Հա

Ազգային

16/12/2019 - 10:50

«Դաշնակցութիւնը ամբողջական պատասխանատւութեան յայտ է ներկայացնում 2020 թ. համապետական ընտրութիւններում». Դաւիթ Իշխանեան

Արցախի համապետական ընտրութիւններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածուով հանդէս գալու՝ 3-ամսեայ քննարկումներից յետոյ, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի մասնակցութեամբ, որոշեց Արցախի 2020 թւականի նախագահական ընտրութիւններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կը լինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, իսկ խորհրդարանական ընտրութիւններին ներկայանալ առանձին ցանկով։

«alikonline.ir» - Արցախի համապետական ընտրութիւններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածուով հանդէս գալու՝ 3-ամսեայ քննարկումներից յետոյ, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի մասնակցութեամբ, որոշեց Արցախի 2020 թւականի նախագահական ընտրութիւններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կը լինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, իսկ խորհրդարանական ընտրութիւններին ներկայանալ առանձին ցանկով։

Որոշումից անմիջապէս յետոյ ՀՅԴ նախագահի ապագայ թեկնածու Դաւիթ Իշխանեանը Yerkir.am-ի հետ հարցազրոյցում խօսեց առաջիկայ ընտրութիւններում ՀՅԴ նախընտրական ծրագրի դրոյթների մասին, որոնք եւս հաստատել է Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը։

Առանցքային դրոյթներից է հիմնախնդրի կարգաւորումը Արցախի Սահմանադրութեան 175-րդ յօդւածի անվերապահ իրագործմամբ։ Այս յօդւածը սահմանում է․ «Մինչեւ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը, հանրային իշխանութիւնը իրա­կա­նացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Արցախի Հանրա­պետութեան իրաւազօրութեան ներքոյ»:

Դաւիթ Իշխանեանը այս դրոյթը մեկնաբանեց «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքով, որը Դաշնակցութեան հայեցակարգային մօտեցումներից է․ «Մեր մօտեցումների հիմնաքարն է, բնականաբար, դրանով պայմանաւորւած է լինելու մեր զարգացումը»,-ասաց նա։

Յաջորդ նպատակը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը իրաւապայմանագրօրէն ամրագրելն է։ Ի՞նչ ժամկէտում՝ հարցին, Դաւիթ Իշխանեանը պատասխանեց՝ Դաշնակցութիւնն այդ ուղղութեամբ բաւական աշխատանք է տարել, նոյնիսկ Ստեփանակերտում հոկտեմբերին կազմակերպել է համաժողով, որտեղ լուրջ քննարկումների դաշտ է բացւել․ «Մասնակցում էին Հայաստանի ներկայ եւ նախկին իշխանութիւնների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ եւ այդ համաժողովի նպատակն էր ի մի բերել եւ ճշգրտումներ անել մեր ընդհանուր մօտեցումների մէջ։ Կարծում եմ, ժամկէտի մասին խօսելիս՝ կարող ենք նոյնիսկ ասել, որ ուշացել ենք, թերեւս այդ իրաւապայմանագրային փաստը պէտք է անցեալում կայացած լինէր։ Ցաւօք սրտի, այսօր միայն խօսում ենք եւ գործնական քայլերը իրականութիւն չեն դառնում։ Հայկական երկու Հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը առաջիկայում եւս լինելու է մեր օրակարգային հարցերից»։

Առաջիկայ համապետական ընտրութիւններում ՀՅԴ նախընտրական ծրագրի յաջորդ դրոյթը Արցախի Հանրապետութիւնում նոր Սահմանադրութեան ընդունումն է։ Դաւիթ Իշխանեանն ասաց՝ մի շարք կէտեր ՀՅԴ-ին թելադրել էին 2017 թւականին դէմ քւեարկել գործող Սահմանադրութեան նախագծին։ Իրենք առաջարկում են ներդնել ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, համաժամանակեայ ընտրութիւններ, կառավարութեան կազմի առաջադրումը վերապահել Խորհրդարանին, ոչ թէ նախագահին եւ այլն։

