Հա

Ազգային

22/12/2019 - 14:50

«Ատելութիւնն ու թշնամանքը ուրախացնում է արտաքին թշնամիներին եւ տկարացնում՝ բոլորիս». Վիգէն Բաղումեան

«Ըստ երեւոյթին, այս օրերին օտարամոլներն ու լրտեսները, աւելի ձայնաւոր են գտնւել՝ որոնց միացել է կողքի ապազգային տարրը»,- այս մասին «Ալիք»-ին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, ով նաեւ խօսեց մի շարք այլ հարցերի մասին:

«ԱԼԻՔ», Ա. Է. - «Ըստ երեւոյթին, այս օրերին օտարամոլներն ու լրտեսները, աւելի ձայնաւոր են գտնւել՝ որոնց միացել է կողքի ապազգային տարրը»,- այս մասին «Ալիք»-ին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, ով նաեւ խօսեց մի շարք այլ հարցերի մասին:

 

Հ.- Պրն. Բաղումեան, Համահայկական մասշտաբով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները պսակւեցին հայութեան յաղթանակներով՝ կապւած ԱՄՆ երկպալատ Կոնգրեսի հայանպաստ երկու բանաձեւերի հաստատմամբ:

Խնդրում եմ Ձեր գնահատականը:

Պ.- Անկասկած դա շատ մեծ յաղթանակ էր, որը ձեռք բերւեց Ամերիկայի մեր Հայ Դատի յանձնախմբերի եւ ամերիկահայութեան երկար տարիների տքնաջան աշխատանքի շնորհիւ:

Իհարկէ, այս յաջողութեան մէջ վճռական դեր ունեցաւ նաեւ ԱՄՆ-Թուրքիա ոչ-բարեկամական ներկայ իրավիճակը:

Այս յաղթանակը երկու ուղղութեամբ գործունէութեան նոր ծրագրեր է պահանջում մեզանից՝

ա- Առաւել քան անցեալում կենտրոնանալ պահանջատիրութեան ու հատուցման հարցի վրայ՝ նկատի ունենալով բոլոր գործական մանրամասնութիւններն ու առնւելիք առաջնահերթ քայլերը: Եւ հեռու մնալ անիրատեսական ու հեռահար բանաձեւումներից:

բ- Հաշւի առնելով Թուրքիայի ազգայնամոլ շրջանակների ու ներկայ իշխանութիւնների ջղագրգիռ եւ վայրագ հակազդեցութիւնները՝ նախապատրաստւել բոլոր բնագաւառներում, յատկապէս քարոզչական հարթակի վրայ չէզոքացնելու նրանց ծրագրերը:

Ի վերջոյ, ես էլ այն կարծիքին եմ, որ մեր աշխատանքների խոշորագոյն մասը այժմ պիտի կենտրոնանայ թուրք հասարակութեան վրայ՝ մտաւորական, քաղաքական եւ գիտակից տարրերին համոզել, որ պատմական ճշմարտութիւնը ընդունեն այնպէս որ է: Պիտի համոզել, որ սա բխում է երկու ժողովուրդների շահերից եւ նպաստելու է տարածաշրջանի խաղաղութեանն ու զարգացմանը:

 

Հ.- Նոյեմբերին Իրանն եւս տագնապային պայմաններ դիմագրաւեց, որն էլ խնդրոյ առարկայ դարձրեց երկրի ազգային-պետական շահերը:

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են շարունակւելու վտանգւած մնալ սոյն շահերը՝ արտաքին եւ մասնաւորապէս ԱՄՆ-ի սաստկացող սանկցիաների առկայութեամբ:

Պ.- Մատնանշւած տագնապը, արդիւնք է առարկայական իրադրութեան, կարող է շարունակւել այնքան ժամանակ, որքան այդ իրադրութիւնը շարունակում է մնալ անփոփոխ: Իսկ բոլոր երեւոյթները առայժմ թոյլ են տալիս ենթադրել, որ դա անփոփոխ է: Իրավիճակը բոլոր առումներով վտանգաւոր է, եւ պիտի յոյս ունենալ, որ Իրանի իշխանութիւնները կը ցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական հմտութիւնն ու իմաստութիւնը եւ կը չէզոքացնեն այս ահաւոր վտանգը: Իսկ դրան հասնելու համար կարիք կը լինի նոր մօտեցումների կիրառման՝ յատկապէս արտաքին քաղաքականութեան ասպարէզում, իհարկէ, նաեւ ներքին սոցիալ-տնտեսական ոլորտներում:

 

Հ.- Պրն. Բաղումեան. հայաստանեան ներքաղաքական կեանքում դարձեալ ականատեսն ենք հակադաշնակցական խմորումների: Նորից արծարծւում ու գործի են դրւում հին-նոր, ներսի թէ՛ դրսի Դաշնակցութիւն այսպէս ասած մարտավարական հնարքները:

Ո՞րն է, Ձեր կարծիքով, ՀՀ իշխանութիւնների հակադաշնակցական նոր կուրսի հեռահար նպատակը:

Պ.- Ես իշխանութիւններին միատարր չեմ տեսնում: Այն մի ամբողջ խառնարան է՝ գրեթէ պատահականօրէն համախմբւած պետական համակարգում: Կան ազգային գիտակցութեամբ պետականամէտ լուրջ շրջանակներ, կան պատեհապաշտներ կամ անփորձ ոչ-պիտանի մարդիկ, կան կոսմոպոլիտներ, որոնց համար հայրենիք չկայ, այլ կայ մի հանրապետութիւն, որը դիպւածով գտնւում է Հայաստանի տարածքում, եւ վերջապէս, ու դժբախտաբար, կան գիտակցաբար կամ ոչ՝ օտարին ծառայող տարրեր:

Անցնող մէկուկէս տարւայ ընթացքում իշխանութիւնների վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ փոփոխական է եղել՝ դրականից մինչեւ խիստ բացասական, նայած, թէ վերոնշեալ տարրերից որն է իշխանութեան մէջ գերիշխող ձայն ունեցել:

Ըստ երեւոյթին, այս օրերին օտարամոլներն ու լրտեսները, աւելի ձայնաւոր են գտնւել՝ որոնց միացել է կողքի ապազգային տարրը: Ինչ վերաբերում է վարչապետին, նա դժբախտաբար, բացի մէկ-երկու կարեւոր եւ անկարեւոր հարցերի պարագային, հանդէս չի գալիս խորքային վճռականութեամբ: Տատանւում է, տրւում է կրքերի՝ ազդւելով սրանից կամ նրանից: Սա պետական առաջին դէմքի համար ոչ-ցանկալի եւ անհեռանկար վարքագիծ է, իր բոլոր բացասական հետեւանքներով՝ բոլորի՝ երկրի, իր իշխանութեան, այդ թւում ՀՅԴ-ի համար:

Այս ատելութեան ու թշնամանքի մթնոլորտը ուրախացնում է միայն մեր արտաքին թշնամիներին եւ տկարացնում բոլորիս միասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։