Հա

Ազգային

07/12/2019 - 12:00

Հաճելի թւացող յայտարարութիւններով առաջ գնալն աւելի վտանգաւոր է

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Բրատիսլաւայում կայացած հանդիպման ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին «Փաստինֆօ»-ն զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ։

«alikonline.ir» - ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Բրատիսլաւայում կայացած հանդիպման ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին «Փաստինֆօ»-ն զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ։

 

- Պարոն Մանոյեան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ում շրջանառութեան մէջ դրեց՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման՝ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը, որին Հայաստանը գոնէ ԱԳՆ-ի մակարդակով դեռ չի արձագանքել։ Այն պայմաններում, երբ բանակցող կողմերից մէկը, փաստացի նախանշեց գործընթացի վերաբերեալ իր պատկերացումների շրջանակը, ի՞նչ կարող ենք ակնկալել Մնացականեան-Մամեդեարով հանդիպումից։

- Ճիշտ չէ եզրակացնել, որ բանակցութիւնները պէտք է ընթանային այդ փաստաթղթի հիման վրայ, բայց դա ուրիշ բանի մասին է վկայում։ Երբ ՌԴ ԱԳ նախարարը Բաքւում էր եւ յայտարարեց, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի շրջանակներում միշտ փորձել են, այնպէս անել, որպէսզի բանակցութիւնների ընթացքում յայտարարութիւններ լինեն եւ իրենք ակնկալում են, որ դա կը լինի 5 կողմերի ստորագրութեամբ՝ 3 համանախագահողների եւ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, բայց այդտեղ նա ակնարկեց, որ խօսքը գնում է տեւական ժամանակ քննարկւող սկզբունքների մասին, եթէ կուզէք՝ այսպէս կոչւած Մադրիդեան սկզբունքների մասին, որոնք տարբեր ժամանակներում տարբեր անւանումներ են ստացել ու տարբեր շեշտադրումներ ունեցել, եթէ այդպէս էր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը նման փաստաթուղթ տարածեց։ Կարելի է ենթադրել, որ ընդամենը տարածեց, բայց նպատակը ի՞նչ է եղել եւ ըստ էութեան, այսօր մեր ԱԳՆ խօսնակն ասել է, որ ԱԳ նախարար Մնացականեանի այսօրւայ ելոյթը անդրադառնալու է նաեւ Ադրբեջանի տարածած փաստաթղթին, որովհետեւ առնւազն չկայ հայկական կողմի հակազդեցութիւնը այդ փաստաթղթին։ Թէ ինչ արդիւնքներ է ունեցել հանդիպումը, եթէ հիմնւենք հրապարակւած տեղեկութիւնների վրայ, պարզ է։ Նախ, դեռեւս չկայ համանախագահների յայտարարութիւնը, կարող է լինի, կարող է չլինի, բայց մինչեւ այս պահը չկայ։ Ես չեմ զարմանայ, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի եզրափակիչ յայտարարութեան մէջ` պարբերութեամբ, անդրադառնան ընդհանրապէս բանակցութիւններին։ Չի բացառւում, որ վաղը, երբ վեհաժողովն աւարտւի, յայտարարութիւնը հրապարակւի, բայց կարող է՝ իրենք սպասում են այսօր կամ վաղը եռակողմ կամ հնգակողմ յայտարարութեան հրապարակմանը։ Բնական է, որ Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարութիւնները իւրաքանչիւրն իր շահերից ելնելով յայտարարութիւններ է հրապարակել, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրութիւնը չի նշում այն կէտերի մասին, որոնց մեր նախարարութիւնն է անդրադառնում, այսինքն, ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու քայլեր անելու, փոխադարձ վստահութիւն առաջացնելու, արդէն կայացած պայմանաւորւածութիւնների իրականացման մասին։ Մեր ԱԳՆ-ն բաներ է ասում, բայց Ադրբեջանին, ըստ երեւոյթին, այդ կէտերը դուր չեն եկել։ Գոնէ մինչեւ այս պահը այդ մասին ակնարկ չեմ տեսել, տեսել եմ ակնարկ՝ տարեսկզբին հանդիպելու եւ բանակցութիւնները շարունակելու մասին։

 

