Հա

Ազգային

30/12/2019 - 15:10

Հայաստանում ամենապահանջւածը լռութիւնն է․ Դաւիթ Վանեանը շնորհաւորել է Ամանորը

Դաւիթ Վանեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել․

«alikonline.ir» - Դաւիթ Վանեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել․

«Հայաստանում եւ նրա շուրջ հանգիստ պիտի լինի։ Այստեղ միահիւսւած են հազարամեակները։ Այստեղից են սկիզբ առնում, այստեղով են անցնում աշխարհը սնուցող քաղաքակրթական գետերը։ Այստեղ մարդն իմաստուն է եղել՝ ցաւից, արիւնից, քրտինքով շաղախւած, խղճով օժտւած, Աստծոյ կողմից՝ հոգու անդորրով ու խորիմաստութեամբ շնորհւած։

Հայաստանում ամենապահջւածը՝ լռութիւնն է, որովհետեւ այստեղ իրար են բախւում աշխարհաքաղաքական հակասութիւնները՝ Արեւելքն ու Արեւմուտքը, Հիւսիսն ու Հարաւը, Քրիստոնէութիւնն ու Իսլամը, Շիան ու Սունին, Կաթոլիցիզմն ու Քաղկեդոնականութիւնը, Եզդին, Զրադաշտականը, Նեստորականն ու Մոլոկանը։ Հայաստանով է անցնում Եւրոպայի ու Ասիայի սահմանը, Թուրքիան թրքալեզու ցեղերից բաժանող սահմանը։

Հայաստանը ջերմ յարաբերութիւնների մէջ է իրարամերժ կայսրութիւնների, այդ թւում՝ Իրանի ու նրա թշնամիների հետ։ Հայաստանը մշակութային հանգոյց է, քաղաքական ու քաղաքակրթական երկխօսութեան բնօրրան։

Հայաստանում հանգիստ պիտի լինի։ Այստեղ հիմարներն են միայն մարդկանց բաժանում մասերի, արտադրելու ու տնտեսական ռեֆորմների փոխարէն՝ զբաղւում իշխանութեան բռնազաւթմամբ, օրէնսդրական կաշառքների առաջարկումով, պետականութեան կարեւորագոյն սկզբունքների խարխլումով։

Հայաստանում երեք միլիոն Հայ է ապրում եւ երեք միլիոն թուրք ծնւում է նրա շուրջ ամէն տարի։ Այստեղ պիտի հանգիստ լինի։ Այստեղ չի կարելի պոպուլիստ լինել, առանց խորը գիտելիքների վարչարարել։

Հայերն ապրում են Թուրքիայում, Իրանում, Արաբական երկրներում, Ռուսաստանում, տարածաշրջանի բոլոր երկրներում։ Ղազախական դէպքերը ցոյց տւեցին, որ մեր հայրենակիցները անվտանգութեամբ ապահովւած չեն։ Այստեղ, մեր տանը եթէ միակամ չեղանք, կը կորցնենք մեր համայնքներն ու մարդկանց՝ բառիս բուն իմաստով։

Հայաստանում անցեալով է թելադրւած ներկան։ Այստեղ պարադիգմաների փոփոխութիւնը կարող է դարաւոր գետեր ու ջրվէժներ ցամաքեցնել, մի ողջ ժողովրդի մատնեել ունայն ինքնավերացման։ Հայաստանում միայն մէէկ տիպի յեղափոխութիւնն է ողջունելի՝ ազգային արմատներին վերադարձի ու աւանդականութեան, պահպանողականութեան յեղափոխութիւնը։ Մնացածը արկածախնդրութիւն է։

Իմ սիրտը ցաւում է։ Չցաւէր, չէի գրի։ Միացնում եմ հեռուստացոյցը՝ պարզւում է Հնդկաստանում եմ։ Հերթով փոխում եմ ալիքները՝ զրօ արժէքի հաղորդումներ են։ Փողոցում աչքերով փնտրում եմ մտաւորական, ազնւական, շինական մաքուր հայեացքներ՝ չկան։ Տուն պահողների հասարակութիւն՝ մտազբաղ, տխուր, եւ ինքնագովեստով տարւած նարցիսական իշխանութիւն։

Հայաստանում այսպէս չի կարելի։ Այստեղով աշխարհի պորտալարն է սնուցւում։ Թոյլ, երկւած Հայաստանը համաշխարհային պատերազմի պատճառ կարող է լինել։ Միայն ուժեղ ու գերակայող Հայաստանն է, որ ձեռնտու կը լինի գերտէրութիւններին, ինչը ապացուցւում է վերջին երեսուն տարիներ ստատուս քւոյի պահանջւածութեամբ։

Սիրելի ընկերներ, 2020-ին ես Ձեզ առողջութիւն եմ ցանկանում եւ խնդրում եմ, ներեցէք ինձ եւ իրար, թոյլ չտաք մեզ բաժանեն։ Մենք մի պետութիւն ունենք եւ նրա իշխանութիւնները յաջորդաբար ծառայում են մեր ինքնութեանը։ Չկան հին ու նոր իշխանութիւններ։ Բոլորն էլ թերի են, էին ու արժանի են խորը քննադատութեան։ Իշխանութիւնը ժողովրդին ծառայելու համար է։ Ուստի, եթէ սիրում էք այն ներկայացնողներին, ապա պահանջէք նրանցից, թէ չէ այլասերւելու են ու դառնան պատուհաս։ Սա համաշխարհային եւ մեր պատմութիւնն է յուշում։

Ձեր Նոր տարին շնորհաւոր»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։