Հա

Ազգային

28/12/2019 - 11:30

Կուսակցական գաղտնապահութիւն

Վերջերս մի խումբ դաշնակցական ուսանողների նկատմամբ կայացւած կարգապահական վճիռները առիթ դարձան, որ դարձեալ խօսւի ՀՅԴ-ի գաղտնապահութեան մասին: Երեւոյթը պարուրելով մութ եւ դաւադիր խորհրդաւորութեամբ այս խնդիրը կրկին ու կրկին ջրի երես է հանւում յատկապէս Դաշնակցութեան դէմ ծաւալւող հերթական հակաքարոզչական ալեկոծութիւնների ժամանակ: Ցանկանում եմ այս առիթով որոշ մտքեր յայտնել Դաշնակցութեան եւ առհասարակ կուսակցական գաղտնապահութեան մասին, ինչպէս եւ թռուցիկ անդրադառնալ տւեալ երեւոյթի հետ ուղղակի ու անուղղակի կերպով առնչւող կարգապահական խնդիրներին:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Վերջերս մի խումբ դաշնակցական ուսանողների նկատմամբ կայացւած կարգապահական վճիռները առիթ դարձան, որ դարձեալ խօսւի ՀՅԴ-ի գաղտնապահութեան մասին: Երեւոյթը պարուրելով մութ եւ դաւադիր խորհրդաւորութեամբ այս խնդիրը կրկին ու կրկին ջրի երես է հանւում յատկապէս Դաշնակցութեան դէմ ծաւալւող հերթական հակաքարոզչական ալեկոծութիւնների ժամանակ: Ցանկանում եմ այս առիթով որոշ մտքեր յայտնել Դաշնակցութեան եւ առհասարակ կուսակցական գաղտնապահութեան մասին, ինչպէս եւ թռուցիկ անդրադառնալ տւեալ երեւոյթի հետ ուղղակի ու անուղղակի կերպով առնչւող կարգապահական խնդիրներին:

Լինելով ազգային ազատագրական պայքարի յեղափոխական կուսակցութիւն, համախմբելով իր դրօշի ներքոյ հարիւրաւոր առասպելական հերոսների, կանգնած լինելով պետականութեան վերածնութեան ակունքներում, միշտ յայտնւելով այնտեղ՝ ուր վտանգի սպառնալիք է հասունացել հայութեան տարբեր հատւածների գլխին, անբնական չէ, որ Դաշնակցութեան շուրջ հիւսւել են երգեր ու լեգենդներ, գործունէութեան տարբեր դրւագների ու դրսեւորումների վերաբերեալ ձեւաւորւել են միֆականացւած եւ երբեմն չափազանցւած պատկերացումներ: Դրանցից մէկն էլ վերաբերում է դաշնակցութեան փակ ու գաղտնապահ գործելու մտայնութեանը:

Նորանկախացող Հայաստանում գործունէութեան որոշ ոլորտներում Դաշնակցութեան գաղտնիութեան շրջանը եւ սահմանները ընդգրկում էին Ղարաբաղեան զինեալ պայքարի սկզբնական հատւածը, երբ խորհրդային միութիւնը դեռ շունչը չէր փչել: Դրանից յետոյ անգամ կուսակցութեան զինւած գործունէութիւնը բացայայտ է եղել՝ առնւազն պետութեան համար: Դաշնակցութիւնը Հայաստանում եւ Արցախում ձեւաւորում էր մարտական խմբեր, յայտնի վայրերում անց էր կացնում մարզումներ եւ այդ ջոկատներին ուղարկում էր կռւելու: Արցախում եւ Հայաստանի սահմաններում որպէս ռազմական առանձին միաւորներ գործող ՀՅԴ ջոկատների, ինչպէս եւ Շուշիի առանձնակի գումարտակի գործունէութիւնը համադրւում էր իշխանութիւնների եւ մասնաւորաբար զինւած ուժերի շտաբների հետ:

Մնացած մարզերում Դաշնակցութեան գործունէութիւնը եղել եւ մնում է ամենաբացը՝ հէնց Հայաստանում եւ Արցախում:Եւ այս երեւոյթը ուղղակիօրէն բխում է Դաշնակցութեան առաւել ժողովրդավար բնոյթից: Բացատրեմ Միտքս: Ինչպէ՞ս են իրենց համագումարներն անցկացնում Հայաստանի բոլոր կուսակցութիւնները՝ բացառութեամբ Դաշնակցութեան:

Նրանք գումարում են բազմամարդ ժողովներ, մէկ-երկու ելոյթ են ունենում օրւայ քաղաքական խնդիրների եւ ընդհանուր անելիքների շուրջ ու, սովորաբար միաձայն, քւէարկում են կուսակցական ղեկավարութեան կողմից ներկայացւող նոր մարմինների թեկնածուների ցանկերին: Այս, այսպէս կոչւած, հրապարակային ժողովների ժամանակ երբեք չի լսւում ֆինանսական հաշւետւութիւն, տեղի չեն ունենում հաշւետու մարմինների աշխատանքի, իրականացւած եւ գալիք քաղաքական աշխատանքների, մասնաւորապէս այլ ուժերի, իշխանութիւնների եւ ընդդիմադիրների հետ փոխյարաբերութիւնների շուրջ քննարկումներ: Բացառւում է որեւէ խօսակցութիւն անցած կամ գալիք ընտրութիւնների մարտավարութեան, արած-չարածի եւ անելիքների մասին: Մտածելը, թէ նման քննարկումներ նրանք առհասարակ չեն կատարում անհեթեթ է եւ չարժէ դրան անդրադառնալ: Նշանակում է, որ բոլոր այդ հարցերը քննարկւում ու պատասխաններ են ստանում ղեկավարութեան փոքր խմբերի փակ ժողովներում:

Ինչպէ՞ս է իր ժողովներն իրականացնում Դաշնակցութիւնը: Ամիսներ առաջ ժողովի ծաւալուն եւ ամբողջական օրակարգը ուղարկւում է տւեալ շրջանի, իսկ բարձրագոյն ժողովների դեէպքում աշխարհի բոլոր կառոյցներին, որպէսզի առանց բացառութեան բոլոր դաշնակցականները ծանօթանան ու քննարկեն դրանք, առաջարկեն բանաձեւ-նախագծեր, ընտրեն իրենց պատգամաւորներին եւ ընդունւած նախագծերով վերջիններիս ուղարկեն վերին ժողովներ:

Ժողովներում քննւում են գործունէութեան բոլոր ոլորտների հարցերը, ներքեւի ժողովներից բերւած եւ վերին ժողովներում կայացած քննարկումների հիման վրայ ձեւաւորւում են որոշումներ, որոնք հետագայում յղւում են ներքեւ, պահանջով, որպէսզի դրանց ծանօթանան բոլոր դաշնակցականները: Կարո՞ղ են արդեօք նման պարագաներում որոշումներն ու գործերը գաղտնի մնալ կուսակցական ընկերներից: Իսկ կարելի է այդ ողջ գործընթացն ու որոշումները պահել իշխանութիւններից գաղտնի, երբ բոլոր օրակարգերն ու բանաձեւերը բազմացւում են հարիւրաւոր օրինակներով, եւ յղւում են հազարաւոր մարդկանց: Երբ քննարկումները լինում են ոչ գաղտնի վայրերում, տասնեակ մարդկանց մասնակցութեամբ:

Ըստ գործող կանոնագրի եւ աւանդոյթի մարմինները պարտաւոր են լինում անցնող ամիսների գործունէութեան վերաբերեալ պարբերաբար հաշւետւութիւններ ներկայացնել շարքերին, գրաւոր կամ բանաւոր կերպով, կազմակերպելով ընթացիկ մեծ հաւաքներ: Այսքանից յետոյ կարելի՞ է մտածել թէ Դաշնակցութեան գործունէութեան մէջ գաղտնիութիւն գոյութիւն ունի: Այդ դէպքում ինչ անուն տալ միւս կազմակերպութիւնների գործունէութեանը: Նման տրամաբանութեամբ ինչո՞ւ գաղտնի չհամարել, օրինակ, այս կամ այն ուժի եւ խմբակցութեան պարբերական փակ նիստերը:

Դաշնակցութեան համար ուրիշ ի՞նչ բաց գործունէութեան անհրաժեշտութեան մասին են խօսում այդպիսի հարցեր բարձրացնողները: Նրանք ցանկանում են, որ, բերանբաց տանտիրուհու պէս, ՀՅԴ-ն իր ողջ ներքին անցուդարձը դարձնի հրապարակայի՞ն: Իսկ կասէ՞ք, թէ առհասարակ ով է նման կերպ վարւում: Մեր աչքի առաջ, անցնող երեք տասնամեակների ընթացքում, զանազան կուսակցութիւններ ստեղծւեցին, դրանք յաջողեցին ու ձախողւեցին, պառակտւեցին ու միաւորւեցին: Երբեւէ ներքին գործընթացները դարձե՞լ են հրապարակային քննարկման առարկայ: Չհաշւած այն դէպքերը, երբ ոմանք աղմուկով դուրս են եկել կամ դուրս են դրւել իրենց կառոյցներից:

Այս դէպքում խնդիրը նոյնիսկ ոչ թէ կուսկցական գաղտնապահութեանն է առնչւում, այլ պարզ պարկեշտութեան եւ էթիկայի հարց է, որ վերաբերում է գործի կամ ցանկացած այլ նպատակներով ձեւաւորւած որեւէ հաւաքականութեան: Պատկերացրէք, որ խանութի աշխատողը մշտապէս դրսում պատմում է, թէ ինչ աշխատանքային ու մարդկային յարաբերութիւնների առանձնայատկութիւններ ու նրբութիւններ գոյութիւն ունեն իրենց կոլեկտիւում: Ընդունելի կամ պարկեշտ կը նկատւի՞ նման պահւածքը: Մենք պիտի ցանկանանք լինել կուսակցութիւն ու կուսակցականնե՞ր, թէ՞ պիտի ձգտենք ցուցադրւել ինչպիսին ենք մենք: Ներքին խոհանոցի (անգամ տնային խոհանոցի) հրապարակայնացումը անխուսափելիօրէն կը տանի բարոյական կապերի թուլացման, յարաբերութիւնների քայքայման ու պառակտման:

Գուցէ հէնց սա՞ են ուզում նրանք ովքեր ցանկանում են ՀՅԴ-ի ներքին խոհանոցը դարձնել հանրային թատրոն: Գուցէ ազգային ու յեղափոխական կուսակցութեան կարգապահական ու կազմակերպական ամրութի՞ւնն է, որ հանգիստ չի տալիս ոմանց:

Դաշնակցութեան ազգային, հասարակական, քաղաքական եւ այլ բնոյթի գործունէութիւնը ամէն օր պատշաճօրէն ներկայացւում է հայ ժողովրդին՝ լուրերի, հարցազրոյցների, ասուլիսների եւ այլ ճանապարհներով եւ թէ խոհանոցում այդ ամէնն ինչպէս է եփւում կարծում եմ բնաւ էլ ժողովրդի հետաքրքրութեան առարկան չէ եւ ոչ էլ դաշնակցականների ողբերգութիւնը:

Անդրադառնամ ՀՅԴ ուսանող երիտասարդների պատժական որոշումների օրինակին: Ստում են նրանք, ովքեր յայտարարում են թէ այդ որոշումները կայացւել են սոսկ ներքին հարցերը հրապարակայնացնելու համար: Այդ խնդիրը վերջինն է վերջիններիս կատարած հակակարգապահական ու հակականոնագրային արարքների շարքում:

Նշենք նաեւ, որ որոշ դէպքերում կուսակցական պատիժները կայացւում են առանց համապատասխան ատեանների ու յանձնախմբերի քննութեան, որովհետեւ, ըստ կանոնագրի, երբ հակականոնագրային արարքը ակնյայտ է, որոշումները կարող են կայացւել վարչական կարգով, առանց ենթակաների հետ անցկացւած քննութեան: Եթէ օրինակ մարդը կուսակցութեան եւ նրա որոշումների դէմ հանդէս է եկել մամուլով կամ այլ հրապարակային ձեւերով, այլեւս ի՞նչ է անհրաժեշտ անթոյլատրելի արարքի փաստն ապացուցելու համար: Ի դէպ, վերջին շրջանում անցկացւած ընկերային ժողովների ժամանակ կուսակցական մարմնների կողմից հարիւրաւոր ընկերներին մանրամասնօրէն ներկայացւել են ուսանողների նկատմամբ կայացւած որոշումների պատճառները, այնպէս որ այս հարցում էլ գաղտնի որեւէ բան գոյութիւն չունի:

Առհասարակ քիչ թէ շատ փորձառութիւն ունեցող դաշնակցականները շատ լաւ հասկանում են, որոնք են իրենց իրաւունքներն ու պարտականութիւնները, որն է հակականոնագրայինի սահմանը եւ երբ անցնում են այն հրաշալի պատկերացնում են, թէ կատարածը ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եւ երբ մարդը գիտակցւած ձեւով եւ ոչ մէկ անգամ կրկնում է նոյն կամ նմանատիպ արարքը, ապա ակնյայտ է, որ նա հոգեբանօրէն ընդունել է պատժւելու՝ անգամ կուսակցութեան շարքերից դուրս դրւելու հեռանկարը: Ոչ ոք այս կուսակցութիւնից հեշտ չի դուրս դրւում, իսկ նրան, ով համարժէքօրէն չի մեղանչել, ոչ ոք չի կարող դուրս դնել: Մարդիկ յաճախ տարիներով կրկնւող նոյն սխալների համար բազմիցս զգուշացւում են ընկերաբար, ստանում են համեմատաբար թեթեւ պատիժներ, մինչ հասնում են դաշնակցական մարդու համար ծանրագոյն պատժի՝ երբ կուսակցութեան դռները շրխկացւում են նրանց ետեւից:

Իսկ այլ կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների դէպքում մի՞թէ նոյնը չի պատահում, երբ իր որեւէ անդամը, գիտակցւած հետեւողականութեամբ, երկար ժամանակ գործում է ընդհանուրի կողմից հաստատւած որոշումների դէմ:

Դաշանակցութիւնը դաշնակցականների սեփականութիւնը չէ, այն ազգային արժէք է, որը դեռ մեծ առաքելութիւն ունի հայ ժողովրդի ապագայի կերտման գործում: Ոչ մի կասկած չունեմ, որ ծլարձակելով մայր հողում Դաշնակցութիւնը դեռ վերածւելու է հզօր կաղնու եւ կարողանալու է սաղարթների տակ պատսպարել հարազատ ժողովրդին գալիք փոթորիկներից, լինելու է նրա արժէքների ու երազանքների արթուն պահակը, դառնալու է հզօր պատնէշ՝ հայոց վաղւայ սահմաններին: Դրա համար Դաշնակցութեան հերթական սերունդների պարտաւորութիւնն է անաղարտ ու անկախ պահել այս ուժը: Դաշնակցութիւնը ոչ մէկի քմահաճոյքով չի կարող փոփոխւել եւ ոչ մէկի գրպանում չի կարող տեղաւորւել: Բայց բազում «մոլորեալներ» ու հայատեացներ մաշելու են դեռ իրենց կեանքը այդ նենգ նպատակն իրականացնելու անշնորհակալ ճիգի վրայ:

 

Arfd.am

Յարակից լուրեր

  • Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ
    Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ

    Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

  • Անի Մելքոնեան. «Այո, ես յոյս ունեմ, որ Դաշնակցութիւնը կարող է ինչ որ բան անել»
    Անի Մելքոնեան. «Այո, ես յոյս ունեմ, որ Դաշնակցութիւնը կարող է ինչ որ բան անել»

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամ Անի Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Դաշնակցականի ճանապարհը
    Դաշնակցականի ճանապարհը

    Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

  • «Ապագան պատկանում է ՀՅԴ-ին՝ հայ իրականութեան միակ գաղափարակիր, աւանդական կուսակցութեանը». պրոֆեսոր Ա. Յակոբեան
    «Ապագան պատկանում է ՀՅԴ-ին՝ հայ իրականութեան միակ գաղափարակիր, աւանդական կուսակցութեանը». պրոֆեսոր Ա. Յակոբեան

    Իբրեւ պրոֆեսիոնալ պատմաբանի՝ ինձ համար պաշտելի անուններ են ՀՅԴ հիմնադիր անդամներ՝ Քր. Միքայէլեանը, այն շիտակ ու նւիրեալ անձը, երբ Թիֆլիսում նրա փոքրիկ տանը հիւր էր լինում, նա այդ գիշեր յատակին էր քնում, իսկ հիւրին յատկացնում էր իր միակ անկողինը, ինձ համար պաշտելի այն Քրիստափորը, ով սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ ահաբեկման փորձարկումն անձամբ ինքն նախաձեռնեց եւ նահատակւեց։

  • Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը
    Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը

    Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը բարոյապէս սպառւած է: Եթէ Փաշինեանը պիտի նստի ու ամէն անգամ հաշւի, թէ քանի հոգի է իր դէմ ցոյցի դուրս գալիս, ըստ այդմ որոշելու համար գահընկեց լինելու համար այդ թիւը սպառնալիք է, թէ՝ ոչ, ապա նա չարաչար սխալւում է: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։