- Պարոն Մանոյեան, յատկանշական է, որ ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու մասին յայտարարութիւնները հիմնականում պաշտօնական Երեւանից են հնչում եւ, ինչպէս Դուք նկատեցիք, ԱԳՆ-ի յայտարարութեան մէջ եւս այդ մասին նշւում է, այն դէպքում, երբ պաշտօնական Բաքւից, փաստօրէն խաղաղասիրական ուղերձներին բոլորովին այլ արձագանք է հնչում։ Արդեօ՞ք յայտնի է, թէ մենք ինչի դիմաց ենք խաղաղութեան նախապատրաստւում։ Եւ առհասարակ, յստակ է արդեօ՞ք հայկական կողմի դիրքորոշումը, մենք գիտե՞նք, որտեղ են կարմիր գծերը մեզ համար։

- Մեր ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է, որ նախարարն այսօր կանդրադառնայ Ադրբեջանի տարածած փաստաթղթին, յոյս ունեմ, որ կանդրադառնայ նաեւ Հայաստանի պաշտօնական կեցւածքին, ընդհանրապէս հարցի կարգաւորման գծով, որովհետեւ մենք հակասական յայտարարութիւններ ենք լսում եւ վարչապետից եւ ԱԳ նախարարից։ Երէկ մեր վարչապետը ԱԺ-ում մի կողմից ասում էր, որ պաշտօնական Հայաստանի եւ պաշտօնական Արցախի իշխանութիւնների տեսակէտները 100 տոկոսով նոյնական են, միաժամանակ հայկական կողմը, ի դէմս եւ վարչապետի, եւ ԱԳ նախարարի, շեշտում է, որ բանակցութիւնների արդիւնաւէտութեան համար անհրաժեշտ է Արցախի իշխանութիւնների մասնակցութիւնը գործընթացին, յատկապէս, հիմնարար մօտեցումների մշակման փուլում։ Սրանք միմեանց հարւածող յայտարարութիւններ են, սա նշանակում է, որ Երեւանում կամ Ստեփանակերտում լաւ չեն հասկացել, որ այդ երկուսը միասին ասելը շատ համոզիչ չէ, որովհետեւ եթէ 100 տոկոսով նոյնական են, ինչու է շեշտւում, որ անհրաժեշտ Արցախի մասնակցութիւնը։ Յետոյ, մենք տեսնում ենք, որ նոյնական չեն, օրինակ, պարզ չէ, թէ Հայաստանի վարչապետը կիսո՞ւմ է Արցախի՝ վերջին 3-4 տարիների այն յայտարարութիւնները, որ այլեւս պէտք չէ խօսել այսպէս կոչւած ազատագրւած տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրւած եւ պէտք չէ զանազանութիւն դնել ԼՂԻՄ-ի եւ մնացած տարածքների միջեւ, այս մօտեցումը կիսո՞ւմ է ՀՀ իշխանութեան ղեկավարը։ Այլ հարցեր էլ կան, որոնցից, դժբախտաբար, երեւում է, որ մեր իշխանութիւնները չունեն մշակւած ռազմավարութիւն, որ գիտեն՝ այս քայլը անելուց յետոյ դիմացինն այսպէս կանի, մենք էլ՝ այնպէս կանենք։ Սա է իրականում մտահոգիչը, որովհետեւ մեկ բան է, որ դու սխալ ուղղութիւն բռնես եւ գնաս, դա ինքնին խնդիր է, բայց ընդհանրապէս չիմանալ, թէ որ ուղղութեամբ ես գնում եւ փորձես ցոյց տալ, իբրեւ գնում ես առաջ՝ հաճելի թւացող յայտարարութիւններ անելով, դա ինքնին աւելի վտանգաւոր է։

 

- Պարոն Մանոյեան, երէկ անգամ որոշ փորձագէտներ կարծիքներ հնչեցրին, որ Ադրբեջանի տարածած փաստաթղթից յետոյ, որտեղ խօսք էր գնում զօրքերի դուրս բերման, այսպէս կոչւած բռնի տեղահանւածների եւ փախստականների վերադարձի, Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակի յստակեցման եւ այլնի մասին, Հայաստանը Բրատիսլաւայում այլեւս բանակցելու խնդիր չունի, որովհետեւ հակառակը նշանակելու է, որ այդ շրջանակի շուրջ են բանակցում։ Այս իրավիճակում բանակցութիւնները որքա՞ն արդիւնաւէտ կարող են լինել, եթէ առնւազն կողմերից մէկը նման դիրքորոշում է յայտնում։

