Հա

Ազգային

14/01/2020 - 12:30

Արման Բաբաջանեանի հայրենադաւ անցեալի՝ անգամ իր խոստովանած մի դրւագը

Մերօրեայ հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակութեան ուշադրութեանն արժանանալու անխնայ փորձեր կատարող ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանը վերջերս լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ինքը, ձեռքերը գրպանը դրած կամ կրծքին խաչած, ինչ-որ զրուցում էր իր դիմաց շարւած զինւորների հետ:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Մերօրեայ հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակութեան ուշադրութեանն արժանանալու անխնայ փորձեր կատարող ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանը վերջերս լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ինքը, ձեռքերը գրպանը դրած կամ կրծքին խաչած, ինչ-որ զրուցում էր իր դիմաց շարւած զինւորների հետ:

Հասարակութեանն արժէ եւս մէկ անգամ յիշեցնել՝ անձը, ով մտել է զօրամաս եւ մեզ անյայտ ինչ-որ դասախօսութիւն է կարդում զինվորների համար, 2006 թւականի յունիսի 26-ին պարտադիր զինծառայութիւնից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալւել է եւ դատապարտւել 3.5 տարի ազատազրկման: Յիշեցնենք՝ այդ ժամանակ նա «Ժամանակ Երեւան»-ի խմբագիրն էր:

Փաստաթղթեր կեղծելով՝ ժամկէտային զինծառայութիւնից խուսափելու մեղադրանքը, թէեւ մասամբ, այդուհանդերձ, Արման Բաբաջանեանն ընդունել է. «Մեղաւոր եմ ճանաչում, որ իմ թողտւութեամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործւել զինծառայութիւնից խուսափելու համար»,- դատական նիստին ասել է նա՝ հրաժարւելով այդ կեղծ փաստաթղթերի պատրաստմանը մասնակցութեան փաստից:

Իսկ մեղադրանքը, որով ՀՀ քրէական օրէնսգրքի 327-րդ յօդւածի երկրորդ մասով (ժամկէտային զինւորական ծառայութիւնից խուսափելը, որ կատարւել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով,) եւ 324 յօդւածի երկրորդ մասով (պաշտօնական փաստաթղթերի հափշտակութիւն), նախատեսւում էր համապատասխանաբար 1-5 տարւայ եւ առաւելագոյնը 2 տարւայ ազատազրկում, հետեւեալն էր. Արման Բաբաջանեանը պատրաստել եւ հափշտակել է պաշտօնական փաստաթղթեր, դրանք կեղծելու եւ խաբէութեան ճանապարհով մօր՝ Էլմիրա Բաբաջանեանի օժանդակութեամբ խուսափել է ժամկէտային զինւորական ծառայութիւնից։

Նա, փաստօրէն, ըստ մեղադրանքի, 1996 թ. լքելով Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայութեան տարկետման իրաւունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետութիւնից մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայութիւնից անօրինական կերպով տարկետման իրաւունք ձեռք բերելու նպատակով Հայաստանեայց եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանապետի անունից համակարգչի օգտագործմամբ կազմել է ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թւականը շարունակելու մասին կեղծ գրութիւններ, 2001 թ. սեպտեմբերի 10-ի եւ նոյն թւականի հոկտեմբերի 12-ի ամսաթւերով՝ դրանք մօր միջոցով 2002 թ. ամռանը ներկայացնելով Երեւան քաղաքի Շենգաւիթի տարածքային զինկոմիսարիատ։

Այնուհետեւ զինկոմիսարիատից տեղեկանալով, որ նշւած գրութիւնները բաւարար չեն զինծառայութիւնից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակւող իր ընկերոջ՝ Վահէ Աբովեանի ամուսնութեան եւ երեխայի ծննդեան վկայականները։

Դրանց օգտագործմամբ՝ սարքել իր ամուսնութեան եւ երկու երեխաներ ունենալու վերաբերեալ կեղծ վկայականներ, որոնք Է. Բաբաջանեանը որդու ընտանիքի կազմի վերաբերեալ Շենգաւիթի թիւ 20 տեղամասի լիազօր ներկայացուցչից խաբէութեամբ վերցրած կեղծ տեղեկանքի հետ միասին ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրայ Արման Բաբաջանեանը ստացել է զինւորական տարկետման իրաւունք եւ խաբէութեան ճանապարհով խուսափել ժամկէտային զինծառայութեան զօրակոչից։

Փաստօրէն, նա մեղադրւել է նաեւ հարազատ ընկերոջ ամուսնութեան եւ երեխայի ծննդեան վկայականները գողանալու եւ հայրենադաւ իր արարքի հիմնաւորման նպատակով օգտագործելու համար։

Աւելին, Արման Բաբաջանեանը, թէեւ իրաւունք ուներ հրաժարւելու հարազատների դէմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրութիւնը զարդարեց եւս մէկ դրւագով՝ ցուցմունք տւեց հարազատ մօր դէմ։

Երբ նրան հարցրել են՝ արդեօ՞ք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպէս պնդում է «Ժամանակ Երեւան» թերթը, Ա. Բաբաջանեանը նշել է. «Նախաքննական մարմնում կար այդ միտումը` խափանման միջոցի հետ կապւած: Չէի խոչընդոտի նախաքննութեանը եւ հասկանում եմ իմ կոլեգաներին: Նրանք իրաւացի են»:

Հետաքրքրական է, որ դատարանում տւած իր ցուցմունքում հայրենիքի պաշտպանութիւնից յանցաւոր ճանապարհով խուսափած Արման Բաբաջանեանը նշել է՝ Սեւանի ճեմարանում ուսանելու տարիներին ինքը մինչեւ 2001-ը ունեցել է տարկետման իրաւունք, բայց 1998-ին որպէս զբօսաշրջիկ մեկնել է ԱՄՆ: Աւելի ուշ՝ նա, պատասխանելով մեղադրողի հարցին, իրեն հռչակել է, այսպէս կոչւած, քաղաքական վտարանդի՝ նշելով, որ 1998 թւականին հեռացել է երկրից՝ «քաղաքական դրդապատճառներով, իշխանափոխութեան պատճառով»։

Այս արկածախնդիրը վաղաժամկէտ ազատ արձակւեց երեք տարի անց՝ 2009 թւականի օգոստոսի 4-ին: Բաբաջանեանին վաղաժամկէտ ազատ արձակելու` «Դատապարտեալների հիւանդանոց» քրէակատարողական հիմնարկի միջնորդութեանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ ազատելու, պատժի չկրած մասն աւելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ յանձնաժողովը հաւանութիւն էր տւել 2009 թ. այդ օրը:

Ամենեւին պատահական չէ, որ լուսանկարներում ազատութեան օրը դիմաւորողների կողքին երեւում են ոչ անյայտ Անդրանիկ Քոչարեանը, Լեւոն Զուրաբեանը եւ այլ «լեւոնականներ»․ տեսանյութը՝ այստեղ:

Սա ընդամենը մի դրւագ էր Արման Բաբաջանեանի անբարոյ եւ յանցաւոր անցեալից: Ողորմելի այս տեսակի բնութագիրը եւ դիմապատկերն առաւել կամբողջացնենք առաջիկայում՝ վերյիշեցնելով այլ ամօթալի դրւագներ եւս:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։