Հա

Ազգային

08/12/2013 - 11:40

ԱՐՑԱԽԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄԵԱԿ - Արթուն պահենք մեր ազգային յիշողութիւնը

Բերդաձորում անմեկնելի խորհուրդներով վիթխարի քարաժայռեր կան, դրանք բարբառով կոչւում են կարկառներ։ Մարդն այստեղ ծնւում, աչքն առնում է կարկառներին, ապրում դրանց հանգոյն եւ դառնում նախաստեղծ իր հիմքին։ Երբ Միքայէլ եւ Արփենիկ Մկրտչեանների ընտանիքում ծնւեցին ինը երեխաները, Բերդաձորը միջնատարածք էր, մի կողմում Լաչինը, միւս կողմում՝ ադրբեջանաբնակ Շուշին։

Բերդաձորում անմեկնելի խորհուրդներով վիթխարի քարաժայռեր կան, դրանք բարբառով կոչւում են կարկառներ։ Մարդն այստեղ ծնւում, աչքն առնում է կարկառներին, ապրում դրանց հանգոյն եւ դառնում նախաստեղծ իր հիմքին։
Երբ Միքայէլ եւ Արփենիկ Մկրտչեանների ընտանիքում ծնւեցին ինը երեխաները, Բերդաձորը միջնատարածք էր, մի կողմում Լաչինը, միւս կողմում՝ ադրբեջանաբնակ Շուշին։ Իսկ գերդաստանի նահապետը, որից հարեւան քոչւորները սարսափում էին ու Խենթ անունն էին տւել, եւ որի համար իր Երկրի սահմանը մինչեւ Քուռ գետն էր, եւ ով 1918-ին Անդրանիկ Զօրավարին նամակ էր տարել, ապրում էր, բայց՝ անցեալի երազանքներում։
Թոռան՝ Առնօ Մկրտչեանի երակներում պապի արիւնն էր, եւ դեռ Գորիսում սովորելու տարիներից նա նւիրւեց Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի գաղափարին։ 1988-ին, երբ սկսւեց Ղարաբաղեան շարժումը, շատերի հետ Մկրտչեան եղբայրներն էլ վերադարձան գիւղ՝ պահելու հող հայրենին։ Առնօն Բերդաձորի ենթաշրջանում դարձաւ պայքարի ե՛ւ զինւորը, ե՛ւ գաղափարախօսը. «Թուրքի հետ եղբայրութիւն չի կարող լինել, քանի որ կայ չլուծւած Հայկական Հարց։ Հայրենիքն այն է, որ դու ամէն ինչ պիտի տաս, նոյնիսկ կեանքդ, բայց ոչինչ չպիտի պահանջես։ Դու հայ զինւոր ես, դու սահմանապահ ես, պաշտպանում ես քո հողը։ Քո կուսակցութիւնը քո հայրենիքն է, ամէն ինչից բարձր։ Անհամերաշխութիւնը մեր առաջին թշնամին է»։
1988-1991 թթ. Բերդաձորի ենթաշրջանը իր չորս գիւղերով մեկուսացւեց արտաքին աշխարհից, ու սկսւեց անհաւասար պայքարը՝ գոյութեան համար։ Գիւղերում ստեղծւեցին ֆիդայական ջոկատներ, որոնց ղեկավարում էր Բերդաձորի ինքնապաշտպանութեան խորհուրդը, Առնօ Մկրտչեանի գլխաւորութեամբ։ Չորս տարւայ հերոսական պայքարից յետոյ, 1991-ի մայիսի 15-17-ը տեղի ունեցած յայտնի «Օղակ» ռազմագործողութեան ժամանակ ադրբեջանցիները խորհրդային ներքին գործերի նախարարութեան զօրամասերի հետ հայաթափեցին Հին Շէն, Մեծ Շէն, Եղցահող, Ծաղկաձոր գիւղերը։ Մահ, արիւն, աւեր, թալան, Ադրբեջանի բանտերը լցւած հայորդիներ։ Անասելի դաժանութեամբ էին վերաբերւում յատկապէս նրանց հանդէպ, ովքեր գաղափարի ու զէնքի մարդ էին, որոնց ոգին անհնարին էր կոտրել։

