Հա

Ազգային

12/12/2019 - 10:40

«Շատ վտանգաւոր տեսակէտ շրջանառութեան մէջ դրւեց վերջին 2 օրւայ ընթացքում». Դաւիթ Իշխանեան

Արցախում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ Արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլի շուրջ «Փաստինֆօ»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

«alikonline.ir» - Արցախում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ Արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլի շուրջ «Փաստինֆօ»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

 

- Պարոն Իշխանեան, խօսենք Արցախի ներքաղաքական մթնոլորտից, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ակնկալիքներով էք պատրաստւում նախագահական ընտրութիւններին։

- Սովորական նախընտրական մթնոլորտ է, որեւէ արտառոց երեւոյթ, կարծես թէ, չկայ, բնականաբար, քաղաքական ուժերի վերադասաւորումներ են տեղի ունենում, նաեւ յայտեր՝ մասնակցելու ապագայ համապետական ընտրութիւններին, յատկապէս՝ նախագահական ընտրութիւններին։ Միակ արտառոց երեւոյթը, Սահմանադրութեան «ընձեռած» հնարաւորութիւնն է՝ համաժամանակեայ ընտրութիւնների անցկացումը մէկ օրւայ մէջ։

 

- Դաշնակցութիւնը դեռ, կարծես թէ, որոշում չունի, շարունակւո՞ւմ են քննարկումները, թէ՞ արդէն մօտ էք համապատասխան որոշմանը։ Կը մասնակցէք առանձի՞ն, թէ այդուհանդերձ, կը սատարէք թեկնածուներից մէկին։

- Ընտրութիւններին մասնակցութեան մեր ձեւաչափի մասին հանդէս ենք եկել յայտարարութեամբ, երբ սկսել էինք քաղաքական քննարկումներ դաշտում գործող կուսակցութիւններ եւ նաեւ հաւանական որոշ թեկնածուների հետ։ Քննարկումների փուլը աւարտել ենք եւ դեկտեմբերի 15-ին կը գումարենք մեր արտակարգ ժողովը։ Իհարկէ, մեր քննարկումների արդիւնքների մասին կը տեղեկացնենք, թէ ովքեր են ընտրւած այդ ժողովի պատգամաւոր եւ քննարկումների արդիւնքում ի յայտ կը գայ ձեւաչափը, որով կը մասնակցենք ընտրութիւններին եւ կունենանք համապատասխան որոշում։

 

- Պարոն Իշխանեան, հասարակական-քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկւում է այն հարցը, թէ ով է լինելու ՀՀ գործող իշխանութեան նախընտրելի թեկնածուն։ Նոյնիսկ անուններ են նշւում, թեկնածուներից առնւազն 2- անունները մամուլով շրջանառւեցին։

- Եւ ովքե՞ր են այդ երկուսը։

 

- Մամուլում շրջանառւում են Արայիկ Յարութիւնեանի եւ Մասիս Մայիլեանի անունները։

- Մեր նախաձեռնած հանդիպումների ընթացքում ոչ մէկը, ոչ միւսը չեն ներկայացել որպէս ՀՀ իշխանութիւնների նախընտրած թեկնածու եւ այդ առումով, թերեւս զերծ կը մնամ մամուլում շրջանառւող տեսակէտների մեկնաբանութիւնից։ Ինչ մնում է ապագայ նախագահի հարցին, բնականաբար, ով էլ որ ընտրւի Արցախի նախագահ, կարծում եմ, այն ներդաշնակ համագործակցութիւնը, որ մենք ունեցել ենք 90-ական թւականներից այս կողմ, իհարկէ, Հայաստան-Արցախ որոշ վայրիվերումներով, կարծում եմ այդ քաղաքականութիւնը պէտք է որդեգրւի։

 

- Արցախի առաջին եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում յայտարարել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ «քծնող նախագահ», որըմէջբերեմ ՝«հնազանդօրէն տուրք է տալիս որեւէ մէկի, ներառեալ Հայաստանի վարչապետի, քմահաճոյքներին»: Նա նաեւ ասել է, որ «ընտրութիւններին արտաքին ուժերի կողմից ֆինանսաւորւող ոչ կառավարական կազմակերպութիւնների միակցումը հարցեր է առաջացնում» եւ, որ «այնտեղ պէտք են պատերազմով կոփւած խիզախ առաջնորդներ: Յուսամ՝ ղարաբաղցիների ընտրութիւնը հէնց այդպիսին կը լինի»: Համաձա՞յն էք այս մօտեցմանը։