- Ես կարծում եմ, որ նոյն յաջողութեամբ ադրբեջանական կողմից կարող էին տեսակէտներ յայտնել դեռ օգոստոս ամսին, որ եթէ ՀՀ վարչապետը յայտարարում է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, էլ ինչի շուրջ պէտք է բանակցել։ Ադրբեջանի տարածած փաստաթուղթը իրենց երազանքների արձանագրութիւնն է ընդամենը, իրականում այնտեղ նոր բան չկար։ Իհարկէ, այդ կեցւածքը չի կարող արդիւնաւէտ դարձնել բանակցութիւնները, բայց այնպէս չէ, որ պէտք չէ բանակցել, որովհետեւ բանակցութիւնները միշտ նախընտրելի են ոչ բանակցութիւններից, ինչը անվտանգութեան մթնոլորտն աւելի լարւած ու վտանգաւոր կը դարձնի։ Մենք ուրիշ բան պէտք է անենք, որը չեն անում եւ այստեղ էլ անհասկանալի է վարչապետի ասածը, որ պաշտօնական Երեւանի եւ Ստեփանակերտի կեցւածքները 100 տոկոսով նոյնական են, արդեօ՞ք իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ աշխատանքն է։ Այն գոնէ կառավարութեան ծրագրում չկայ։

Մենք ե՛ւ նախորդ իշխանութիւնների ժամանակ, երբ եղել ենք կոալիցիա, փորձել ենք սա ամրագրել, չենք յաջողել, ե՛ւ այս իշխանութեան սկզբնական շրջանում էլի փորձեցինք ու էլի չյաջողեցինք։ Ուրեմն, այստեղ կեցւածքների յստակ տարբերութիւն կայ, որովհետեւ Ադրբեջանի այդ դիրքորոշմանը ամենաճիշտ եւ թիրախային պատասխանը կը լինի այդ ուղղութեամբ կտրուկ քայլեր ձեռնարկելը եւ իսկապէս աշխատանք տանելը, որ Արցախի Հանրապետութիւնը, առնւազն մի քանի պետութիւնների կողմից, առնւազն այն սահմաններով, որով Հայաստանն է ճանաչեն, բայց դա ոչ միայն չկայ, այլեւ դրա մասին խօսակցութիւն էլ չկայ եւ համաձայն էլ չեղան, որ կառավարութեան ծրագրում ընդգրկւի։ Իրականութեանը չի համապտասխանում ասելը, թէ մեր տեսակէտները 100 տոկոսով նոյնական են եւ նպատակայարմար էլ չէ՝ բանակցութիւններին Արցախի իշխանութիւնների լիիրաւ մասնակցութեան խնդրի տեսանկիւնից։ Սա յստակ պատասխան կը լինի Ադրբեջանին։

 

- Պարոն Մանոյեան, յատկապէս վերջին շրջանում, նաեւ Բաքւում Լաւրով-Մամեդեարով հանդիպմանը յաջորդած ասուլիսին կարծես փորձ է արւում հաւասարութեան նշան դնել պաշտօնական Ստեփանակերտի եւ Ղարաբաղի, այսպէս կոչւած ադրբեջանական համայնքների միջեւ։ Խօսւեց համայնքների միջեւ շփումների անհրաժեշտութեան մասին եւ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ վերջնարդիւնքում ԼՂ ամբողջ բնակչութիւնը պէտք է որոշի՝ ինչպէս ապրել ապագայում։ Այստեղ խնդիր չէ՞ք տեսնում, յատկապէս ժողովրդական դիւանագիտութիւնը խթանելու, ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու ջանքերի համատեքստում։