131208c01a

1993-ի հոկտեմբերին մէկ տարի առաջ ազատագրւած Բերդաձորն ընդունեց իր հրամանատարի մարմինը։ Բանտում իր մահկանացուն կնքեց նաեւ Եղցահողի ֆիդայական ջոկատի հրամանատար Հրաչիկ Պետրոսեանը։
Արցախեան գոյապայքարն սկսելուց քառորդ դար յետոյ Հին Շէն գիւղում, ապրիլի 25-ին, ակումբում հաւաքւել էին ձորակի բնակիչները, հանրապետութեան մայրաքաղաքից հիւրեր, զինակից ընկերներ, Շուշիի շրջվարչակազմից ղեկավար աշխատողներ, կրթութեան եւ մշակոյթի գործիչներ՝ նշելու Առնօ Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը։ Ներկայացել էին հարազատները, Անահիտ, Արփինէ, Աստղիկ, Անուշ դուստրերը։ Անհնարին էր առանց յուզմունքի լսել Աստղիկի խօսքերը. «Ես հպարտ եմ, որ դուստրն եմ մէկի, ով իր կեանքը տւել է յանուն հայրենիքի ազատութեան, յանուն այսօրւայ խաղաղ կեանքի, յանուն հայոց պետականութեան ստեղծման»։
Միջոցառումը բացեց Հին Շէնի համայնքի ղեկավար Սամուէլ Սարգսեանը։ Ապա մէկ րոպէ լռութեամբ յարգւեց Առնօ Մկրտչեանի յիշատակը։
Շուշիի Խ. Աբովեանի անւան հիմնական դպրոցի տնօրէն, ԼՂՀ-ի վաստակաւոր մանկավարժ Նազիկ Նալբանդեանը երախտագիտութեան խօսք ասաց, որը նաեւ ազգային յիշողութիւնը արթուն պահելու կոչ էր։ Բանախօսին բախտ է վիճակւել աշխատել յոբելեարի հետ նոյն դպրոցում։ Առնօն բազմակողմանի զարգացած, խելացի, գործիմաց ու գործունեայ անձնաւորութիւն էր, որը վայելում էր գործընկերների ու սաների սէրն ու յարգանքը։ Արտաքուստ խաղաղ, մեղմ ու հանգիստ, համեստ բնոյթ ունէր, բայց հոգու ներսում կրակը շատ էր, ամբողջութեամբ տոգորւած էր ազգային ոգով ու իր հայրենասիրական գաղափարներով կարողանում էր վարակել եւ յետեւից տանել շատերին։ Հմուտ մասնագէտ էր, մանկավարժ, կազմակերպելու բացառիկ ջիղ ունէր։ Նա կարծես սպասում էր իր ժամանակին, պատեհ առիթի, որ բացայայտւի, եւ այս անցած տարիների հեռաւորութիւնից աւելի տեսանելի է նրա կատարած գործը։ Առնօն այն մարդկանցից էր, ում համար հայրենասիրութիւնը ճառ ու կարգախօս չէր, այլ՝ գործ։ Նա հայրենասէրի այն տեսակն է, որ ծնւում է ճիշտ ժամանակին ու անընդհատ վերադառնում, երբ պէտք է լինում կռւել չարի դէմ։ Մարտիկ ու զինւոր, անհատականութիւն, որի հերոսական կերպարն ամբողջութեամբ դեռ բացայայտւած չէ։
131208c01bՀին Շէնի դպրոցի տնօրէն Կարէն Բարսեղեանը ներկայացրեց Ա. Մկրտչեանի կեանքն ու մարտական գործունէութիւնը։ Արցախի հերոսական գոյապայքարի տարեգրութեան մէջ Առնօն իր փառաւոր տեղն ունի, եւ նրա զինակիցները, համախոհներն ու ճանաչողները այսօր էլ ոգեւորութեամբ են խօսում նրա հայրենասիրական նախաձեռնութիւնների մասին։ Գորիսում ուսանելու տարիներում ազգային գաղտնի կազմակերպութեան անդամ էր։ Գիւղում մանկավարժ աշխատելու ժամանակ շրջում էր բնակավայրերը, չափագրում հին վանքերն ու մատուռները, վերծանում հին գերեզմանաքարերի գրերը, իր թղթակցութիւններով փորձում աշխարհին ցոյց տալ մոռացութեան մատնւած մի չքնաղ ձորակ։ Ինքնակըրթութեամբ, Մատենադարանի ձեռագրերով, երեւանեան շփումներով նա իրեն շատ աւելի վաղ էր նախապատրաստել մեծ գործի համար։ Քաջ հրամանատարի շնորհիւ՝ շրջապատւած գիւղերը բերդ-ամրոց էին դարձել։ Ջոկատի խիղճն էր, արդար դատաւորը, խօսքն արճիճի ծանրութիւն ունէր։ Տիրապետում էր զէնքին, նոյնիսկ ինքնաշէն հրանօթ էր պատրաստել, որն այսօր թանգարանային նմուշ է։ Մահապարտի անցած չարչարանաց ճանապարհը Ադրբեջանի բանտերով աւարտւեց փշէ պսակով։
1995 թ. հոկտեմբերին մանկավարժական խորհրդի եւ կառավարութեան որոշմամբ Հին Շէնի միջնակարգ դպրոցը կոչւեց Ա. Մկրտչեանի անունով։ Նա պարգեւատրւեց ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, 2003-ին՝ ԼՂՀ «Մխիթար Գօշ» մեդալով։

