Հա

Ազգային

09/12/2019 - 10:30

«Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

 

- Եթէ ՀՅԴ-ն զրօ քաղաքական ազդեցութիւն ունեցող ուժ է, ապա ինչո՞ւ յանկարծ այդքան մեծ, լայն թափով փորձեցին երիտասարդների` նախարարի հետ հանդիպելու, նրան առաջ քաշւած հարցերը քննարկելու ընդամենը մէկ պահանջին այդպիսի հակընդդէմ քայլ իրականացնել: Ինչո՞ւ բերեցին այդքան ոստիկանական ուժ, կարմիրբերետաւորներ, եթէ ՀՅԴ-ն զրօ քաղաքական ազդեցութիւն ունեցող ուժ էր: Իրենք շատ լաւ վախենում են ՀՅԴ-ից, որովհետեւ ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թոյլ չի տալու երկրի իշխանութիւններին իրականացնելու ազգակործան քաղաքականութիւն, երբեք թոյլ չի տայ, որ նրանց որեւէ քայլը յանկարծ խաթարի մեր ազգային արժէքները: Այդ առումով նրանք մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից, չէ որ իրենք եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու: Նրանք իրականացնում են ազգակործան քաղաքականութիւն, եւ այդ իրականացման ճանապարհին առաջին պատնէշը, ընդ որում` ամենավտանգաւոր ուժն իրենց համար ՀՅԴ-ն է: Դրա համար էլ լայն թափով սկսել են ՀՅԴ-ի դէմ ելոյթներ իրականացնել:

 

- Սա Ձեզ չի՞ յիշեցնում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վարած քաղաքականութիւնը:

- Այո, եւ իրենք պէտք է լաւ յիշեն, թէ Լեւոն Տէր-Պետրոսեանի վարած քաղաքականութիւնն ինչ ճակատագիր ունեցաւ: Իրենք ի սկզբանէ իրենց յայտարարում են ժողովրդի կառավարութիւն, իսկ ժողովրդի կառավարութիւնում պէտք է լինեն ժողովրդի նախարարներ: Եթէ 60 հոգանոց «Ռեսթարթ» խումբը կարող էր գնալ մամլոյ ասուլիս խափանել եւ ասել` ժողովուրդն այդպէս է պահանջում, ապա ինչո՞ւ մեր երիտասարդների պահանջը` ընդամենը հանդիպել նախարարի հետ եւ քննարկել այն մտահոգութիւնները, որոնք իրենք էին առաջ քաշել, ժողովուրդ չէին: Պարզապէս, Արայիկ Յարութիւնեան նախարարն իրաւունք չունի նախարար կոչւելու, նա բովանդակային զրոյցի պատրաստ չէ եւ չէր կարող պատասխանել հարցերին, որոնք առաջ էին քաշւել մեր երիտասարդների կողմից: Նա նոյնիկ չկարողացաւ պատասխանել գիտնականների, դասախօսների հետ հանդիպման ժամանակ բարձրացւած հարցադրումներին, այնտեղ էլ հօ բոլորը ՀՅԴ-ականներ չէին: Ցանկացած հարց նա տանում է քաղաքական դաշտ, ի՞նչ է նշանակում, երբ դասախօսը հարցադրում է անում հայոց լեզւի վերաբերեալ, ինքն ասում է` ձեր եղբօր կուսակցութիւնը... Եղբայր, քեզ տւել են նախարարին վերաբերող հարց, ի՞նչ կապ ունի այստեղ` ում բարեկամը որ կուսակցութիւնից է:

 

- Արայիկ Յարութիւնեանը փորձում էր, այսպէս ասած, դրսի ՀՅԴ-ականներից տղայ բերել Ձեր կուսակցութեան դէմ, բայց չստացւեց: Հիմա Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ Ձեր կուսակցութիւնը զրօ քաղաքական ազդեցութիւն ունի: Սպասե՞նք Սփիւռքի ՀՅԴ-ականներից որեւէ արձագանք:

- Արայիկ Յարութիւնեանի դէմ դրսում տեղի ունեցած ակցիաները ոչ թէ կազմակերպւած, այլ ինքնաբուխ էին: Իսկ դրսի եւ ներսի Դաշնակցութիւն գոյութիւն չունի, դա իրենց մտասեւեռումն է: Իրենք են այդպէս ուզում, որպէսզի տրոհեն ՀՅԴ-ին: Այնպէս որ, պատասխան, բնականաբար, լինելու է, եւ մեր քայլերն ամէն օր կրկին ապացուցելու են, որ եթէ զրօ է, ապա ինչո՞ւ էք վախենում:

 

- Տիկին Կիւրեղեան, Ձեզ մեղաւոր չէ՞ք զգում այսօրւայ իրավիճակի համար, չէ՞ որ տարիուկէս առաջ նաեւ Ձեր եւ Ձեր խմբակցութեան քւէարկութեամբ ու աջակցութեամբ Փաշինեանը դարձաւ վարչապետ:

- Երբ մենք նրան ձայն տւեցինք եւ ընտրեցինք որպէս վարչապետ, նախապէս` մինչեւ մեր ձայն տալը, մեր միջեւ կայացել էր բանակցութիւն: Ձեռք էին բերւել որոշակի պայմանաւորւածութիւններ, որ պարոն Փաշինեանը, վարչապետ դառնալով, պէտք է մի շարք հարցեր լուծի այն ուղղութեամբ, ինչպէս մենք էինք մատնանշում: Եւ պատկերացրէք, որ ստացել էինք նրա համաձայնութիւնը` Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւն, մէկ տարւայ ընթացքում արտահերթ ընտրութիւնների կայացման, ուժային կառոյցները վարչապետի ենթակայութիւնից Ազգային ժողովի ենթակայութիւն տակ դնելու  եւ այլնի հետ կապւած: Նա ընդունել էր մեր առաջարկները, բայց ո՞ւմ մտքով կանցնէր, որ Ն. Փաշինեանը վարչապետ էլ դառնայ, միեւնոյնն է, մնալու է փողոցի հանրահաւաքի ղեկավար: Նա այդպէս էլ վարչապետ չդարձաւ եւ այդ պահին մեր ձայնը ստանալու համար` ընդամենը ժպտաց մեզ:

 

- Ինչո՞ւ, լինելով փորձառու քաղաքական ուժ, խաբւեցիք...

- Այո, մենք խաբւեցինք, ընդունում ենք, որ միգուցէ խաբւեցինք, բայց իրաւունք չունէինք չհաւատալու: Ի վերջոյ, այն ժողովուրդը, որ փողոց էր դուրս եկել, մեր հայ ժողովուրդն էր, նա նաեւ մեզնից էր պահանջում:

 

- Ռոմատիզմի զոհ դարձա՞ք...

- Չէի ասի` ռոմանտիզմի, մենք իրատես ենք, այնպէս չէ, որ էյֆորիայի մէջ ենթադրում էինք, որ Նիկոլ Փաշինեանը հեսայ եկաւ եւ երկիրը բերելու է մեր ուզած ընթացքի մէջ դնի:

 

- Արայիկ Յարութիւնեանը ՀՅԴ-ի մատնանշած խնդիրներից ընդամենը մէկն է: Հիմա նաեւ Արցախի շուրջ են զարգացումներ տեղի ունենում: Ադրբեջանը վերջնագրեր է ներկայացնում, իշխանութիւնը լռում է: Չի՞ ուշանում ՀՅԴ-ի կարմի քարտը:

- Ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ հայ ժողովրդի կողմից Փաշինեանի կառավարութեանը ներկայացւող կարմիր քարտն արդէն հասունանում է: Մի կողմից` ադրբեջանական իշխանութիւնը կապիտուլիացիոն պահանջներ է ներկայացնում, միւս կողմից` վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ բանակցութիւնները արդիւնք կը բերեն միայն այն դէպքում, երբ երեք ժողովուրդները համախմբւեն ընդհանուր որոշման շուրջ: Իսկ երրորդ կողմը յայտարարում է, թէ ինքը ինչից յետոյ միայն կարող է գնալ բանակցութիւնների, սա ի՞նչ է նշանակում, այսինքն` պատրա՞ստ ենք այս մեկնարկից սկսելու բանակցութիւնները: Ինձ մտահոգում է, որ մեր Արտաքին գործերի նախարարութիւնը չարձագանեց եւ դեռ աւելին` ինչ-որ արձագանքներ հնչեցին վարչապետի կնոջ շուրթերից: Իրենց կարճ խելքով թւում է, որ իրենք կարող են ինչ-որ գաղտնի բանակցութիւնների արդիւնքում փաստաթուղթ ունենալ եւ դնել սեղանին` մեր ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելով: Բայց ինչքան էլ ուզում են սեւ ու սպիտակի,  յեղափոխական-հակայեղափոխականի բաժանել, միեւնոյնն է, հայ ժողովուրդը միակամ է Արցախի հարցում, եւ որեւէ բանակցութիւն չի կարող ընկալելի լինել մեր ժողովրդի կողմից, եթէ այն մեր ինքնութեանն ու պետականութեանը դէմ է: Մի՞թէ մինչեւ հիմա մեր ունեցած ձեռքբերումները պէտք է փորձեն  վերադարձնել, թող Նիկոլ Փաշինեանին եւ իր մանկամիտ թիմին չթւայ, թէ Արցախի հարցում կարող են անել այն ամէնը, ինչ ուզում են` յենւելով միայն նրա վրայ, որ 70 տոկոս ձայն են ստացել: Միեւնոյնն է, իրենք կը նստեն իրենց առաջարկած գնացքը եւ կը գնան:

 

Հրանտ Սարաֆեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։