- Ադրբեջանը միշտ փորձել է այդպէս անել, նոյնիսկ ժամանակին իրենք պնդել են, որ արցախահայերը բացառապէս հանդիպեն ու շփւեն այսպէս կոչւած ադրբեջանական համայնքի հետ, ինչը, բնական է, եւ անընդունելի է եւ իրական չէ, իսկ Լաւրովի ասածը նոյնիսկ Մադրիդեան սկզբունքներ ասւածի մէջ է, որտեղ նշւում է, որ ԼՂ ժողովուրդը պէտք է իր կամքը արտայայտի։ Թէեւ մանրամասներ չկան, բայց դրանից յետոյ տեղի ունեցած բանակցութիւնների ժամանակ որոշ չափով հասկացողութիւն կայ, թէ ինչ են հասկանում ԼՂ ժողովուրդ ասելով եւ այն ժամանակ բացատրութիւն կար, որ խօսքը գնում է այն թւերի եւ համամասնութեան մասին, որն առկայ էր 1988 թւականին՝ 75-80 տոկոս հայ եւ 20-25 տոկոս ադրբեջանցի։ Լաւրովի ասածն այդ համատեքստում պէտք է հասկանալ։ Նաեւ հասկանալի է, որ նա տեղի լսարանի համար է յայտարարութիւն արել, որ լաւ հնչի։ Փաստ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները այցելում են Ստեփանակերտ կամ Երեւանում հանդիպում են Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ, Բաքու այցելութեան ընթացքում էլ հանդիպում են այսպէս կոչւած Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Թէ ով են դրանք, ում են ներկայացնում, ինչ են ներկայացնում, դա այլ խնդիր է, բայց պէտք է արձանագրել, որ տասնամեակներ շարունակ Արցախում ընտրութիւններ, ժողովրդավարական գործընթացներ կան, ժողովուրդն իր կամքն է արտայայտում, իսկ Բաքւում մի հասարակական կազմակերպութեան փորձում են ներկայացնել որպէս համայնք, այսինքն, սա իհարկէ, խնդիր է, բայց այս պահին, իրերի ներկայ ֆոնին դա տասներորդական խնդիր է։

 

- Ամփոփելով, այս փուլում ո՞րն է առաջնահերթութիւնը, հիմնական խնդիրը։

- Կարեւոր է, որ ՀՀ իշխանութիւնները իմանան՝ ինչ են ուզում, այնպէս չլինի, որ ամէն պահի այսրոպէական քայլեր են ձեռնարկում։ Ադրբեջանի փոխնախագահը Տելեգրամի ֆէյք հաշւից իբր ցանկութիւն է արտայայտել, մեր վարչապետի տիկինն էլ այդ ցանկութեանը պատասխանի։ Սրանք, պարզ է, որ այսրոպէական, սրա կամ նրա առաջ հաճելի թւալու քայլեր են, որ որեւէ օգուտ չի կարող ունենալ, իշխանութիւնը պէտք է իմանայ՝ ինչ է ուզում անել, հասարակութիւնը պէտք է իմանայ՝ իշխանութիւնն ինչ է փորձում անել եւ երրորդ, ասացի, որ այդ անելիքի մասը պէտք է կազմի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ հետեւողական աշխատանքը՝ նաեւ որպէս ճնշում Ադրբեջանի վրայ, որ չի կարելի տասնամեակներով խաղաղ ու օրը մէկ մի փաստաթուղթ հանել եւ փորձել սկսել զրոյից, այդ դէպքում կարծես մենք 87 թւականի նոյեմբերին ենք եւ ոչինչ չի եղել:

 

- Պարոն Մանոյեան, այլ հարցերից խօսենք, շատերը նախօրէին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանին որպէս մեղադրեալ ներգրաւելը պայմանաւորեցին Արցախեան հիմնախնդրի շուրջ ստեղծւած իրավիճակի հետ։ Տեսակէտներ կան, որ Փաշինեանը փորձում է հեռացնել նրանց, ովքեր առնչութիւն են ունեցել գործընթացին։ ՀՀ 2-րդ նախագահը կալանքի տակ է, 3-րդին մեղադրանք է առաջադրւել։ Ի՞նչ կարծիք ունէք։