- Անկեղծ ասած, ամբողջութեամբ ծանօթ չեմ Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցին, ուստի զերծ կը մնամ մեկնաբանութիւնից, որովհետեւ ճիշտ չեմ համարում ընդհանուր հարցազրոյցից վերցւած առանձին հատւածին մեկնաբանութիւն տալ, բայց մէկ բան կարող եմ ասել, որ Արցախի իշխանութիւնները եւ քաղաքական պատասխանատուները միշտ էլ պէտք է ունենան ինքնուրոյն գործելու քաղաքական վարքագիծ եւ Արցախի սուբիեկտայնութեան առումով դերակատարութիւն ունենան։

 

- Անցնենք Արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացին։ Ինչպէ՞ս էք գնահատում ներկայ փուլը։ Բրատիսլաւայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից եւ այդ հանդիպմանը նախորդած ու յաջորդած յայտարարութիւններից յետոյ մտահոգութիւնները ոչ թէ փարատւեցին, այլ հակառակը՝ էլ աւելի ուժգին են հնչում։

- Երկուստեք կարելի է հարցին մօտենալ, ի վերջոյ, Բրատիսլաւայում կայացած հանդիպումից յետոյ հայկական եւ ադրբեջանական կողմերի սկզբունքների հրապարակայնացումը տեղի ունեցաւ եւ, եթէ մենք ուշադրութեամբ հետեւենք եւ վերլուծենք այդ սկզբունքները, մենք կը տեսնենք, որ այդ երկու կողմերի հրապարակած սկզբունքների հատման կէտերը կարծես թէ չկան, դրանք զուգահեռներ են, որոնք հատւելու նոյնիսկ միտումներ չեն պարունակում։ Շատ վտանգաւոր տեսակէտ եւ կարծիք շրջանառութեան մէջ դրւեց վերջին 2 օրւայ ընթացքում, թէ որքանով է այդ ամէնը հաւաստի եւ իրականութեանը համապատասխանող, չեմ կարող ասել, բայց անշուշտ, երբ խօսւում է բանակցային գործընթացքում 3-րդ կողմի՝ արցախեան կողմի մասնակցութեան ձեւաչափը վերականգնելու փաստարկի մասին, անընդունելի է ադրբեջանական համայնքի ներգրաււածութեան մասին խօսելը։

 

- Դուք նկատի ունենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Յովհաննէս Իգիթեանի յայտարարութի՞ւնը, թէ «Փաշինեանն էլ է յայտարարել, որ խնդիր չկայ, եթէ բանակցութիւններին մասնակցի նաեւ Արցախի ադրբեջանական համայնքը»։

- Այո, կայ այդ յայտարարութիւնը, յամենայնդէպս, սա մտահոգիչ երեւոյթ է եւ բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վրայ լուրջ ստւեր է եւ որեւէ առումով այն չի կարող նպաստել մեր ակնկալիքներին։

 

- Ակնկալո՞ւմ էք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանից բացատրութիւն կամ մեկնաբանութիւն՝ այս խնդրի հետ կապւածորովհետեւ իշխող խմբակցութեան պատգամաւորը յղում արեց հէնց նրան։

- Այդպիսի հնարաւորութիւններ կարելի է ստեղծել։ Վերջերս, երբ Հայաստանի վարչապետը Արցախում էր եւ առանձին հանդիպում եղաւ Արցախի նախագահի հրաւէրով եւ նաեւ մեր քաղաքական ուժերի պահանջով, այնտեղ նաեւ որոշակի անդրադարձ կար բանակցային գործընթացին։ Այդ հանդիպման ժամանակ վարչապետի ներկայացրած տեսակէտները, կարծես թէ, համահունչ էին ղարաբաղեան ընդհանուր տեսակէտներին եւ եթէ խորանանք, համահունչ էին նաեւ Դաշնակցութեան սկզբունքին՝ զարգանալ չզիջելով։ Յամենայնդէպս, այդպէս էր ներկայացւում, թէ որքանով է գործողութիւնների ընթացքը համահունչ, սա արդէն այլ հարց է։

