Հա

Ազգային

14/12/2019 - 11:00

Սեփական ձախողումը արդարացնելու համար միշտ էլ պէտք է թշնամիներ ստեղծել եւ նրանց դէմ պայքարել. Արթուր Խաչատրեանը՝ վարչապետի՝ «պետական ողջ ապարատը դիմադրում է յեղափոխութեանը» յայտարարութեան մասին

Ես պետական ապարատից հեռացել եմ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ օրւայ դրութեամբ գոնէ գիւղնախարարութեան կտրւածքով կարող եմ ասել, որ որեւէ մէկը յեղափոխութեան դէմ չէր պայքարում:

«alikonline.ir» - Ես պետական ապարատից հեռացել եմ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ օրւայ դրութեամբ գոնէ գիւղնախարարութեան կտրւածքով կարող եմ ասել, որ որեւէ մէկը յեղափոխութեան դէմ չէր պայքարում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ պետական ամբողջ համակարգը դիմադրում է յեղափոխութեանը, եւ նա ամէն ինչ անելու է՝ այդ դիմադրութիւնը ջարդելու համար:

«Եթէ մարդկանց առջեւ դնում ես ճիշտ խնդիրներ եւ կարող ես մարդկանց հետ ճիշտ աշխատել ու ներգրաււել խնդիրների լուծման մէջ, ապա պետական ապարատը կարող է արդիւնք ցոյց տալ»,- շեշտեց նա:

Իսկ թէ ինչի համար են ամէն օր նոր մեղաւորներ ի յայտ գալիս, յեղափոխութեան դէմ  նոր պայքարողներ փնտրւում, Խաչատրեանն ասաց. «Ցանկացած յեղափոխութիւնից յետոյ այդպէս էլ լինում է: Օրինակ՝ բոլշեւիկեան յեղափոխութիւնը. անընդհատ գտնում էին հակայեղափոխականներ, կուլակներ, ժողովրդի թշնամիներ: Սեփական ձախողումն արդարացնելու համար միշտ էլ պէտք է թշնամիներ ստեղծել եւ թշնամիների դէմ պայքարել»:

Ըստ բանախօսի՝ յայտարարութեան միւս խնդիրն այն է, որ սրանով հիմք է դրւում պետական ապարատում էական կրճատումներ սկսելուն: «Նախորդ փուլում  նախարարութիւնները միաւորւեցին եւ մի քանի աշխատողներ կրճատւեցին, բայց չմոռանանք, որ անցած տարի խօսում էին հարիւր հազարաւոր «ձրիակեր» մարդկանց մասին, որոնք նստած են հարկատուների ուսերին: Այս յայտարարութեամբ, կարծում եմ, ցաւօք սրտի, հող է  նախապատրաստւում հետագայ կրճատումների համար»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանը յիշեցրեց՝ անցած տարի էլ էին ասում, որ պետական ապարատը պէտք է կրճատեն, որովհետեւ նրանից արդիւնք չկայ: «Հիմա էլ էական կրճատումների համար հող են նախապատրաստում. կարող  է՝ սխալւում եմ, բայց ինձ թւում է, որ պետական ապարատում կրճատումներ կը լինեն»,- ասաց նա եւ եւս մէկ անգամ ընդգծեց, որ յեղափոխութեան հանդէպ որեւէ դիմադրութիւն չկայ:

«2018 թւականի հոկտեմբերի 2-ին մինչեւ ժամը տասը այդ «հակայեղափոխականների» հետ բիւջետային յայտերն էինք քննարկում եւ ապարատը նորմալ աշխատում էր, թէ ինչ եղաւ յետոյ՝ չգիտեմ, բայց եթէ մարդկանց հետ կարողանան ճիշտ աշխատել, ճիշտ առաջադրանք տալ, ճիշտ կարողանան ներգրաւել խնդիրների լուծման հարցում, ճիշտ կարողանան խրախուսել, ես համոզւած եմ՝ պետական կառավարման ապարատը կաշխատի ըստ պահանջի: Ունի՞ այն բարելաւման խնդիր, իհարկէ ունի , ունի՞ արդիւնաւէտութեան բարձրացման խնդիր՝ ունի, բայց դա չի նշանակում որ այնտեղ հակայեղափոխականների որջ է եւ հակայեղափոխութիւն է հասունանում»,- շեշտեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։