Հա

Ազգային

05/02/2020 - 08:50

Բաքւի հայութեան ճակատագիրը Եւրոխորհրդարանում. ուշագրաւ մանրամասներ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակից

Եւրոխորհրդարանում կայանալիք համաժողովի եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործունէութեան մի շարք ուղղութիւնների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հասարակութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանում կայանալիք համաժողովի եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործունէութեան մի շարք ուղղութիւնների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հասարակութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

 

- Պարոն Շիրինեան, փետրւարի 5-ին Եւրոխորհրդարանում կանցկացւի Բաքւի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով: Ի՞նչ է այն, ո՞րն է նպատակը:

- Նախ եւ առաջ կարեւոր է պատմութեան այս ցաւալի էջը յիշել, ոգեկոչել եւ զոհերի յիշատակը յարգել: Բացի այդ, միջոցառումը հետապնդում է մի շարք նպատակներ: Առաջին հերթին Բաքւի ջարդերից փախած կամ ազատւած հայ փախստականներին համապատասխան հարթակ ընծայել, որպէսզի նրանց ապրած հալածանքներն ու ջարդերը ներկայացւեն իբրեւ վկայութիւն Եւրոպական Խորհրդարանից ներս։ Ուզում ենք նաեւ լոյսի տակ դնել ընդհանրապէս Բաքւի հայերի ճակատագիրը եւ կարգավիճակը։

Պէտք է ասել, որ նրանք, բացի Հայաստանից, միջազգային հանրութիւնից որեւէ օգնութիւն չստացան՝ վերակարգաւորելու իրենց կեանքը։ Իսկ քաղաքական առումով կարեւոր է մի անգամ եւս շեշտել Եւրոխորհրդարանի շէնքից ներս, որ Բաքւի, ինչպէս նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերը բաւարար փաստեր են՝ անընդունելի համարելու եւ բացառելու որեւէ հակամարտութեան կարգաւորման տարբերակ, ուր Արցախը կը դառնայ վարչական Ադրբեջանի մաս, առաւել եւս, երբ հայատեացութիւնը շարունակում է մնալ ներկայ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից որդեգրւած պետական քաղաքականութիւն:

 

- Յունւարի 30-ին ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դէմ բանաձեւ ընդունեց՝ քաղբանտարկեալնների խնդրի կապակցութեամբ: Ի՞նչ է այդ բանաձեւն իրենից ենթադրում: Կարելի՞ է արդեօք սպասել պատժամիջոցների:

- Գիտէք՝ Ադրբեջանի մէջ տեղի ունեցած մարդու իրաւունքների խախտումները, քաղբանտարկեալնների խնդիրը եւ, ընդհանրապէս, ժողովրդավարական արժէքների բացակայութիւնը, Եւրոպայում որեւէ մէկի համար գաղտնիք չէ: Նմանատիպ բանաձեւեր յաճախ են  քւէարկւում՝ լինի Եւրոխորհրդարանի արտաքին հարցերի յանձնաժողովի կողմից կամ Եւրոնեսթի լիագումար նիստերի ընթացքում, բայց կարեւոր էր, որ ԵԽԽՎ-ն նաեւ անդրադառնայ այս հարցին եւ յստակ կերպով դատապարտի: Ի վերջոյ՝ ԵԽԽՎ-ն եւրոպական այն կառոյցի խորհրդարանական վեհաժողովն է, որը զբաղւում է Եւրոպայի մէջ Մարդու իրաւունքների հարցերով, եւ յիշում ենք՝ որքան աղէտալի երեւոյթ էր ԵԽԽՎ-ի համար, երբ նրա նախկին նախագահը եւ բազմաթիւ ուրիշ պատգամաւորներ ուղղակիօրէն առնչւեցին «Ադրբեջանական լւացքատան» սկանդալի մէջ: Յստակօրէն ասենք՝ այս մարդիկ իրեց ստացած գումարների փոխարէն աշխատում էին  Ադրբեջանական լոբբին զարգագնելու Եւրոպայում, որը, բնականաբար, հետապնդում է նաեւ հակահայկական եւ հակաարցախեան նպատակներ:

Ես չեմ զարմանայ, եթէ ԵԽԽՎ-ն որոշի պատժամիջոցների դիմել: Եթէ Ռուսաստանի Դաշնութեան պարագայում հիմքերը բաւարար էին ռուսական պատուիրակութեանը պատժելու համար, ապա Ադրբեջանի պարագայում նրանք բաւարարից աւելին են:

 

- Ներկայ պահին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակն ինչպիսի՞ գործունէութիւն է ծաւալում:

- Վերջին ամիսների ընթացքում բաւական աշխոյժ շրջան ունեցանք: 2019-ի աւարտին, ինչպէս արդէն տեղեակ էք, Եւրոպական մի մեծ պատուիրակութիւն առաջնորդեցինք դէպի Արցախ՝ մասնակցելու Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովին: Եւրոպայի տարածքում գործող մեր Հայ Դատի յանձնախմբերի միջոցով կարելի եղաւ 50-ից աւելի եւրոպացի քաղաքական գործիչներ առաջնորդել դէպի Արցախ:

Կազմակերպեցինք նաև Հայ Դատի դրամահաւաքը Բրիւսէլում, ուր, մասնաւորապէս, ներկայ գտնւեցին Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: Գրասենեակի նախաձեռնութեամբ վերջինս ունեցաւ մի շարք հանդիպումներ Բելգիայի հոլանդախօս եւ ֆրանսախօս բարեկամական շրջանակների հետ:

Բացի խորհրդարանի մէջ կայանալիք վաղւայ մեր նախաձեռնութիւնը, մեր գալիք աշխատանքների շրջանակների մասին խօսելիս՝ տեղեկացնեմ, որ 2020-ին տեղի ունենալիք Արցախի ընտրութիւնների առիթով Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը միջազգային անկախ դիտորդներից կազմւած դիտորդական առաքելութիւն պիտի նախաձեռնի, ինչպէս դա եղաւ 2015-ի խորհրդարանական ընտրութիւններին եւ 2017-ի սահմանադրութեան հանրաքւէին:

Այս առիթով քաղաքական գործիչներից եւ լրագրողներից կազմւած պատւիրակութիւններ նաեւ պիտի այցելեն Արցախ: Իսկ մեր ամենօրեայ աշխատանքների շրջանակներում շարունակելու ենք ուշադիր հետեւել Եւրոպական խորհրդարանի գալիք բանաձեւերին եւ հակազդել բոլոր հակահայկական այն նախաձեռնութիւններին, որոնք հանդէս են գալիս բանաձեւերի փոփոխութեան առաջարկներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։