Հա

Ազգային

09/12/2019 - 13:00

ՀՅ Դաշնակցութեան ուժը

ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրները ժամանակի հայ կեանքի ամէնէն իրազեկ մարդիկն էին: Այդ վկայում են նրանց թողած երկերը, բայց, մա՛նաւանդ` ՀՅ Դաշնակցութեան առաջին ծրագիրը: Մինչդեռ նրանցից առաջ եւ յետոյ հայ կուսակցութիւն կազմողները ընդհանրապէս մեկնում էին վերացական դատողութիւններից, անում էին բնազանցական ընդհանրացումներ, ՀՅ Դաշնակցութեան ծրագրի հեղինակները խօսում են միայն կենդանի փաստերի եւ իրական տուեալների մասին: Այդ պատճառով նրանց եզրակացութիւններն էլ կենդանի են եւ իրական:

ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ

 

ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրները ժամանակի հայ կեանքի ամէնէն իրազեկ մարդիկն էին: Այդ վկայում են նրանց թողած երկերը, բայց, մա՛նաւանդ` ՀՅ Դաշնակցութեան առաջին ծրագիրը: Մինչդեռ նրանցից առաջ եւ յետոյ հայ կուսակցութիւն կազմողները ընդհանրապէս մեկնում էին վերացական դատողութիւններից, անում էին բնազանցական ընդհանրացումներ, ՀՅ Դաշնակցութեան ծրագրի հեղինակները խօսում են միայն կենդանի փաստերի եւ իրական տուեալների մասին: Այդ պատճառով նրանց եզրակացութիւններն էլ կենդանի են եւ իրական: Դաշնակցութիւնը պատասխանում է հայ իրականութեան նզովեալ հարցերին: Դաշնակցութիւնը դնում է հա՛յ միջավայրից բխող պահանջներ: Դաշնակցութիւնը հաշուի է առնում միայն Հայաստանի ու հայ կեանքի առանձնայատկութիւնները: Ուստի եւ ՀՅ Դաշնակցութեան ծրագրում տիրական է ազգային տարերքը: Եւ Դաշնակցութեան ծրագիրը ո՛չ միայն կուսակցական ծրագիր է, այլեւ` ընդհանրական հայ ազգային հաւատամք:

Նոյնը պէտք է ասել եւ ՀՅ Դաշնակցութեան կազմակերպական ձեւի մասին: ՀՅ Դաշնակցութեան հիմնադիր ժողովում, 1890 թուին, ընդունուել էր խիստ կենտրոնացման սկզբունքը, սակայն, երկու տարուայ փորձը բաւական եղաւ, որպէսզի Դաշնակցութեան հիմնադիրների առողջ բնազդը ըմբռնէ, որ կենտրոնացումը անհամապատասխան է հայ իրականութեան պայմաններին: 1892 թ. առաջին Ընդհանուր Ժողովում արդէն կեդրոնացման դրութիւնը փոխարինուեց ապակենտրոնացումով: Հնչակեան կուսակցութիւնը քայքայուեց ծայրայեղ կենտրոնացման հետեւանքով: Դաշնակցութիւնը ապրեց եւ զօրացաւ շնորհիւ ապակեդրոնացման:

Կայ եւ մի ուրիշ խիստ կարեւոր ապագայ. միւս հայ կուսակցութիւնները կառուցուած են նուիրապետական սկզբունքով. վերից վար իշխում է տիրողի ու ենթարկուողի, հրամայողի ու հրամանը կատարեալ պարտաւորուածի իրաւական փոխյարաբերութիւնը: Սոսկ մեքենայական կարգապահութիւն: Դաշնակցութեան մէջ, մա՛նաւանդ նրա կեանքի սկզբնական շրջանում, իշխանութիւնն ու կարգապահութիւնը զուտ բարոյական են: «Յեղափոխական գործում,- ասուած է ՀՅ Դաշնակցութեան 1892 թ. ծրագրում,- չի կարող լինել իրաւունքի եւ պահանջի խնդիր, այլ միայն բարոյական պարտաւորութեան եւ բաւարարութեան խնդիր»: Եւ սա միայն խօսք չէր. «բարոյական պարտաւորութեան» գիտակցութեան ուժն էր, որ հարկաւոր ու հազարաւոր դաշնակցական ընկերներին մղում էր դէպի հերոսական գործեր, յաճախ դէպի անխուսափելի մահ: ՀՅԴաշնակցութեան ուժը այսօր էլ բարոյականութեան մէջ է, յեղափոխական պարտքի եւ իրաւունքի բարոյական հիմքերի մէջ:

ՀՅ Դաշնակցութիւնը սովորական կուսակցութիւն չէ. նա եւ Ուխտ է միաժամանակ, բառի լաւագոյն իմաստով` եղբայրակցութիւն: Դաշնակցականը դաշնակցականի համար միայն գաղափարակից ու զինակից չէ, այլեւ բարոյական պարտականութիւններով եւ իրաւունքներով եղբայրացած անհատ: Մի անտեսանելի, շատերի համար անհասկնալի խորհուրդ, մի հոգեւոր զօրութիւն սաւառնում է ՀՅ Դաշնակցութեան, բոլոր իսկական դաշնակցականների գլխին, պաշտպանում նրանց ժամանակի ու մարդկային կրքերի ժանգից, ուժ է տալիս նրանց, ներշնչում գաղափարական անձնազոհութեան եւ հերոսական գործերի համար:

ՀՅ Դաշնակցութեան մէջ կայ ուժի մի աղբիւր եւս, որից զուրկ են բոլոր հայ կուսակցութիւնները.- տիրական պաշտամունք անցեալ գործերի եւ նահատակ ընկերների: Դաշնակցութիւնը այն չէ միայն, որ այսօր կայ. Դաշնակցութիւնը ամբողջ մի վիպերգութիւն է, պատմական մի էպոպէ, որ յղացուել է կէս դար առաջ եւ աճում ու զարգանում է դեռ, ծաւալում ու խորանում է անընդհատ` հայ ժողովրդի կեանքի եւ գիտակցութեան մէջ: Դաշնակցութեան անդամները նրանք չեն միայն, որ արձանագրուել են կուսակցութեան տոմարներում, այլեւ բոլոր նրանք, որոնք երբեւիցէ ապրել, գործել ու նահատակուել են Դաշնակցութեան դրօշի տակ: Մեզ հե՛տ են միշտ, մեր մէջ են բոլոր մեր գաղափարական առաջնորդները եւ մարտիկները` հիմնադիրների սրբազան երրորդութիւնից սկսած մինչեւ այսօր` բոլոր նրանք, որոնց մարմնինը հանգչում է յայտնի կամ անյայտ գերեզմաններում, բայց որոնց հոգին մի՛շտ մեր մէջ է, մեզ հետ` իբրեւ ներշնչող, ուղեցոյց, մարտակից եւ առաջնորդ: Երբ դաշնակցական ժողովները բանաձեւ են հանում, այդ բանաձեւին քուէարկում են ո՛չ միայն ժողովին ներկայ եղողները, այլեւ` Քրիստափորները, Զաւարեաններն ու Ռոստոմները: Երբ դաշնակցական մարտիկը կռուի դաշտ է մեկնում, նրա կողքին են ե՛ւ Արամ Արամեանները, ե՛ւ Բաբկէն Սիւնիները, ե՛ւ Սերոբներն ու Գէորգ Չաւուշները, ե՛ւ Դումաններն ու Խէչոները:

ՀՅ Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում ծնուած ու սնուած մի հզօր կուսակցութիւն: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպուած կամքը, նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը: Նա ուրիշ կուսակցութիւնների նման չէ: Իր խորքով ու ձեւով նա հայկական է, պտուղը հայ ժողովրդի, բնական ծնունդը հայկական միջավայրի, մինչեւ այժմ չկրկնուած ու դեռ երկար ժամանակ չկրկնուելիք:

Ահա թէ ինչու ՀՅ Դաշնակցութիւնից առաջ եւ նրանից յետոյ մէկից աւելի հայ կուսակցութիւններն են ստեղծուել, բայց նրանք կամ այլեւս չկան, կամ ապրում են սահմանափակ թուով մարդկանց մէջ: ՀՅ Դաշնակցութիւնն է միայն երկարակեաց, կենսունակ, լայնքով ու խորքով համաժողովրդական, գործօն ու զօրաւոր, որ ծննդեան օրից սկսած մինչեւ այսօր գրանիտի պէս անսասան կեցած է քաղաքական պայքարի առաջաւոր դիրքերում:

 

«Ազդակ»

08.12.2017

Յարակից լուրեր

  • Դատարանը վարոյթ է ընդունել ՀՅԴ-ի յայցն ընդդէմ Արման Բաբաջանեանի
    Դատարանը վարոյթ է ընդունել ՀՅԴ-ի յայցն ընդդէմ Արման Բաբաջանեանի

    Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի դատաւոր Աւագ Գաբրիէլեանը վարոյթ է ընդունել ՀՅԴ անդամների յայցն ընդդէմ՝ ՀՀ ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանի. Yerkir.am-ն այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատւական համակարգից:

  • Այսօր լրանում է ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմի մահւան 101-ամեակը
    Այսօր լրանում է ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմի մահւան 101-ամեակը

    101 տարի առաջ, այս օրը` 1919 թւականի յունւարի 19-ին, իր մահկանացուն կնքեց Ստեփան Զօրեանը, նոյն ինքը` ՌՈՍՏՈՄԸ: Հ.Յ.Դ. հիմնադիրներց, Դաշնակցութեան ոգու մարմնացումը, մեծ հայն ու հումանիստը, նւիրեալ յեղափոխականն ու երդւալ սոցիալիստը:

  • Դաշնակցութեան խօսքը նորազատականութեան այսօրուան ժխորին մէջ
    Դաշնակցութեան խօսքը նորազատականութեան այսօրուան ժխորին մէջ

    Սկսինք հիմնականէն, սկիզբէն։

    Նորազատականութիւնը դրամատիրական համակարգի նորագոյն գաղափարախօսական «գիւտ»ն է։ Դրամատիրութիւնը միշտ ձգտած է հարստութեանց անյագ կուտակումին: Այդ հարստութիւնը կրնայ կանխիկ դրամի ձեւով ըլլալ, կրնայ նաեւ յառաջանալ բնական պաշարներով՝ քարիւղով, բնական կազով, հանքային զանազան պաշարներով (մետաղներ եւ այլն), առանց մոռնալու… ջուրը։

  • Հայրենիքի եւ հայութեան ծառայութեան մէջ (Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան առիթով)
    Հայրենիքի եւ հայութեան ծառայութեան մէջ (Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան առիթով)

    Բահով եւ բրիչով, գրիչով եւ խօսքով, տասնոցով եւ քլաշինով՝ 130 տարի հայրենիքի ու հայութեան ծառայութեան մէջ։

  • Մեր առաջնահերթութիւնը դուք չէք
    Մեր առաջնահերթութիւնը դուք չէք

    Դիմատետրը կը վխտայ ամէն կարգի ապակողմնորոշիչ գրառումներով մէկ կողմէ իշխանութեան քարոզչական մեքենան շարժման մէջ պահելու եւ միւս կողմէ՝ Դաշնակցութեան թափը կասեցնելու յստակ դիտաւորութեամբ։ Կը թուի, թէ ռազմաբեմը այլեւս սահմանագիծը չէ։ Ռազմաբեմը փոխադրուած է ներքին քաղաքականութեան ոլորտէն ներս։ Նախայարձակումը (aggression, ագրեսիա) տեղի կ՚ունենայ Երեւանի մէջ իսկ։ Եւ թիրախը մեր ազգային քաղաքականութիւնն է։ Մեր ազգային գաղափարախօսութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։