 

- Ձեր յիշատակած հանդիպմանը սպասւող ընտրութիւններում Արցախի Հանրապետութեան նախագահի թեկնածուներից մէկը՝ Վիտալի Բալասանեանը բացակայում էր, նրան, փաստպրէն, չէին հրաւիրել։ Ինչպէ՞ս էք վերաբերում այս փաստին։

- Ես նորից եմ ուզում կրկնել, որ այդ հանդիպումը նախաձեռնւել է Արցախի նախագահի կողմից եւ մենք, ես, յամենայնդեէպս, այնտեղ յայտնւեցի Արցախի նախագահի հրաւէրով եւ, թերեւս, մենք հրաւիրւած չէինք որպէս նախագահի թեկնածուներ։ Այդ հանդիպման ընթացքում խօսւեց Ղարաբաղի հարցի մասին, մեր դերակատարութեան, անելիքների մասին, իհարկէ, որոշակի տեղեկատւութիւն տրւեց վերջին մէկուկէս տարւայ ընթացքում Հայաստանի սպառազինութիւնների մատակարարման ընթացքի մասին եւ անդրադարձ եղաւ ապագայ ընտրութիւններին։ Այդ առումով, թերեւս, ես չեմ կարող ամբողջապէս այն տեսակէտն ունենալ, ինչպէս լրատւամիջոցները ներկայացրին, թէ նախագահի թեկնածուներին էին ներկայացւած եւ հարցը, որ Վիտալի Բալասանեանի ներկայութիւնը չկար, պէտք է միւս կողմին ուղղել։ 

 

- ՀՀ վարչապետի խօսնակ Վլադիմիր Կարապետեանը հարցին անդրադառնալով յայտարարել էր, որ չի հրաւիրւել եւ, որ վարչապետն ու նրան սատարող ՀՀ քաղաքացիները Բալասանեանի վերջին ամիսներին ծաւալած գործունէութիւնը ՀՀ եւ Արցախի ազգային անվտանգութեան տեսակէտից համարում են քայքայիչ։ Այս տարբերակւած մօտեցմանն ինչպէ՞ս էք վերաբերւում։

- Այդ առումով ես որեւէ մեկնաբանութիւն չեմ կարող տալ եւ կարծում եմ, որ եթէ նախագահի թեկնածուների խնդիր կար, ապա ոչ միայն Վիտալի Բալասանեանը, այլեւ այս հանգրւանում հաւանական այլ թեկնածուներ եւս, թերեւս, Ղարաբաղում արդէն իսկ յայտնի են՝ Ռուսլան Իսրայէլեան, Վահան Բադասեան, գուցէ՝ Հայկ Խանումեան եւ ուրիշներ։ Այդ առումով, եթէ նախագահի հաւանական թեկնածուների ձեւաչափը ընտրւէր, այդ թեկնածուները եւս պէտք է լինէին։

 

- Վերջում նորից հիմնախնդրից։ Բրատիսլաւայում եւս մէկ անգամ ակնյայտ դարձաւ, որ հայկական ու ադրբեջանական կողմերի տեսակէտները տրամագծօրէն տարբեր են։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, թէ հիմնախնդիր կարգաւորումը պէտք է ընդունելի լինի ՀՀ, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար որքանո՞վ է ընդունելի եւ, ի վերջոյ, ո՞րն է այդ լուծումը դիրքորոշումների նման կարծութեան պարագայում։

- Կարծում եմ այդ ամէնի մասին խօսելը գուցէիմաստ չունի, եթէ ես ուղղակիօրէն անդրադառնամ այն փաստին, որ նաեւ Դաշնակցութեան կառոյցում կայ կենտրոնական հարց՝ ո՞րն է ՀՀ ներկայ իշխանութիւնների ռազմավարութիւնը Ղարաբաղեան հիմնահարցում եւ ո՞րն է հայեցակարգը, որով կառաջնորդւեն ՀՀ իշխանութիւնները։ Մենք չենք տեսնում այս հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով, կարծում եմ, աւելորդ է մեկնաբանութիւնը։

 

Հեղինակ՝ Մ. Ղ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։