Հա

Ազգային

15/01/2020 - 14:40

Բոլոլա կամ խռովւած խաղաղութեան մեր ժամանակները. ծննդատներ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն, իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն, իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Անցեալ տարի, երբ կառավարութեան առջեւ բողոքող մեր հպարտ համաքաղաքացիներից մէկը գործածեց «բոլոլա ա լինելու» արտայայտութիւնը, շատերը զւարճացան իրարանցում, խառնաշփոթ, քաոս իմաստերն արտայայտող այդ բարբառային բառի կիրառութեամբ:

Մէկ տարի առաջ դժւար էր ենթադրել, որ բոլոլա-ն` խառնաշփոթն ու քաոսը, դառնալու է մեր իրականութեան, մեր ընթացիկ կեանքի անբաժանելի ուղեկիցը:

Համատարած բոլոլա, որովհետեւ գրեթէ չկայ ոլորտ, որ կառավարւի հեռանկարային, ինստիտուցիոնալ ծրագրերով, ծրագրեր, որոնք կը յաղթահարեն երկրի լրջագոյն մարտահրաւէրները, կը խթանեն հանրային լաւակեցութիւնը եւ մեզ՝ որպէս հասարակութիւն եւ պետութիւն, կը մօտեցնեն ցանկալի ապագային:

Նոր իշխանութիւնների քաղաքական եւ վարչական ողջ էներգիան կենտրոնացել է ոչ թէ հանրութեանը միաւորող օրակարգերի, իրական արժէքների գեներացման, առողջացման, հանրային համերաշխութիւնը ամրապնդելու վրայ, այլ անցեալի կոյր մերժումի, հասարակութիւնը պառակտելու եւ մէկը միւսից արկածային, չմտածւած, ամէն գնով սեփական գերազանցութիւնն ու օրիգինալութիւնը շեշտող տուրբուլենտ քայլերի վրայ:

Քաղաքական դիսկուրսում զուր է պետական ռազմավարական ծրագրերի փնտրտուքը. այնտեղ համատարած պոպուլիզմ է, վրէժխնդրութիւն, ստատուսային անորակ գզւռտուք, ոչ պրոֆեսիոնալների հեծանւայայտնագործութիւնների ճիգ:

Ու մինչ տարածաշրջանը շիկանում է իրանաամերիկեան լարւածութիւնից, իշխող քաղաքական թիմի դիսկուրսում բլինչիկից զուգարանակոնք ձգւող անարժանապատիւ մտահորիզոնն է, միմեանց մերկացումն ու ամուսնանալու մասին շրիշակային/պլինտուս/ ակնարկները:

Իշխանութեան է եկել քաղաքական մի թիմ, որը երկխօսային յարաբերութիւններ չի կառուցում ոչ միայն հասարակութեան եւ քաղաքական ուժերի հետ, այլեւ որքան էլ տարօրինակ է՝ սեփական թիմի հետ:

Ու բոլոլան ամենուր է, համատարած, ու իւրաքանչիւր օրը նոր ցնցում է, տեղական բողոքի ալիքները յաջորդում են միմեանց. նոր մարտահրաւէրներ, վրդովւած խաղաղութիւն ու յուսահատութիւն, անելից փողոցում յայտնւած ու ճանապարհներ փակելով հարցեր լուծող փորձող հանրութիւն…

Երեք օր է մի քանի համայնքներ, նաեւ հասարակութեան մի ստւար մաս, ցնցւում է համայնքային մի շարք ծննդատների լուծարման լուրերից:

Խօսւում է արդէն շրջանառւող որոշման մասին. համայնքները, բուժանձնակազմն ու հնարաւոր շահառուները մոլորւած են, բազմաթիւ հարցեր անպատասխան են, անյստակ, մոլորեցնող:

Ընդւզում, հոգեխռով ու վիրաւորւած նախկին հպարտ քաղաքացիներ… Յետոյ յայտնւում են մարզպետներն ու յայտարարում, որ նախարարի որոշում կայ, բայց գրաւոր չէ ու խցանւել է ինչ-որ ընթացակարգային ճանապարհերում: Որոշում կայ, բայց չի ծանուցւել… Նախարարի որոշում կայ, բայց, բայց… Տեղում քաղաքական որոշում է ընդունւում եւ գոնէ երկու մարզպետի/Կոտայքի եւ Տաուշի/ կողմից յայտարարւում, որ ծննդատները չպիտի լուծարւեն, այլ վերազինւեն ու գործեն:

Խառնաշփոթ, անհստակութիւն, հակասական հաստատումներ, այլընտրանքների բացակայութիւն, մի խօսքով՝ իսկական բոլոլա:

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս կամ այն կոնկրետ ծննդատան փակւել-չփակւելու իրողութեանը կամ ծնելիութեան խթանման պետութեան յանձնառութեանը կամ դրա չգոյութեանը, հինգ միլիոն դառնալու վարչապետական հեռահար երազանքին: Բայց չեղած բանին ինչպէս անդրադառնամ…

Ինձ առաւել անհանգստացնում է երկրի կառավարման մակարդակում որոշումների կայացման որակը, դրանց ռացիոնալութիւնը, չհիմնաւորւածութիւնը, միեւնոյն քաղաքական թիմում հակադիր տեսլականների ու պատկերացումների գոյութիւնը կամ առհասարակ դրանց բացակայութեանը…

Եւ այսպէս ամէն օր, գրեթէ բոլոր ոլորտներում…

Երբ Աստծոյ իւրաքանչիւր լուսաբաց դիմաւորում ես հնարաւոր արկածախնդրութեան հերթական ներքին տագնապով…

 

Յ. Գ. Երէկ Համազգայինի թատրոնում վայելեցի Մոպասանի «Փափլիկը» բացառիկ բեմադրութիւնը. Բարձր գեղագիտութիւն, ընտիր խաղ, թատրոն արւեստի խնկարկում: Իսկ մի քանի ամիս առաջ տասը մշակութային կառոյցների փակման ցանկում շրջանառւում էր նաեւ Համազգայինի թատրոնի անունը: Եւ ի՜նչ ճիգ ու նեարդեր պահանջւեցին ոլորտի կառավարման տխրահռչակ պատասխանատուներին հասկացնելու, որ թատրոնը եւ էլի կառոյցներ պիտի ապրեն:

Քանդելը հեշտ է, իսկ կառուցե՞լը…»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։