«Յամենայն դէպս, այդ բոլոր լիազօրութիւնները մէկ անձի վրայ կենտրոնացնելը բաւականին լուրջ խնդիրներ առաջացրեց եւ մենք դէմ քւէրակեցինք Սահմանադրութեան այդ նախագծին։ Այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ 2020 թւականի համապետական ընտրութիւններից յետոյ պէտք է որոշակի նոր մօտեցումներ ցուցաբերւեն՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրութեան փոփոխութիւն։ Այդ հարցը մենք քննարկել ենք Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք կուսակցութիւների հետ։ Որոշների համար դա ընդունելի է, որոշները գտնում են, որ, անհրաժեշտութեան դէպքում, դա կարող ենք դարձնել օրակարգային հարց։ Բայց մեր տեսակէտն այն է, որ կայ սահմանադրական փոփոխութիւնների անհրաժեշտութիւն եւ 2020 թ համապետական ընտրութիւններից յետոյ պէտք է անդրադարձ լինի Սահմանադրութեան փոփոխութեանը»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։

«Ազգ-բանակ» կոնցեպտը եւս Դաշնակցութիւնը ներառել է նախընտրական հիմնադրոյթներ։ Արդեօ՞ք սրանով քաղաքական ուժը չի ասոցացւի նախկին իշխանութիւնների հետ՝ հարցին, Դաւիթ Իշխանեանը հակադարձեց՝ պէտք չէ «նախկին-ներկայ իշխանութիւններ» հասկացութիւնը մէջտեղ բերել, քանի որ ՀՅԴ-ն այդ սկզբունքի մասին խօսում էր դեռ 1990-ական թւականներից․ «Դեռ 90-ականներին մեր յաջողութիւնները պայմանաւորւած էին հէնց համաժողովրդական զինւորագրումով եւ բանակային կառոյցների մէջ ներգրաւումով։ Այդ սկզբունքը տարբեր ժամանակներում բարձրաձայնել ենք, պարզապէս, վերջին տարիներին ՀՀ նախկին իշխանութիւների կողմից այդ սկզբունքը որդեգրւեց եւ փորձեցին, որոշ առումով, դնել օրէնսդրական մակարդակի վրայ։ Դաշնակցութեան համար այդ սկզբունքը տասնամեակների, անգամ հարիւրամեակների պատմութիւն ունի՝ եկէք յիշենք 20-րդ դարասկզբին Նիկոլ Դումանի եւ այլոց գաղափարական հիմնաւորումները»։

ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովի հրապարակած սկզբունքները, Դաւիթ Իշխանեանի խօսքով, միասնական օրակարգի այն հարցերն էին, որոնց շուրջ փորձեցին ներքաղաքական համախմբում ապահովել եւ Արցախի նախագահի՝ համաձայնեցւած թեկնածու ունենալ։ Բայց քննարկումների եւ խորհրդակցութիւնների արդիւնքում որոշեցին սեփական թեկնածու առաջադրել։

«Ժամանակին նաեւ յայտարարել էինք, որ եթէ այդ ամէնը յաջողութիւն չունենայ, բնականաբար, Դաշնակցութիւնը անճարակ չէ եւ իր մէջ ունի այդ վճռականութիւնը եւ պատրաստակամութիւնը՝ հանդէս գալու սեփական թեկնածուով եւ ամբողջական պատասխանատւութեան յայտ ներկայացնելու ապագայ համապետական ընտրութիւններին։ Մեր ջանքերը ամբողջական արդիւնք չտւեցին։ Թերեւս, մենք չենք ափսոսում այդ կորցրած ժամանակի համար, բայց ափսոսանք ենք ապրում, որ չյաջողւեց այդ համախմբումը իրականութիւն դարձնել։ Վերջապէս, Դաշնակցութեան որոշումները կայանում են ընդհանուր քննարկումների արդիւնքում։ Այսօրւայ մեր արտակարգ ժողովում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացրած զեկոյցի հիման վրայ տեղի ունեցաւ շատ անկաշկանդ եւ բազմակողմանի քննարկում, որի արդիւնքում ժողովը կայացրեց այդ որոշումը»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։

Նա նաեւ նշեց, որ ներկայացւած սկզբունքները ոչ միայն նախընտրական փուլի, այլեւ 2020 թ.-ի համապետական ընտրութիւններից յետոյ Արցախի զարգացման հիմնական ուղղութիւններն են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային եւ այլ ոլորտներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։