Հա

Ազգային

15/12/2019 - 13:30

Պատմական յաջողութիւն, որը դժւարին պայքարի նոր հանգրւանի սկիզբն է

Աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների պատմութիւնը ոչ այլ ինչ է, քան պայքարի ու մաքառումի դժւարին գործընթաց:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների պատմութիւնը ոչ այլ ինչ է, քան պայքարի ու մաքառումի դժւարին գործընթաց:

Յետդարձ ակնարկ յիշեալ կառոյցների պատմութեանը, փաստում է, որ դա միայն ու միայն նւիրւած եւ նպատակասլաց պայքար է, պայքար՝ յանուն գաղափարի, պայքար՝ յանուն արդարութեան, պայքար՝ յանուն պատմական ճշմարտութեան վերականգնման եւ մեր ազգային իրաւունքների արդար հատուցման:

Այս ճանապարհին, տասնամեակների ընթացքում գրանցւած մեծ կամ փոքր, առաջնային կամ երկրորդական յաջողութիւնները միմիայն արդիւնքն են եղել անբասիր աւիւնի, որն էլ թեւաթափ չլինելու, յոյսը չկորցնելու, չնահանջելու, առաջ շարժւելու, պայքարը յարատեւելու, դժւարութիւնների եւ ձախողումների դէմ չընկրկելու խթան է հանդիսացել:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների դէպքում, անցած դժւարին ուղու բարձրակէտն անշուշտ պէտք է համարել հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 296 բանաձեւի, եւ դրան յաջորդած, դեկտեմբերի 12-ին Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 150 բանաձեւի ընդունումը:

Փաստ է, որ պատմական նշանակութեան այս յաջողութիւնը, միանշանակօրէն որակական նոր փուլ է տեղափոխելու Հայ Դատի համազգային պայքարը, որն ինչ խօսք, շատ աւելի երկարատեւ ու բարդ է լինելու:

Անխօս, մեր պայքարի նոր հանգրւանի նպատակային եւ առաջնային թիրախը պէտք է դառնայ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, մասնաւորապէս՝ Թուրքիայի պետութեան եւ ժողովրդի կողմից, որը պէտք է տրամաբանական առաջին քայլը հանդիսանայ տասնամեակների մեր պայքարի վերջնական եւ ամենաբարդ՝ հատուցման փուլի:

Հատուցման մեր պայքարն անժամանցելի է: Սա պարզ ու յստակ պէտք է հասկանան բոլորը, այդ թւում նրանք, ովքեր փորձում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով սահմանափակել Հայ Դատի պայքարի վերջնական նպատակը, խուսափելով հատուցման ցաւոտ թեմայից:

Մենք պէտք է մէկ անգամ եւս ընդգծենք եւ յստակեցնենք, որ Հայ Դատի ըմբռնումը միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով չի սահմանափակւում: Հայ Դատն ունի իր ամբողջական եւ յստակ սահմանումը, որի հիմնական նպատակը հայութեան մարդկային, հողային, քաղաքական, տնտեսական եւ իրաւական իրաւունքների ամբողջական եւ լիարժէք վերականգնումն է, իսկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հիմնւած է իրաւազրկւած հայ ժողովրդի ամբողջական հատուցման տրամաբանութեան վրայ:

Պատմական այս յաջողութիւնը, լաւագոյն առիթն է, որպէսզի եւս մէկ անգամ սահմանենք եւ հանրահռչակենք, թէ որն է մեր պայքարի վերջնանպատակը եւ ուր ենք ցանկանում հասնել:

Ուրեմն չմոռանանք եւ մոռացնել չտանք, որ Հայ Դատի վերջնական եւ կարեւորոգոյն հանգրւանը, Հայաստանի հողային ամբողջականութեան վերականգնումն է, առանց որի անհնար է պատկերացնել հայութեան քաղաքական, հասարակական, մշակութային եւ տնտեսական լիարժէք եւ համապարփակ զարգացումն ու առաջընթացը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։