Հա

Ազգային

08/12/2013 - 11:30

ԱՐՑԱԽԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄԵԱԿ - Մեր հպարտութիւնը՝ Շուշին

Եթէ ուզում էինք ապրել եւ տէրը մնալ Արցախի, պէտք է ազատագրէինք Շուշին: 1992-ի ծանր օրերին այս ճշմարտութիւնը պարզ էր իւրաքանչիւր արցախցու համար: Եւ բոլորս անհամբեր էինք, մեր շուրթերին մի հարց էր. «Ե՞րբ է սկսւելու Շուշիի գրոհը»: Մեր փրկութիւնը դրա մէջ էր: Սկսել մեզ համար նշանակում էր վերադարձնել Շուշին, հայի մտքով ու ձեռքով կառուցւած մի քաղաք, որ ադրբեջանցին գերել ու դարձրել էր իր իսկ կառուցողի դէմ մահաբեր մի կրակակէտ...

Եթէ ուզում էինք ապրել եւ տէրը մնալ Արցախի, պէտք է ազատագրէինք Շուշին: 1992-ի ծանր օրերին այս ճշմարտութիւնը պարզ էր իւրաքանչիւր արցախցու համար: Եւ բոլորս անհամբեր էինք, մեր շուրթերին մի հարց էր. «Ե՞րբ է սկսւելու Շուշիի գրոհը»: Մեր փրկութիւնը դրա մէջ էր: Սկսել մեզ համար նշանակում էր վերադարձնել Շուշին, հայի մտքով ու ձեռքով կառուցւած մի քաղաք, որ ադրբեջանցին գերել ու դարձրել էր իր իսկ կառուցողի դէմ մահաբեր մի կրակակէտ...
Անվերապահօրէն հաւատում էինք յաջողութեանը: Ձախողւելու հաւանականութիւնն անգամ մեր մտքով չէր անցնում: Շուշին յստակութիւն էր մտցնելու՝ կը մնանք կէս ճանապարհի՞ն թէ՝ առաջ կընթանանք: Մեր կենսունակութիւնը Շուշիով պիտի որոշւէր: Յանուն գերագոյն նպատակի ողջ պիտի մնայինք, թէ չէ շարժումը փշուր-փշուր պիտի լինէր՝ զարնւելով Շուշիի ժայռեղէն բարձունքներին ու գահավիժէր ցած՝ բեկորները ցրելով անդնդաձիգ կիրճերում: Շուշին չազատագրելը կամ ազատագրել չկարենալը շարժման մահը պիտի նշանակէր, շարժման թաղումը: Եւ մենք որերորդ անգամ ապացուցեցինք, որ ապրելու եւ յաղթելու անկասելի ձգտման դէմ մահն անզօր է:
Ուրիշները որքան էլ փորձում՝ չեն կարողանում ռազմական գիտութեան օրէնքներով հիմնաւորել, թէ ինչպէս մեզ յաջողւեց 1992-ի մայիսին ազատագրել Շուշին: Բերդաքաղաքի շահեկան ռազմավարական դիրքը, թշնամու առաւելութիւնը թէ՛ սպառազինութեամբ, թէ՛ կենդանի ուժով, մեր դեռեւս կանոնաւոր բանակ չունենալը պիտի որ մեզ հետ պահէին Շուշին առնելու օտարների կարծիքով խելացնոր մտքից: Իսկ մենք այլ ելք չունէինք: Մենք ուզում էինք ապրել: Ապրելու համար պարտաւոր էինք լռեցնել Ստեփանակերտի վրայ, շրջակայ գիւղերի վրայ մահ ու աւեր սփռող Շուշի կրակակէտը: Ապրելու համար խուլ շրջափակումը պէտք է ճեղքէինք եւ ցամաքով կապւէինք Հայաստանի հետ: Շուշին ազատագրելն օդի պէս անհրաժեշտութիւն էր եւ կեանքի ճանապարհի ելակէտը: Շուշին դարձել էր ջրի ակունքը հսկող վիշապ, որին եթէ չոչնչացնէինք, պիտի մեռնէինք ծարաւից:
Քաղաքը վերցրինք, աւելի ստոյգ յետ վերցրինք, որովհետեւ մենք դա շատ էինք ուզում: Աստւած եւս զօրավիգ եղաւ: Շուշիի պարագայում կամաւորական հիմունքներով գործող զօրաջոկատները մեր առաւելութիւնն էին: Բոլորն էին կամենում մասնակցել Շուշիի գրոհին՝ արհամարհելով զոհւելու վտանգը: Ոգին էր առաջնորդում մեր մարտիկներին, ոգին, որի դէմ անզօր են աշխարհի բոլոր զէնքերը: Ահա սա է, որ չի ընկալում օտարը եւ ապշում է, թէ ինչպէս մի բուռ ժողովուրդ յանդգնեց դէմ գնալ եօթ միլիոնին ու յաղթել, մինչդեռ բոլոր հաշւարկներով պիտի կործանւէր կամ լքէր իր հողը:
Անհասկանալի է, թէ ինչու մեր ժողովուրդը տարւայ հինգերորդ ամսւայ անւանը կցել է «վայիս» բնութագրականը: Հայերս ձեռնպահ ենք մնում մայիսին հարսանիք անելուց, որեւէ լուրջ ձեռնարկից՝ այդկերպ իբր թէ խուսափելով հնարաւոր անցանկալի հետեւանքներից: Մայիսին, ախր, մեղք է նման մեղք վերագրելը: Լուսաւոր ու պայծառ մայիսից, ախր, դժբախտութեան հոտ չի փչում:
Մայիսը յիշարժան ամիս է հայ ժողովրդի կեանքում: Այդ ամսում տեղի են ունեցել պատմական կարեւոր իրադարձութիւններ, հերոսամարտեր, որոնք բախտորոշ նշանակութիւն են ունեցել մեր ազգի համար: Աւարայր, Սարդարապատ, հայկական առաջին հանրապետութեան հռչակում... Այս շարքում չեմ վարանում դասել Բ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դէմ տարած յաղթանակը: Իսկ շարքը չեմ ուզում եզրափակել Շուշիի ազատագրմամբ, քանզի հաւատացած եմ, որ էլի մայիսներ կը գան՝ յաղթանակի մայիսներ՝ նոր փայլուն էջեր աւելացնելով պայքարի տարեգրութեանը:

ԾՈՎԻՆԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։