդիրներ ու պահանջներ ունեն, ի՞նչ կասէք այդ մասին, հետեւո՞ւմ էք գործընթացներին:

- Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգութիւնս ու ցաւս յայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդաւանքներում: Սա անթոյլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսութեան ու դաւաճանութեան: Աւելին` այս կապակցութեամբ ասել չեմ կամենում:

Վերջում միայն աւելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցութեան ղեկավար կազմում, Դաշնակցութիւնն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունէութիւնը եւ թոյլ չի տալու դրանից որեւէ շեղում: Եւ որեւէ մէկին չի յաջողւելու արգելել մեզ մտածել, արտայայտւել ու գործել:

Ի դէպ, յատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից եւ այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ յայտարարութիւններին եւ մեղադրանքներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։