Print this page
21/12/2019 - 10:10

«Անմեռ Ղազարի» կարգավիճակում ապրող հանրութեան սինդրոմը

Ուսանողական վաղ տարիքում (առաջին կուրսում), ոգեւորւելով պատմագիտութեամբ, մտերմիկ շրջանում մի օր կէսկատակ հարց տւեցի՝ գրականութիւ՞նն է առաւել, թէ՞ պատմութիւնը կամ պատմագիտութիւնը, որի շարադրանքը յենւած է կոնկրետ աղբիւրների եւ գիտական փաստերի վրայ, եւ բուհերում արժէ՞ գրականութիւն դասաւանդել: Զրոյցին ներկայ բ.գ.թ. Հայկազունի Ալւրցեանն անմիջապէս վրայ բերեց. «Վահէ՛, առմիշտ յիշի՛ր՝ Հռոմը կործանւեց, հռոմէական գրականութիւնը մնաց, եւ աշխարհն է ցիտում նրան»: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Ուսանողական վաղ տարիքում (առաջին կուրսում), ոգեւորւելով պատմագիտութեամբ, մտերմիկ շրջանում մի օր կէսկատակ հարց տւեցի՝ գրականութիւ՞նն է առաւել, թէ՞ պատմութիւնը կամ պատմագիտութիւնը, որի շարադրանքը յենւած է կոնկրետ աղբիւրների եւ գիտական փաստերի վրայ, եւ բուհերում արժէ՞ գրականութիւն դասաւանդել: Զրոյցին ներկայ բ.գ.թ. Հայկազունի Ալւրցեանն անմիջապէս վրայ բերեց. «Վահէ՛, առմիշտ յիշի՛ր՝ Հռոմը կործանւեց, հռոմէական գրականութիւնը մնաց, եւ աշխարհն է ցիտում նրան»: 

Այդ բառերը դաջւեցին իմ մտքում, եւ դպրոցական ջուր ուղեղս սկսեց աւելի լրջօրէն մտորել այդ հարցերի մասին: Մինչ այդ՝ դպրոցական տարիքում, Ջաւախքում 1990-ական թթ. էլեկտրականութեան բացակայութեան պայմաններում, անընդմէջ կարդացել եւ լաւատեղեակ էի հայ եւ օտարազգի դասականների գործերից շատերին: Այդուհանդերձ՝ գրականութեան խորհուրդը, արժէքը, խորութիւնն ու կենսունակութիւնը ես գիտակցեցի գրականագէտի այդ մի նախադասութիւնից յետոյ միայն: Այդ օրը միայն զգացի, որ գրականութիւն կարդալն ու վեէպերի, պատմւածքների մասին իմանալը մի բան է, այդ ամէնի կրողը լինելը՝ բոլորովին այլ բան: 

Պատմութեան, լեզւի եւ գրականութեան դասաւանդումը բուհերում այսօրւայ իշխանութիւնները ծանր բեռ են համարում: Պատճառաբանութիւնը՝ «դրանք խանգարում են մասնագիտական կրթութիւն ստանալուն՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնւածութիւն: Դրանք կրկնում են դպրոցին եւ աւելորդ են»: Այդ մասին եւս մէկ անգամ վերահաստատեց ՀՀ վարչապետը, ով կառավարութեան նախորդ նիստերից մէկի ժամանակ կիսածաղրական տոնով կրկին անլրջացրեց ամէն ինչ՝ վերստին հասկացնելով, որ լրջմիտ քննարկումների դարաշրջանն անցել է, եւ որոշումները կայացւում են բոլորովին այլ կերպ: 

Իհարկէ, դպրոցում կարելի է լաւ սովորել եւ իմանալ պատմութիւն, լեզու եւ գրականութիւն, կարելի է դպրոցական ծրագրերի որակը բարձրացնելուն ուղղւած քայլեր անել՝ այդ իմացութիւնը աշակերտի մօտ ամրապնդելու համար: Բայց դրանց իւրացումը դեռ չի նշանակում, որ ամէն ինչ կարգին է. բանն այն է, որ հայոց լեզուն, պատմութիւնն ու գրականութիւնը պէտք է ոչ թէ իմանալ, այլ՝ կրել: Ահա այդ կարեւոր խնդիրն է լուծւում բուհում՝ այն եզակի միջավայրում, որը պարզապէս չկայ եւ չի կարող լինել դպրոցում: Չկայ՝ ոչ թէ նրա համար, որ կրթական ծրագրերի որակը վատն է կամ ոչ բաւարար. բնա՛ւ: Դպրոցը բոլորովին այլ տարիքային, հոգեբանական եւ կրթադաստիարակչական միջավայր է, եւ այստեղ պահանջել լրջագոյն քննարկումներ ու ակնկալել նոյնպիսի արդիւնքներ՝ պարզապէս անհեթեթ է: 