131208c01c

Արցախեան գոյապայքարին մասնակցել է նաեւ Արմօ Մկրտչեանը, ով հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար արժանացել է «Արիութեան համար»՝ մեդալի։ Արցախեան պատերազմի առաջին վիրաւորներից է եղել, այժմ ապրում է Մոսկւայում։ Հայրենի գիւղի համար արւած նրա բարեգործութիւնների մասին համագիւղացիները երախտագիտութեամբ են արտայայտւում։ Եղբօր հետ կեանքի մի մեծ ճանապարհի հատւած է անցել, եղել է նրա զինակիցը. «Մենք՝ նրա զինակիցներս, տեղաւորւում էինք ժամանակի մէջ, ինքը ժամանակից դուրս էր, որի համար շատ անգամ չհասկացւած էր մնում,-ելոյթի ժամանակ ասաց եղբայրը։ -Նա շատ աւելի հեռուն էր տեսնում, քան մենք՝ նրա զինակիցները։ Կորստի, ցաւի, տառապանքի միջով փորձել եմ հասկանալ նրան ու հասել եմ այն հպարտ զգացողութեանը, որ հայրենիքը, ազգի անկախութիւնը զոհերի արեան գնով է ստեղծւում, եւ որ մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ մինչեւ մեր նահատակների գործի վերջնական յաղթանակը»։
Շուշիի մանկա-պատանեկան ստեղծագործութեան տան սաների երգի, պարի, ասմունքի մէջ լաւագոյնս արտացոլւած է յոբելեարի գաղափարների իրականացման արտայայտութիւնը։ Խմբակի ղեկավար, մանկավարժ Նարինէ Գրիգորեանն իր ելոյթում ասաց, որ բերել են իրենց խոնարհումը Արցախեան գոյապայքարի հերոսներին, որոնց պատգամները հնչեցին երեխաների շուրթերով. «Հայ ենք մենք, մեր ճամբան լոյսն է հաւատքի, շէնացնենք Արցախն ու Հայաստանը»։ Գրական-երաժշտական կոմպոզիցիան, հիմնականում կազմւած հայրենասիրական, ազգագրական երգերից, ուղեկցւում էր փաստագրական տեսաֆիլմերի ցուցադրութեամբ, որն աւելի էր ընդգծում յոբելեարի անցած ուղին եւ մարտաշունչ ոգին։ Դահլիճում Արցախեան ազատամարտի նահատակի հայրենասիրութեան ոգին էր թեւածում։
Նշենք, որ միջոցառումների շարքն սկսւել է Շուշի քաղաքի Խ. Աբովեանի անւան հիմնական դպրոցի «Փառքի սրահից», ուր տեղադրւած են Արցախեան պատերազմում զոհւած շրջանաւարտների եւ մանկավարժների լուսանկարները։ Առնօ Մկրտչեանը որպէս մանկավարժ՝ աշխատել է այս դպրոցում ու թողել է անմոռաց տպաւորութիւն եւ յիշողութիւններ։ Ելոյթ ունեցան՝ դպրոցի տնօրէն Ն. Նալբանդեանը, Ա. Մկրտչեանի այրին՝ Ալվարդը, աղջիկները, թոռը՝ փոքրիկ Առնելան։ Դպրոցի սաները հանդէս եկան ասմունքով։
Առնօ Մկրտչեանը գիտակցաբար ընտրեց հայրենիքի ազատութեանն ու անկախութեանը նւիրւելու ճանապարհը եւ գնաց ճակատագրին ընդառաջ։ Ապրիլի 25-ին բերդաձորցիները խումբ-խումբ, լուռ բարձրանում, ծաղիկներ են դնում շիրմաքարին ու իջնում ակումբ՝ յարգելու յիշատակը եւ մէկ անգամ եւս բարձրաձայնելու, որ յաւերժելու է Բերդաձորը, Արցախը։

ՆՒԱՐԴ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։