Հա

Ազգային

26/01/2020 - 11:30

«Առանց արցախեան կողմի մասնակցութեան անհնար է վերջնական որոշում կայացնել». Վահրամ Բալայեան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն, անդրադառնալով 2019 թւականին արցախեան հիմնախնդրի շուրջ տարւող բանակցութիւններին, արձանագրել էր, որ անցնող տարին բաւականին յագեցած ու արդիւնաւէտ էր:

«alikonline.ir» - Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն, անդրադառնալով 2019 թւականին արցախեան հիմնախնդրի շուրջ տարւող բանակցութիւններին, արձանագրել էր, որ անցնող տարին բաւականին յագեցած ու արդիւնաւէտ էր:

Լաւրովի յայտարարութեան ու բանակցային գործընթացում արձանագրւած արդիւնքների մասին 365News-ը խօսել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանի հետ:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում Լաւրովի յայտարարութիւնն ու ի՞նչ տեսանելի արդիւնքներ կարող էք առանձնացնել:

- Քանի որ բանակցային գործընթացին արցախեան կողմը չի մասնակցում, տեղեկացւած չեմ լիովին ու հիմնականում տեղեկութիւնները ստանում ենք լրատւամիջոցներից, հետեւաբար կոնկրետ ասել, թէ Լաւրովն ինչ ի նկատի ունի, մենք չենք կարող: Յամենայնդէպս, ընդհանրութեան մէջ տեսանելի չէ` խօսքն ինչի մասին է կամ ինչ յաջողութիւնների մասին է: Աչքով տեսանելի է այն է, որ ճակատում լարւածութիւնը համեմատաբար թուլացած է՝ կրակոցների , դիւերսիոն ներթափանցման փորձերի հետ կապւած: Դիւերսիոն ներթափանցումները, իմ կարծիքով, աւելի շատ տեսախցիկների ու համապատասխան միջոցների տեղադրման արդիւնք են, բայց ընդհանուր առմամբ կրակոցների, լարւածութեան որոշակի թուլացում կայ՝ սա է շօշափելի արդիւնքը:

Բայց թէ բանակցութիւնների ժամանակ ինչ են քննարկել, ես տեղեակ չեմ, որեւէ տեսանելի բան չեմ տեսնում:

Օրինակ՝ ապրիլեան պատերազմից յետոյ, երբ ամբողջ ճակատով դրւեցին այդ տեսանկարահանող ու գիշերային տեսանելիութեան սարքերը՝ դիւերսիոն ներթափանցումները կտրուկ պակասեցին եւ վերջին ժամանակահատւածում կրակոցները պակասեցին: Բայց դժւարանում եմ ասել՝ դա տեխնիկական հագեցւածութեա՞ն արդիւնք է, թէ՞ բանակցութիւններին նման հարց է քննարկւել. նման տեղեկատւութեան չեմ տիրապետում:

 

- Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը յայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման հարցն են քննարկել, եւ յունւարին հանդիպում է պլանաւորւում: Ի՞նչ էք կարծում, յաճախակի հանդիպումները կարո՞ղ են արդիւնաւէտ լինել՝ հաշւի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանութիւնները Բրատիսլաւայում դեկտեմբերին կայացած հանդիպման արդիւնքներից գոհ չէին:

- Ես կողմնակից եմ, որ բանակցութիւններ լինեն: Որովհետեւ եթէ չես խօսում, յաջորդ քայլը պատերազմն է: Ես չեմ ասում սա, որովհետեւ մեր ժողովուրդը վախենում է պատերազմից կամ ես եմ վախենում, բայց խնդիրն այն է, որ տարածաշրջանում հնարաւորինս խաղաղութիւնը պահպանելը շահեկան է բոլոր կողմերի եւ տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Խօսելու անհրաժեշտութիւնը կայ՝ պէտք է նստեն, քննարկեն:

Այլ բան է, որ վերջնական որոշում չի կայացւում, որովհետեւ կարծիքները բաւականին տարբեր են, ու ամենամեծ բացթողումն այն է, որ արցախեան կողմը չի մասնակցում: Առանց արցախեան կողմի մասնակցութեան անհնար է վերջնական որոշում կայացնել: Կարծում եմ, որ Ադրբեջանն էլ դա պէտք է յստակ գիտակցի, որովհետեւ առանց այս ժողովուրդը ներկայացնող իշխանութիւնների մասնակցութեան անհնար է որեւէ թղթի տակ ստորագրութիւն դնել եւ որոշում կայացնել: Իսկ եթէ իրենք ուզում են հարցին լուծում տալ, ապա Արցախի կողմը պէտք է մասնակցութիւն ունենայ որպէս լիարժէք որոշում կայացնող բանակցող կողմ:

 

- Բանակցային գործընթացում արցախեան կողմի մասնակցութեան մասին խօսելիս շրջանառւում է նաեւ տեսակէտը, որ Ադրբեջանն էլ իր հերթին կարող է «Արցախի ադրբեջանցի փախստականների» ներգրաււման հարցը բարձրացնել:

- Խնդիրն այն է, որ ամէն ինչը փաստերով հիմնաւորւած պէտք է լինի: Դրանք տարբեր իրաւասուբիեկտային իրավիճակում գտնւող գործօններ են: Խնդիրն այն է, որ Արցախի հանրապետութիւնը չես կարող համեմատել ինչ-որ համայնքի կամ մարդկանց խմբերի հետ: Հարց է առաջանում՝ չէ՞ որ այդ նոյն փախստականներն ու նրանց ղեկավարութիւնը գնացել, ընտրել են Ադրբեջանի ղեկավարին, Արցախի հանրապետութեան քաղաքացին էլ ընտրել է իր ղեկավարին: Նրանք Ալիեւին ընտրել են իրենց ղեկավար՝ Ալիեւն էլ գնում է բանակցելու, այսինքն` ունեն իրենց անմիջական ներկայացնող, իսկ արցախեան կողմն ընտրել է իր նախագահին, ով չի կարողանում Արցախի ժողովրդի շահերը ներկայացնել այդ բանակցային պրոցեսում:

Խնդիրն այն է, որ մեր տարրական իրաւունքներն են ոտնահարւած, այսինքն` Արցախում ապրող քաղաքացիների իրաւունքները ոտնահարւած են: Նա ունի իշխանութիւն, բայց հնարաւորութիւն չունի իր ժողովրդի շահերը ներկայացնելու:

 

- Արցախեան հիմնահարցի լուծման ուղղութեամբ ո՞ր դրոյթի վրայ կուզէիք, որ ՀՀ Արտգործնախարարութիւնն աւելի կոշտ դիրքորոշում դրսեւորէր:

- Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի անվտանգութեան երեւաշխաւորն է՝ հայ ժողովուրդը դա միանշանակ ընկալում եւ հասկանում է: Պարզապէս մեր խնդիրը հետեւեալն է, որ ՀՀ իշխանութիւնները անընդհատ պնդեն, որ Արցախյան կողմը պէտք է մասնակցի այդ բանակցութիւններին որպէսզի բանակցութիւնների լիարժէք ձեւաչափը կայանայ:

 

Հայկանուշ Ալոյեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։