Ի վերջոյ՝ ամէն ոք, անգամ՝ հայազգի սրիկաները կամ օտարազգի մեր բարեկամներն ու  թշնամիները, ՀՀ-ում օտարերկրեայ դեսպանատների գործակալները, կարող են լաւագոյնս տիրապետել ե՛ւ հայերէնին, ե՛ւ հայոց պատմութեանը, ե՛ւ հայ գրականութեանը: Ե՞ւ: Այդ շրջանակները արդեօ՞ք կրում են այդ արժէքները:  

Օրինակներն ամենուր են.

- Եկեղեցիներում կատարւող արարողակարգերը, յատկապէս՝ աղօթքի լեզուն (գրաբարեան), շատ դէպքերում վերածւում է հաւատացեալ ներկաների համար անհասկանալի մի գործընթացի, եւ միայն գրագէտ եւ նվւիրեալ հոգեւորականների միջամտութիւնից ու այդ ամէնի խորհուրդը պարզ, ժողովրդական լեզւով ներկայացնելուց յետոյ է շտկւում ամէն ինչ:  

Այսինքն՝ առաջին դէպքում մարդը աղօթքի կամ ծիսակարգի սոսկ մեխանիկական կատարողն էր, երկրորդ դէպքում (հոգեւորականի միջամտութիւնից, այն է՝ «հանրային լրջագոյն քննարկումից» յետոյ), մարդը (հաւատացեալը) դարձաւ այդ ամէնի կրողը: Խոստովանենք, որ սրանք տրամագծօրէն տարբեր բաներ են: 

Հայաստանի հայութիւնը (Սփիւռքի խնդիրն այլ քննարկման առարկայ է) քիչ թէ շատ տիրապետում է մայրենիին, ընդհանուր առմամբ ծանօթ է սեփական պատմութեանն ու այս կամ այն կերպ աղերսւել է գրական գործերին: Բայց իրաւամբ քանի՞ տոկոսն է այդ ամէնի կրողը, արդեօ՞ք կարելի է պատմութեան, լեզւի եւ գրականութեան կրող համարել ներկայիս իշխանութեան մէջ գտնւող մի ողջ զանգւածի: 

- Պարի դասընթացի շատերն են յաճախել, նրանցից շատերը՝ դարձել պրոֆեսիոնալներ: Բայց, պէտք է խոստովանենք, որ յատկապէս խորհրդային շրջանում պարը վերածւել էր բեմական արւեստի՝ բառի ֆիզիկական իմաստով. մարդիկ գնում էին համերգասրահներ եւ մեխանիկորեն դիտում, թէ ինչպէս են պարում խմբերը:  

Չնսեմացնելով խորհրդային շրջանի պարարւեստի մեր երախտաւորների կատարած հսկայածաւալ աշխատանքը, այդուհանդերձ, փաստենք, որ պարի խորհուրդը հասարակութիւնը լայն իմաստով սկսեց իր մէջ կրել միայն վերջին շրջանում, երբ շատ պարային խմբեր բեմերից իջան եւ մտան հասարակութեան մէջ: Այստեղ պէտք է նշել  ամենակարեւորը՝ պարարւեստի խորագիտակ առանձին նւիրեալներ պարի բաց դասերին եւ ամենատարբեր առիթներով սկսեցին զուգահեռ ներկայացնել նաեւ այդ տւեալ պարային շարժումների խորհուրդը: Եւ հասարակութիւնը կամաց-կամաց սկսեց գիտակցել, որ պարելու համար պէտք է ունենալ ոչ թէ բալետի չափորորոշիչներին համահունչ սլացիկ կազմւածք, այլ՝ ոգի: 