- Ներկայացնեմ իմ անձնական կարծիքը, այնպէս չէ, որ կուսակցութիւնում այս հարցին անդրադարձել ենք, վարչապետը երէկ մէկ այլ քաղաքական ուժի հետ կապւած քար գցեց իրենց կողմը՝ ասելով, որ ԲՀԿ-ն սկսել է ներդրումների մասին մտահոգութիւններ յայտնել, երբ Ծառուկեանի սեփականութիւններից մէկի գլխաւոր տնօրէնը Հիւսիս-հարաւի հարցով ձերբակալւեց եւ ասում է՝ ժամանակագրութիւնն է սա, ես էլ ասում եմ՝ ժամանակագրութիւնն այն է, որ Սերժ Սարգսեանը գնաց ԵԺԿ-ում ելոյթ ունեցաւ, ասելիքն ասեց, եկաւ եւ հիմա արդէն արգելում են երկրից բացակայել։ Սա է կապը, չեմ կարծում, որ դրանով իրենք կը կարողանան ինչ-որ բան անել, Սերժ Սարգսեանին բանտարկեն էլ նոյնիսկ, Սերժ Սարգսեանն իր ասելիքը կասի, կարծում եմ, ինչպէս եւ ցանկացած մարդ, որն ասելիք ունի եւ ցանկութիւն ունի այն ասելու։ Ուղղակի Արցախի հարցի հետ չէի կապի, պարզապէս արգելք դրւեց, որ արտասահման չգնայ, գնացել է, այդ կուսակցութիւնների մեծ կառոյցում տեսակէտ է յայտնել, հիմա արգելեցին, որ չգնայ, բայց դա էլ կարելի է շրջանցել, հեռակայ կերպով կարելի է ասել։

 

- Դաշնակցութեան հասցէին էլ երէկ վարչապետ Փաշինեանը յայտարարութիւններ հնչեցրեց, նա հեռացող գնացքի մասին մի երգ յիշեց, իսկ իշխանական պատգամաւորներն էլ յայտարարեցին, որ ՀՅԴ-ն փորձում է թաքնւել երիտասարդների, ուսանողների թիկունքում։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք, Ձեր արձագանքը՝ խնդրեմ։

- Ժպիտով, կարելի է ասել, յատկապէս գնացքի երգը վարչապետի երգելը, որովհետեւ ես յիշում եմ շատ աւելի լուրջ բան՝ 1925 թւականի Եղիշէ Չարենցը գրել է «Հանգուցեալ պարոնը կամ պարոն հանգուցեալը», որտեղ ասել է, որ ես մասնակցել եմ թաղմանը, խօսքը Դաշնակցութեան մասին է, հիմա ինքն ասում է, որ գնացքը գնացել է, այն ժամանակ անգամ թաղումներ են կազմակերպւել, բայց այսօր մենք 2019 թւականում ենք, Դաշնակցութիւնը կայ եւ 100 տարի շարունակ նոյն երգն են երգում։ Հիմա ի՞նչ անենք, ինքն ուզում է այդպէս տեսնել, այդպէս հաւատալ, Աստւած իր հետ, ինչ վերաբերում է միւսների յայտարարութիւններին, թաքնւելու խնդիր չկայ, իրենք են, որ քաղաքականացրել են, չեն հասկանում, որ ապիկար նախարար ունեն եւ իրենց պահւածքն էլ, որ երէկ վարչապետը նորից կրկնեց, թէ սա նաեւ կառավարութեան քաղաքականութիւնն է, եթէ այդպէս է, եթէ մարդիկ առիթ են տալիս նախարարին, որպէսզի հանդիպի, բացատրի եւ իրենք էլ իրենց ասելիքն ասեն եւ դրան պատասխանում են բազմապատիկ աւելի մեծ թւով ոստիկաններով, խօսում է այն հոգեվիճակի եւ ժողովրդավարութեան ըմբռնումների մասին։ Ես յիշեցի, որ երէկ վարչապետը վկայութիւն էր բերում, թէ ինտերնետի ազատութեան ցուցանիշով Ֆրանսիայի հետ հաւասար մենք 8-րդ տեղում ենք, բայց ժողովրդավարութիւնը միայն ինտերնետի ազատութիւնը չէ։ Մենք նոյնիսկ այսպէս ասած հին Հայաստանում ունեցել ենք ընթացք, երբ ուսանողները ցոյց են արել, դասադուլ են արել, ուզեցել են նախարարին հանդիպել Լեւոն Մկրտչեանի ժամանակ, նա բնականաբար, ընդունել, հանդիպել է։ Եթէ սա է իրենց հասկացած ժողովրդավարութիւնը, վայ մեզ։

 

Յ.Գ. Հարցազրոյցը տեղի է ունեցել մինչեւ ԱԳՆ-ի կողմից ԱԳ նախարար Զոհրապ Մնացականեանի ելոյթի հրապարակումը։

 

Հեղինակ՝ Մ. Ղ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։