Ես հերքում եմ այն միտքը, որ անփոխարինելի մարդիկ չկան. Վահանն իր տեսակով, իր նշանակութեամբ, առաքելութեամբ եւ նաեւ հէնց իր բացակայութեամբ իսկապէս ցոյց է տալիս՝ լինում են անփոխարինելի մարդիկ, եւ Վահանն այդ անփոխարինելին է. ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի մահւան 5-րդ տարելիցին նւիրած յիշատակի արարողութեան ժամանակ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։
«alikonline.ir» - Ես հերքում եմ այն միտքը, որ անփոխարինելի մարդիկ չկան. Վահանն իր տեսակով, իր նշանակութեամբ, առաքելութեամբ եւ նաեւ հէնց իր բացակայութեամբ իսկապէս ցոյց է տալիս՝ լինում են անփոխարինելի մարդիկ, եւ Վահանն այդ անփոխարինելին է. ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի մահւան 5-րդ տարելիցին նւիրած յիշատակի արարողութեան ժամանակ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։
Հինգ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, երկարատեւ ու ծանր հիւանդութեան մէջ Գերմանիայում իր մահկանացուն կնքեց Վահան Յովհաննիսեանը։ Երեւանի Կենտրոնական գերեզմանատանն ամփոփւած նրա շիրիմին այցի եկած հարազատները, կուսակցական - գաղափարական ընկերներն ու մտերիմները վերստին յիշում եւ արժեւորում են մեծանուն գործչի անցած ուղին։
«Հինգ տարի է, որ Դաշնակցութեան մէջ որոշումներ են կայացւում առանց մեր ընկերոջ, եւ յաճախակի՝ դժւար որոշումներ։ Մենք շատ կուզենայինք, որ ընկեր Վահանն այդ որոշումների մէջ իր ներդրումն ունենար, իր ճկուն միտքը, իր նուրբ հումորը, իր արադարացի դիրքորոշումն արտայայտէր»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տօնոյեանն ու փաստեց. Վահան Յովհաննիսեանը դեռ Դաշնակցութեան՝ Հայաստան վերադարձից շատ առաջ էր իրենց հետ, քանի որ նրա հայրը (երջանկայիշատակ Էդւարդ Յովհաննիսեանը՝ խմբ.) կանգնած էր ՀՅԴ հայաստանեան կառոյցի վերստեղծման ակունքներում։
«Վահանի տեղը շատ ենք զգում բոլորս՝ ե՛ւ մենք, որ իր ընկերն ենք, զինակիցն ու գաղափարակիցը, ե՛ւ մեր պետականութիւնը։ Եւ ինչքան մեր պետութիւնն ապրում է մարտահրաւէրների, տագնապների եւ խռոված իրականութեան մէջ, այնքան Վահան տեսակի բացը, նրա քաղաքական ու մարդկային կարօտը թանձրանում է։ Մենք միշտ ներքին զրոյց ունենք Վահանի հետ՝ ինքը ոնց կը մտածէր, ինքը ինչ կանէր»,- օրւայ խորհրդին ադրադառնալով՝ նշեց Լիլիթ Գալստեանը։
Վահան Յովհաննիսեանի յիշատակի առիթով բազմաթիւ հրապարակումներ ու արձագանքներ են լսւել նաև սփիւռքից։ Թեհրանի «Ալիք» թերթի Alikonline.ir կայքի խմբագիր Արամ Շահնազարեանն այդ կապակցութեամբ գրում է. «Հինգ տարի՝ առանց ընկեր Վահանի… Պատկերացնելն էլ է դժւար, հինգ տարի՝ առանց Վահան Յովհաննիսեանի: 2014 թւականի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, արդի հայ քաղաքական միտքը կորցրեց իր ամենավառ անհատականութիւններից մէկին՝ Վահան Յովհաննիսեանին:
Հայ հասրակական-քաղաքական միտքը մի բան էր Վահան Յովհաննիսեանով, մի այլ բան՝ առանց նրա: Նոյնն է նաեւ մեր ընտանիքի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պարագային:
Քաղաքական դաշտին իրենց «թաւշէ» ներկայութիւնը պարտադրող անհասցէների, կամ էլ ՄԱՐԴԱՑԱԾ ՅԻՍՈՒՍ ձեւացող «նւիրեալների», «յեղափոխականների» եւ «ազատամիտների» գինարբուքի մեր գորշ օրերում, առաւել քան երբեւէ զգացւում է ընկեր Վահանի՝ նմանը չունեցող ինտելեկտի, սկզբունքայնութեան եւ գաղափարականի բացառիկ կերպարի կարիքը»:
Հնգամեայ հեռաւորութիւնից՝ Լիլիթ Գալստեանն այսպէս է բնորոշում Վահան Յովհաննիսեանին. «Վահանն ազգային - պետական գործիչ էր, ում կարիքը հայոց պետականութիւնը շատ ունի, մանաւանդ՝ այս օրերին, երբ կքւած մէջքով է ապրում մեր պետականութիւնը, որոհետեւ Վահանի խօսքը վերքը սպիացնող էր, Վահանը ճիշտ ախտորոշողն էր, նա նոյնիսկ իր քաղաքական հումորով, պետական մարդուն բնորոշ հայրապետական բարձր զգացողութեամբ քաղաքական այլ բեւեռում գտնւող մարդուն առանց թշնամանքի (ինչը մեր օրերում ծաղկում է ապրում) ճիշտ ճանապարհը ցույց տալու ձեւ ունէր»։
Վահան Յովհաննիսեանի մէկ այլ ընկեր՝ Պարոյր Սանթրոսեանը, յիշատակի օրւայ նախօրեակին գրել է. «Վաղը կը գնամ Վահանի գերեզմանին` արդէն 5-րդ տարին անընդմէջ։ Ահագին մարդ ներկայ կը լինի, երեւի։ Կը խօսեն, կը յիշեն, կը տխրեն։ Վերջին տարիների դեկտեմբերի 28-ին ես լռում եմ։ Յատկապէս կը լռեմ այս տարի։ Յետոյ, չնայած չեմ խմում, բայց հաստատ մի բաժակ կը խմեմ` էլի լուռ, մենակ։ Ու քանզի մարդիկ անցել են բոլոր բարոյական սահմանները, գուցէ գտնւեն այնպիսիք, ովքեր վաղը Վահանին էլ կը հայհոյեն։ Չեմ զարմանայ։ Ի վերջոյ, եթէ օրդ հայհոյանքով ես սկսում, ինչ տարբերութիւն ում կը հայհոյես` տղամարդու թէ կնոջ, մանկավարժի թէ ֆուտբոլիստի, կեանքին հրաժեշտ տւած մարդուն թէ առկա մաղձից հեռացածներին երանի տւողին։ Ու կը սպասեմ, որ գայ էն օրը, երբ կը գնամ Վահանի գերեզմանին հետը զրուցելու ու չլռելու։ Շատ բան կայ պատմելու…»։
«Վահանի մէջ ազգային խիղճը կար, որի պակասը մենք բոլորս ենք զգում, որովհետեւ Վահանը մեր լաւ տեսակի երակից էր գալիս։ Լաւ տեսակի երակ ասելով նկատի ունեմ ազգի ցաւով ապրող Խորենացուց մինչ այսօրւայ քաղաքացին, ով կրում է մեր ինքնութեան պատասխանատւութիւնը»,- Yerkir.am-ին շարունակեց իր մտորումները փոխանցել ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ ընդգծելով. չափազանց շատ է զգում նաեւ Վահան Յովհաննիսեան մարդկային տեսակի բացը. «…որովհետեւ ինքն իմ կուսակցական եւ գաղափարական ընկերոջից զատ նաեւ մարդկային ընկերն էր՝ հարազատ տեսակ, ում հետ լինելը քեզ ուժ եւ համոզում էր տալիս, ինքդ քո ճշմարտացիութեան մէջ կասկածելու առիթ չէր տալիս, եւ Վահանի հետ իսկապէս կարելի էր «պարտիզանութեան» գնալ»։
Իսկ այդպիսի «պարտիզանական ճակատները» քիչ չեն եղել. Լիլիթ Գալստեանը յիշում է՝ ինչ հպարտութիւն է ապրել ոչ միայն ՀՅԴ կուսակցութեան համար, այլեւ մեր պետութեան համար, երբ Վահան Յովհաննիսեանի հետ եղել է արտաքին ճակատում՝ հիմնադրելով «Եւրանեսթ» խորհրդարանական ձեւաչափը։
Վահան Յովհաննիսեանի պետական մտածելակերպը, նրա նուրբ հումորը, ջերմ ընկերասիրութիւնը արժէքներ են Տարոն Տօնոյեանի համար։ Ըստ նրա՝ օր-օրի որքան դժւարութիւնների ենք հանդիպում, այնքան աւելի է զգացւում Վահանի պակասը։ ՀՅԴ ԳՄ անդամը մշտապէս ինքն իրեն հարց է տալիս՝ Վահանը եթէ լինէր՝ ինքն ինչպէ՞ս կը վարւեր, ի՞նչ լուծում կը տար այս կամ այն հարցին։
Տարոն Տօնոյեանն այդուհանդերձ, յանձինս ներկայ սերնդի, տեսնում է Վահան Յովհաննիսեանի գործի եւ գաղափարների շարունակողին. «Դժւար է, ինչ խօսք, առանց ընկեր Վահանի, բայց նաև ամոքւում են վէրքերը, քանի որ այսօր՝ հինգ տարի անց, մեր շարքերը համալրւում են քաջ երիտասարդներով, նոր Վահան Յովհաննիսեաններով։ Այսօր Վահանի տեղը շատ է երեւում, բայց նաեւ պիտի ասել՝ զուտ ֆիզիկական իմաստով Վահանը յաւէրժ չպիտի ապրեր, եւ այստեղ կանգնածները Վահանի գաղափարների հետրեւորդներն են։ Վահանը ապրում է՝ քանի կայ Դաշնակցութիւնն իր տեսլականով, վաղւայ օրւայ հանդէպ իր պայծառ տեսիլքով, այն օրւայ, որ պէտք է ունենանք մենք՝ թէ՛ որպէս կուսակցութիւն, թէ՛ որպէս պետութիւն»։
«Վահանը մեր պատմութեան մէջ այլեւս վաւերական ներկայութիւն է». Լիլիթ Գալստեանի հաստատումն է՝ բարձրաձայնւած շարունակական մտորումների մէջ։