Սրանով, կարելի է ասել, յեղաշրջում մտաւ այդ բնագաւառում. պարելը «արգելւած չէ» այլեւս, եւ պարը ոչ թէ տարերային կամ սեռական ցանկութիւն առաջացնող  ջղաձգումների ու մեխանիկական շարժումների մի ամբողջութիւն է, որի համար պարտադիր պայման են ուղիղ եւ երկար ոտքերը, պիրկ մէջքը, հաւասար ուսերը եւ այլն, այլ պարը մշակոյթ է, ազգային դիմագիծ է, որով իրաւամբ ներկայացվում է հայոց բազմահազարամեայ պատմութեան, աւանդոյթների ու ծէսերի, հաւատալիքների ու պաշտամունքների, յոյզերի ու ապրումների, հայրենիքի, մօր, կնոջ հանդէպ գերագոյն սիրոյ եւ այլնի խորհուրդը: 

Բնաւ պատահական չեն ասում. պարն առաջացել է այն ժամանակ, երբ մարդը խօսքով չի կարողացել լիարժէք ներկայացնել իր ասելիքը եւ սկսել է կիրառել շարժումների լեզուն: 

Օրինակ, Կարնոյ՝ ինձ շատ հոգեհարազատ պարանմուշներից «Էջմիածինը» շատ ենք փորձել պարել, որի կարեւոր դրւագներից է ձեռքերը ձեռքերը վեր պարզած բռնելու ձեւը: Բնականաբար՝ դա ինձ եւ, համոզւած եմ, շատերի համար սոսկ մեխանիկական, անգիտակից  շարժում էր՝ մինչ այն պահը, երբ ես մի օր կարդացի Սրբուհի Լիսիցեան եւ հասկացայ այդ պարի խորհուրդը. հայոց հնամենի պարերից «Էջմիածնի» այդ դրւագը խորհրդանշում է հայոց մէջ արեւի պաշտամունքը, որը հաւանաբար հետագայում՝ քրիստոնէական շրջանում, համեմատւել է եկեղեցու գմբեթի հետ: Նոյնի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արեւի սկաւառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արեւի մայրամուտը, նաեւ մահը, եւ այսպէս՝ շարունակ: 

Հետեւաբար՝ մինչ Լիսիցեանը ես սոսկ պարող էի՝ նման դպրոցական այն աշակերտին, ով մեխանիկական ձեւով անգիր գիտի հայերէնի քերականութիւնը, գրական գործիչներին կամ պատմութեան յիշարժան էջերը, իսկ «յետլիսիցեանական» շրջանում ես դարձայ այդ նոյն պարի կրողը: 

Ահա այս կրելու յոյժ կարեւոր խնդիրն է լուծւում բուհական միջավայրի քննարկումներում, որի կարեւորութեան չափը դժւար է պատկերացնել անգամ:   

Մոլեգնող հայատյացութեան մերօրեայ պայմաններում հանրութեան՝ թմբիրի մէջ գտնւող մի մեծ հատւած դեռեւս հաւատում է, որ այս իշխանութիւնների նոր եւ, շատ դէպքերում, հինը մերժող ծրագրերը, այդ թւում՝ հայագիտական առարկաների դասաւանդմանն առնչւող նորամուծութիւնները, միմիայն բարիք են բերելու:  

Այս առիթով ցիտեմ Ս. Զորեանի «Անմեռ Ղազարը» յայտնի գործը, որտեղ սատանան  Ղազարին, իբրեւ լաւութիւն, անմեռ է դարձնում: Իր անմեռութեամբ տեւական ժամանակ տառապող Ղազարն ի վերջոյ մի պառաւի խորհրդով Համբարձման գիշերը երկնքից թողութիւն եւ մահ է խնդրում, ինչը եւ երկինքը կատարում է: 

Հեքիաթ-պատմւածքը հիանալի է եզրափակում Զորեանը. «Երբ սատանան տեսնում է նրա հոգին՝ զարմանում է եւ ափսոսում, որովհետեւ սատանային պէտք չէր նրա հոգին, նրա նպատակն էր մարդուն տանջել անմահութեամբ»: 

Մերօրեայ հանրութեան ծանրակշիռ մասը յայտնւել է անմեռ Ղազարի կարգավիճակում, ով իշխանական շրջանակների սատանայական «լաւութեան» զոհն է: 

 

Yerkir.am

Յարակից լուրեր